RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#020, 2021-05-28 > #021, 2021-06-04 > #022, 2021-06-11 > #023, 2021-06-18 > #024, 2021-06-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 11-06-2021



Տեղադրվել է` 2021-06-11 13:24:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 2823, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍԹԱՓՎԵՔ, ԱՅՍՊԵՍ ԵՐԿԻՐ ՉԵՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Գերլարված ժամանակ ենք ապրում: Գրեթե ազգովին սպասում էինք ՀՀ վարչապետի հրաժարականին, որը տարօրինակորեն չհնչեց: Փոխարենն այս ընթացքում հարյուրավոր, հազարավոր կարծիքներ են ասպարեզ նետվում, թե ինչու՞ եւ ինչպե՞ս հայտնվեցինք այս վիճակում: Դրանք ե՛ւ տեղին են, ե՛ւ հարցեր առաջացնող, նաեւՙ հիմնավոր ու ենթատեքստեր պարունակող, որոնց արդյունքում մեր հանրային կյանքը չափից ավելի է քաղաքականացված, անգամ գազօջախը միացնելիս թվում է հերթական կուսակցապետի ու քաղաքագետ ներկայացնողի խոստումներն ու խրատաբանություններն ենք լսելուՙ իմա, սխալներ եղել են, սակայն ոչ 2020-ի աստիճանի: Անիծվի այդ 2020-ի աշունը, որը մեր կյանքերը տարավ, թող որ անմահացնելու, սրբացնելու մղումներով: Եվ կրկին հառնում է «ինչու» -ների երկար ու ձիգ շարանը, յուրաքանչյուրն իր հիմնավորմամբ, ամեն մեկն իր գնահատականով, երբեմն անառակելի վճռովՙ հենց հրապարակում, առանց դատ ու դատաստանի... Աստված իմ, անգամ մոռանում ենք Արարչի «թող քար նետի նա»-ն, քանզի վստահ ենք, որ մե՞նք ուր, մեղքն ուր: Մինչ 2018-ի ապրիլ-մայիսյան օրերը ամբողջ 20 ու ավելի տարիներ ունեինք քար նետելու խնդիրը պարզելու համար, որն ավաղ խառնակելով-խառնակեցինք ու հայտնվեցինք այսօրվա լինել-չլինելու դիմաց: Առանց վայրկյան իսկ վարանելու վստահ եմ, որ մերը լինելն է, կայանալը, հաստատվելը, զորանալը, միայն ե՞րբ, սա՛ է հարցը:

Տնտեսության հարցեր լուսաբանել փորձող ակտիվ լրագրությամբ զբաղվող ՀՀ քաղաքացիս խնդրի լուծումը մեր մեջ փնտրելու ու գտնելու ընթացքում նաեւ հաճախ է անդրադառնում այլոց անցած ճանապարհին, անհրաժեշտն ընդօրինակելու պահանջին: Շատ հաճախ է պատկեր ուրվագծվում, որ մեզանում տեղ գտած մարդկային զանցանքա-հանցանքային դրսեւորումները տարբեր երանգներով խորթ չեն նաեւ մեր համակրանքը վայելող հանրություններինՙ սկսած արեւելքից արեւմուտք, հյուսիսից հարավ, առանց բացառելու ազգային, կրոնական ու ռասսայական առանձնահատկությունները: Այս վիճակը մեղմելու, մտքում ունենալով այն իսպառ վերացնելու երազանքը, մեն-միակ միջոցը աշխատանքն էՙ գիտակցված, նպատակասլաց ու արդյունավետ: Անգամ այս պարագայում գործում է «առաջին միլիոնի մասին մի հարցրեք» արդարացում-սկզբունք, գործարարության թերեւս հավատո հանգանակը: Ըստ հանրային որոշակի շրջանակների, այս մոտեցման հանդեպ արմատականությունն էլ հանգեցրեց մեր տխուր վիճակին: Նախընտրական այս շիլաշփոթ-թոհուբոհի ընթացքում կխոսվի այս մասին, թե՞ ոչ, կտեսնենք առաջիկա օրերին, երբ պարզից էլ պարզ է, որ մեզանում արմատացած է Հռոմի պապից էլ կաթոլիկ ներկայանալու ցանկությունը:

Աշխատանքն արժեւորելու առումով մեզանում չի ստացվում պարզ ու հասարակ շատ ու շատ հարցեր լուծել, սկսած ասենք մեր ցորենահացն աճեցնելուց մինչեւ էլեկտրական սեփական արտադրության կարիքների ապահովումըՙ արեւի, ջրի, քամու, ընդերքի, այլ միջոցների շնորհիվ: Ծանոթացեք խնդրեմ այն տողերին, որոնց հանդիպեցի Հայկական հանրագիտարանի 8-րդ հատորի «Նորվեգիա» նյութն ընթերցելով. «Բնակչության 1 շնչի հաշվով երկրում էլեկտրաէներգիայի արտադրությունը 1978 թվականին տարեկան կազմել է 20.000կվտ ժամ, աշխարհում 1-ին տեղը: Էլհոսանքի ավելի քան 99 տոկոսն արտադրվել է հիդրոկայաններում: Մի երկտող էլ հարեւան ոչ մեծ տարածքով Դանիայից, ՀԱՀ, հատոր 3, էջ 278.» Դանիան բնակչության 1 շնչին ընկնող կաթի, մսի եւ յուղի արտադրությամբ աշխարհում գրավում է 2-րդ տեղը: 2000-ականներին միայն խոզի մսի տարեկան արտադրությունը կազմում է 1,6 մլն տոննա, մեկ բնակչի հաշվով 300 կգ, երբ ՀՀ-ում ցուցանիշը հազիվ 3 կգ է: Դանիան վերջին տարիներին պարբերաբար մինչեւ 12 մլն տոննա հացահատիկ է աճեցնում, այն պարենից բացի օգտագործում է ՀՀ առեւտրային ցանցում վաճառվող «Դանսկա» օղի արտադրելու նպատակով: Հացահատիկը նաեւ լիարժեք անասնակեր է օգտագործվում թռչնամսի ստացման ու խոզաբուծության ոլորտում, երբ մեզանում այսօրինակ առաջնահերթ մսատեսակները հիմնականում խոր սառեցված տեսքով ներկրվող են:

Նշված երկրները համաշխարհային զարգացման ցանկի առաջին 5-յակում են, ուր մարդկանց ամառային ու ձմեռային հանգստի հարցերը, լողավազանի ու ձիարշավի այցերը, կիրակնօրյա տոնավաճառների օրգանիկ մթերքներից օգտվելը, մարզական ու մշակույթային միջոցառումներին մասնակցելը խնդիրներ չեն դիտարկվում:

Ահա ինչու խիստ տարօրինակ դիտարկեցի ՀՀ կառավարության հունիսի 3-ի նիստում երկրում այգեգործությունը համաֆինանսավորմամբ խթանելու հարցի քննարկումն ու որոշման ընդունումը, որի կապակցությամբ ստորեւ ներկայացվող ահազանգս հայտնեցի ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարին դիմումի տեսքով:

«ՀՀ պարենային անվտանգությունը հիմնավորապես վտանգված է: Երկրում գրեթե չի արտադրվում առաջին անհրաժեշտության հացահատիկի, շաքարավազի, բուսական ու կենդանական յուղերի, մսատեսակների, կաթի, հատիկային բույսերի, բանջարեղենի, նաեւ լիարժեք անասնակերերի նվազագույն քանակներ: Այս պայմաններում ՀՀ բյուջետային սուղ միջոցների ուղղորդումը դեպի այգեգործության ոչ պարենային առաջնահերթության ոլորտՙ պարզապես հակատնտեսվարական եւ անհասկանալի է, չի բխում համընդհանուր հանրային շահերից ու հայության ակնկալիքներից:

Սթափվեք, այսպես երկիր չեն կառավարում»:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ, ՀՀ քաղաքացի

Արդեն իսկ պարզ է, որ «երկիրն մերն է, ինչպես ուզում, այնպես էլ կառավարում ենք» մոտեցումը չի աշխատում, որի հաստատումը կարձանագրվի հունիսի 20-ի ընտրություններում: Ներում-բեկում չի լինելու, քանզի աշխատելու իմիտացիան պարզապես ճռռում ու զռռում է:

08.06.2021թ.

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 11-06-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ