RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#029, 2021-08-12 > #030, 2021-08-19 > #031, 2021-08-26 > #032, 2021-09-03 > #033, 2021-09-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 26-08-2021



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2021-08-25 22:46:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 3380, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԱԶՈՒՄ ՁՄԵՐՈՒԿՙ ՄԵԿ ՁԵՌՔՈՒՄ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Ազգային ժողովի երեքշաբթի սկսած ու չորեքշաբթի շարունակված նիստերն իրենց իրարահաջորդ դրվագներով, լսարժանությամբ ու դիտարժանությամբ հիշարժան են մնալու մեր խորհրդարանի տարեգրությունների մեջ: Նկատի չունեմ հավատարմագրված լրագրողների նախապես ծրագրված բողոքի արդար, բայց վատ իրականացված ակցիան եւ, այնուհետեւ, հաջորդական երկու օրերում պատգամավորների միջեւ ծագած ձեռնամարտներն ու անվտանգության աշխատակիցների բրտությունը միայն, ինչը, ինչպես azg.am կայքէջում նկատել էր տվել մեր աշխատակցուհին, նիստը վարողի անձեռնհասության պատճառով սպառնում է դառնալ ազգային խորհրդարանական ամոթալի մշակույթ: Այլեւ նկատի ունեմ Նիկոլ Փաշինյանիՙ այսպես կոչված հնգամյա պլանի երեքժամյա «էքսպոզեն» ու մանավանդ դրան հաջորդած հարցուպատասխանի «էպոպեան», որտեղ Փաշինյանը դրսեւորեց, պետք է ընդունել, խոսքակռվային վիճակներում իր անգերազանցելիությունը, միայն այն վերապահությամբ, որ նա իր բնատուր այդ տաղանդը կարողանում է գործի դնել միայն «ներքին ճակատի» վրա, բայց խեղճանում արտաքին հարթակներում, ինչպես Իլհամի լկտիաբանությունների պարագայում...

Նրա պատասխանները ընդդիմադիր պատգամավորների հարցումների տեղատարափինՙ ոչ այնքան համոզիչ, որքան ըմբերանիչ էին, բերան փակող: Զարմանալիորեն այս անձի ուղեղում շերտ առ շերտ խտացված են անցյալիՙ միայն եւ բացառապես բացասական դեպքերն ու ձախողումները, որոնք նա օգտագործում է վարպետորեն, ինքնապաշտպանական եւ ինքնարդարացման բնազդով, այդ ընթացքում տեղ-տեղ թույլ տալով նաեւ ինքնահակասումներ, որոնցից ամենացավալին այն էր, երբ, անդրադառնալով 44-օրյա պատերազմի հետաքննության անհրաժեշտությանը, Փաշինյանն ընդունեց բազմաթիվ սխալների առկայության փաստը ու խոստացավ «շտկել» դրանք, առանց բացատրելու, թե ո՞վ եւ ի՞նչպես կարող է «շտկել» մարդկային այդքան կորուստների ցավը:

Անհասկանալի էին նաեւ ընդդիմադիր պատգամավորների այդքան մեծաքանակ եւ գրեթե առանց բացառության մեղադրական հարցադրումները, որոնք ավելի շուտ հաշվեհարդարի, քան ներկայացվող «հնգամյա պլանի» էությունը բացահայտելու նպատակն էին հետապնդում, միաժամանակ չգիտակցելով, որ ամեն կողմից համազարկ տալովՙ ակամա կարեւորում, ահագնացնում են «թիրախը»...

Մինչդեռ օրակարգում կառավարության ծրագիրն է, որը թեեւ ընդհանուր առմամբ նման է կուսակցությունների նախընտրական գրքույկ-ծրագրերին, որոնք սովորաբար չեն ընթերցվում, բայց դրանց բացակայությունը, էլի սովորաբար, քննադատվում է: Համենայնդեպս, այդ ծրագրում, որը կոչեցինք «հնգամյա պլան», կան մի քանի թեմաներ, հատկապես ազգային անվտանգությանն ու բանակին, Արցախին, Սփյուռքին, արտաքին հարաբերություններին ու արտգործնախարարությանը վերաբերող, որոնց ստիպված ենք անդրադառնալ ոչ միայն խորհրդարանի պատերից ներս, ո՛չ այս եւ կողքի նեղ սյունակներում, այլեւ քաղաքական-ազգային բոլոր հարթակներում:

Համենայնդեպսՙ մի քանի նկատառում.

- Ներքին անվտանգության տեսակետիցՙ ծրագրում նախատեսվող քայլերը խոստանում են հանրապետության ոստիկանացումՙ այն էլ միապետական հակումներ ունեցող մեկ անձի ձեռքում:

- Այս ծրագրով փոխվում է ազգային բանակի ոչ միայն կառուցվածքն ու սպառազինությունը, այլեւ առաքելությունն ու կազմը: Փաստորեն հրաժեշտ է տրվում շատերիս կողմից գովերգված ու մեզ անհրաժեշտ «ազգ-բանակ» կոնցեպիային եւ փոխարենն ստեղծվում դեռեւս 90-ականներից առաջարկվող ու մերժվող պրոֆեսիոնալ բանակ, ավելի շուտՙ սահմանափակ եւ սահմանապահ զորք, որը ալիեւյան ստնձգությունների պայմաններում հայտնի չէՙ ի՞նչ սահման է պաշտպանելու:

- Գործունեության շեշտադրումներն ի նպաստ արտաքին ներդրումներ ապահովելուն են ուղղվում արտգործնախարարության պարագայում, ինչը ենթադրել է տալիս ոչ թե առեւտրային կցորդների ինստիտուտի, այլ դիվանագիտական կորպուսի աշխատանքային դաշտի փոփոխություն, այն էլ ասպարեզում բոլորովին անփորձ նախարարի ղեկավարությամբ:

- Դեկլարատիվ հայտարարություններՙ ամրապնդելու դաշնակից ու բարեկամ երկրների, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների հետ հարաբերություններըՙ առանց խորացման ու մանրամասների, ինչպիսիք են, ասենք, Ռուսաստան, ՀԱՊԿ եւ... ՆԱՏՕ փոխհարաբերությունները:

- Իսկ ամենախնդրահարույցըՙ խաղաղ ու հաշտ գոյակեցություն Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերություններում, երբ ներկայացվող ծրագիրը միաժամանակ ենթադրում է Արցախի նկատմամբ հոգատարություն, Պաշտպանության բանակին օժանդակություն, իսկ Թուրքիայի հետ «առանց նախապայմանների» հարաբերություններՙ առանց հրաժարվելու, բարեբախտաբար, Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից:

Հարցեր, հարցեր ու հարցեր, որոնց պատասխանը, ինչպես սատանային, պետք է փնտրել մանրամասների մեջ: Իսկ սատանան ասում էՙ ինչպե՞ս եք իրականացնելու նման մեծ ծրագրերն առանց համապատասխան կադրերի ու միջոցների, միայնակ, փաստորեն մեկ մարդու ձեռքով:

Սակայն նման ծրագրերից առաջ Նիկոլ Փաշինյանն ստիպված է լուծել-հարթելու ներքին քաղաքական կայունության եւ ազգային գոյակեցության առաջ կանգնած խնդիրները, առաջին հերթինՙ Ազգային ժողովում խախտված աշխատանքային անդորրը, լրջությունը, վերացնելու ամոթալի տուրուդմփոցները, վերականգնելու ազգային միասնականությունը:

Ինչպես տեսնում ենքՙ շատ են ձմերուկները, բոլորն էլ մի հոգու ձեռքում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 26-08-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ