RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#024, 2021-06-25 > #025, 2021-07-02 > #026, 2021-07-09 > #027, 2021-07-16 > #028, 2021-07-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 09-07-2021



Տեղադրվել է` 2021-07-08 23:03:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 928, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԴԵՌ ՀԱՆՈՒՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՉԵՆՔ ՔՎԵԱՐԿՈՒՄ

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի

Չէ, այսօրվա մեր հեռուստահաղորդավար-մեկնաբանները մեծամասամբ այդպես էլ չեն սովորում ճիշտ կարդալ տասնորդական կոտորակներով արտահայտված թվերն ու տոկոսները: Օրինակ, հունիսի 21-ին Առաջին ալիքով (տեսնես ժամանակին ո՞ւմ դուր չեկավ Հ1 անունը) ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքների հետ կապված ասվում էր, թե «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթել էՙ ստանալով ձայների «53 ամբողջ 92 տոկոսը»: Հիմա հիսուներե՞քն էր, թե՞ 92-ը: Սա մտքի ու իմաստի շփոթ առաջացնող ու տարածված չգիտես հասարակ մաթեմատիկակա՞ն, տրամաբանակա՞ն, թե՞ լեզվական սխալ է: Իրականում այս 53,92 տոկոսը նշանակում է 53 ամբողջ 92 հարյուրերորդական, սա է ճիշտն ու հասկանալին: Իսկ եթե կարճ եք ուզում արտասանել, վաղուց ընդունված կերպով ու հասկանալի կարելի է ասել գոնե 53 ու 92 տոկոս, ինչը, ի դեպ, արեց նույն լրատվական ծրագրի արդեն ժամը 17-ի հաղորդավարը: Կամ ասում ենՙ այս-այս տարիներին միջին աշխատավարձը, թե ինչն աճել է 35 ամբողջ 7 հազար դրամով: Եղավ հայերե՞ն: Անհամեստ չլինի, բայց նաեւ որպես հին հաղորդավար ասենք, որ ժամանակին, երբ մեզանում հայոց լեզուն պետականորեն իրոք կարեւորվում ու պաշտպանվում էր, եթերում այսպիսի եւ, ասենք, ԴոնաՅլդ, վաՅլս, աշակՅեՌտ կարգի ուղղախոսական ու այլ սխալները չէին ներվի եւ ընդհանրապես տեղ չէին էլ գտնի:

Տասնամյակներ առաջ Մայր բուհի բանասիրականի մեր դասախոս Ռաֆայել Իշխանյանը մի անգամ դասի ժամանակ հանձնարարեց, որ տետրից պոկված նույն թղթի վրա ամեն մեկս հերթով գրենք մեր անուն-ազգանունն ու դիմացը դնենք մեր ստորագրությունը: Այդ ժամանակ շատերը ստորագրում էին ոչ մայրենի լեզվով... ԱԺ անցյալ ամսվա ընտրության արդյունքների ամփոփման արձանագրության տակ ԿԸՀ 7 անդամների ստորագրություններից առնվազն 5-ը հստակ երեւացող հայերեն էին, ինչն էլ ուզում ենք նշել այս առումով որպես դրական:

Իսկ ըստ էության, այսքան պարտություններից, դժգոհություններից ու ծառացած սուր արտաքին մարտահրավերներից հետո հակառակորդի եւ դրսի հետ հարաբերություններում ոչ շահեկան դիրքում հայտնված Փաշինյանի իշխանության այս վերընտրությունը ամենալուրջ մտահոգության ու անհանգստության տեղիք է տալիս: Արցախյան ինքնապաշտպանական այս պատերազմում չարաչար պարտության ու կորուստների տարած ղեկավարի խոցելիության (անկախ մեղքի իր չափից), սովորաբար նրա հետ նաեւ երկրի միջազգային հեղինակության անկման, ներկա դեպքումՙ եւ գերիների, պահվող անձանց ցավոտ խնդրի չլուծվածության, պատերազմից հետո էլ ՀՀ սահմանների անվտանգության վատ ապահովման պատճառով: Սրան ավելացրածՙ երկրի ներսում հանրակրթական ու բարձրագույն դպրոցի ապազգայնացման եւ Գիտությունների ազգային ակադեմիայի գոյության հեռանկարին սպառնացող նախընթաց քաղաքականության, երկրի քաղաքացիներին սեւի ու սպիտակի բաժանելու, թշնամանքի ու ազգի պառակտման քաղաքականության պատճառով:

Բայց հրապարակված տվյալներով այս է քվերարկությանը մասնակցած մեր քաղաքացիների թվի կեսից ավելիի կամքը:

Հատկապես ովքե՞ր եւ ինչի համար են քվեարկել գործող իշխանության օգտին: Թվում էՙ սեփական որոշակի ռեսուրսից բացի դա ի շարս այլ համակիրների կարող է լինել նաեւ աշխատավոր, տնտեսություն վարող գյուղացին: Նրա նկատմամբ այս իշխանության ուշադրությունը, վարած հատկապես վարկային նպաստավոր քաղաքականությունը, ըստ մարդկանց վկայությունների, մեծ դրական քայլ է եղել: Երկիր պահողը, պարենով ապահովողը գյուղն ու բարիք ստեղծող գյուղացին են, եւ գյուղացու կողքին կանգնելը վերջին հաշվով նաեւ ի նպաստ երկրի է: Սաՙ մեկ:

Սրանից երեք տարի առաջ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ընդդիմադիր շարժումը մի կարեւոր ծառայություն մատուցեց երկրին. «թավշյա» ալիքի ճնշման ներքո իշխանությունից հեռացվեցին «հները», ինչն արդեն, թվում էր, ոչ մի կերպ հնարավոր չէր անել սովորական ընտրությունների միջոցով: Լավ կլիներ, որ այդքանով իրենց առաքելությունն ավարտված համարվեր: Բայց «քայլականներն» ըստ ամենայնի անփորձ, անպատրաստ, հիմնականում կարծես թե հկ-ական, սիրողական կազմով (որոշ բացառություններով) գալով իշխանության, ի վերջո հաստատեցին մի պարզ թվացող ճշմարտություն: Այն էՙ հեղափոխություն անելը մի բան է, մերի նման հազարախնդիր-հազարավտանգ երկիր կառավարելն ու փորձանքներից հնարավորինս հեռու պահելըՙ բոլորովին այլ բան: Կարծում ենքՙ սա այն դեպքն է, երբ եղած դրականն էլ անհաջողությունների, սխալների, կորուստների մեծության ստվերում կորչում ու չի երեւում: Հանուն ճշմարտության նկատենք, որ որոշ չափով չհաջողելու պատճառ կարող էր լինել նաեւ... հենց հին համակարգի նկատելի ու աննկատ դիմադրությունը: Առնվա՛զն դիմադրությունը: Որովհետեւ իշխանությունից «թավիշով» հեռացվել էր այդ համակարգի գլուխը, հիմնական ղեկավար կորիզը, բայց համակարգի միջին ու ստորին օղակները տեղերում բնականաբար դեռ ինչ-որ չափով առկա էին ու որոշակի ուղղորդումների ենթակա:

Իշխանության կողմից հների խաղաքարտը խաղարկելն այսուհետ արդեն ժամանակավրեպ ու անընդունելի կլինի, բայց այս ընտրարշավում նույն այդ հների գործոնը եւս, ինչպես արդեն ասվել է, դեր խաղաց, Փաշինյանի ղեկավարած իշխանական ուժին անուղղակի օգնեց նաեւ գլխավոր մրցակիցը: Ավելի ստույգՙ նրա առկայությունը: Եթե, դիցուք, Ռոբերտ Քոչարյանի ուժին շատերը ձայն տվեցին արտաքին անվտանգության ապահովման հարցում ավելի նրա՛ն հավատալով, ապա հիմիկվաններին ձայն տվողների մի մասն էլ դա արեց երկրի ներքին կյանքում Քոչարյանի իշխանության վերադարձի վախից: Ինչը հետընտրական ասուլիսում կարծես թե նկատեց նաեւ ինքըՙ երկրորդ նախագահը:

Ի վերջո, չենք ուզում բացառել, որ «Քաղաքացիական պայմանագրի» այս հաղթանակը նաեւ վերպետական պատճառներ, դրսից առնվազն երկու շահառուներ ուներ. չէ՞ որ տակավին «կիսատ գործեր» կային... Եվ ճի՞շտ է արդյոք հնչած այն տեղեկությունը, թե Շուշիում այս առիթով հրավառություն են արել...

Ընտրարշավին մասնակցող ուժերն այս անգամ շատ էին: Դա մի կողմից ձայների որոշակի փոշիացում կարող էր նշանակել, մանավանդ եթե հաշվի առնենք, որ այդ քանակը մի շարք դեպքերում որակ չէր նշանակում. հանրապետության բոլոր իշխանությունները մինչեւ հիմա ամեն ինչ արել են, որ երկրում քաղաքական դաշտն ըստ էության չկայանա: Բայց մյուս կողմից դա որոշ հույս էր ներշնչում, որ գուցե այս անգամ մի 4-5 ուժ հաղթահարի տոկոսային շեմն ու մտնի խորհրդարան, ինչը դրական կլիներ: Եվ եթե մրցարշավի հիմնական առաջատարների քարոզարշավը լի էր միմյանց նկատմամբ չարախոսությամբ ու հաճախ անընդունելի ձեւակերպումներով, ապա նշված մյուս մասը հանգիստ ներկայանում էր նաեւ հետաքրքրական գաղափարներով, իսկ նրանց համախումբ խոսքից ամեն ինչից բացի, նաեւ, հայրենիքի նկատմամբ այնքան հարկավոր սեր էր բխում: Չնայած մենք դեռ չենք հասել հանուն գաղափարների քվեարկելու համոզմունքին ու բոլորովին ոչ անտեղի կարեւորում ենք նաեւ անձերի հանգամանքը, այնուամենայնիվ փոփոխությունների, նորի որոնումը տրամադրում է մեր հայացքն առայժ թեկուզ մի քիչ ուղղել ասելիքով հանդես եկող ամեն մեկի կողմը:

Թվում էր, օրինակ, երկրում առկա ներքին լարվածության մթնոլորտում որքան հարկավոր էր «Լուսավոր Հայաստանի», նրա ղեկավար Էդմոն Մարուքյանի բազմիցս արտահայտած ընդհանուր համախմբման, բոլոր կարող ուժերի ընդգրկմամբ ազգային համերաշխության կառավարություն ստեղծելու գաղափարը: Բայց այս քաղաքական թիմը քվեարկության արդյունքներով նույնիսկ դուրս մնաց խորհրդարանից:

Իսկ ահա որդեկորույս մայր, «5165» շարժման նախընտրական ցուցակի առաջին համար Կարին Տոնոյանն իր ֆեյսբուքյան էջում, գլուխ խոնարհելով իրենց ձայն տված 15.534 մարդու առջեւ ու նրանց արժանի համարելով իր որդու զոհողությանը, ասում էր. «որովհետեւ հասկացաք, որ միայն բարին է չարին հաղթում, որ միայն սերն է հաղթում ատելությանը եւ Հայրենիքին անձնազոհ նվիրումն է հաղթում...»:

Այս էլՙ որպես բոլորիս սրտից բխող մի պատգամՙ արդեն հին-նոր իշխանությանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 09-07-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ