RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#024, 2021-06-25 > #025, 2021-07-02 > #026, 2021-07-09 > #027, 2021-07-16 > #028, 2021-07-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 09-07-2021



Տեղադրվել է` 2021-07-08 23:03:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 2913, Տպվել է` 111, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԸՍՏ ԱՄԵՆԱՅՆԻ ՊՈՒՏԻՆ-ՓԱՇԻՆՅԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ՔՆՆԱԿՎԵԼ ԵՆ «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔԻ» ՀԱՐՑՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՏԵՑՄԱՆ ԽՆԴԻՐԸ

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ, Թուրքագետ

Հուլիսի 7-ին աշխատանքային այցով մոսկվա մեկնած ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Կրեմլում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին : Ինչպես հաղորդել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, հանդիպմանը Պուտինը խորհրդարանական վաղաժամկետ ընտրությունների առնչությամբ անձամբ շնորհավորել է Փաշինյանին, ապա հույս է հայտնել, որ ֆորմալ եւ ոչ ֆորմալ ձեւաչափով կխոսեն բոլոր հարցերի շուրջ, որոնք մանրամասն քննարկվել էին վերջին ժամանակներս:

Հիշեցնենք, որ սա Պուտինի հետ Փաշինյանի 3-րդ հանդիպումն է ընթացիկ տարում: Համենայն դեպս, պատասխան խոսքում Փաշինյանը հրավերի եւ շնորհավորանքի առթիվ շնորհակալություն է հայտնել Պուտինին, ապա ավելացրել է. «Ցավոք, վերջին շրջանում մենք շատ ենք քննարկում հարցերՙ կապված անվտանգության հետ, քանի որ տարածաշրջանում իրավիճակը կայուն չէ:

Բոլորը գիտեն ձեր անձնական եւ ՌԴ ջանքերը 44-օրյա պատերազմում կրակի դադարեցմանը հասնելու գործում: Պետք է ասեմ, որ ռուս խաղաղապահների տեղակայումից հետո Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կայուն է: Սակայն, ժամանակ առ ժամանակ ի հայտ են գալիս անկայունության օջախներ: Իրավիճակը շատ կայուն չէ նաեւ Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին: Ուզում եմ ասել, որ այստեղ եւս ունենք մոտակա անհանգստության օջախ վերջին 2 ամիսների ընթացքում»:

Վերջում Փաշինյանը Պուտինին ցավով է հիշեցրել, որ դեռեւս լուծված չէ ռազմագերիների հարցը: Ակամա հարց է ծագում, իսկ ո՞ր մեկն է լուծվել: Չնայած Պուտին-Էրդողան համագործակցությամբ բզկտված Արցախի Հանրապետության փաստացի չեզոքացմանն ու նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ՌԴ նախագահի արած հայտարությանը, թե վերջնականապես լուծվել է տասնամյակների վաղեմություն ունեցող ղարաբաղյան հիմնահարցը, դա առայսօր շարունակում է բաց մնալ:

Ինչո՞ւ: Այն պարզ պատճառով, որ կարգավորումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդի որոշումով Մինսկի խմբի եռանախագահող երկրներին հանձնարարված ղարաբաղյան հիմնահարցը փորձեց միանձնյա կարգավորել Պուտինը: Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմը նպատակ էր հետապնդում կարգավորման գործընթացից դուրս մղել ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային, փոխարինել նրանց Թուրքիայով եւ Իրանով: Տարածաշրջանի երկրների մասնակցությամբ վեցյակի պլատֆորմ ստեղծելու նախաձեռնությունը կարգավորման գործընթացից դուրս մղելիս եռանախագահող մյուս երկու երկրներին, նրանց դուրս էր մղում նաեւ Հարավային Կովկասից: Թուրքիայի ներգրավումը պատերազմում, որպես պլատֆորմի ակտիվ ներկայացուցիչ, եւ Պուտինի համագործակցությունը Էրդողանի ու Ալիեւի հետ, ինչպես պատերազմի նախապատրաստման փուլում, այնպես էլ ողջ ընթացքում եւ դրա ավարտին, համարվում էր դուրսմղման գրավականը, ինչը Պուտինի կարծիքով երաշխավորվում էր Արցախում ռուս խաղաղապահների տեղակայումով:

Սակայն, նախագահ Ջոզեֆ Բայդենի տարածաշրջան վերադառնալու առաջնահերթությունը, որը ենթադրում է ԱՄՆ-ի ներգրավվածության վերականգնումը Մինսկի խմբում, շնորհիվ նախագահ Էմանուել Մակրոնի Արցախի հիմնահարցի կարգավորման Ֆրանսիայի ջանքերի աննախադեպ ակտիվացմանը ցույց տվեցին Պուտինի նկրտումների սնանկությունը: Նա հետզհետե համոզվեց, որ ԱՄՆ-ին ու Ֆրանսիային փաստի առջեւ կանգնեցնելը դեռ չի ապահովում Արցախի հիմնահարցի միանձնյա կարգավորումը, առավել եւս վերջիններիս վերադարձի կանխարգելումը Հարավային Կովկաս, թեկուզ Էրդողանի աջակցությամբ:

Մանավանդ որ Մինսկի խմբի փաստաթուղթը Արցախում նախատեսում է ոչ թե ռուս, այլ միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայումը, ռուս խաղաղապահները չունեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատը, փաստաթղթով նախատեսված չէ Շուշիի եւ Հադրութի կամայական հանձնումը Ադրբեջանին, ոչ էլ այնտեղ որեւէ խոսք կա «Զանգեզուրի միջանցքի» մասին: Ստեղծված իրավիճակում Պուտինը վերանայեց մարտավարությունը: Նրա համար առաջնահերթ նշանակություն ստացավ Ռուսաստանի դիրքերի ամրապնդումը Զանգեզուրում, ինչպես նաեւ նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագրի անառարկելության ապահովումը, որ անառարկելի դառնա ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման պուտինյան տարբերակը:

Դա ենթադրում էր Իլհամ Ալիեւի միջոցով Հայաստան-Ադրբեջան հաշտեցման համաձայնագրի ստորագրումը: Թերեւս այդ առումով պատահական չէր Ադրբեջանի ներխուժումը Զանգեզուր, առավել եւս ներխուժման ժամանակն ու Հայաստանի հետ հաշտության համաձայնագիր ստորագրելու Ալիեւի դրան հաջորդող հունիսի 25-ի պատրաստակամությունը: Հունիսի 23-ին Պուտինը վերջինի հետ հեռախոսով քննարկել էր տարածաշրջանում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման խնդիրները, ապա հեռախոսազրույց ունեցել Էրդողանի հետ: Հունիսի 30-ին նա Լավրովին գործուղեց Անթալիա, հանդիպելու Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուին: Որտեղ ՌԴ արտգործնախարարը արտահայտվեց Էրդողանի եւ Պուտինի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին:

Որքան էլ Լավրովը լռեր դրանց բնույթի մասին, ակնհայտ է, որ դրանք, ըստ ամենայնի, ձեռք են բերվել «Զանգեզուրի միջանցքի», ինչպես նաեւ ադրբեջանական զորքերի Սյունիք ներխուժուժման շուրջը: Հատկանշական է, որ ներխուժումը տեղի է ունեցել մայիսի 12-ին, Լավրովի Երեւան եւ ապա Բաքու այցից անմիջապես հետո: Այլ կերպՙ Լավրովը Բաքվում Սյունիք ներխուժելու ազդանշան է տվել Ալիեւին, որ ամրապնդի ռուսական գերազդեցության տարածք համարվող Հարավային Կովկասի հարավայի սահմանները:

Ակնհայտ է, որ հայ ռազմագերիներին դեռ պահելու, ադրբեջանական զորքերը ելման կետ, այսինքն Սյունիքից հետ չքաշելու պարագային անմհամեմատ հեշտ կլինի հայկական կողմին Պուտինի հավանությանն արժանացած հաշտության պայմանագրի պարտադրումը Հայաստանին: Դրա ստորագրումից հետո արդեն ադրբեջանականին վտարելու պատրվակով Սյունիք կմտնեն ռուսական զորքերը, կտեղակայվեն այնտեղ, ընդ որում առանց հայկական կողմի առարկությանը, որովհետեւ ռուսական զորքը, ի տարբերության ադրբեջականի, անհամեմատ ընդունելի կլինի հայերիս համար:

Այլ կերպՙ հայ ռազմագերին Ալիեւի միջոցով իբրեւ Հայաստանի ահաբեկման միջոց օգտագործող Պուտինը, հիմա էլ ձեռնամուխ է եղել օգտագործելու Ադրբեջանի ներխուժումը Սյունիք, որ չեզոքացնի ղարաբաղյան հիմնահարցի կարգավորմանը վերստին ներգրավվելու միջոցով իրենց քաղաքական ներկայությունը Հարավային Կովկասում վերականգնելու ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի ձեռնարկումները: Համենայն դեպս, անկախ Պուտինի նկրտումներից, Հայաստանը ներկայումս միջազգային աջակցություն ունի, բայց առայժմ այն օգտագործելու ատակ իշխանություն չունի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 09-07-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ