RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#015, 2021-04-23 > #016, 2021-04-30 > #017, 2021-05-07 > #018, 2021-05-14 > #019, 2021-05-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 07-05-2021



Տեղադրվել է` 2021-05-07 00:00:41 (GMT +04:00)


Ընթերցված է` 1289, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԵԶ ԳՈՒՅՆԵՐ ԵՆ ՊԵՏՔ...

ՀԱՍՄԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Սեւ հագուստների զգեստապահարան ու եռագույնով ծածկված փոքրիկ սեղան: Մեզ գույներ են պետք, գույներՙ բացի սեւից: Սեւը հիմա կիսում է մեր օրը, իսկ տողատակում չամփոփվող ցավըՙ մերձեցնում մեր ապագան:

Սեւազգեստ տիկին Լյուբայի աչքերից արցունքները գլորվում են, ամուսինը խոնավացած աչքերն է սրբում ու փակում ցավի ծանրությունից: Աստծու տված որդուն 48 տարի անց կորցրին...

Պատերազմ մեկնելուց առաջ նրանց որդինՙ Տիգրանը, կրտսեր դստերըՙ 5-ամյա Տաթեւին խոստացել էրՙ թուրքերի վերջը տալ ու հետ գալ:

«Ինչքան շատ են էս թուրքերը, չեն վերջանում, որ պապան տուն գա»,- ամեն օր բողոքում է փոքրիկ Տաթեւն ու շարունակում հոր վերադարձին սպասել:

Տաթեւի երազանքը մեկն էՙ հայրիկին պինդ գրկելը. խոստանում է, էլ երբեք նրան չի բարկացնի:

Առաքելյանների տունը գրեթե դատարկ է. տան միակ հարստությունը երեք երեխաներն են: Երեխաներից, սակայն, միայն փոքրի` 5-ամյա Մոնիկայի աչքերն են շողում, մյուսները` 12-ամյա Արթուրն ու 14-ամյա Անին ցավից հասունացել են, լռակյաց դարձել: Երեխաների հայրն ու պապը զոհվել են պատերազմում:

Անին ասում է, որ որոշել էր բանասեր դառնալ ու լեզուներ սովորել: Հայրը խոստացել էր, որ աղջիկը բարձրագույն կրթություն է ստանալու, որ լավ մասնագետ դառնա:

«Հիմա էլ ոչինչ չեմ ուզում, ոչ մի բան դառնալ չեմ ուզում»,-ասում է Անին ու հայացքը փախցնում մեզնից:

Երեխաների սրտերում կյանքը կանգ է առել: Կյանք կոչվածը նրանց համար տանիցՙ գերեզմանոց, գերեզմանոցիցՙ տուն կարճ ճանապարհն է դարձել:

Գրեթե ամեն օր Լիլիան 10-ամյա որդուՙ Սարոյի հետ ծաղիկներ, խունկ ու ածուխ է վերցնում ու գնում ամուսնու գերեզման, որտեղ թաղված են նաեւ վերջինիս ծնողները: Տնից գերեզման ոտքի ճանապարհ է: Շիրմաքարի մոտ Լիլիան սկսում է լացել ու պատմել անցուդարձից, իսկ որդին լուռ է: Նա գերեզմանաքարի տարածքն է մաքրում, ծաղիկներն է դասավորում, հետո նստում է մոր կողքին:Երեք երեխաները հոր կորուստը լռությամբ են տանում:

«Ավելի շատ լռում են էրեխեքը, մենակ ասում ենՙ կարոտել ենք, ու հայացքներն անընդհատ թաքցնում ինձնից»,- ասում է Լիլիան:

Ամեն գիշեր երեխաները համբուրում են հոր լուսանկարն ու գնում քնելու: Նրանք լույս են կորցրել, Եռաբլրի սառը ու դառը քարերի ներսում անավարտ երջանկություն են թողել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 07-05-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ