RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#025, 2021-07-02 > #026, 2021-07-09 > #027, 2021-07-16 > #028, 2021-07-23 > #029, 2021-08-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 16-07-2021



Տեղադրվել է` 2021-07-15 23:29:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 984, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹԱԼԻԲՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՄՈՍԿՎԱ ՀԱՐՑԱԿԱՆՆԵՐ Է ԱՌԱՋԱՑՆՈՒՄ

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ, Թուրքագետ

Գուցե Պուտինը, չստանալով համապատասխան արձագանք Էրդողանից, որոշել է ապավինել ահաբեկչական այդ կազմակերպությանը

Հուլիսի 8-9-ը Մոսկվա այցելեց ռուսական պետական լրատվամիջոցների արտահայտությամբ «Թալիբան շարժման» պաշտոնական պատվիրակությունը: Եթե դա պաշտոնական է, ապա պաշտոնական պիտի համարվի թալիբների այցը, ինչը ԱՄՆ-ի եւ նրա ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների Աֆղանստանից հեռացման ֆոնին չափազանց ուշագրավ է թվում եւ ամենայն հավանակությամբ բխում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի թալիբներով պայմանավորված աշխարհաքաղաքական ծրագրերից: Մանավանդ որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանիՙ իր լավագույն ընկերոջ աջակցությանն ապավինելու նրա հույսերը ի չիք են դառնում, որքան էլ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունիսի 30-ին թուրքերին շողոքորթելու ջանք չխնայեր Անթալիայում:

Թալիբների վերոհիշյալ այցը միջազգային հանրության ուշադրությունը կրկին սեւեռել է Ռուսաստանի վրա: Հարկ է, սակայն, նշել, որ թալիբները սոսկ Ռուսաստանին չեն հետաքրքրում: Նրանցով մեծապես հետաքրքրված է նաեւ իրանը: Դրա վկայությունը հուլիսի 7-ին Թեհրանում արտգործնախարար Զարիֆի միջնորդությամբ ծավալված բանակցություններն են Աֆղանստանի կառավարական եւ թալիբների պատվիրակությունների միջեւ: Ավելին, մինչ այդ, հունվարի 31-ին, իրանական կողմի հրավերով Թեհրան էր այցելել թալիբների ղեկավարությունը:

Հարկ է նշել, որ թալիբները հայտնվել են նաեւ Չինաստանի ուշադրության կենտրոնում, որի հիմքում ընկած է «Մեկ գոտիՙ մեկ ճանապարհ» կամ «Նոր մետաքսի ճանապարհ» նախագիծը: Դրա իրագործումը խաղաղություն եւ կայունություն է ենթադրում այն աշխարհագրությունոմ, որն ընդգրկված է նախագծում:

Ի դեպՙ հուլիսի 8-9-ին թալիբների Մոսկվա կատարած այցը, որքան էլ ռուսական լրատվամիջները շրջանցեին, միակը չի եղել: Ընթացիկ տարում նրանք եւս 2 այց են կատարել Ռուսաստանի մայրաքաղաք: Այդ մասին «timeturk.com»-ի հուլիսի 13-ի համարում «Ռուսաստան, Աֆղանստան եւ նոր խաղարկումներ» խորագրով գրել է «Մարմարա» համալսարանի պրոֆ. Իլյաս Քեմալօղլուն:

Իսկ ի՞նչ են գրել ռուսական լրատվամիջոցները: Հուլիսի 14-ին, ՀԼԸ ծՏՉՏրՑՌ-ին «Մոսկվան ինչո՞ւ է շփվում թալիբների հետ» վերնագրով, նշում է, որ այդ շփումները հաստատվել են դեռեւս 7 տարի առաջ, տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու նկատառումներով, այցի ժամանակ թալիբներին ընդունել է Աֆղանստանի գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Զամիր Քաբուլովը: Հանդիպան ավարտին նա ասել է, որ Աֆղանստանում սրվում է լարվածությունը, բարդելով դրա պատասխանատվությունը Սպիտակ տան վրա, թե երկրից ամերիկյան զորքերի դուրսբերման որոշում է ընդունել: «Մինչդեռ,-շարունակել է Քաբուլեվը,- թալիբները զգալի տարածքներ են գրավում, հարձակումներ են ձեռնարկում խոշոր քաղաքների վրա, ուստի Ռուսաստանը կարող է շփվել Աֆղանստանում գործող ուժերից յուրաքանչյուրի հետ»:

Հուլիսի 12-ին նոյն գործակալությունը տեղեկացրել էր, որ ռուսական կողմի հետ բանակցություններում «Թալիբան»-ի պատվիրակությունը պահանջել է Ռուսաստանի միջնորդությունը իրենց հանդեպ կիրառվող պատժամիջոցների վերացման հարցում, հավանաբար նկատի ունենալով իրենց կազմակերպության ընդգրկումը «ահաբեկչական կազմակերպությունների» ցանկում, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2003 թ. որոշումով: Ի դեպՙ նույն թվին բազմաթիվ այլ երկրների թվում թալիբներին որպես ահաբեկիչներ է ճանաչել նաեւ Ռուսաստանը:

Թալիբների հետ շփումներում Կրեմլի առաջադրանքներին անդրադարձել է նաեւ «timeturk.com»-ի հոդվածագիր պրոֆ. Քեմալօղլուն: Նա նշում է, որ ԽՍՀՄ-ի փլուզումով թեեւ Ռուսաստանը զրկվեց Աֆղանստանի հետ ընդհանուր սահմանից, սակայն Կրեմլի համար ամենեւին չնվազեց այդ երկրի նշանակությունը, որովհետեւ դրա հիմքում ընկած են այնպիսի գործոններ, ինչպիսիք են անվտանգության եւ տնտեսական գործոնները, նաեւ տարածաշրջանում արտաքին ուժերի ազդեցության թուլացման առաջադրանքը:

Այնուհետեւ Քեմալօղլուն շարունակում է. «Ինչպես հայտնի է, Կրեմլը կարեւոր նշանակություն է տալիս մերձակա միջավայրին: Սկսած 21-րդ դարի սկզբներից, համարելով անվտանգության երաշխիք, իր ազդեցությունն ամրապնդեց Միջին Ասիայում եւ Հարավային Կովյասում: Թերեւս դա է պատճառը, որ արտաքին նույնիսկ թեթեւակի միջամտություն բուռն հակազդեցություն է առաջ բերում Ռուսաստանում: Գալով Միջին Արեւելքի եւ Աֆղանստանի զարգացումներին, ապա դրանք էլ դիտարկվում են սպառնալիք Մոսկվայի ռազմաքաղաքական ծրագրերին: Թերեւս դրանով էր պայմանավորված Աֆղանստանին սահմանակից Տաջիկստանում ռազմաբազա տեղակայելու նպատակը: Եթե Ռուսաստանին չհաջողվի ռազմաքաղաքական ներկայությունն ամրապնդել Միջին Ասիայում ու նվազագույնի իջեցնել օտարերկրյա ուժերի ազդեցությունը, ապա անկայունությունը Աֆղանստանից կտարածվի Տաջիկստանում, այնուհետեւ Միջին Ասիայում, որտեղից կներթափանցի Ռուսաստան: Հետեւաբար, որքան էլ Մոսկվան գոհունակությամբ ընդունի ԱՄՆ հեռացումն Աֆղանստանից, այնուամենայնիվ բոլորովին չի ցանկանում հարակից տարածաշրջանների ապակայունացումը: Հենց դրա համար է Մոսկվայում ընդունել թալիբների պատվիրակությանը»:

Թերեւս կարելի էր ընդունել թուրք գիտնականի տեսակետները, եթե Պուտինը նախկին ԽՍՀՄ-ի հանրապետություններին Ռուսաստանի հովանու ներքո միավորելու հավակնություններ չունենար եւ Միջին Ասիայի ու Հարավային Կովկասի նկատմամբ չաճեին ԱՄՆ-ի հետաքրքրությունները: Պուտինի հավակնությունների առումով հատկանշական է նրա հուլիսի 13-ի հայտարարությունը, որտեղ նա, ինչպես «INTERFAX.RU»-ն է նշել, ասել է. «Ժամանակակից Ռուսաստանը հաշտվում է առկա աշխարհաքաղաքական իրողությունների հետ, պատրաստ խորացնելու կոոպերացիան նախկին ԽՍՀՄ-ի հանրապետությունների հետ: Սակայն, մեզ բնականաբար հուզում են սպառնալիքի հավանական օջախները: Նորից եմ կրկնում, մենք փորձում ենք գտել կոմպրոմիսային այնպիսի տարբերակ, որը բավարարի մեր բոլոր գործընկերներին»:

Որպես այդպիսի տարբերակի օրինակ Պուտինը մատնացույց է արել Եվրոպական Միությունը: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա նա էլ, «tert.am»-ի հուլիսի 3-ի վկայությամբ, Տաջիկստանի եւ Ուղբեկստանի հետ քննարկում է ռազմական փոխգործակցության հնարավորություններն Աֆղանստանից ամերիկյան զորքերը դուրս բերելու պայմաններում: Ի դեպ, քննարկման փաստը հաստատել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին: Դրանից առաջ, հուլիսի 2-ին, «Lragir.am»-ն էլ գրել էր, որ Տաջիկստանը օգնության խնդրանքով դիմել է ոչ թե Մոսկվային, այլ Վաշինգտոնին:

Խոսքը, անշուշտ, ռազմայան օգնության մասին է, ինչը միանգամայն հակասում է Պուտինի նախկին ԽՍՀՄ-ի հանրապետություններին առնչվող վերոհիշյալ հավակնություններին: Դրանց իրականացումը նրա տեսանկյունից ենթադրում է ապակայունացնել Տաջիկստանն ու Ուզբեկստանը, որպեսզի անհրապույր դարձնի ԱՄՆ-ի ռազմաքաղաքական ներկայության համար: Բայց, ՌԴ նախագահը դա չի կարող կանխել, որքան էլ ապավինի թալիբների աջակցությանը կամ Աֆղանստանում կառավարական զորքերի զինվորները, խուսափելու համար վերջինների հալածանքներից, գրեթե համատարած ապաստանեն հարեւան Տաջիկստանում, Ուզբեկստանում: Այն առումով, որ ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը ծրագրված է, նախապես մշակված, այլ ոչ թե պահի թելադրանքով կամ մեկ անձի քմահաճույքով շրջանառության մեջ դրված:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 16-07-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ