RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#025, 2021-07-02 > #026, 2021-07-09 > #027, 2021-07-16 > #028, 2021-07-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 16-07-2021



Տեղադրվել է` 2021-07-15 23:29:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 2817, Տպվել է` 54, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲՌՆԱՊԵՏՆ ԸՆԴԴԵՄ ԲԺՇԿԱՊԵՏԻ

Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ

Արդեն տեւական ժամանակ բժշկապետ Արմեն Չարչյանը գտնվում է կալանքի տակ: Փաստաբանների ջանքերը եւ նույնիսկ 7 պատգամավորների երաշխավորությունըՙ խափանման միջոց կալանքը վերացնելու ուղղությամբ, առայժմ արդյունք չեն տվել: Ըստ էության, Նիկոլի զայրույթը բժշկապետի հանդեպ ունի շա՜տ լուրջ պատճառներ, որ այսպես ղզղընածՙ հռչակավոր բժշկին փորձում է նախ ֆիզիկապես եւ ապա հոգեպես ընկճել, իսկ եթե հնարավոր լինի...

Կարելի է հասկանալ Նիկոլին. նա ունի առնվազն հինգ պատճառ, շա՜տ լուրջ պատճառ լարվելու բժշկապետի դեմ:

Առաջինՙ բժիշկ Չարչյանը Ռոբերտ Քոչարյանի անձնական խնամող բժիշկն է եղել բանտախցում նրա բազմօրյա մեկուսացման օրերին: Այսինքն նա երկրորդ նախագահին չէր թողել որ... մահանա:

Երկրորդՙ հենց այն հանգամանքը, որ նաՙ բժշկապետ Չարչյանը, Քոչարյանի ճամբարից էր եւ է, նույնիսկ անդամ նրա ընտրացուցակի, լուրջ, շա՜տ լուրջ պատճառ է Նիկոլի համար նման մարդուն, նման բոլոր մարդկանց ընդունելու որպես անձնական ոխերիմ թշնամու:

Երրորդՙ բժշկապետ Չարչյանը բժիշկ է, այնպիսի մի մարդ, որը կախյալ չէ իրենիցՙ Նիկոլից, իսկ Նիկոլը նմանՙ ազատ մարդկանց խորապես ատում է, ատում է տարերայնորեն, ենթագիտակցությամբ: Ի դեպ, դա պատահում է բոլոր բռնապետերի, այս պարագայումՙ բռնապետիկի մոտ: Բայց ոմանց մոտՙ առավել ցավագին ու շեշտված, քանզի նրանք, ինչպես Նիկոլը, ավելի շուտ նրա բռնատիրական ոգին խոտոր է համեմատվում նրա կարողությունների, այս պարագայումՙ կատաղության հետ:

Չորրորդՙ Իզմիրլյան հիվանդանոցը, որի գլխավոր բժիշկն է Արմեն Չարչյանը, իրավաբանորեն եւ իրավական բոլոր հիմքերով պատկանում է Սուրբ Էջմիածնի Մայր աթոռին: Այսինքն, իրավականից անցնելով գործնականին, ո՛չ Նիկոլը եւ ոչ էլ նրա Արսեն Թորոսյանն ու վերջինիս հաջորդն ու հաջորդները իրավունք չունեն միջամուխ լինելու բժշկական այդ կենտրոնի ղեկավարման եւ այլ գործերում: Ահա՛ մի անկախ կառույց, որը ազատ է, որը կախյալ չէ Փաշինյանից ու նրա թիմակիցներից: Վերջինս չի կարող, օրինակ, պաշտոնազրկել, հեռացնել աշխատանքից այդ հաստատությունից որեւէ մեկին, էլ ուր մնաց բժշկապետին:

Հինգերորդՙ Իզմիրլյան հիվանդանոցը ոչ միայն իրավականորեն, այլեւ փաստացի մաս է կազմում Մայր աթռոին, այսինքն «հոգեւոր էլիտային», որին, էն էլ «չաքուջով», Նիկոլը սպառնացել է հաշվեհարդարի ենթարկել:

Չեմ վիճարկում դոկտ. Արմեն Չարչյանի դեմ հարուցված մեղադրանքի արդարացիության հարցը: Առերեւույթ դա անհեթեթ է այնքան, որքան Վահրամ Սահակյանի հին սքեչներից մեկը, որտեղ ոստիկանները «հարցաքննում» են մի երիտասարդի, թե ինչո՞ւ եւ ինչո՞վ է ծակել «Տիտանիկը»... Եթե նման մեղադրանք առաջադրվեր Մ. Նահանգներում գլխավոր կամ ոչ գլխավոր որեւէ բժշկի նկատմամբ, թե ինչո՞ւ է հիվանդանոցի անձնակազմին հորդորել անպայման մասնակցել ընտրություններին, ապա իրավապահ մարմիններին ամերիկացիք ծաղրուծանակի առարկա կդարձնեին: Ճիշտ է, Նիկոլը չէր ուզում, որ ընտրություններին շատ մարդ մասնակցեր, սակայն ի՞նչ անենք, իր ցանկությունները, որեւէ պետական գործչի ցանկությունները, որեւէ քաղաքացի կարող է եւ endorse չանել, ինչպես ասում են նույն ամերիկացիները:

Մենք տեսանք, թե ի՞նչ շահագրգռվածություն ունի Նիկոլը բժշկապետին տանջահար անելու, նրա արժանապատվությունը վիրավորելու, նսեմացնելու նրա վաստակը վերջին պատերազմին նրա եւ ընկերների անձնազոհ նվիրվածությունը մեր վիրավոր զինվորների կյանքը փրկելու, խեղանդամությունից նրանց դուրս բերելու գործում: Սակայն հարցերի հարցը մնում էՙ այսպես կոչված ընդդիմությունը, որը չի պայքարում նրան կալանքից փրկելու համար: Խոսքը չի վերաբերում նրա արդարացմանը կամ չարդարացմանը. իրավական հարթության վրա նրա դեմ հարուցված գործը, իմ համոզմամբՙ անհիմն է եւ հերյուրածո: Հարցը նրան կալանքից ազատելն է, անհապաղ, bail-ով, ազդու միջամտությամբ կամ բողոքի ցույցերով, որոնց կորիզը, նաեւ առաջնորդը պետք է լինեին մեր առողջապահական համակարգի ներկայացուցիչները: Մեր բոլոր բժիշկները ինձնից լավ գիտեն, որ առանց Արմեն Չարչյանի եւ մի քանի այլ բժշկապետերի, իրենց նեղ մասնագիտական ոլորտներում հիմնադիր կամ համաշխարհային փորձը Հայաստան բերած եւ կիրարկող բժիշկների, բժշկական գիտությունը մեր երկրում շատ չի տարբերվի առեւտրագիտությունից:

Բաց աստի, այս պարագայում մենք խոսում ենք մարդու մասին, մարդկային էակի մասին, որի իրավունքերը պաշտպանելը մեր բոլորի պարտականությունն է: Մինչդեռ մեր մամուլը, որի ոչ միայն պարտականությունը, այլեւ առաքելությունն է դա, ավելի քան 10 օր արդեն ոչինչ չի գրում ու չի ցուցադրում այսպես կոչված «Չարչյանի գործի» մասին: Ի՞նչ անենք, որ այդ մամուլը ֆինանսավորողները, աջից թե ձախից, նման պատվեր չեն տալիս: Պատվերը դուք ձե՛զ տվեք: Մինչդեռ նույնիսկ ֆեյսբուք շատախոսության եւ ամենախոսության հարթակը լռում է:

Նույն լռությունը նաեւ այսպես կոչված ընդդիմադիր կուսակցական կամ կուսակցականացված ճակատից, որը գերզբաղված է թվում Սահմանադրական դատարանում ընթացողՙ երկրի ու պետականության փրկության համար ոչինչ չխոստացող դատավարությամբ:

Սակայն ամենատարօրինակը Մայր աթոռի լռությունն է: Գիտենքՙ պրոֆեսորի փաստաբանների հետ խորհրդակցություններ տեղի են ունենում, սակայն այս պարագայում ակնկալվածը հրապարակային գործունեությունն է, հայտարարություններով, համահայկական ու միջազգային շրջանակներին ուղղված կոչերով հանդես գալը: Ի վերջո, բժշկապետ Չարչյանին թիրախավորած հալածանքներն ու ապօրինությունները առաջին հերթին ուղղված են Մայր աթոռի ու նրա Գահակալի դեմ: Բժշկապետի պաշտպանությունը ոչ թե քաղաքական, այլ մարդու եւ մարդկայնականության հարց է, այսինքն հենց այնՙ որի համար ստեղծվել է Հայ եկեղեցին, եւ որի համար հայ ժողովրդի մեծամասնությունը սիրում է այդ եկեղեցուն, պաշտպանել ու պաշտպանում է այդ եկեղեցու սկզբունքները:

Արիացեք վերջապես, մարդը, մարդիկ ձեր եւ մեր պաշտպանության կարիքն ունեն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 16-07-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ