RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#024, 2021-06-25 > #025, 2021-07-02 > #026, 2021-07-09 > #027, 2021-07-16 > #028, 2021-07-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 09-07-2021



Տեղադրվել է` 2021-07-08 23:03:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 2927, Տպվել է` 82, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԵՐԱԴԱՐՁ ԴԵՊԻ... ԱՄԱՅՈՒԹՅՈՒՆ

Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ

Ծննդավայր վերադառնալու պես երեկ մուտք գործեցի այն շենքը, որի աստիճաններով 30 տարի շարունակ բարձրացել էի վերՙ 3-րդ հարկ, որտեղ գործում էր մեր թերթի խմբագրությունը: Գլխավոր մուտքի բանալին դեռ մոտս էր, ոչ ոք չէր ներկայացել վերցնելու ինձնից, հակառակ որ շենքը հիմա ենթադրաբար նոր վարձակալ պետք է ունեցած լիներ: Նոր վարձակա՞լ: Ոչ ոք չկար ամայի շենքում, մնացել էր այնպես, ինչպես թողել էինք այն չարաբաստիկ օրը, երբ պատրաստվում էինք մի քանի օրից նշել «Ազգ»ի հիմնադրման 30-ամյակը: Մեզ ստիպել էին լքել տարածքը, քանի որ ավարտվել էր վարձակալության պայմանագրի ժամկետը, իսկ ամբողջ շենքը աճուրդային մրցույթում հաղթած նոր վարձակալ ուներ: Այդպես էին ասել մեզ ՀՀ կառավարությանը կից Պետգույքի կոմիտեում, որի տնօրինության տակ է գտնվում շենքը եւ որի կազմակերպած աճուրդային մրցույթում, 2020 թ. դեկտեմբերի 24-ին, հաղթել էր ինչ-որ մեկը կամ ինչ-որ մի կազմակերպություն, որի ո՛չ անունն էր մեզ հայտնի դարձել եւ ո՛չ էլ այդ մասին որեւէ տվյալ էր արձանագրվել վերոհիշյալ Կոմիտեի պաշտոնական կայքէջում:

Շենքում, բնականաբար, «Ազգ»ը առանձին չէր: Առաջին ու երկրորդ հարկերը վարձակալության էին տրված «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, որտեղ վերջինս տեղավորել էր իր երիտասարդական թեւը: Այժմ այդ հարկերը լքված, դռները տեղահան էին արված: Իսկ երրորդ հարկը, որը «Ազգ»ը վերջին տարիներին կիսել էր ՌԱԿ Կենտրոնական վարչության հետ, ինչպես ասվեցՙ նույնպես լքված էր, ՌԱԿ-ի մասը փակ դռներով, իսկ «Ազգ»ի հատվածըՙ բաց: Խմբագրությունը վերջինն էր հեռացել. շուրջ 4000 կտոր գիրք, թերթի 30 տարվա հավաքածոներ, տպիչ սարքավորումներ ու համակարգիչներ մեկ օրում չես տեղափոխի: Այնուամենայնիվ, մի 2-3 օրում մեզ հաջողվել էր ամեն ինչ տեղափոխել Կողբացի 20/3 հասցեում գտնվող Թեքեյան միության Կենտր. վարչության սեփականությունը հանդիսացող շենք:

Իսկ ո՜ւր տեղափոխել հիշողությունները, դեմքերըՙ որ անցան, Կառլեն Դալլաքյանից, Լեւոն Հախվերդյանից, Կարպիս Սուրենյանից մինչեւ բոմժի իր արտաքինով երջանիկՙ գրող-փիլիսոփա-թարգմանիչ Վարուժան Նալբանդյան եւ ուրիշներ, չխոսելով տարբեր երկրների դեսպանների, սփյուռքահայ արվեստագետների ու գործիչների մասին: Այսինքն իսկական հավաքատեղի մտավորականության, որտեղ մեր լրագրողներն ու վերլուծաբանները, նաեւ տեխնիկական աշխատողները էական տարրն էին այդ մթնոլորտի, որի մեջ թրծվեցին, հասունացան մի քանի տասնյակ լրագրողներ ու թղթակիցներ, որոնցից ոմանք հետագայում ստեղծեցին իրենց լրատվամիջոցները, ուրիշներ անցան դիվանագիտական ասպարեզ:

Բայց... ես այստեղ չեմ եկել հիշողությունների գիրկը ընկնելու: Ես եկել եմ շենքի նոր բնակիչներին ծանոթանալու: Բայց ոչ ոք չկա, ոչ մի ձեռք չի հպվել մեր հեռանալուց հետո: Ո՞ւր են այդ մարդիկ, չէ՞ որ մեզ ասել էին, թե մրցութային աճուրդը կայացել է, հաղթող եղել է: Ո՞ւր է հաղթողը: Հաղթելու համար, ինչպես պաշտոնական ծանուցագրում էր գրված, ենթական պետք էր համաձայնվեր գոնե մեկնարկային գնինՙ ամսական 444800, իսկ վարձակալության փաստաթուղթ ստանալու համար մուծած պետք է լիներ նախավճարըՙ նույն 4 միլիոն 448 հազար դրամը: Վճարել է եւ չի՞ զբաղեցնում այդքան թանկ տարածքը, թե՞ մտափոխվել է: Այդ պարագայում ինչո՞ւ չի հայտարարվել կրկնակի աճուրդ, ավելի շուտՙ նվազուրդ:

Հարցերՙ որոնց պատասխանը միայն համապատասխան Կոմիտեն կարող է տալ:

Ասեմՙ որ ի սկզբանե մեկնարկային այդ գինը թե՛ մեզ, թե՛ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, նկատի ունենալով նաեւ երկրում տիրող տնտեսական անկյալ վիճակը, անտրամաբանական, արհեստական թվաց: Պարզ սխեմաՙ բարձր գին ես առաջարկում, եւ ոչ ոք մոտ չի գալիս: «Բարգավաճն» ու մենք պատրաստ էինք վարձակալության վճարը ավելացնել, սակայն տեսնելով առաջարկվող աստղաբաշխական գինը եւ զգալով, որ խաղի այլ կանոններ են առաջարկվումՙ հրաժարեցինք մասնակցել աճուրդին եւ ցավով բաժանվեցինք Հանրապետության 47 հասցեի այդ շենքի մեր գրասենյակներից, որոնց հիմնանորոգման համար մենք ծախսել էինք շուրջ 40000 ԱՄՆ դոլար, իսկ «Բարգավաճը»ՙ շատ ավելի:

...Ինձ մնում էր ափսոսանքով ու դառնացած հրաժեշտ տալ Հանրապետության 47 շենքին, այնտեղ թողնելով քաղցր ու դառն հիշողություններ, ստեղծագործական մի ամբողջ կյանք:

Հ.Գ.- ՀՀ դատախազությանը խնդրում եմ այս գրությունը չհամարել հրապարակային հաղորդում առեւերույթ հանցագործության մասին: Սույնով հաստատում եմ, որ 2018 թ. մայիսից սկսյալ Հայաստանում ի սպառ վերացել է կոռուպցիոն համակարգը, ամեն ինչ դարձել է թափանցիկ եւ արդար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 09-07-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ