«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՕՍՄԱՆՅԱՆ ԱՅՆԹԱՊ ՆԱՀԱՆԳՈՒՄ»

16

Միջին Արեւելքի արդի պատմության մասնագետ, պատմաբան Ումիտ Քուրտը , որի ուսումնասիրությունների կիզակետում են հատկապես Օսմանյան կայսրության անկման շրջանի սոցիալ-տնտեսական պատմությունը, զանգվածային բռնություններն ու միջէթնիկական հակամարտությունները, երեքշաբթի օրըՙ մայիսի 11-ին, մարդու իրավունքների գլոբալ պատմության ականավոր պրոֆեսոր Դիրք Մոզեսի հետ Ֆեր Լոունում (Նյու Յորք) քննարկել է իր նոր գիրքըՙ «Այնթապի հայերը: Ցեղասպանության քաղաքատնտեսությունը Օսմանյան մի նահանգում» (The Armenians of Aintab: The Economics of Genocide in an Ottoman Province) վերնագրով:

Եթե ցեղասպանությունը որպես գործողություն, որն իր մեջ ներառում է սպանություն եւ թալան, կազմակերպվել է կենտրոնական իշխանության եւ գործադրվել է տեղական կառույցների կողմից, ապա ինչպիսի՞ք են եղել հարաբերությունները կենտրոնական եւ տեղական հաստատությունների միջեւ, որո՞նք են եղել զանգվածային մասնակցությունների դրդապատճառներն ու շարժառիթները: Նյութի քննարկման մասնակիցները փորձել են պատասխանել այս եւ թեմային առնչվող այլ հարցերին, որոնք ներկայացված են Ումիտ Քուրտի գրքում:

Քուրտը դոկտորական է պաշտպանել Կլարք համալսարանի պատմության ֆակուլտետում: Դասավանդել է Հարվարդ համալսարանում: Ներկայիս Երուսաղեմի եբրայական համալսարանի իսլամական եւ միջինարեւելյան ուսումնասիրությունների բաժնում է դասախոսում:

Դիրք Մոզեսը Ավստրալիայում է հասակ առել, որտեղ ուսումնասիրել է այդ երկրի եւ Գերմանիայի անցյալի պատմությունը: Հեղինակ է «Գերմանացի մտավորականներն ու նացիզմը» (2007) հատորի, ինչպես նաեւ 3 ժողովածուներիՙ ցեղասպանության եւ գաղութարարության մասին: Ներկայիս ուսումնասիրում է աֆրիկյան եւ Հարավային Ասիական երկրների հետգաղութարարական հակամարտությունների պատմությունը, նպատակ ունենալով գիրք հրատարակել «Ցեղասպանության դիվանագիտությունը» վերնագրով: Միաժամանակ նա աշխատում է իր «Ցեղասպանությունը եւ պատմության սարսափը» գրքի վրա, որտեղ քննարկելու է կոտորածների հիշողության տրավմատիկ հետեւանքները:

Երեքշաբթի օրվան միջոցառումը հովանավորել են միասնաբար ՀԲԸՄ-Արարատը, Արարատ-Էսքիճյան թանգարանը, ՌԱԿ-ը, Վարդանանց դուստրերի Սահականուշ օթյակը, Վարդանանց ասպետների Բագրատունի օթյակը, Հայագիտական ուսումնասիրությունների ու հետազոտությունների NAASR ազգային կենտրոնը եւ Սբ. Լեւոն (սենթ Լեոն) հայկական եկեղեցին: Հ.Ծ.