RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#014, 2021-04-16 > #015, 2021-04-23 > #016, 2021-04-30 > #017, 2021-05-07 > #018, 2021-05-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 30-04-2021



Տեղադրվել է` 2021-04-29 22:54:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 1234, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՔՆՆԱՐԿՈՒՄ ՊՈԼ ԳՈԲԼԻ ՀԵՏ

24 հունվարի 1994 թ., Վաշինգտոն

27 տարի առաջ կայացած այս զրույցը, որը արտատպում ենք պրոֆ. Նիկոլայ Հովհաննիսյանի անցյալ տարեվերջին լույս տեսած «Հայոց պատմության անընդմեջ շղթան դարերի խորքից մինչեւ XXI դարի սկիզբ» հատորից, տարբեր մտորումների տեղիք է տալիս: Առաջինՙ հնարավորություն է տալիս ըստ էության նոր կամ նորեն ծանոթանալ Պոլ Գոբլիՙ այսպես կոչված ծրագրին, երկրորդՙ հաստատում է ամերիկյան հայտնի կոնֆլիկտոլոգի խորաթափանցությունը Արցախյան հակամարտության լուծման շրջանակներում, երրորդՙ ընդունել այն դաժան իրողությունը, որ Արցախյան վերջին պատերազմի հետեւանքով մենք ներկա պահին կորցրել ենք «Գոբլի պլանին» հակազդելու մեր գրեթե բոլոր լծակները, չորրորդՙ որ ավելի քան 25 տարի անհրաժեշտ չափով չենք աշխատել, որպեսզի բացառենք այդ տխրահռչակ ծրագրի հետ առերեսվելու վտանգը, հինգերորդՙ մենք, ավելի ճիշտՙ Հայաստանի ներկա կառավարությունը, վերջին 3 տարիներին ամեն ինչ արել է, կամա թե ակամա, որպեսզի մեր երկիրը հայտնվի հարավային Հայաստանում թուրք-ազերիներին միջանցք տրամադրելու պարտադրանքի առջեւ:

Հիշեցնենք, որ պրոֆ. Ն. Հովհաննիսյանը օրինակելի սովորություն է ունեցել նման հանդիպում-զրույցների շուրջ զեկուցագրեր հղելու մեր երկրի ղեկավարներին, կոնկրետ այս զրույցի պարագայումՙ ՀՀ առաջին նախագահին:

Խմբ.

1993 թ. հաղթելով Ֆուլբրայթի մրցանակաբաշխությունում (ԱՄՆ)ՙ ես ավելի քան մեկ տարի, 1993 թ. օգոստոսից մինչեւ 1994 թ. հոկտեմբեր, մեկնեցի ԱՄՆ գիտական գործուղման եւ Ջորջ Վաշինգտոն համալսարանում աշխատում էի «ԱՄՆ-ի քաղաքականությունը Արաբական Արեւելքում» թեմայի վրա: Դա շատ էլիտար համալսարան է, եւ մրցանակաբաշխության հաղթողների առջեւ բաց են գիտական եւ այլ հաստատությունների, ինչպես նաեւ Պետական դեպարտամենտի դռները, եւ նրանք օգտվում են այդ եւ մի շարք այլ արտոնություններից:

1994 թ. հունվարի 11-ին, նախօրոք պայմանավորվածության համաձայն, Վաշինգտոնում ես հանդիպեցի Միջազգային Խաղաղության Կարնեգի հաստատության ավագ աշխատակից Պոլ Գոբլի հետ (Paul A. Goble. Senior Associate, Carnegie Endowment for International Peace): Դա շատ հեղինակավոր եւ ազդեցիկ հաստատություն է:

Զրույցին ներկա էր եւ ինձ ուղեկցում էր Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեի (ANCA) գործադիր տնօրեն Վիգեն Սոնենց Փափազյանը: Այդ կոմիտեում (Հայ դատ) աշխատում են մի շարք լավ պատրաստված, ընդունակ եւ ձեռներեց մարդիկ, որոնց ղեկավարում էին Կարո Արմենյանը եւ նրա օգնական Արամ Համբարյանը:

Պոլ Գոբլը բավականին եռանդուն եւ աշխույժ գործիչ է եւ զրույցի ժամանակ չի սիրում տեղը նստել, անընդհատ շարժվում է, հուզվում եւ սկսում է արագ խոսել: Նա շատ հուզված էր, եւ երեւի այդ պատճառով անընդհատ ինքն էր խոսում եւ փորձում իր տեսակետները բացատրել եւ ապացուցել իր ճշմարտացիությունը: Ես հարկադրված էի շատ հաճախ նրան ընդհատել:

Պոլ Գոբլն ինձ ընդունեց ջերմությամբ եւ նշեց, որ ես առաջին մարդն եմ Հայաստանից այդպիսի բարձր մակարդակով, որ ցանկություն է հայտնել հանդիպել իր հետ:

Ն.Հ.- Հարգելի՛ Գոբլ, դուք շատ պոպուլյար մարդ եք Հայաստանում, եւ ձեր մասին շատ են խոսում:

Պ. Գ.- Հայաստանում ինձ ատում են եւ ինձ զգուշացրել են, որ եթե ես Հայաստանում հայտնվեմ, իմ կյանքը վտանգի տակ կարող է լինել:

- Դա ճիշտ չէ: Ճշմարտությունն այն է, որ ձեզ քննադատում են, հաճախ շատ խիստ, իսկ սպանելու մասին խոսակցություններն անհիմն են: Համենայն դեպս, դուք բոլորովին այլ կողմից կմտնեք պատմության մեջ, եւ բացառված չէ, որ հայոց պատմության մեջ «Գոբլի պլանը» տեղ կգրավի «Մարշալի պլանի» կողքին:

- (Ծիծաղում է, սակայն դառնությամբ նշում). Ես Ամերիկայում առաջին էթնիկ ոչ հայն եմ, որ բացեիբաց ասել եւ ասում եմ, որ Արցախը հինավուրց հայկական հող է եւ պատկանում է հայերին եւ առաջարկել եմ Ղարաբաղի լուծման իմ պլանը: Սակայն, ինչպես երեւում է քննադատությունից, ինձ քննադատողները Հայաստանում լրիվ չեն կարդացել իմ տեքստը, ուստի զարմանալի է, թե ինչպես են քննադատում:

- Ես չեմ բացառում, որ լրագրողների ձեռքի տակ ձեր լրիվ տեքստը չի եղել, քանի որ կապը Հայաստանում, այդ թվում եւ միջազգային, անմխիթար վիճակում է եւ հնարավոր չէ ամենաէական բաներն անգամ ժամանակին ստանալ:

Սակայն այժմ ես այստեղ եմՙ Վաշինգտոնում, որպես Ֆուլբրայթ հաստատության այցելու պրոֆեսոր, եւ կցանկանայի, որ դուք հնարավորության սահմաններում ներկայացնեք ձեր պլանը, որը ստացել է «Գոբլի պլան» անունը, հիմնական էությունը: (Գոբլը, ինչպես նկատեցի, չի կարողանում թաքցնել, որ իրեն շատ է դուր գալիս «Գոբլի պլան» հորջորջումը):

- Ես մի անգամ էլ ուզում եմ շեշտել, որ Ղարաբաղը հայկական է, որը Ստալինի նպատակամղված քաղաքականության հետեւանքով հայտնվեց Ադրբեջանի տարածքում: Հիմա պետք է ելնել այդ իրողությունից եւ այն հանգամանքից, որ Ղարաբաղի հարցը զենքի միջոցով հնարավոր չէ լուծել, որ դա շոշափում է բազմաթիվ երկրների, առաջին հերթին Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, ինչպես նաեւ ԱՄՆ-ի շահերը, ուստի պետք է փնտրել փոխզիջումային լուծում:

Սկզբունքորեն Լեռնային Ղարաբաղի հարցի «լուծման» երեք ուղի կաՙ ա) այժմ այնտեղ գտնվող բոլոր հայերի արտաքսում կամ սպանում, բ) դրսի կամ մեծաթիվ ուժերի տեղադրումՙ կողմերին բաժանելու համար, գ) Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հսկողության տակ դնել:

Առաջին տարբերակը հնարավոր չէ բարոյական առումով, երկրորդըՙ ֆիզիկապես, երրորդըՙ քաղաքականապես, եթե այն իրագործվի առանձին, որովհետեւ Ադրբեջանը կկորցնի թե՛ տերիտորիա եւ թե՛ Բաքուն ջրով մատակարարելու պայմանները, քանի որ Բաքու հասնող ջրերն իրենց սկիզբն առնում են Ղարաբաղում: Ուստի ես կարծում եմ, որ պետք է մտածել այլ փոխզիջումային լուծման մասին, հիմնված տերիտորիալ փոխանակման սկզբունքի վրա: Ես առաջարկում եմ.

- Լեռնային Ղարաբաղի մի մասը, ներառյալ այն տարածքը, որ վերահսկում է Բաքուն, եւ Ադրբեջանի ձեռքում մնացող տերիտորիան ջրով մատակարարող գետերի ակունքները հանձնել Հայաստանին:

- Ադրբեջանի հսկողության տակ փոխանցել Հայաստանի հսկողության տակ գտնվող ցամաքակամուրջը, որը բաժանում է Ադրբեջանը եւ Նախիջեւանը միմյանցից:

- Ենթադրենք մի պահ, որ այս պլանը ընդունելի լինի սկզբունքորեն: Բայց դա Հայաստանին կդնի ահավոր ծանր վիճակում, քանի որ Մեղրիի հանձնումը Ադրբեջանին կնշանակի Հայաստանը կտրել Իրանից: Մեր մեկ պատուհանը դեպի արտաքին աշխարհ Վրաստանն է, իսկ մյուսըՙ Իրանը: Այդՙ իրանական պատուհանի փակումը շնչահեղձ կանի Հայաստանին, մանավանդ եթե նկատի ունենանք, որ վրացական պատուհանն այնքան էլ հաջող չի գործում:

- Ես համաձայն եմ ձեզ հետ, հասկանում եմ ձեզ եւ կիսում ձեր մտահոգությունը: Այդ պատճառով էլ ես իմ, ինչպես դուք եք ասում, պլանում նախատեսում եմ Մեղրիից Հայաստանի եւ Իրանի միջեւ ստեղծել միջանցք, որտեղ պետք է տեղադրվեն միջազգային ուժեր Հայաստանի համար այդ կարեւոր կենսական ճանապարհի անվտանգ ու անխափան գործունեությունն ապահովելու համար: Բայց ես գիտեմ, Հայաստանի կառավարությունն այդ քայլին չի դիմի: Նա անընդհատ հրաժարվում է իր սկզբունքներից եւ ավելի ու ավելի է կուլ գնում Ռուսաստանին եւ ԱՄՆ-ին: Հայերի եւ Հայաստանի գոյությունը վտանգի տակ է: Եթե այս քաղաքականությունը շարունակվի, ապա հայերը շուտով կկործանվեն:

- Այդ դեպքում անկեղծորեն պատասխանե՛ք իմ հարցին. եթե դուք լինեիք Լեւոն Տեր-Պետրոսյանի փոխարեն Հայաստանի պրեզիդենտ, ի՞նչ կանեիք:

- (Մի փոքր մտածելուց հետո նա պատասխանեց). Ես կփորձեի հարաբերությունները կտրուկ լավացնել, զարգացնել ու խորացնել Իրանի հետ: Կփորձեի կարգավորել հարաբերությունները նաեւ Թուրքիայի հետ, որը Հայաստանի համար, նույնիսկ ապագայում, կարեւոր է: Ես կդիմակայեի բոլոր միջոցներով Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ճնշմանը:

Հիշեցե՛ք իմ խոսքերը. Հայաստանին այսօր կործանում են նրա երկու «լավագույն» բարեկամներըՙ Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը: Հայաստանը արյունաքամ է լինում, եւ դրա վերջը չի երեւում, եթե Հայաստանի ղեկավարությունն իր քաղաքականությունը չփոխի եւ ազգային ինքնուրույն քաղաքականություն չվարի, կլինի Հայաստանի կործանումը եւ վերացումը:

- Մի՛սթր Գոբլ, դուք շատ հոռետեսորեն եք տրամադրված: Դրությունը, իհարկե, շատ բարդ է եւ լուրջ, բայց ոչ անհույս:

- Ես մնում եմ իմ տեսակետին: Ես գտնում եմ, որ ԱՄՆ-ի պրեզիդենտ Քլինթոնը եւ նրա գլխավոր խորհրդական Սթրոբ Թալբոտը սխալ քաղաքականություն են վարում Ռուսաստանի նկատմամբ: Թալբոտը, որը դեսպանի աստիճանով պատասխանատու էր Ռուսաստանի համար, հետո դարձավ պետական քարտուղարի առաջին տեղակալ: Նրանք թույլ են տալիս, որ Ռուսաստանը վերականգնի իր տիրապետությունը նախկին խորհրդային հանրապետությունների վրաՙ այդ թվում եւ անդրկովկասյան:

Դրան հետեւելու է Ռուսական կայսրության վերականգնումը եւ վերջանալու է նրանով, որ պայքարը սկսվելու է Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ: Դուքՙ հայերդ, այս հանգամանքը նույնպես պետք է նկատի ունենաք:

Մենք պայմանավորվեցինք կրկին հանդիպել եւ շարունակել մեր զրույցը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 30-04-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ