RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#015, 2021-04-23 > #016, 2021-04-30 > #017, 2021-05-07 > #018, 2021-05-14 > #019, 2021-05-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 07-05-2021



Տեղադրվել է` 2021-05-07 00:00:41 (GMT +04:00)


Ընթերցված է` 1285, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԿԻԶԱԿԵՏՈՒՄ

ՎԼԱԴԻՄԻՐ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Նախորդ համարում ներկայցարել էինք ակադեմիկոս Նիկոլայ Հովհաննիսյանի 1994-ին Վաշինգտոնում Կառնեգի հիմնադրամ-ինստիտուտի գիտաշխատող Պոլ Գոբլի հետ ունեցած զրույցի սղագրությունը, որը վերաբերում էր Արցախյան հարցի լուծման շրջանակներում ամերիկացի կոնֆլիկտոլոգի առաջարկած Լաչինի միջանցքի դիմաց Մեղրիում Ադրբեջանին միջանցք տրամադրելու խնդրին: Զրույցը արտատպել էինք հեղինակի վերջինՙ «Հայոց պատմության անընդմեջ շղթան դարերի խորքից մինչեւ XXI դարի սկիզբ» հատորից:

Ներկա համարում ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում նույն խնդրի շուրջ շատ ավելի խորքային մի վկայությունՙ նվիրված սովետական պայմաններում տեղի ունեցած այն խուլ պայքարին, որը մղվել է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ տարիներ շարունակՙ այս անգամ ժողովրդագրական ծավալման կամ առաջխաղացման մեթոդով, ազերի-թուրքերի նախաձեռնությամբ եւ հայկական կողմի դիմակայությամբ: Այս անգամ վկայողը խորհրդայինից անկախության անցման դժվարին շրջանի կարկառուն եւ բազմափորձ պետական գործիչ, երջանկահիշատակ Վլադիմիր Մովսիսյանն է: Պետական գործիչ, որն իր հայրենասիրության, բանիմացության ու պարկեշտության շնորհիվ վարել է կարեւոր շատ պաշտոններ թե՛ սովետական եւ թե՛ անկախության շրջաններին, ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարից մինչեւ նախարար եւ վարչապետների խորհրդական: Վկայությունը արտատպում ենք նրա «Հողի ճակատագրով. մտորումներ տքնության» վերնագրով 2001-ին տպված գրքից:

Մեկ անգամ եւս կրկնենք, որ Խ. Հայաստանի ղեկավարները, սկսած Ալեքսանդր Մյասնիկյանից, առանց բացառության եղել են խորապես հայրենասեր մարդիկ, անկախ իրենց թերություններից, գործած սխալներից: Այդ գիծը անխափան շարունակվել է նաեւ անկախության շրջանում, հանձինս մեր 3 նախագահների: Սակայն դժբախտաբար ընդհատվել է 2018 թ.ի գարնանը: Հույս տածենքՙ ոչ վերջնականապես:

Խմբ.

Մեզանում կարեւորագույն խնդիրներից մեկը եղել եւ մնում է ժողովրդագրական պրոբլեմների կառավարումը: Ժամանակին, ցավոք, այդ գործընթացը կառավարելիս, մենք ունեցել ենք նաեւ մի շարք բացթողումներ, որոնք հետագայում անցանկալի հետեւանքների հանգեցրին:

Որ Հայաստանում ժողովրդական տնտեսությունը բուռն զարգացում է ապրել, լուրջ հաջողություններ են ձեռք բերվել մշակույթի ոլորտում, իրոք անժխտելի է: Ուրանալ այդ նվաճումներըՙ անհնարին է: 70 տարիներին կատարված հսկայական աշխատանքը հայ ժողովրդի ազգային վերածննդի ժամանակաշրջան էՙ բոլոր բնագավառներում: Իսկ թերություններ եղել են: Եղել են վարչարարարություն եւ բռնություններ: Բայց դա շարքային կոմունիստների բանակի թերությունը չի եղել, դա կուսակցական որոշ ղեկավարների հանցանքն է եղել, որ այսօր վերագրվում է ամբողջ կուսակցությանը: Այդ հանգամանքը ես կտրականապես մերժում եմ: Շարքային կոմունիստները, ցավոք, չունեին ոչ մի հնարավորություն կուսակցության քաղաքականության ռազմավարությանը մասնակցելու համար: Իսկ մարտավարության իմաստով էլ նրանց ստիպում էին, որ կատարեին միայն իրենց կանոնադրական պարտականությունները: Մինչդեռ ով ծանոթ է կուսակցության կանոնադրությանը, գիտի, որ «Կոմունիստը իրավունք ունի» բաժինը բաղկացած էր երկու կետից, իսկ «Կոմունիստը պարտավոր է» բաժինըՙ այբուբենի բոլոր տառերից: Ուրեմն դժվար չէ պատկերացնել, որ այդ բազմակետ պարտավորությունները մարդիկ կատարել են, ինչքան որ հնարավորություն են ունեցել:

Ես չեմ կարող ընդունել Մ. Գորբաչովի այն արտահայտությունը, թե մեր ապրած տարիները լճացման տարիներ էին: Հնարավոր չէ, որ մի ժողովրդի ստեղծագործ եւ տքնաջան աշխատանքի տարիները լճացած լինեն: Ես ծնվել, մեծացել եւ աշխատել եմ այդ տարիներին, սիրահարվել, ամուսնացել եւ զավակներ եմ ունեցել այդ տարիներին: Եվ ի՞նչ իրավունքով է մեկը համարում, թե իմ կյանքի այդ հոյակապ տարիները լճացած են եղել: Դրանք, իրականում, լճացման ժամանակաշրջան չեն եղել, այլ Հայաստանի համար բուռն զարգացման ժամանակաշրջան:

Միաժամանակ չի կարելի ժխտել, որ արդյունաբերության եւ գյուղատնտեսության զարգացման եւ ուրբանիզացիայի աճի հետ որոշ ռազմավարական խնդիրներ եւ դրանց մեջ ժողովրդագրական պրոբլեմը, ինչ-որ չափով դուրս էր մնացել մեր ուշադրությունից, որովհետեւ մենք ղեկավարվում էինք «ԾՏռ ՈՊՐպր հՏՉպՑրՍՌռ րՏ՚ջ» կարգախոսով: Չեմ կարծում, որ ասածս կարող է ազգայնամոլություն դիտվի, քանի որ այդ մեծ հայրենիքում հայերս պետք է մշակեինք մեր ազգային խնդիրները, ելնելով մեր ժողովրդի առաձնահատկություններից, աշխարհաքաղաքական դիրքից, հավատքից, պատմական անցյալից, անցյալի փորձառությունից եւ այլն: Այսինքն իրականացնեինք ժողովրդագրական խնդիրները, որովհետեւ դրանք բազմաշերտ, տարողունակ իմաստ եւ նշանակություն ունեն:

Ի՞նչ ստացվեց արդյունքում: Եթե 50-ական թվականներին Այսրկովկասի երեք հանրապետություններում գյուղական ազգաբնակչության տեսակարար կշիռը կազմում էր 50-52 տոկոս, ապա 90-ական թվականներին Հայաստանում այդ թիվը իջել էր 34-ի, իսկ հարեւան հանրապետություններում 49-50 տոկոս էր կազմում: Այսպիսով մենք ունեցանք խոշոր Երեւան: Այսինքն մեծ գլուխՙ փոքր մարմնի վրա: Եվ այդ թույլ մարմինը պետք է ջանար, որպեսզի այդ մեծ գլուխը պտտեցներ: Դրանից էլ առաջանում էին բազմապիսի հոգսերՙ ինչպես կառուցվածքային, ենթակառուցվածքային, այնպես էլ ռազմավարական: Իսկ անցանկալի երեւույթները պարզորոշ զգացնել էին տալիս: Վերցնենք Շամշադինի շրջանի օրինակը: Այդտեղ ապրել է 50 հազարից ավելի մարդ: Խորհրդային շրջանում այդ թիվը իջել է 32-34 հազարի, իսկ հիմա էլ 22-23 հազար է: Եվ դա այն դեպքում, երբ Շամշադինը մշտապես, եւ այսօր էլ, շրջապատված է Ղազախի, Թովուզի, Գետաբեկի, քիչ այն կողմ էլ Գանձակի 675 հազար ադրբեջանցիներով:

Ժողովրդագրական պրոցեսները պետք է ի սկզբանե կառավարվեին, սակայն, ցավոք, այդպես չեղավ: Արդյունքում, Հայաստանի քարտեզից վերացան 157 գյուղեր: Այսօր, իհարկե, չեմ կարող որեւէ մեկի անունը տալ կամ մեղադրել այդ երեւույթի համար: Բայց սա իրողություն է, եւ սրա հետ պետք է հաշվի նստել, ուզենանք, թեՙ ոչ: Գոնե այդ վթարի կեսից ետ դառնայինք: Մինչդեռ մենք տնտեսական շահավետության գաղափարը մղեցինք առաջին պլան, դրանով այն դնելով ժողովրդագրական պրոցեսների կազմալուծման հիմքում: Այսինքն մի սովխոզի տնտեսական շահավետությունը բարձրացնելու նպատակով գնացինք նրա խոշորացմանըՙ իրար միացնելով մի քանի գյուղ, չմտածելով, որ դրանով քայքայում ենք այդ գյուղերը որպես ժողովրդագրական միավոր: Իսկ քանի որ մեր ժողովուրդը պետություն հարգող ժողովուրդ է, ապա անգլուխ գյուղում մարդիկ պիտի հավաքվեին խանութի պատի տակ եւ անտերության գաղափարից հիասթափվածՙ աստիճանաբար հեռանային գյուղից: Չէ՞ որ պետության մեջ նրանք տեսնում էին ոչ միայն արժանապատվություն, այլ նաեւ անվտանգություն, զարգացում, ներդրումներ եւ այլն: Իհարկե, սա գյուղերի դատարկման գուցե գլխավոր, բայց միակ պատճառը չէր:

Եվ միայն 70-ական թվականների կեսերից կոմկուսի Կենտկոմը, ի թիվս մյուս բնագավառների, ուշադրություն դարձրեց նաեւ տնտեսության զարգացման աշխարհագրությանը: Շրջաններում եւ գյուղերում մասնաճյուղեր բացվեցին (հիմնականում թեթեւ, սննդի եւ էլեկտրոնային արդյունաբերության), կատարվեցին մի շարք ուրիշ քայլեր, որոնք, պետք է ասել, կարեւոր էին, բայց բավական ուշացած:

Այնուամենայնիվ Կենտկոմը մշակեց լքված գյուղերի վերականգնման ծրագիր, որն ընդգրկում էր երկու հիմնախնդիր: Մեկըՙ ուղղակիորեն վերականգնել գյուղերը եւ մյուսըՙ միացված, խոշորացված գյուղերն անջատել իրարից, որքան էլ որ դրանք ավելացնեին վնասով աշխատող տնտեսությունների քանակը (եւ ինձ էլՙ դրա համար քարկոծեին):

Միայն Սիսիանի շրջանում, շնորհիվ նաեւ կուսշրջկոմի առաջին քարտուղար Շչորս Դավթյանի ջանքերի, վերականգնվեց 12-13 գյուղՙ տնտեսությունների մասնագիտացման անվան ներքո: Այլ պարագայում այդ գյուղերում այսօր ոչ մի մարդ չէր լինելու:

Մեծ աշխատանք տարվեց Եղեգնաձորի սահմանամերձ Խաչիկ գյուղի ամրացման եւ Գնիշիկ գյուղի վերականգնման ուղղությամբ: Այդ ցանկի մեջ էին նաեւ Թալինի Դիան, Աշտարակի Տեղեր, Սասուն, Ղափանի Ներքին Հանդ եւ բազմաթիվ այլ գյուղեր: Ըստ էության հիմք դրվեց գյուղերի վերականգնման եւ միավորված գյուղերի տարանջատման գործընթացին: Այս բնագավառում մեր ամենամեծ հոգսը կապված էր, իհարկե, Մեղրիի հետ, որտեղ 20-ական թվականներից սկսած քարտեզից վերացել էին 20-22 հայկական գյուղեր: Իհարկե դրանց մեծ մասը եղել են փոքր գյուղեր, սակայն եղել են նաեւ մեծերը, ըստ որում հազարամյա պատմություն ունեցող բնակավայրեր, ինչպես Վանքը եւ Կալերը, որոնք նաեւ Մեղրիի թոքերն են եղել, որովհետեւ ամռանը ցածրադիր գյուղերի բնակիչները այնտեղ ամառանոց են գնացել: Դրանից բացի, Մեղրիի 1800 հեկտար վարելահողերի մեծ մասը այդ գյուղերին էին պատկանում: Դրանց բնակիչներին արագորեն կլանում էին նաեւ հանքարդյունաբերական ձեռնարկությունները (Կապան, Քաջարան, Ագարակ), եւ ժողովրդագրական իմաստով Մեղրի գյուղաշխարհը հայտնվել էր կործանման վտանգի առջեւ:

Պակաս հետաքրքրական չէ, որ այս երեւույթին աչալուրջ հետեւում էին մեր հարեւանները, ինչպես որ անգղերը թեւատարած ման են գալիս, թե որտեղ լեշ կա: Միայն երկու օրինակ բերեմ: Առաջինը կապված է վերոհիշյալ Գնիշիկի հետ: Այդ գյուղը պատմական հարուստ անցյալ ունի: Ստ. Օրբելյանի «Պատմութիւն տանն Սիսական» աշխատությունում (1299 թ.) այդ գյուղը դասվում է Վայոց ձորի նշանավոր բնակավայրերի շարքը Գնիշին անվամբ, իսկ հովիտն էլՙ Գնիշինայի ձոր, եւ համարվում էր Սյունյաց տեր Օրբելյանների սեփականությունը: Այդտեղ պահպանվել են հնադարյան բերդի, մատուռի հետքեր, ինչպես նաեւ ինն գերեզմանատուն բազմաթիվ խաչքարերով (տեսՙ Ստ. Օրբելյան «Սյունիքի պատմությունը», էջ 395 եւ Գ. Գրիգորյան «Սյունիքը Օրբելյանների օրոք», էջ 90): Այդ գյուղում ապրել են բնիկ վայոցձորցիներ, ինչպես նաեւ 1828 թ. Հին Բայազետից, Խոյից, Ալաշկերտից ու Վանից գաղթած հայեր:

Մենք մի քանի անխոհեմ քայլ կատարեցինք: 1975 թ. գյուղն իջեցրեցինք Արփի, հետո, երկչոտությամբ, իբրեւ թե ետ ենք վերադարձնում, տարանք լեռան հյուսիսահայաց լանջին մի քանի տուն կառուցեցինքՙ անունն էլ դրեցինք Մոզրով: Մինչդեռ հենց հին Գնիշիկը պետք է վերականգնվեր: Եվ ինչ նկատեցինք, մեր հարեւանները Նախիջեւանից 32 կիլոմետր ճանապարհ կառուցեցին, լեռան մյուս կողմում 32 բնակելի տուն շինեցին, երկու ավտոբուս էլ ամրացրին, որ բնակիչներին տանեն-բերեն Նախիջեւան, մինչեւ որ նրանք տեղում կհիմնավորվեին:

Գնիշիկի վերականգնման գործում փութաջանորեն աշխատեցին նաեւ Եղեգնաձորի կուսշրջկոմի առաջին քարտուղար Սամվել Թարվերդյանը, ճանպարհների շինարարության նախարար Գեորգի Մելքումյանը: Կառուցվեց շուրջ 20 կմ ճանապարհ եւ գյուղում բարձրացան առաջին առանձնատներըՙ սկզբում վեց ընտանիքի համար, որովհետեւ գյուղում ընդամենը երեք ծերունի էր մնացել: Նրանցից մեկին մի օր կատակով ասացի, թե ինչ կարծիքի է, եթե իր համար մի կին բերեմ, որ մենակ չմնա: Ծերունին քմծիծաղով ասաց. «Մի բեր, ընկեր Մովսիսյան, որ բերեցիր, ինձ գյուղից կիջեցնի ներքեւ, իսկ ես որոշել եմ այստեղ կնքել իմ մահկանացուն»:

Գյուղն, իհարկե, վերականգնվեց, սակայն հետագայում աշխատանք չտարվեց այդ վեց տունն ավելացնելու ուղղությամբ: Մյուս նմանատիպ օրինակը վերաբերում է Մեղրիին: Երբ ադրբեջանցիները տեսան, որ այդ շրջանը հայաթափվում է, եւ այդ գործընթացը շարունակվում է բուռն կերպով, իրենց ռազմավարական պլանները օրակարգի հարց դարձրին: Խոսքը վերաբերում է Մինջեւան-Նախիջեւան ավտոճանապարհի (այսպես կոչված A-311 մայրուղու) շինարարությանը, որի ուրվագծի տակ անգիտակցաբար, թե թյուրիմացաբար, գուցե եւ հիմարաբար, ստորագրել էին մեր ճանապարհաշինարարներըՙ երեւի թե մտածելով, որ իրենք աշխատանքների ծավալներ կունենան:

Կասկածից վեր է, որ այդ գործը, իրոք, ռազմավարական նպատակ էր հետապնդում, որովհետեւ այդ ճանապարհով Ադրբեջանը պետք է միանար Նախիջեւանին, եւ նախկինում Իրանից Թուրքիայի գնած այն մի փոքր հողակտորի միջոցով պիտի ապահովվեր կապը Թուրքիայի հետՙ ըստ էության Մեղրիի, այսինքն հայկական տարածքի վրայով, եւ Հայաստանն էլ ստվար շերտով պիտի անջատվեր Իրանից:

Աստված մի արասցե, թե դա իրականանար: Եվ չեղավ այդպես, որովհետեւ Հայաստանի ղեկավարությունը կանխատեսեց այդ վտանգըՙ ամբողջ էությամբ: Անձամբ այդ հարցով զբաղվում էր Կարեն Դեմիրճյանը, իսկ կառավարությունումՙ Ֆադեյ Սարգսյանն ու Ալեքսան Կիրակոսյանը: Զբաղվում էին, որպեսզի այդ ճանապարհը չկառուցվի: Ինձ ուղղակի հանձնարարվեց, որպեսզի Մոսկվայում զբաղվեմ այդ ճանապարհը չկառուցելու, այդ նախագիծը չհաստատելու հարցերով:

Քանի որ մենք հրաժարվում էինք լուծել այդ ճանապարհի հողհատկացման հարցը, ուստի միջամտեցին միութենական իշխանությունները: Հանձնարարվեց ԽՍՀՄ պետպլանին, որպեսզի այդ հարցի լուծումը արագացվի: Ընդգծեմ, որ քննարկվում էր երկու տարբերակ: Ադրբեջանցիները Մինջեւան-Մեղրի-Նախիջեւան ճանապարհի իրենց հատվածը կարճ ժամկետում կառուցել էին ու հասել մինչեւ Հայաստանի սահմանը: Ուստի առաջարկում էին ամենակարճ տարբերակըՙ այսինքն 43 կմ ճանապարհով Մեղրիի վրայով անցնել եւ միանալ Նախիջեւանին: Մենք գտնում էինք, որ այդ նոր ճանապարհի կառուցման անհրաժեշտությունը չկա, քանի որ արդեն իսկ գործող ճանապարհ կա ի դեմս Մինջեւան-Ղափան-Քաջարան-Մեղրի ճանապարհի, որը կարելի է բարեկարգել եւ ծառայեցնել ոչ միայն որպես տրանզիտային ճանապարհ, այլ նաեւ լուծել Հայաստանի այդ տարածքի բնակավայրերի հետ կապված փոխադրումների հարցը:

Երկար բանակցություններ վարելուց հետո ադրբեջանական կողմը շարունակում էր հենվել այն փաստի վրա, որ հարցը դեռեւս 1971 թվականին համաձայնեցվել է Հայաստանի ճանապարհների շինարարության եւ շահագործման նախարարության հետ, որը, ինչպես նշեցի վերեւում, թյուրիմացաբար տեղի էր տվել:

Երկար ուսումնասիրություններից հետո, որին մասնակցում էին միութենական մի շարք կազմակերպություններ, հարցը ներկայացվեց փորձագիտական հանձնաժողովին: Վիճաբանություններից հետո, մենք առաջարկեցինք նաեւ երրորդ տարբերակը: Մինջեւանից բարձրանալ Զանգելան, այնտեղից գալ Ծավ, ապաՙ Մեղրի: Դրա հետ, մենք առաջարկեցինք նաեւ Մեղրիում ինը նոր սովխոզների ստեղծման անհրաժեշտությունըՙ պատճառաբանելով, թե Մեղրիում ընդամենը 1800 հեկտար վարելահող կա, եւ այդ ճանապարհը հնարավորություն կտա լուծելու նաեւ բնակչության զբաղվածության եւ գյուղատնտեսական արտադրանքի ավելացման խնդիրները: Միաժամանակ նպաստավոր պայմաններ կստեղծվեն Վարդանիձոր եւ Խդերանց գյուղերի տարածքում գտնվող ոսկու հանքերի շահագործումը սկսելու համար: Այս տարբերակը նույնպես դրվեց քննարկման: Արդյունքում ստացվեց այնպես, որ մենք սկսեցինք աշխատել նրանց տարբերակների դեմ, նրանքՙ մեր: Սակայն, այդ ընթացքում ես կարողացա ինն սովխոզների ստեղծման հարցը համաձայնեցնել ԽՍՀՄ գյուղատնտեսության եւ ԽՍՀՄ մելիորացիայի եւ ջրային տնտեսության նախարարությունների հետ, հատկապես որ սովխոզների ստեղծումը ենթադրում էր մեծ ծավալի մելիորատիվ աշխատանքների կատարում, ինչպես նաեւ Մեղրիի ջրամբարի շինարարությունՙ 19 միլիոն խմ ծավալով: Այս հարցերի կապակցությամբ ստացանք նաեւ ԽՍՀՄ պետպլանի նախագահ Ն. Բայբակովի գրավոր համաձայնությունը:

Պետք է նկատի ունենալ, որ այդ ժամանակ Հեյդար Ալիեւը արդեն աշխատում էր իբրեւ ԽՍՀՄ կառավարության նախագահի առաջին տեղակալ, լինելով նաեւ ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոյի անդամ: Ուստի միութենական մարմինները մտածում էին, որպեսզի ոչ ադրբեջանական կողմին նեղացնեն, ոչ էլ հայկական: Այդ պարագայում, սակայն, մենք շարունակում էինք նոր փաստարկներ հավաքել եւ վերեւներում աշխատանք տանելՙ ադրբեջանական տարբերակը վիժեցնելու համար:

Կարեն Դեմիրճյանի հանձնարարությամբ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ Բաբկեն Եսայի Սարկիսովը հեռախոսային խոսակցություն ունեցավ ԽՍՀՄ պաշտպանության նախարար Ս. Սոկոլովի հետ, որից հետո նա ինձ ընդունեց եւ լսեց ճանապարհի կառուցման դեմ մեր փաստարկները: Չէ՞ որ ռազմավարական տեսակետից իմաստ չուներ, որ երկաթուղուն զուգահեռ, ընդամենը մի քանի մետր իրարից հեռու, մայրուղի կառուցել, որովհետեւ ռազմական պայմաններում դրանք հնարավոր է անմիջապես շարքից հանել, եւ այլեւս կապի միջոց չունենալովՙ կիրճը ուղղակի խցանել: Դրանից խուսափելու համար ավելի ճիշտ կլիներ գոյություն ունեցող ճանապարհը վերանորոգել, որը նաեւ ավելի քիչ ծախս կպահանջեր: Ունկնդրելուց հետո, պաշտպանության նախարարը իր դժգոհությունը հայտնեց ադրբեջանական տարբերակի վերաբերյալ եւ հանձնարարեց, որպեսզի հարցը քննարկելիս հաշվի առնեն նաեւ իր ղեկավարած նախարարության կարծիքը: Մենք կարողացանք ստանալ նաեւ ԽՍՀՄ հաղորդակցության ճանապարհների նախարարության համաձայնությունը: Հայաստան եկան մասնագետներ եւ համապատասխան փաստաթուղթ ստեղծեցին, որ այդ ճանապարհը չի կարելի կառուցել, քանի որ շինարարության ընթացքում կխաթարվի երկաթուղու աշխատանքը, որ կողք-կողքի զուգահեռ ուղիների կառուցումը Մեղրիի կիրճում նպատակահարմար չէ: Համանման բովանդակությամբ երրորդ եզրակացությունը կարողացանք ստանալ ԽՍՀՄ սահմանապահ զորքերի Անդրկովկասյան կարմրադրոշ օկրուգի հրամանատարությունից:

Այդ փաստաթղթերը հավաքելուց հետո, մենք դրանց կրկնօրինակները ուղարկեցինք փորձագիտական հանձնաժողովին: Սակայն ուղիղ մեկ շաբաթ անց, բացի սահմանապահներից, մյուսները իրենց եզրակացություններից հրաժարվեցին: Պաշտպանության նախարարի օգնականը զանգահարեց ինձ եւ ներողություն խնդրելով հայտնեց, որ նախարարը հրաժարվում է իր նախկին եզրակացությունից: «Հաղորդեք նախարարին, որ ինձ համար նա այլեւս նախարար չէ»,- ասացի: Հեռագիր եկավ նաեւ հաղորդակցության ճանապարհների նախարար Կոնորեւից, որով հայտնում էր, որ չեղյալ է համարում իր տեղակալի եզրակացությունը, որը ստորագրել էր վերոհիշյալ փաստաթուղթը: Պարզ էր, որ այս ամենի դիրիժորը Հեյդար Ալիեւն էր:

Ի վերջո մենք ներկայացանք փորձագիտական հանձնաժողովի նիստին, որտեղ կարողացա ոչ միայն ծանրակշիռ փաստարկներ բերել, այլ նաեւ խախտել պատշաճության նորմերը: Ասացի, համարենք, որ դուք եկել եք մեր տուն հյուր: Որպես տանտեր, մենք խնդրում ենք, որ դուք սեղանի կողքով անցնեք եւ գնաք մյուս սենյակը, սակայն դուք գտնում եք, որ հենց սեղանի վրայով պիտի անցնեք: Սա սանձարձակություն է, եւ մենք թույլ չենք տա, որ մեր տանը դուք ձեր սովորություններով առաջնորդվեք:

Նիստը հետաձգվեց: Մի քանի օր հետո, ելնելով իրավիճակից, փորձագիտական հանձնաժողովը «Սողոմոն իմաստունի վճիռ» կայացրեց, որով պետք էր երկու ճանապարհներն էլ կառուցվեին: Ըստ որում, սկզբում պետք է կառուցվեր Նյուվադի-Շվանիձոր հատվածը, այնուհետեւ նորոգել մեր տարբերակի մեջ մտնող հատվածները, ապա կառուցել ինն սովխոզների ճանապարհները: Ու թեեւ իմ առարկությունների մեջ տրամաբանական էր նաեւ այն, որ երկու ճանապարհ կառուցելու դեպքում ծախսերը կրկնապատկվում են, սակայն եզրակացությունը փոխել հնարավոր չեղավ: Ուստի հայտարարեցի, որ հրաժարվում եմ ճանապարհի համար հող հատկացնելուց: Իսկ հետագայում էլ Հայաստանի կառավարության քննարկմանն այդ հարցը գիտակցաբար չներկայացրեցի: Բանը հասավ այնտեղ, որ Ֆադեյ Սարգսյանին եւ ինձ կանչեցին Մոսկվաՙ ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նիստին: Կառավարության նախագահ Ն.Ա. Տիխոնովը ձայնը տվեց Ֆադեյ Տաճատիչին եւ ըստ էության չթողեց, որ նա հավուր պատշաճի ելույթ ունենա: Նա ուղղակի հարձակվեց մեր կառավարության նախագահի վրա: Ֆադեյ Տաճատիչն էլ, ի պատիվ իրեն, շատ արիաբար պահեց իրեն, չընդունեց կշտամբանքը: Ուստի Տիխոնովը առաջարկեց նկատողություն հայտարարել նրան, այսինքն պատժելՙ այդ ճանապարհի կառուցումը ձախողելու համար: Սակայն, որքան էլ զարմանալի թվա, նախագահության անդամները, որ Ֆադեյ Սարգսյանին լավ էին ճանաչում, Տիխոնովի առաջարկությունը չպաշտպանեցին, եւ նա տույժ չստացավ: Երբ նիստից դուրս եկանք, Ֆադեյ Տաճատիչին ասացի, որ միեւնույն է, հողհատկացման մասին որոշումը չեմ մտցնելու կառավարության քննարկմանը, նա ասաց. «Իսկ քեզ ով է ասում, որ մտցնես»:

Այնուամենայնիվ պետք էր ելք գտնել վիճակից դուրս գալու համար, եւ փորձեցինք այդ ելքը որոնել հետեւյալ պահանջով: Խնդիր դրեցինք, որ մինչեւ Ադրբեջանի կողմից չորոշվի Վարդենիս-Ջերմուկ ճանապարհի համար նախատեսվող 230 հեկտարի հողհատկացման հարցը, մենք որոշում չենք կարող կայացնել, քանի որ այդ ճանապարհի մի հատվածը անցնում էր Քալբաջարի շրջանի տարածքով: Եվ մինչեւ այդ հողհատկացման մասին փաստաթղթերը չստանանք, մենք Մեղրիի որոշումը չենք կայացնելու: Եվ քանի որ նրանք այդպիսի որոշում չկայացրին, մենք էլ ձեռնպահ մնացինք որոշում կայացնելուց: Այդպիսով Մեղրի-Նախիջեւան ճանապարհի շինարարությունը կանգ առավ:

Իհարկե, եթե մենք իմանայինք, որ հետագայում այսպիսի շրջադարձեր կլինեն, գուցե եւ թույլ տայինք կառուցել այդ ճանապարհը եւ այսօր էլ այն կծառայեր մեր հարավային հատվածի զարգացմանը: Սակայն այդ ժամանակ մեր դիրքորոշումը շատ ճիշտ էր եւ տրամաբանված, որովհետեւ Մեղրիի հարցին հենց այնպես նայելը ճակատագրական սխալ կլիներ: Եթե կուզեք իմանալ, այդ հարցը այսօր էլ օրակարգից դուրս չի եկել, որովհետեւ դա եթե Ադրբեջանի համար ունի ռազմավարական խոշոր նշանակություն, ապա մեզ համարՙ առավել եւս: Նրանք ցանկանում են այդ ճանապարհով միանալ Նախիջեւանին, այնտեղից էլ Թուրքիային, իսկ մենք էլ ցանկանում ենք, որպեսզի այդ կարեւորագույն դռնով ելք ունենանք դեպի Իրան եւ Մերձավոր Արեւելքի երկրներ:

Ահա այսպիսին էր Մեղրիի ճանապարհի պատմությունը, երբ ինձ հաջողվեց կատարել Կենտկոմի ու կառավարության հանձնարարությունը եւ խոչընդոտել դրա կառուցմանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 07-05-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ