RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#025, 2021-07-02 > #026, 2021-07-09 > #027, 2021-07-16 > #028, 2021-07-23 > #029, 2021-08-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 16-07-2021



ՄՇԱԿՈՒՅԹ

Տեղադրվել է` 2021-07-15 23:29:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 242, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

Netflix-Ի ՍԵՐԻԱԼԸ 31 ՏԱՐՎԱ ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ԿՈՂՈՊՈՒՏԻ ՄԱՍԻՆ

ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Arm. Mirror-Spectator)

Բոստոնի «Իզաբելլա Ստյուարտ Գարդներ» մասնավոր սեփականության թանգարանի 1990 թվականի կողոպուտը ցարդ վառ պահելու «մեղավորը» մեր հայրենակից, «Բոստոն գլոբ» պարբերականի վետերան հետաքննող-լրագրող Սթիվն Քյուրքչյանն է, որ այդ մասին «Master Thieves» (Վարպետ գողեր) վերնագրով գիրք է լույս ընծայել 2015-ին: Այժմ Netflix-ը չորս մասանոց սերիալ է պատրաստել արվեստի գործերի աշխարհում ամենամեծ կողոպուտի մասին, որը չի բացահայտվել մինչ օրս: «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի խմբագիր Ալին Գրիգորյանի հոդվածից քաղում ենք հետեւյալ մանրամասնությունները:

Կողոպուտը կատարվել է Բոստոնում 1990 թվի մարտի 18-ին: Ոստիկանական համազգեստով երկու հոգի գիշերվա ուշ ժամին բախել են քաղաքի պատկառելի թանգարանի դուռը եւ պահակըՙ Ռիկ Աբաթը, խախտելով կանոնակարգը, ներս է թողել նրանց: Կողպտիչները հայտարարել են. «Պարոնայք, սա կողոպուտ է» եւ անցել գործի, կապկպել են երկու հերթապահ պահակներին եւ գողացել 13 խիստ արժեքավոր կտավներ, որոնց մեջ եղել են հոլանդական դպրոցի ներկայացուցիչներՙ Ռեմբրանդի միակ ծովանկարըՙ «Փոթորիկ Գալիլի ծովում» խորագրով, Յան Վերմերի «Համերգը», Էդգար Դեգայի 5 էսքիզները, Էդուարդ Մանեի վրձնած դիմանկարներից մեկը եւ այլն: Գողացված կտավները անգին են եւ իրենց հանրաճանաչ լինելու հանգամանքով շուկայում անվաճառելի: Այդ պատճառով էլ ժամանակին ենթադրել են, որ շուտով կբացահայտվի կողոպուտը: Բայց ահա 31 տարի է անցել, եւ սայլը տեղից չի շարժվել: Գարդներ-ի պատերից կախված շրջանակները դեռեւս դատարկ են:

Տիկին Գարդները թանգարանը բացել է անցյալ դարի սկզբներին, նպատակ ունենալով իր հարուստ եւ բազմաժանր հավաքածուն ներկայացնել հասարակության լայն զանգվածներին:

Այժմ ֆիլմարտադրող եղբայրներ Կոլին եւ Նիկ Բառնակլներըՙ «Բոստոն Գլոբ»-ի սյունակագիր Մայք Բառնակլի որդիները, իրենց ֆիլմի միջոցով ցանկանում են վերստին հիշեցնել մարդկանց, որ կողոպուտը դեռ բացահայտված չէ եւ բացահայտմանը նպաստողին տասը միլիոն դոլարի խոստացված վարձատրությունը դեռ ուժի մեջ է: Դրանով նրանք հույս ունեն, որ մարդիկ վերստին կգրգռեն իրենց հիշողությունները եւ գուցե կբացեն իրենց բերանները:

Բոստոնը եւ առհասարակ «Նոր Անգլիան» կազմող նահանգները գտնվել են, ըստ հոդվածագրի, իտալական եւ իռլանդական ոճրագործ խմբավորումների միջեւ իշխանության համար մղված անվերջ պատերազմների մեջ: Մարդիկ այդ պատճառով սակավախոս են դարձել: Հեղինակավոր պարագլուխներից մեկը եղել է Ռոբերտ Ջենտայլը, որի հետ 2014-ին հարցազրույց է վարել Քյուրքչյանը: Վերջինս հարցազրույցներ է վարել նաեւ Ռիկ Աբաթի, թանգարանի վարչության պետի եւ այլ պատասխանատու անձանց հետ: Քանիցս Պուլիցերյան մրցանակի արժանացած մեր հայրենակցի գիրքը հարուստ է «ունեւորների եւ չունեւորների միջեւ պայքարի» հետաքրքրական տեղեկություններով: Նա գտնում է, որ մեղքի մեծ բաժինն ընկնում է, այնուամենայնիվ, թանգարանի տնօրենության վրա: Նրանք անփույթ, անտարբեր են գտնվել: Թանգարանը ո՛չ անվտանգության արդիական սարքավորումներ է ունեցել, ո՛չ օդափոխիչ հարմարանքներ նկարների պահպանման համար, ո՛չ էլ ապահովագրություն: Պահակներն ու հսկիչներն էլ եղել են ոչ արհեստավարժ: 1989-ին նոր տնօրենիՙ Էն Հոուլիի ջանքերի շնորհիվ, որոշ փոփոխություններ կատարվել են, բայց կողոպուտը բացառել չի հաջողվել: Մինչ այդ արվեստի գործերի գներն են սկսել բարձրանալ: Հանցագործներն իմացել են այս ամենի մասին, եւ վարկած կա, որ նրանք կողոպուտը կազմակերպել են, որպեսզի կտավները հետագայում փոխանակեն իրենց բանտարկված ընկերների հետ: Մեկ այլ վարկածով կտավները հրո ճարակ են դարձել իրենց «թաքստոցում»:

Սթիվն Քյուրքչյանի «Վարպետ գողեր» գիրքը ելակետ է ծառայել սերիալի համար: Նրան իր նախկին գործընկեր Մայքն է խնդրել, որ օգնի իր որդիներին նկարահանելու «Սա կողոպուտ է» սերիալը: Որդիներն էլ նրան նշանակել են խորհրդատու:

«Բառնակլ եղբայրները հոյակապ աշխատանք են կատարել: Իմ գլխավոր խորհուրդը նրանց հետեւյալն էր. «Մի փորձեք լուծել առեղծվածը, որովհետեւ դա չափազանց վհատեցնող աշխատանք է լինելու: Ես էլ դեռ շատ բան չգիտեմ: Բացահայտելու միակ միջոցը, իմ կարծիքով, մարդկանց հիշողություններին դիմելն է: Բոստոնը շատ է փոխվել եւ դարձել առաջնակարգ քաղաք հիմա եւ հնարավոր է, որ մարդիկ բացեն իրենց բերանները եւ որոշ մանրամասներ հաղորդեն», նշել է անվանի լրագրող Քյուրքչյանը, հույս հայտնելով, որ այդ մանրամասներն էլ նոր լույս կսփռեն առեղծվածին, եւ ինքը կկարողանա իր թոռներին ուղեկցել թանգարան եւ պատմել կողոպուտի ենթարկված կտավների մասին:

Իսկ ֆիլմարտադրողները սպասում են երկրորդ եթերաշրջանի հնարավորություններին, որպեսզի թողարկեն իրենց սերիալը:

Նյութը հրատարակության պատրաստեցՙ

Նկար 1. Սթիվն Քյուրքչյան

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 16-07-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ