ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՁՆԱԾ ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ԴԻՄԱՑՙ ԳԵՐԻՆԵՐԸ ԴԵՌ ԲԱՆՏՈՒՄ ԵՆ

1

«Հայաստանը չի տրամադրել, չի էլ տրամադրելու ականապատ տարածքների քարտեզները, քանզի նպատակը Ադրբեջանի խաղաղ բնակչության կյանքին առավելագույն վնաս հասցնելն է», ըստ Ադրբեջանի պետական լրատվական գործակալության հունիսի 10-ի հրապարակման ասել է քաղաքագետ, միջազգային իրավունքի մասնագետ Միխայիլ Ֆինկելը : Մոսկվայում ծնված, ԱՄՆ-ում հոգեւոր կրթություն ստացած րաբբի Ֆինկելը Ադրբեջանի 2020-ի խորհրդարանական ընտրություններին ներկա դիտորդ է եղել Իսրայելից, գովաբանել դրանք, հետեւաբարՙ Բաքվին հավատարիմ փորձագետ է: «Հայկական կողմը շարունակում է պատերազմըՙ ռազմական գործողությունների ավարտից հետո էլ: Դա ահաբեկչություն է: Իսրայելն աշխատում է, որ ադրբեջանական կողմին փոխանցի Ղարաբաղն ականազերծելու առաջնակարգ տեխնոլոգիաներ: Դրանք անօդաչու սարքեր են, որ պիտի սկանավորեն հողի հաստությունը եւ գտնելով ականների տեղը, համապատասխան տեղեկատվությունը գերարագ փոխանցեն օպերատորին: Վերջին փորձարկումներն են ընթանում եւ շատ մոտ ապագայում բացառիկ այդ տեխնոլոգիան կտրվի ադրբեջանական կողմին», գրում է «Ազերթաջը»: