RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#015, 2021-04-23 > #016, 2021-04-30 > #017, 2021-05-07 > #018, 2021-05-14 > #019, 2021-05-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 07-05-2021



Տեղադրվել է` 2021-05-07 00:00:41 (GMT +04:00)


Ընթերցված է` 556, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՈՒՂԵՂՆԵՐԻ ՊԱՏԵՐԱԶՄ»

ՎԼԱԴԻՄԻՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ, Անվտանգության հարցերով փորձագետ

Գերտերությունների պատկառելի դիմամասի ետեւում աշխատում են գաղտնի ծառայությունները, որոնց առանձնապես չեն մտահոգում ո՛չ արտաքին վայելչությունը, ո՛չ պատշաճությունը:

Նրանց կադրային աշխատակիցները եւ գործակալները փնտրում են գաղտնի, հույժ գաղտնի տեղեկություններ հակառակորդ պետությունների պաշտպանական գերատեսչությունների, արտգործնախարարությունների, սոցիալ-տնտեսական, ռազմա-քաղաքական գաղտնարաններում, ուսումնասիրում են պետությունների ղեկավարների ուժեղ, թույլ, խոցելի կետերը, նրանց քաղաքական կողմնորոշումները, երկրում գործող կոռուպցիոն շղթաները եւ այլն, եւ այլն, մի խոսքովՙ դա յուրատեսակ պատերազմ է, ինտելեկտուալ պատերազմ, ուղեղների պատերազմ:

Այս նախաբանից հետո ընթերցողիս ուզում եմ ծանոթացնել, թե ինչ իրարանցում է տիրում ռուս դիվանագետների շուրջը աշխարհում 2021 թվին:

Լատվիան, Լիտվան եւ Էստոնիան 2021թ. ապրիլի 23-ին, ի նշան համերաշխության Չեխայի հետՙ «persona non grata» («ոչ ցանկալի անձ») հայտարարեցին որոշ ռուս դիվանագետների, մեղադրելով նրանց այն բանում, որ նրանց գործունեությունը իրենց երկրների տարածքում անհամատեղելի է դիվանագիտական կարգավիճակի հետ:

Մինչ այդ, ս.թ. ապրիլի 22-ին, 3 ռուս դիվանագետների նկատմամբ կատարվեց նույն գործողությունը Սլովակիայում:

Վերոնշյալ 4 պետությունները գործեցին ի նշան համերաշխության Չեխիայի հետ: Իսկ ի՞նչ էր պատահել Չեխիայում: Չեխիայի իշխանությունները Մոսկվային են վերագրում իրենց երկրումՙ Վրբետիցե բնակավայրի զինամթերքի պահեստի պայթյունները: 2021թ. ապրիլի 17-ին Չեխիան վտարեց իր երկրից 18 ռուս դիվանագետների, հայտարարելով, որ նրանք բոլորը «դիվանագիտական ծածկի» տակ գործող հետախույզներ էին ՌԴ Արտաքին հետախուզության ծառայությունից եւ Գլխավոր հետախուզական վարչությունից (ռազմական հետախուզություն):

Նշենք, որ այդ պայթյունը, որում ներգրավվածության մեջ մեղադրվում են ռուսական ռազմական հետախուզության 29155 ստորաբաժանման հետախույզները, տեղի է ունեցել 2014 թ. հեկտեմբերի 16-ին: Պայթյունի հետեւանքով ոչնչացվեց 50 տոննա ռազմամթերք, զոհվեցին Չեխիայի 2 քաղաքացիներ, հարեւան մի քանի գյուղերի բնակիչներ էվակուացվեցին:

Ընդ որում, ըստ նախնական օպերատիվ վարկածի, պայթյունը կազմակերպելու գործում կասկածվում էին Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ Ալեքսանդր Պետրովը եւ Ռուսլան Բաշիրովը: Այդ նույն Բաշիրովը եւ Պետրովը հայտնվել էին Մեծ Բրիտանիայի հակահետախուզության տեսադաշտում (Mi-5) որպես Յուլիա եւ Սերգեյ (հայր եւ աղջիկ) Սկրիպալներին «Նովիչոկ» ռազմական թունավոր նյութով վերացնելու փորձի կասկածյալներ:

Ծանոթություն. Սերգեյ Սկրիպալըՙ ռուսական ռազմական հետա-խուզության բարձրաստիճան սպա, հավաքագրվել էր բրիտանական հետախուզության (Mi-6) կողմից: Մոսկվայում քողազերծումից եւ դատապարտվելուց հետո, բնակվում էր դստերՙ Յուլիայի հետ Անգլիայի Սոլսբերի քաղաքում: 2018թ. մարտին վերոհիշյալ ռուս հետախույզները մահափորձ կազմակերպեցին Սկրիպալների նկատմամբ: Նման լրտեսական դիվերսիոն սկանդալ աշխարհում վաղուց չէր եղել: Աշխարհի ավելի քան 30 պետություններից վտարվեցին «դիվանագիտական ծածկերի» տակ գործող ռուսական հետախույզներ :

Ըստ որոշ տվյալների, Վրբետիցե զինապահեստը վարձակալում էր բուլղարացի զինավաճառ Էմիլիան Գեբրեվը, որը զենք ու զինամթերք էր մատակարարում Սիրիայի հակակառավարական ուժերին եւ Ուկրաինային:

Եվ այսպես, 2014թ. հոկտեմբերին տեղի ունեցած իրադարձությունները արձագանքվեցին 2021թ. ապրիլին (եթե իհարկե օպերատիվ վարկածները համապատասխանում են իրականությանը), երբ ԱՄՆ-ի նոր վարչակազմը սկսեց հերթական «սառը պատերազմը» Ռուսաստանի դեմ:

Կրեմլը անմիջապես համապատասխան քայլեր ձեռնարկեց Չեխիայի հանրապետության դիվանագիտական անձնակազմի դեմ: 2021թ. ապրիլի 19-ին Մոսկվայում Չեխիայի դեսպանատնից արտաքսվեցին 20 դիվանագետներ:

2021թ. ռուսական դիվանագետների արտաքսումներ եղան նաեւ Բուլղարիայից (ընդ որում այդ այդ երկրում ձերբակալվեցին նաեւ պաշտպանության նախարարության եւ հետախուզության 6 աշխատակիցներ, որոնք հավաքագրվել եւ համագործակցում էին ռուսական հետախուզության հետ): 2021թ. մարտ ամսին Իտալիայից վտարվեցին ռուսական ռազմական կցորդը եւ նրա օգնականներից մեկը, մեղադրվելով լրտեսական աշխատանքի մեջ: Իսկ ապրիլի 15-ին ԱՄՆ իշխանությունները արտաքսեցին 10 ռուս դիվանագետներին, որոնք ենթադրաբար «ծածկի տակ» գործող հետախույզներ էին, միաժամանակ իրականացվեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մի ամբողջ փաթեթՙ 2020թ. ամերիկյան նախագահական ընտրություններին «միջամտելու» համար:

Ի պատասխան Մոսկվայից վտարվեց 10 ԱՄՆ դիվանագետ:

Այնուհետեւ Ռուսաստանի դիվանագետների նկատմամբ նման գործողություն իրականացրին Լեհաստանում, Ուկրաինայում:

Եվ այսպես, տպավորություն է ստեղծվում, թե դիվանագետներին «ոչ ցանկալի անձ» հայտարարելը դառնում է ամենօրյա, սովորական աշխատանք: Իհարկե, երբ արտաքսում են դիվանագետի որեւէ պետությունից, անմիջապես հայտարարվում է, որ վերջինս խախտել է Ժնեւի կոնվենցիան եւ նրա գործունեությունը անհամատեղելի էր դիվանագիտական ստատուսի հետ: Այլ խոսքերով ասած, նա հետախուզությամբ էր զբաղված:

Այդպես է արդյո՞ք, դա դժվար է ասել, երբ հատկապես միանգամից արտաքսվում են 10, 12 կամ ավելի դիվանագետ:

Երբ որեւէ երկրում հավատարմագրվում է նոր դիվանագետ, ապա տեղի հակահետախուզությունը (եթե իրոք կա նման ստորաբաժանում) որոշակի ժամանակ ուսումնասիրում է նրան պարզելու համար, նա իրո՞ք դիվանագետ է, թե քողարկված հետախույզ: Նամանավանդ եթե դիվանագետը այլ ռազմա-քաղաքական դաշինք է ներկայացնում: Երբեմն այդ ուսումնասիրության արդյունքում իրոք հայտնաբերվում է հետախույզ, իսկ երբեմնՙ ոչ, եթե այդ անձնավորությունը այնքան պրոֆեսիոնալ է եւ տաղանդավոր, որ շատ նրբորեն է համատեղում դիվանագետի եւ հետախույզի աշխատանքը: Ի վերջո, այդ արհեստների (միգուցե եւ արվեստի) միջեւ մեծ տարբերություն չկա: Կարող ես մարդու հետ շփվել եւ չկասկածել, որ նա հետախուզության հետ է կապված, այդ մարդը կարող է պարզապես ռաֆինացված ինտելիգենտի տպավորություն թողնել:

Այսպիսի մի դիպված կա: ԽՍՀՄ դեսպանը ԱՄՆ-ումՙ Անատոլի Դոբրինինը, որը աշխատել էր Վաշինգտոնում ավելի քան 15 տարի, մի անգամ Մոսկվայում հրավիրվում է Պետական անվտանգության կոմիտեի նախագահ Անդրոպովի մոտ զրույցի: Անդրոպովը հարցնում է նրան, թե ինչու ԱՄՆ-ում այդպես արագ բացահայտվում են դիվանագիտական «ծածկի» տակ աշխատող խորհրդային հետախույզները, ո՞րն է Դոբրինինի կարծիքով հիմնական պատճառը:

Դոբրինինը պատասխանում է, որ դա պարզից էլ պարզ է. դիվանագետներին շատ քիչ փող է հատկացվում ներկայացուցչական ծախսերի համար, իսկ հետախույզը առանց դեսպանատանը հաշվետվություն ներկայացնելու հրավիրում է իրեն հետաքրքրող անձանց ընթրիքների, հյուրասիրությունների, մի խոսքովՙ շռայլորեն ծախսում է:

Հետո դեսպանատանը 5-6 դիվանագետ օգտվում են մի մեքենայից, իսկ ամեն հետախույզ ունի իրեն կցված մեքենա: Դիվանագետը առավոտից առանձնասենյակում աշխատում է լրագրերի, փաստաթղթերի հոծ քանակի հետ, իսկ հետախույզը նստում է մեքենան եւ սլանում անհայտ ուղղությամբ: Երեկոյան բոլոր դիվանագետները գնում են տուն, իսկ հետախույզը դեռ երկար ժամանակ մնում է դեսպանատանը, նրա առանձնասենյակում լույս է վառվում, որովհետեւ նա զեկուցագիր է պատրաստում, օրվա հանդիպումների եւ ձեռք բերված տեղեկատվության վերաբերյալ: Այս բոլորը արագ բացահայտվում է տեղական հակահետախուզության կողմից: Յուրի Անդրոպովը արագ քայլեր է ձեռնարկում: Կենտրոնական կոմիտեի հատուկ որոշումով ավելացվում է դիվանագետների ներկայացուցչական ծախսերի գումարը, ավելացվում է դիվանագետներին սպասարկող մեքենաների թիվը, հետախույզների համար մշակվում է նոր վարքագծի նորմեր:

Եվ այսպես, պետության հակահետախուզությունը միշտ ունի դիվանագետ-հետախույզների պատրաստի ցուցակներ, որոնց քաղաքական իրավիճակից ելնելով կարելի է հայտարարել «ոչ ցանկալի անձ» եւ արտաքսել երկրից: Բայց արդյո՞ք այդ ցուցակում ընդգրկված են բոլոր հետախույզները:

Ո՛չ իհարկե: Եթե հետախույզը այնքան էլ պրոֆեսիոնալ չէ, քողազերծված է, հայտնի են նրա կապերը եւ շփումները, նրան հետաքրքրող թիրախները, ապա ինչո՞ւ շտապել, թող շարունակի գործել եւ «հրամցնել» նոր բացահայտումներ:

Սովորաբար այդ ցուցակներում հայտնվում են այն հետախույզները, որոնք աչքի են ընկնում լկտիությամբ եւ հանդգնությամբ, որոնք հոգնեցնում եւ ձանձրացնում են տեղի հակահետախույզներին, հաջողությամբ փախչում են արտաքին դիտարկման ծառայությունից, ունեն աշխատանքային լավ արդյունքներ: Երբեմն այդ ցուցակներում հայտնվում են նաեւ ոչ հետախույզներ, այլ սովորական դիվանագետներ, որոնք անհասկանալի վարքագիծ ունեն, կամ շուտով պիտի վերադառնան տուն: Չէ որ կարեւորը ոչ միայն հետախույզին վնասազերծելն է, այլ քաղաքական սկանդալն է, վարկաբեկումը: Այլ խոսքովՙ պարզորոշ ցույց տալ «թիրախ» պետությանը, որ դժգոհ ես նրա վարած արտաքին եւ ներքին քաղաքականությունից:

Իհարկե դիվանագետների փոխադարձ արտաքսումները խոսում են այն մասին, որ այդ պետությունների հարաբերությունները լարված են եւ միտում ունեն ավելի վատանալու: Սակայն այդ արտաքսումները ոչ միայն արտաքին հարաբերությունների գերատեսչությունների վրա են ազդում, այլ դրանից շատ տուժում են նաեւ հետախուզությունները: Իսկ հիմա ուշադրություն դարձնենք մի այլ հանգամանքի վրա: Վերջին մի քանի տարիների ընթացքում աշխարհի տարբեր ծայրերից տեղեկատվություններ են ստացվում մարտական գործառույթների վերաբերյալ, որոնք իրականացնում են այս կամ այն պետության հետախուզական-դիվերսիոն խմբերը: Սպանվում են գեներալներ, լիկվիդացվում են միջուկային ֆիզիկոսներ, պայթեցվում են գիտահետազոտական կենտրոններ, նավթամուղեր, զինապահեստներ, վարձկանների ճամբարներ, որոշ հատուկ ծառայություններ երկարատեւ եւ կայուն համագործակցություն են սկսում ահաբեկչական խմբավորումների հետ: Այլ խոսքով, հետախուզական-դիվերսիոն գործառույթները մղվում են առաջին պլան, քաղաքական հետախուզությունը աստիճանաբար զբաղեցնում է երկրորդական դիրքերը:

Չմոռանանք նաեւ հատուկ գործառույթների մասին կիբեռտարածություններում: Ահա 21-րդ դարի օպերատիվ-քաղաքական իրավիճակը, որը պահանջում է վերանայել բոլոր հատուկ ծառայությունների աշխատանքային ռեժիմը (modus operandi):

Իհարկե պետք չէ նսեմացնել քաղաքական հետախուզության դերն ու տեղը, քանի որ այդ գերատեսչության միջոցով պետական այրերը եւ համապատասխան կառույցները պետք է ճանաչեն իրենց հակառակորդներին եւ թշնամիներին: Կոնկրետ դեպքումՙ Ալիեւին եւ Էրդողանին: Նրանց լավ ճանաչելը, նրանց թշնամիներին ճանաչելը եւ համապատասխան «կամուրջները» ստեղծելը, Հայաստանի եւ հայ ժողովրդի համար կստեղծի անվտանգություն, կայունություն, կօգնի մշակել ճիշտ արտաքին քաղաքականություն, ռազմական դոկտրինա, ռազմարդյունաբերություն եւ այլն: Ընդ որում, քաղաքական հետախուզությունը պետք է ուսումնասիրի եւ ճիշտ հասկանա նաեւ դաշնակիցներին եւ գործընկերներին: Ահա ստրատեգիական կայունության հիմնական գրավականները:

Անընդհատ նշելով Հայաստանում լավ հետախուզություն ունենալու անհրաժեշտության մասին, ուզում եմ ընդգծել, որ այսօրվա օպերատիվ իրավիճակը թելադրում է նաեւ ուժեղ հակահետախուզության անհրաժեշտությունը:

Հետախուզությունը եւ հակահետախուզությունը, ինչպես տանկն ու անօդաչու թռչող սարքը եւ հակատանկային զենքն ու ՀՕՊ-ն են: Երկուսն էլ անհրաժեշտ են, երկուսն էլ ըստ օպերատիվ-քաղաքական իրավիճակի, անընդհատ պիտի վերակառուցվեն:

Ահաբեկչական խմբավորումներ են դրանք, թե՞ լրտեսական դիվերսիոն ցանցեր, միեւնույնն է, դրանց դեմ պիտի պայքարի հակահետախուզությունը (կոնկրետ դեպքերում նաեւ հակաահաբեկչական կենտրոնը, որը աշխատում է նույն հակահետախուզության սկզբունքներով):

Լավ իմանալով թուրք-ադրբեջանական եւ նրանց հովանավորող հատուկ ծառայություններին, կարելի է վստահ լինել, որ նրանց «բջիջները» տեղավորված են իրենց համար անհրաժեշտ վայրերում, հաշվարկում են մեր բոլոր խոցելի կետերը եւ անհրաժեշտ պահին կհասցնեն շատ ցավոտ հարվածներ:

Նախահարձակ աշխատելը չէր խանգարի...

Նկար 1. Սերգեյ Նարիշկին` Ռուսաստանի Հետախուզության արտաքին ծառայության տնօրեն

Նկար 2. Ռիչարդ Մուր` Մեծ Բրիտանիայի ՄԻ-6 հետախուզական ծառայության ղեկավար

Նկար 3. Վիլիամ Բըրնս ԱՄՆ ԿՀՎ տնօրեն

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 07-05-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ