RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#015, 2021-04-23 > #016, 2021-04-30 > #017, 2021-05-07 > #018, 2021-05-14 > #019, 2021-05-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 07-05-2021



ԳՈՒՅԺ

Տեղադրվել է` 2021-05-07 00:00:41 (GMT +04:00)


Ընթերցված է` 1218, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆՈՐԱ ԱԶԱՏՅԱՆ-ԻՓԵՔՅԱՆ

Ապրիլի 29-ի գիշերը, ինչպես հաջորդել են մեր համացանցային կայքերում, Դետրոյթում (ԱՄՆ), երկարատեւ հիվանդությունից հետո վախճանվել է տիկին Նորա Ազատյան-Իփեքյանը, կողակիցը հայտնի մտավորական եւ ազգային գործիչ Երվանդ Ազատյանի եւ մայրըՙ դերասան եւ ռեժիսոր Ժիրայր Բաբազյանի: Նկարիչ, ասմունքող, բազմարդյուն ուսուցիչ` տիկին Նորան ծնվել էր Եգիպտոսում, Ալեքսանդրիա քաղաքում, Իփեքյան ազնվական ընտանիքում, մեծացել ու դաստիարակվել ֆրանսիական միջավայրում, բայց միշտ մնացել ազգային-հայրենասիրական մթնոլորտում, իր պապիՙ Միհրան Տամատյանի, Վահան Թեքեյանի, Սարուխանի, Աշոտ Զորյանի, Օննիկ Ավետիսյանի եւ այլ մեծերի շնչի տակ: Այդ շունչը նա պահեց մինչեւ իր վերջին շունչը, անգամ ամերիկյան հողի վրա, ուր 60 տարի առաջ տեղափոխվել էր ամուսնու հետ: Դետրոյթում եւ դրանից առաջ այլ քաղաքներում իր վարվեցողությամբ, անմիջականությամբ եւ հուզականությամբ նա մնաց ֆրանսիական մշակույթի կրող, բայց, միաժամանակ, խորապես, ապրումներով եւ զգացականությամբ` հայ, հպարտ իր հայկականությամբ: «Թեքեյանի հայու հոգին» կարծեք գրվել էր իր համար. նրա արտասանությամբ այդ քերթվածը ընդմիշտ կմնա տարբեր հանդիսությունների ժամանակ նրան ունկնդրածների սրտերում: Ընդմիշտ կմնա նաեւ նրա ստեղծած դիմանկարը` ամենահարազատ Թեքեյանը: Բազմաթիվ են նրա աշակերտները Կահիրեի Գալուստյան վարժարանից մինչեւ Դետրոյթի Ալեք եւ Մարի Մանուկյան վարժարան, որտեղ երկար տարիներ դասավանդել էր` աչքը միշտ սեւեռուն` խոստումնալից երիտասարդների վրա, ինչպես մեծատաղանդ նկարիչ Շանթ Ավետիսյանը, որի տաղանդը աճել է հենց տիկին Նորայի գուրգուրոտ խնամքի ներքո:

Տիկին Նորայի մահով փակվում է սփյուռքահայ կյանքի առանձնահատուկ էջերից մեկը` թրթռուն քնարականության, հայրենակարոտ զգացականության, ազգային արմատներին ընդմիշտ կառչածության:

Հարգանք` իր պայծառ հիշատակին:

Խորազգաց ցավակցություններ ամուսնուն` Երվանդ Ազատյանին, որդուն` Ժիրայր Բաբազյանին, մյուս հարազատներին եւ ընկերներին:

«ԱԶԳ»ի խմբագրություն, աշխատակազմ եւ ընթերցողներ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 07-05-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ