RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#025, 2021-07-02 > #026, 2021-07-09 > #027, 2021-07-16 > #028, 2021-07-23 > #029, 2021-08-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 16-07-2021



Տեղադրվել է` 2021-07-15 23:29:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 966, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ, Իրանագետ

Ըստ Իրանի Մեջլիսի հետազոտությունների կենտրոնի

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հրապարակումից հետո պատերազմի ելքի մասին շրջանառվող տեսակետների մեջ Իրանը ներկայացվում էր որպես ռազմական գործողություններում պարտվող կողմերից մեկը, որի համար բերվում էին բազմաթիվ ապացույցներ ու հիմնավորումներ: Այդ մասին օտարերկրյա մամուլի ներկայացուցիչներից բացի, հոդվածներով հանդես էին գալիս նաեւ Իրանական վերլուծական կենտրոնները:

Այսօր, պատերազմական գործողությունների ավարտից 9 ամիս անց, Թեհրանում փորձ է արվում Իրանին վերագրվող «պարտությունը» ներկայացնել որպես երկրի տնտեսական զարգացմանը խթանող լրացուցիչ հնարավորություններ:

2021 թվականի հուլիսի 9-ին Իրանի Մեջլիսի հետազոտություների կենտրոնը համապարփակ զեկույցի տեսքով անդրադարձել է հետպատերազմյան շրջանում հայ-իրանական տնտեսական դիվանագիտության զարգացման հեռանկարին, ներկայացնելով Իրանին հետաքրքրող Հայաստանի տնտեսական գրավչությունները: Զեկույցում անդրադարձ կա անցնող երեսուն տարիների ընթացքում ձեւավորված հայ-իրանական բարձր մակարդակի ու կայուն քաղաքական հարաբերություններին, ինչպես նաեւ այդ հարաբերություններում իրանահայության բացառիկ դերին: Հատուկ շեշտադրում կա եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի անդամակցության ու Եվրոմիության հետ առեւտրի ոլորտին վերաբերող պայմանագրերի առկայության մասին, ինչը հնարավորություն է տալիս իրանական ապրանքները Եվրասիայի ու Եվրոպայի երրորդ երկրներ վերաարտահանելու համար:

Զեկույցի հեղինակները մեծ առավելություն են համարում Մեղրիի ազատ տնտեսական գոտու եւ Արեւելյան Ատրպատական նահանգում գործող Նուրդուզի սահմանային մաքսակետի գործունեությունը:

Ըստ զեկուցագրի, ուշագրավ է նաեւ այն իրողությունը, որ Թուրքիան, Հայաստանի հետ չունենալով դիվանագիտական հարաբերություններ ու բաց սահմաններ, կարողացել է լուրջ դերակատարություն ունենալ Հայաստանի տնտեսական կյանքի վրա: Թեեւ թուրքական ապրանքները Հայաստան էին ներկրվում հիմնականում Վրաստանի տարածքով, սակայն Հայաստանի ու Թուրքիայի միջեւ ապրանքաշրջանառության ծավալը կրկնակի անգամ ավելի մեծ է քան տարեկան 300-400 միլիոն դոլարը չգերազանցող հայ-իրանակն ապրանքաշրջանառությունը: Զեկուցագրի հեղինակների կարծիքով, իրանցի արտադրողների համար առեւտրատնտեսական գործունեույթյուն ծավալելու համար բացառիկ հնարավորություն է ստեղծվել հատկապես հետպատերազմյան ժամանակահատվածում, քանի որ Արցախի վերջին պատերազմի ելքը կանխորոշելու հարցում Թուրքիայի գործուն մասնակցությունը հայաստանյան հանրության վրա բացասական վերաբերմունք է ձեւավորել, որի պատճառով էլ Հայաստանում առկա է թուրքական ծագում ունեցող ապրանքների նկատմամբ համատարած անհանդուրժողականություն: Մեջլիսի զեկույցի հեղինակների կարծիքով, թուրքական ապրանքները իրանական ապրանքներով փոխարինելու հայաստանցիների ցանկությունը միայն պայմանավորված չէ ռազմական գործողություններում Թուրքիայի ակտիվ մասնակցությամբ: Զեկույցի հեղինակների համոզմամբ, հայկական կողմը պատերազմի ընացքում հարկադրված է եղել տարածքներ վերադարձնել Ադրբեջանին, որի հետեւանքով զրկվել է մի շարք գյուղատնտեսական մթերքների մատակարարման կարեւոր աղբյուրներից:

Զեկույցում ներկայացված հաշվարկները ցույց են տալիս, որ Հայաստանը պատերազմից հետո ստիպված է լինելու ավելի քան 2200 անուն տարբեր տեսակի արդյունաբերական եւ գյուղատնտեսական ապրանքների ներկրման նոր աղբյուրներ հայթայթել:

Մեջլիսի հետազոտությունների պատրաստած զեկույցում նշված է նաեւ, որ ստեղծված նոր իրավիճակում Իրանը բացառիկ հնարավորություն ունի ակտիվացնելու տնտեսական հարաբերությունները կովկասյան ու եվրասիական ուղղությամբ ու զարգացնելու տնտեսական դիվանագիտությունը հատկապես Հայաստանի հետ:

Ըստ զեկուցագրի, ելնելով եվրասիական տնտեսական միության հետ Իրանի ստորագրած համաձայնագրի պահանջներից, նախկինում Թուրքիայից ներկրվող 2200 անուն ապրանքների փոխարեն Իրանից մատակարարումն ապահովելու նպատակով ՀՀ կառավարության կոմից ներկայացված ցանկում նշված 862 անուն ապրանքների վրա տարածվում է մաքսային տարիֆների նվազեցում: Ուստի, եզրակացնում են զեկուցագրի հեղինակները, սա միայն Հայաստանի հետ երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը միտված հնարավորություն չէ, այլ բացառիկ առիթ Եվրասիական Տնտեսական միության անդամ պետությունների, հատկապես Ռուսաստանի ու Բելառուսի հետ զարգացնելու լայնածավալ հարաբերություններ, ինչը, հաշվի առնելով աշխարահագրական դիրքը, հնարավոր է դառնում Հայաստանի հետ Իրանի ցամաքային սահմանի միջոցով:

Զեկույցը հավաստում է նաեւ, որ համագործակցության նշված եղանակը բնավ չի հակասում պատերազմի հետեւանքով Ադրբեջանին վերադարձված տարածքներում իրանական մասնավոր սեկտորին պատկանող ընկերությունների գործունեությանը, եւ վկայաբերելով Իրանի արտաքին քաղաքականության սկզբունքային մոտեցումները, պարզաբանում, որ Իրանը, հաշվի առնելով իր ազգային շահերը, զարգացնում է երկկողմ տնտեսական հարաբերությունները բոլոր հարեւան երկրների հետ:

Վերը նշված փաստերն ու հանգամանքները ներկայացնելուց հետո, Մեջլիսի հետազոտությունների կենտրոնում կազմված զեկուցագրի հեղինակները եզրակացնում ենՙ

Հայաստանի հետ երկարաժամկետ համագործակցության տեսլականը կազմելիս, անհրաժեշտ է նախատեսել երկկողմ ապրանքաշրջանառության ծավալների աճ, տարբեր ոլորտներում տնտեսական գործակցության ակտիվացում, ինչպես նաեւ կապիտալ ներդրումների ապահովում:

Ուզում ենք հավատալ, որ հայ-իրանական երկկողմ հարաբերությունների զարգացման իրանական կողմի բանաձեւումը տեղ կգտնի նաեւ հայկական կողմի օրակարգում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 16-07-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ