RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#024, 2021-06-25 > #025, 2021-07-02 > #026, 2021-07-09 > #027, 2021-07-16 > #028, 2021-07-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 09-07-2021



Տեղադրվել է` 2021-07-08 23:03:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 994, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿՈՉԵՐԻ ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՍ

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Մերօրյա Հայաստանում անցկացրած յուրաքանչյուր օրը ե՛ւ հպարտության զգացում է առաջացնում, ե՛ւ հուսահատությունից-հուսալքության տրամադրություններ է բերում: Եթե առաջինի պարագայում ոգեւորությունը պայմանավորված է հայրենիք հասկացության իմաստի ու բովանդակության հետ, որը հայի մի տեսակի ապրել - արարելու բուն նպատակն է, երկրորդի դեպքում գործ ունենք մեր այն ազգակիցների հետ, որոնք առաջնորդվում են «մի կյանք ունենք» մոտեցմամբ, որի գնահատականը ժամանակից զատ տալիս է հենց նրանց իսկ ապրած յուրաքանչյուր պահը. եթե ստեղծագործելու ջիղ ունի, հայաշունչ տողեր է ձոնում, երաժիշտն այն երգի է վերածում, նկարիչն այն Սիս ու Մասիսի համապատկերում Խոր Վիրապով է անմահացնում, խոհարարը հայավարի լահմաջուն է պատրաստում, տաքսիստը Վազգեն 1-ի նկարն է կախում, ինչ-որ մեկն էլ Հայաստանում բազմանդամ ընտանիքի է օգնում, այդկերպ հայրենասիրությունը դրսեւորում: Այնպես որ, իրոք դժվար է գնահատականներ հնչեցնել, քանզի այս փոքրացող հողակտորի վրա մնացածներից թերեւս յուրաքանչյուրը դրսում ընտանիքի անդամից մինչեւ յոթ պորտ ձգվող հարազատ-բարեկամ ունի, նաեւ քավոր-սանիկ, հարսնացու ու փեսա: Ասում եմ այս վիճակի պատասխանը ժամանակը կտա եւ տեղնուտեղը պնդում եմ, որ հայրենիք համարվողը, որ մեր դեպքում երկիր մոլորակի Հայաստան հատվածն է, պարտադրված ենք պահել-պահպանել, համեստների թե նվիրյալների ջանքերով, հողագործի թե պատշարի արածով, այբ ու բենը ուսուցանողի թե դեղատոմս նշանակողի աննկատ թրթիռով: Այսօրինակ մտորումներով կարելի է ամբողջ էջեր լրացնել, որը ոմանք անիմաստ ջուրծեծոցի կորակեն, այլքՙ յուղ վառել արտահայտությունը կհիշեն, քանզի այդկերպ լրացվող տողերը մասամբ իսկ չեն պատասխանում մեր հարցերի հարցինՙ ի՞նչ երկիր ենք պատրաստվում կառուցել:

Դիտարկելով հատկապես վերջին 3,5 տարվա գործունեությունը, որի դիմաց իշխանությունը թող-որ վիճարկելի կառավարման հերթական մանդատը ստացավ, Հայաստանի իշխանության համար շարունակում է գլխավոր խնդիր մնալ կոռուպցիայի դեմ պայքարը: Միայն այն, որ այս ուղղությամբ արված կցկտուր թե որոշակի քայլերը տեսանելի արդյունք չեն տվել, խոսում է թիրախի նպատակահարմարության մասին: Գրեթե առոչինչ է նաեւ վերեւներում համակարգված կոռուպցիա չկա վկայաբերումը, քանզի միայն այն, որ պետական գնումների համակարգի բազմամիլիոն ծախսերն իրականացվում են առանց մրցակցության եւ մեկ անձի կողմից, ինքնաբերաբար հարցեր են առաջացնում, երեւույթը խնդրահարույց է: ՀՀ շարքային քաղաքացիների շրջանում քիչ չեն նրանք, որոնք համոզված են, որ կոռուպցիոն դրսեւորումների կանխման ու ենթադրվող վերացման գործընթացը սկսվում ու ավարտվում է այն սնող ու ծնող միջավայրի կազմավորման շնորհիվ, որի ուղղությամբ իշխանությունը գրեթե ոչինչ չի անում: Ասվածի հաստատումն են հենց այս օրերին, ասենք, հարկային որեւէ պարտավորությունից ազատված տաքսիստների ծառայություններից դժգոհությունները կամ ճանապարհներ փակելու աստիճանի հասցված ջրազրկված հողագործների վրդովմունքի դրսեւորումները: Թե ներքին ի՞նչ հարաբերություններ են տիրում նշված ու այլ բազմաթիվ ոլորտներում, որեւէ մեկը, ինչքան էլ նա բազմափորձ քննիչ ու վերլուծաբան լինի, պարզել չի կարող:

Հարց տանք. կոռուպցիա կա՞ արդյոք Հյուսիսային Կորեայի ժողովրդա-դեմոկրատական հանրապետությունում կամ Ազատության կղզի հռչակված Կուբայում: Փակ համակարգերի պայմաններում, որպիսին ՀՀ է դառնում, ինչպիսին է նաեւ կոռուպցիոն միջավայրը. պարտադրված ենք նշված երկրների պարագայում ընդունել, որ դրանցում կոռուպցիա կոչվող երեւույթ չկա: Իրավունքի ու օրենքի կիրառողը լինի դատավորը թե պետական պաշտոնյան, ի՞նչ է անելու աղքատ երկրի պարագայում այն ֆինանսական միջոցները, որոնք հայտնվել են իր տրամադրության տակ: Որոշակի հարմարավետության առանձնատուն կառուցել չի կարող, նոր ավտոմեքենա գնելն անհնարին է, 400-500 հյուրերով զավակի հարսանիքի կազմակերպումն ուղղակի առումով վտանգավոր է, եւ այսպես շարունակ: Ասվածից մի փոքր համեստ են հարյուր հազարավոր շարքային հայաստանցիների իրենց բարվոք առօրյայի մասին պատկերացումները: Նորից ու հերթական անգամ եմ հաստատում ոչ փոքր շրջապատիս բազմաթիվ ներկայացուցիչների այն պնդումները, որ կոռուպցիայի դեմ պայքարը հարկ է սկսել այն ծնող միջավայրը փոխելով: Այդ միջավայր կոչվածն առաջնահերթը նկատվում է ամենօրյա առեւտրային գնումների ընթացքում, երբ ՀՀ-ում հերթական գնաճը բացատրվում է համաշխարհային շուկայում գների բարձրացումով: Բացարձակ սուտ. հարցրեք ձեր եվրոպաբնակ հարազատներին ու ծանոթներին, թե վերջին անգամ երբ է փոխվել, ասենք, դիզվառելիքի կամ բենզինի գինը: Չեն հիշի, առավել եւսՙ ձեթի ու կարագի, ձվի ու հավի մսի գինը: Իշխանություններն իրենց ունեցած հարկային ու մաքսային լծակներով երկրների տնտեսություններն այնպես են կազմակերպում, որտեղ բացակայում է սեզոնայնություն կոչվող երեւույթը: Մեկ մի միջոցովՙ սեփական արտադրության կազմակերպումով: Լսած չկանք, չէ՞, ՀՀ էկոնոմիկայի նախարարության որեւէ պաշտոնյայի հարցումը, թե ինչո՞ւ մեզանում չի արտադրվում, ասենք, թուրքական «Կոզակ» անվանումով էլեկտրաջեռոցի հայկական տարբերակը: Այն ընդամենը թիթեղից տուփ է, ներսում էլեկտրատաքացուցիչ ու դռնակ: Եվ այսպես տասնյակ, հազարավոր մեխանիկական ու էլեկտրական, կենցաղային ու խոհանոցային սարքեր, այլեւայլ սննդի հումք: Մեր մարդիկ անգամ չդժգոհեցին բազուկի ու ստեպղինի կգ-ի դիմաց 600-800 դրամ գնից, որը ներկայացվեց որպես հայկական արտադրանք: Գինն իրոք աննախադեպ էր, որին հանրությունն ըմբռնումով մոտեցավ: Բայց կանցնի մի քանի շաբաթ եւ մեր առեւտրային ցանցը կլցվի իսրայելական, եգիպտական ու պարսկական ստեպղինով ու բազուկով, այն ամենով, ինչ օգտագործվում է հայկական խոհանոցում: Փոխարենը մեզանում ՀՀ կառավարությունը հավանություն տվեց կանեփ կոչվող մշակաբույսի արտադրության կազմակերպմանը, այդպես էլ չհիմնավորելով այդ գործընթացի կարեւորությունը: Միայն նշվեց, որ այն իրականացվելու է որոշակի հսկողության պայմաններում: Այնպես որՙ շարունակում է գործել ինչ ուզում ենք, այն էլ անում ենք աշխատաոճը, որից թե ով ինչպես է օգտվում, պարզ չէ:

Անշուշտ, լրագրությունը չէ, որ պետք է նշի ինչպես դարձնել երկիրը: Բայցեւ այն, որպես հանրային որոշակի տրամադրությունների արտահայտման միջոց հուշում է, որ կոռուպցիա, պողպատ, դիկտատուրա կոչերով ագրեսիվ փոքրամասնության ձեւավորումն էլ ցանկալի արդյունքի հասնելու միջոց չէ: Այնպես որՙ աշխատելն ու աշխատանքը թող սպասեն...

Աստված մեզ ապավեն:

06.07.2021թ

Հ.Գ. - Երկու օր առաջ սննդամթերք գնելիս վաճառողը նախորդ օրերի համեմատ 400 դրամ հավելյալ գումար պահանջեց: Տարակուսանքիս ի պատասխան մեղավորի տեսքով ասաց. - կգ-ը 300 դրամով թանկացել է: Ահա այսպիսի Հայաստան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 09-07-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ