RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#027, 2021-07-16 > #028, 2021-07-23 > #029, 2021-08-12 > #030, 2021-08-19 > #031, 2021-08-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 12-08-2021



Տեղադրվել է` 2021-08-12 02:43:32 (GMT +04:00)


Ընթերցված է` 2703, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՐԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՄՈԴԵՐԱՏՈՐԸ

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ, Իրանագետ, դիվանագետ

Իրանն այլեւս նոր նախագահ ունիՙ իր կառավարության փոփոխված կազմով ու արտաքին գերատեսչության նոր ղեկավարով: ԻԻՀ նախկին փոխարտգործնախարար, Իրանի մեջլիսի նախագահի հատուկ օգնական, մեջլիսի արտաքին հարաբերությունների նախկին վարչության պետ Հոսեին Ամիրաբդոլլահիանի թեկնածությունը որպես ԱԳ նախարար, այլ թեկնածուների կողքին, քննարկվում էր մինչեւ կառավարության կազմի ձեւավորումը:

Փոփոխված կառավարության կազմում նոր արտգործնախարարի հայտնվելը բնավ չի նշանակում արտաքին քաղաքական կուրսի փոփոխություն Դա ընդամենը կարող է հանգեցնել արտաքին քաղաքականության իրականացման մեթոդաբանության վերանայմանը: Քանի որ 1979 թվականին ընդունված Իրանի սահմանադրությունն արդեն իսկ սահմանել է երկրի արտաքին քաղաքականության գլխավոր ուղղություններն ու արտաքին գերատեսչության անելիքները, համաձայն որիՙ Իրանի արտաքին քաղաքականությունը հիմնված է ծավալապաշտական նկրտումներ ունեցող պետությունների մերժման, երկրի համակողմանի անկախության ու տարածքային ամբողջականության պահպանման, համայն մահմեդականների իրավունքների պաշտպանության, ծավալապաշտ ուժերի հանդեպ հանձնառության բացառման եւ ոչ հակամարտ պետությունների հետ խաղաղասիրական հարաբերությունների հաստատման սկզբունքների վրա: Բացի այդ, Իրանի արտգոծնախարարության շքամուտքերից մեկի վրա ՈՉ ԱՐԵՒԵԼՔ, ՈՉ ԱՐԵՒՄՈՒՏՔ վերտառությամբ փակցված ցուցանակն արդեն իսկ վկայում է Իրանի արտաքին քաղաքական կուրսի անփոփոխելիության մասին:

Այնուամենայնիվ, Իրաի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսին երդմնակալության արարողության ժամանակ անդրադարձել է Իրանի արտաքին քաղաքականությանը, նշելով, որ Իրանն իր ազգային շահերն ապահովելու համար գործի է դնելու բոլոր հնարավորությունները, այդ թվումՙ դիվանագիտությունն ու աշխարհի հետ երկխոսությունը: Արտաքին քաղաքականության վերաբերյալ Ռայիսիի ելույթում անդրադարձ կար նաեւ տարածաշրջանի ճգնաժամերը բանակցությունների միջոցով կարգավորելու եւ ազգերի իրավունքները պաշտպանելու անհրաժեշտությանը: Ռայիսին իր ելույթում կրկնել է նաեւ տարածաշրջանի բոլոր երկրների, հատկապես հարեւան պետությունների հետ բարեկամական հարաբերությունները խորացնելու Իրանի հայտնի կոնցեպտը:

Բոլոր պարագաներում, տեսանելի ապագայում Իրանի արտաքին քաղաքականությունն ուղղված է լինելու երկրի շուրջ գոյություն ունեցող տնտեսական ու քաղաքական պատժամիջոցների չեղարկմանը միտված ջանքերին, որի համար Թեհրանը ձգտելու է վերսկսել Իրանի եւ 5+1 խմբի միջեւ կնքված Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրիՙ ՀԳՀԾ-ի հանձնառությունների իրագործման շուրջ բանակցությունները: Սակայն, հակառակ Հասան Ռոհանիի կառավարությանը, Էբրահիմ Ռայիսին աշխարհը չի դիտարկելու միայն ՀԳՀԾ-ի տեսանկյունից, եւ միջուկային ծրագրերի շուրջ գործընթացը չի դարձնելու իր գլխավոր կարգախոսը: Եվ Էբրահիմ Ռայիսին ՀԳՀԾ-ի շուրջ բանակցությունների ձախողման համար այլեւս Ռոհանիի պես չի տրտնջալու, թե բավարար լիազորություններ չի ստացել կրոնապետից: Քանի որ այսօր Իրանի իշխանական բուրգը, որի գագաթում է կրոնապետն ու նրա ենթակայության տակ գտնվող գործադիր, օրենսիր եւ դատական իշխանությունները, միատարր Է, ու աչքի չի ընկնում նախագահ Ռոհանիիՙ հատկապես պաշտոնավարման երկրորդ շրջանին բնորոշ տարաձայնություններով:

Իսկ ո՞վ է Իրանի համար բախտորոշ ժամանակահատվածում, Իսրայելի հետ առճակատման վտանգի նախաշեմին ստանձնելու երկրի արտաքին քաղաքականության ղեկը: Ինչպես նշվեց, Իրանի նախկին փոխարտգործնախարար, Իրանի մեջլիսի նախագահի հատուկ օգնական, մեջլիսի արտաքին հարաբերությունների վարչության պետ եւ պահպանողական թեւի կարկառուն ներկայացուցիչ Հոսեին Ամիրաբդոլլահիանին է վիճակվել վարելու երկրի արտաքին քաղաքականությունը:

ԱԳ նախարարի պաշտոնն զբաղեցնող քաղաքական գործիչը ծնվել է 1964 թվականին Իրանի Դամեղան քաղաքում: Նա արտաքին գործերի նախարարությունում աշխատանքային հարուստ փորձ ունի, Բահրեյնում աշխատել է որպես դեսպան: Ամիրաբդոլլահիանն առավելապես հայտնի է իբրեւ արաբական երկրների գիտակ ու արաբական աշխարհին վերաբերող անցուդարձերի մասին պաշտոնական դիրքորոշումներով հանդես եկող պաշտոնյա: Որպես փոխարտգործնախարար աշխատել է պահպանողական Սալեհիի եւ չափավորական Զարիֆի արտգործնախարար եղած ժամանակ: Ամիրաբդոլլահիանը պաղեստիցիների շահերի ջերմեռանդ պաշտպաններից է, եւ հենց այդ պատճառով էլ Իրանի մեջլիսում պաշտոնավարելու ժամանակ խստագույնս դատապարտել է Հայաստանինՙ Թել Ավիվում դեսպանություն հիմնելու համար:

Արաբական աշխարհի հետ նրա առնչություններն այքան սերտ են, որ վերջինիս արաբերեն լեզվի իմացությունը ստվերում է դիվանագետների շփման համար գլխավոր գործիք համարվող անգլերենը:

Նրա առնչությունները Պահապանների Կորպուսի հետ հայտնի են բոլորին: Խաթամիի նախագահության օրոք մասնակցել է Իրանի միջուկային ծրագրերի շուրջ ընթացող բանակցություններին, հետեւաբար ՀԳՀԾ-ի թեման խորթ չէ նորանշանակ նախարարին: Արտաքին գերատեսչության նոր ղեկավարին նաեւ խորթ չէ իր հետաքրքրությունների ծիրի մեջ գտնվող Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջեւ ընթացող բանակցությունների թեման:

Հայկական իրականության հետ նրա կապն առայժմ սահմանափակվում է Իսրայելում ՀՀ դեսպանության եւ 44-օրյա պատերազմի օրերին Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ռազմական բախումների հետեւանքով Իրանին սպառնացող ապակայունացման վտանգի մասին հնչեցրած հայտարարություններով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 12-08-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ