RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#015, 2021-04-23 > #016, 2021-04-30 > #017, 2021-05-07 > #018, 2021-05-14 > #019, 2021-05-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 07-05-2021



Տեղադրվել է` 2021-05-07 00:00:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 1365, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳՈՒՇԱԿ ՄԱՆՈՒՇԱԿԸ ՇԱՏ «ԳՈՐԾ» ՈՒՆԻ

ՀԱՍՄԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Երբ փակվում են հույսի դռները, անելանելությունից ծնվում են գերբնականին հաղորդակից դառնալու մտքերը: Արդեն վեց ամիս է, որ սեւազգեստ մայրերը փորձում են պարզել իրենց անհետ կորած որդիների, ամուսինների, եղբայրների գտնվելու վայրըՙ երկրում վերջերս ամենապահանջված «մասնագետների»ՙ գուշակների մոտ: Պետության առջեւ երկրին ու հայրենիքին կյանք տված զինվորների, կամավորների մայրերը հերթի մեջ կանգնած աղոթում ու հավատով սպասում են, որ գոնե գուշակն ասի ողջ է զավակդ:

«Մեզ ասին, որ զոհվել է, բայց որ մարմինը չէինք տեսել, մեկ ամսվա ընթացքում մեզ դին չտվեցին, սկսեցինք կասկածել: Կարմիր խաչից մտել էին այդ տարածք, նայել, խրամատը դատարկ էր եղել, միայն զրահաբաճկոններ են եղել գցած: Թաղած մարմիններ էլ չէին գտել, ու մենք մտածեցինք, որ գուցե վիրավորվել է ու ադրբեջանցիք գերի են տարել: Չեք պատկերացնեՙ ինչ օրեր ենք քաշել, բախտ նայողների դռներն էինք ընկած, սաղ կսեին, որ Աշոտը կենդանի է, անպայման գուկա»,- պատմում է զինծառայողի մայրը:

Երբ սուգը պատում է հոգիդ, հավասարակշիռ դժվար է մնալ, սատանայի դուռն էլ կգնաս, միայն իմանաս որդուդ մարմինը սառած չէ, հույս կա:

«Որտեղ իմացել ենք լավ նայող կա, գնացել ենք էն վերջին հույսով, հավատով, որ հնարավոր է մի լավ լուր ասեն, ու իրենց ասածի միջոցով գտնենք: Էնքան վատ վիճակում էինք, հույսներս դրել էինք գուշակների, սատանայական երեւույթների վրա: Մեկն ասում էր գերի է ամուսինս, մյուսը վիրավոր, բայց բոլորը ասում էին, որ ողջ է, կգա»,- ասում է տիկին Աննան ավելացնելով որ, ամուսնու մարմինը մի ամիս է արդեն հողին է հանձնել, բայց գուշակը պնդում է, որ մահացածը իր ամուսինը չէ, ԴՆԹ-ն կարող է սխալ լինել, իր կանխազգացածըՙ երբեք:

Գրեթե բոլորին նույն բանն են ասում, բառերով ծվատում են իրենց այցելածներին, հետն էլ կլորիկ գումար կորզում:

«Երբ տեսնում եմ նկարի տղան մահացած է, մի քիչ խոսում եմ, հետո ճանապարհում հարազատներին: Իրանք լավ լուրի համար են եկել, ես իրենց ո՞նց տխրեցնեմ, ասում եմ նկարը թողեք հետո կասեմ ձեր տղան որտեղ է: Հիմա մոտս 50-ից ավել նկար կա, չեմ հասցնում, 24/7 ռեժիմով եմ աշխատում: Շատ կարեւոր է գործս, եթե ես հանգստանամ, ո՞վ կօգնի մարդկանց»,- ասում է գուշակ Մանուշակը:

Երիտասարդ աստղաբաններ, ծեր գնչուհիներ, գուշակ մանուշակներ... Նրանցից յուրաքանչյուրը պատմություններ հորինելով, պատերազմից չվերադարձածների հարազատներին խաղալիք ու եկամտի աղբյուր են դարձնում, ապա պնդում, թե տեսնում են անտեսանելին:

«Գուշակները հիմնականում Քրիստոսի, Աստվածամոր նկարներն են դնում իրենց մոտՙ համոզելու մարդկանց, որ իրենց զորությունն ու կարողությունն Աստծուց է: Նրանք կեղտոտ գործերի համար Աստծո անունն են տալիս, հավատացնում, թե աստվածահաճո գործ են անում: Երբեմն նույնիսկ եկեղեցի են ուղարկում օրհնված ջուր տանելու, որի վրա գուշակություններ են անելու»,- ասում է Տեր Տաճատը :

Հուսազուրկ ու հուսազրկվող մարդկանց կյանքից անորոշությունը պետք է ցրել: Գուշակների առաջ բերած հնարավոր-անհնար եւ փողով բացվող հույսի դռներ չթակել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 07-05-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ