RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#020, 2021-05-28 > #021, 2021-06-04 > #022, 2021-06-11 > #023, 2021-06-18 > #024, 2021-06-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 11-06-2021



Տեղադրվել է` 2021-06-10 23:12:55 (GMT +04:00)


Ընթերցված է` 2748, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՆՍԵՐ ԱՊՐԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

ՆԱԻՐ ՅԱՆ

Հետնախորշային, արվարձանային հասարակության գոյությունն ընդունելը դարձել է նույնքան անկարելի, անպատվաբեր, որքան «Բրաբուսից» հետո «Զապորոժեցի» ղեկին նստելը, կամ ամբողջ կյանքում սեւ խավիարով նախաճաշելուց հետո մի օր առավոտյան թերխաշ ձու ուտելը:

Մինչ նախընտրական քարոզարշավը Փաշինյանն առիթ չէր ունեցել հանրահավաքային ձեւաչափով ելույթ ունենալ մարզերում: Նա հնարավորություն ստացավ ավելի խորությամբ ու ինքնամոռաց մտնելու ընդդիմադրի իր դեր ու կերպարի մեջ. երանելի կարգավիճակը վերականգնված է, բարձրախոսը նրա ձեռքին է, ինքն էլՙ կանգնած մինչեւ ականջներն ու ոտքի բութ մատի ծայրն իրեն սիրահարված միջին ու տարեց կանանց առջեւ: «Մենք քո կողքին ենք, սիրելի՜ս»,- 120 դեցիբել ուժգնությամբ ձայնով, ձեռքերը լայն տարածածՙ գոչում է 55-ամյա մի կին:

40-ամյա մի ուրիշ կին Փաշինյանի գլխին վարդի թերթիկներ է շաղ տալիս: Անկասկած, հնդկական սերիալների ազդեցությունն է: Եթե կինը մի քիչ էլ համարձակություն ունենար, Փաշինյանի վզին ծաղկեշղթա էլ կգցեր, ճակատին կարմիր ներկով նշան էլ կաներ ու վերջին վեց տարում իր օրը հնդկական սերիալներով համեմած կնոջ երազանքը լիովին կիրականանար: Բայց ոչինչ, վարդի թերթիկներն էլ սերիալային մթնոլորտ ստեղծեցին, բոլորը ծափ տվեցին: Տպավորությունն անկրկնելի էր:

Տարեց կանայքՙ թոռների, իսկ ավելի երիտասարդներըՙ երեխաների ձեռքը բռնածՙ կանգնած են առաջին շարքերում: Հեռախոսներով նկարում են Փաշինյանին, չեն մոռանում արձագանքել նրա բղավոցներին. «Այո՜, ցավդ տանեմ, կյանքիդ մեռնեմ, ճիշտ ես ասում, դու հզոր ես, ազի՜զ»:

Իսկ Փաշինյանը պարբերաբար իր սիրո ու հարգանքի մասին է հիշեցնումՙ չմոռանալով նշել, որ իր դիմաց կանգնած են Հայաստանի հպարտ քաղաքացիները, որոնք եղել են, կան ու կլինեն իրենց կամքը թելադրողը, իշխանության տերն ու տիրակալը, իսկ ինքը նրանց խոնարհ ծառան եղել է, կա ու կլինի:

Նրա սիրո խոստովանություններին հաջորդում են բուռն օվացիաները:

Կանայք հարձակվում են լրագրողների վրաՙ վստահ, որ նրանք եկել են Փաշինյանի հանրահավաքը խոչընդոտելու, սադրելու, նրան քննադատելու համար: Ավելի համարձակները մարտնչում են տեսախցիկների առաջՙ հուզառատ խոսքով, լայնատարած ձեռքերով ցույց տալով իրենց սիրո չափըՙ ուղղված Նիկոլին:

«Տեսել ե՞ք Նիկոլի թախծոտ աչքերը. շատ լավն է մեր վարչապետը, ես կմեռնեմ, մենակ թե նրա մի մազը չծռվի»,- աչքերը լցնելովՙ գոչում է միջին տարիքի մի կին:

Մյուսըՙ երեք երեխաների մայրը, տեսախցիկի առաջ բռունցք ճոճելով ճչում է, որ ինքն էլ է պատրաստ իր կյանքը զոհել հանուն Նիկոլի: Կգժվի, եթե նա չվերընտրվի:

Բոլոր հանդիպումների ժամանակ կանայք գրկախառնվում են Փաշինյանի հետ, նրա պարանոցը, այտերը ծածկում ջրալի համբույրներով, շոյում վարչապետի մեջքն ու ուսերը, խոստովանում, որ իրենք ապրում են իրենց կյանքի ամենաերջանիկ պահերից մեկը, որ բացի նրանից, ուրիշ ոչ ոքի չեն հանդուրժի Հայաստանի վարչապետի պաշտոնին: Խորհուրդ են տալիս կոշտ լինել, իրեն դեմ խոսողների գլուխը տեղում թռցնել, ընդդիմությանը դատել ու նստեցնել: Կանայք վստահեցնում են, որ Փաշինյանն ինչ անում է, ճիշտ է անում, որ եթե պետք լինի, թող ամբողջ Հայաստանն էլ տա Ադրբեջանին, միայն թե ինքը մնա Հայաստանի վարչապետ:

Այս տրագիկոմեդիկ տեսարաններն ամեն օր համացանցում են ու հիշեցնում են միջնադարյան ինկիզիցիաների պատկերները, երբ ամբոխը հավաքվում էր հրապարակներումՙ թամաշայի ու սուր էմոցիաների ակնկալիքով, երբ նրան չէր էլ հետաքրքրում, թե խարույկի վրա այրվողն իրականում հանցագո՞րծ է, թե ինքնազոհ հերոս: Միայն թե ամբոխն իր թշվառ առօրյայի մի քանի ժամն իրեն կարեւորված զգարՙ թեկուզ որպես մահապատժի ականատես ու հանդիսատես:

Փաշինյանի հանրահավաքներին կին երկրպագուների առատւթյան մեջ տղամարդիկ էլ են երեւում, բայց շատ քիչ: Հայաստանի մարզերում առհասարակ տղամարդիկ շատ քիչ են, հատկապես ամառվա սեզոնին: Նրանք արտագնա աշխատանքի են մեկնել խոպան: Այդպես եղել է տարիներ շարունակ, այդպես է հիմա: Մարզերում տղամարդիկ իրենց կանանց առավելագույնը տարեկան մեկ անգամ են տեսնում, երբ պետք է լինում ընտանիքը նոր երեխայով համալրել:

Ինչ քարոզարշավն սկսվել է, սոցցանցային հանրությունը զարմանքից կլորացած աչքերով հետեւում է, թե Փաշինյանի կին աջակիցներն իրենց նվիրումն ու սերն արտահայտելու էլի ինչ քայլերի են պատրաստ:

Չխնամված տեսքով, թափված ատամնաշարով, չհարդարված մազերով, կոպիտ ու անկիրթ շարժուձեւով, գռեհիկ բառապաշորվ կանայք հասարակության «էլիտար» խավի զարմանքն ու զայրույթն են հարուցում:

«Մենք չէինք պատկերացնում, որ մեր ազգի մեջ նման մարդիկ, նման կանայք կան: Որտե՞ղ էին նրանք մինչեւ հիմա, որ չէինք տեսնում: Մի՞թե նրանք այսքան շատ են»,- հնչում է տարբեր կողմերից:

Այո՛, նրանք եղել են ու կան, նրանք շատ են ու ապրում են արվարձաններում, գյուղական տնակներում, հետնախորշերում, ձեզ հետՙ նույն երկրում: Փաշինյանը երեք տարի շարունակ նրանց ասում էՙ ես սիրում եմ ձեզ, ես կյանքս կտամ ձեզ համար: Դո՛ւք եք երկրի տերը, դո՛ւք եք Հայաստանի վարչապետը, ինչպես կուզեք, այդպես էլ կանեք:

Բացի Փաշինյանից, նրանց կյանքում որեւէ մեկը նման բառեր չի ասել նրանց: Եվ ո՞վ պիտի ասերՙ ամուսնական առաջին գիշերից հետո խոպան գնացած նրանց մեկ օրվա ամուսի՞նը, թե՞ սկեսուրն ու սկեսրայրը, որոնց հետ ստիպված են ապրել մի ամբողջ կյանքՙ սպասումով, որ մի օր էլ իրենք սկեսուր կդառնան ու իրենց չստացված կյանքի, անսեր ամուսնության վրեժն իրենց հարսից կհանեն:

Մարզերում կյանքը մայրաքաղաքի նման չէ: Մարզերում Գորկու «Հատակումը», Հյուգոյի «Թշվառները», Նար-Դոսի «Մեր թաղը» դասական ճշգրտությամբ են պահպանվում ու արտացոլվում: Մեր հասարակության մի ստվար զանգված միշտ ապրել է մի կողմ քաշված, բոլորի աչքից հեռուՙ աննկատ ու լուռ: Չի կրթվել, չի զարգացել, իր կենցաղն ու մտածելակերպը համարել է իր ճակատագիրն ու բախտը, որ սերնդեսերունդ փոխանցում է ժառանգաբար, ապրել է փորհացի, կենցաղավարման պարզագույն բնազդներով. սեր տեսել է միայն հնդկական կինոներում ու սերիալներում:

Նախորդ իշխանությունների օրոք էլ են նրանք եղել, բայց ավելի երիտասարդ տարիքում: Նրանք պետք են եղել հող մշակելու, խոպան գնացած կամ մայրաքաղաքում տաքսի քշող ամուսնու հարազատներին հանդուրժելու, բանակին զինվոր տալու, իշխանություններին երբեք չընդդիմանալու, եւ, ամենակարեւորը, ընտրությունների ժամանակ իշխանություների օգտին քվերակելու համար:

Հանրության այս շերտին Նիկոլը չի իր հետ բերել կամ Նիկոլը չի ստեղծել: Պարզապես աննկատ ապրող ու սերունդներ տվող այս խավին Նիկոլը «Հատակում»-ից հրապարակ ու փողոց հանեց, նրան պոպուլիստական սեր խոստովանեց, այս մարդիկ էլ տարիների ստվերում մնալուց հետո իրենց կարեւորված ու «սիրված» զգացին: Մինչ Նիկոլը, նրանք քվեախցիկի մոտ ձայնի իրավունք ունեցող ձայնազուրկներ էին, իսկ Նիկոլի ի հայտ գալուց հետո նրանք դարձան բարձր ինքնագնահատականով, բայց առաջվա պես ցածր կրթական ցենզով ու ինտելեկտով ընդվզող պահանջատերեր: Նրանք հայրենիք չեն պահանջում, ո՛չ, ոչ էլ պահանջում են, որ Սյունիքն ու Գեղարքունիքը, Տավուշն ու Տիգրանաշենը չհանձնվեն թուրքին, նաեւ չեն պահանջում, որ գերիները վերադարձվեն կամ պատերազմի հանցագործները պատժվեն: Նրանք մի պահանջ ունենՙ բոլորը կորչեն, գետնի տակն անցնեն, եւ հուր-հավիտյան վարչապետ մնա Նիկոլը:

Նախորդ իշխանությունները հանրության այս շերտին «ստեղծել էին» իրենց համար որպես բանակինՙ զինվոր, խոպանինՙ ամուսին, ընտրություններին քվե տվողներ, բայց արի ու տես, որ նրանք ավելի շատ պետք եկան Նիկոլին: Նրանք ընտրում են Նիկոլին, որ ոչ թե Սերժ Սարգսյանի պես խուսափում է իրենցից, այն Սերժ Սարգսյանի, որն իրենց «Հատակում» մնալու, հնդկական սերիալ ու «Կիսաբաց լուսամուտներ» նայելու ու քվեախցիկին մոտենալու հնարավորությունից բացի, այլ իրավունքներ չէր տվել: Նրանք Նիկոլին ընտրում ենՙ տարիների վրեժխնդրության, չստացված կյանքի ու սիրո պակասի պատճառով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 11-06-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ