RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#014, 2021-04-16 > #015, 2021-04-23 > #016, 2021-04-30 > #017, 2021-05-07 > #018, 2021-05-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 30-04-2021



Տեղադրվել է` 2021-04-29 22:54:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 1290, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԱՅԴԵՆԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է, ՈՐ ԱՄՆ-Ն ՎԵՐՍՏԻՆ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Է ԴԱՐՁՆՈՒՄ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑՈՂ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ինչպես ենթադրվում էր, գերմանալեզու լրատվամիջոցներն ապրիլ 24-ին եւ հետագա օրերին անդրադարձան Հայոց ցեղասպանության փաստին, ԱՄՆ նախագահ Բայդենի նախընտրական խոստման պահպանմանըՙ գրավոր եւ բանավոր տեքստում, սակայն միշտ շարունակելով խաղարկել Հայոց «ջարդեր, կոտորածներ» եւ «ցեղասպանություն» բառաձեւերը: Թեեւ ամեն անգամ չեն մոռանում հիշատակել, որ Գերմանիայի Բունդեսթագը 2016 թվականի հունիսի 2-ի բանաձեւով ոճիրը որակել է որպես «ցեղասպանություն», այդուհանդերձ բառերի հանդեպ մեր զգայնությունները հաշվի չառնելը կամ դրանք, մեղմ ասած, որպես հոմանիշ ձեւեր գործածելը չի բխում 5 տարի առաջ բանաձեւն ընդունած երկրի որոշումից: Գերմանիայի օրենսդիրը խոսում էր մեղսակցությունից, ավա՜ղ, հավաքական գիտակցության մեջ այն ներկա չէ. Ահավասիկ ապաշխարությունից հեռու այս բառապաշարը:

«Դոյչլանդֆունկը» ապրիլի 25-ի լրատվության մեջ, անդրադառնալով ԱՄՆ նախագահ Բայդենի ՙ ապրիլ 24-յան ամենամյա հիշատակման խոսքում «Հայոց ցեղասպանություն» աստիճանակարգմանը, այն էՙ ճանաչմանը, թուրքական «Անադոլու» գործակալությանը հղում տալով իրազեկում է Թուրքիայի կառավարության արձագանքի մասինՙ Անկարայում ԱՄՆ դեսպանը կանչվել է բացատրության համար: «Դոյչլանդֆունկն» այնուհետ անդրադառնում է նաեւ Թուրքիայի կառավարության քննադատությանը, թե «սույն հայտարարությունը վերք է բացում երկու երկրների հարաբերությունների մեջ, որը դժվար է նորից բարենորոգել»: «Դոյչլանդֆունկը» ներկայացնում է նաեւ, որ վարչապետ Փաշինյանը շնորհակալական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Բայդենինՙ հայտարարության մեջ «ցեղասպանություն» եզրույթի կիրառումը նկատելով որպես «կարեւոր քայլՙ հանուն արդարության»:

«Եվրոնյուզի» գերմաներեն ծառայությունն, անդրադառնալով Բայդենի պաշտոնական ճանաչմանը, փաստագրում է, որ այն Եվրոպայում տեւական բանավեճը վերարթնացրեց: ԵՄ 16 երկիր, Եվրոխորհրդարանը, Եվրոպայից դուրս 13 պետություն, ինչպես նաեւ ԱՄՆ -ն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: «Եվրոնյուզի» Բրյուսելի խմբագրության պատրաստած տեսաշարում Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչ Նիկոլա Դավիթյանը , գնահատելով ճանաչումը, կարեւորում է ցեղասպանության մասին ուսուցումը եւ ուրացման դեմ պայքարը: «Պատմական ամեն իրադարձություն խորհրդարանների ճանաչմամբ չէ, որ պիտի իր փաստականությունը հաստատի», նշում է Դավիթյանըՙ շեշտելով Հայոց ցեղասպանության փաստարկելիությունը, նշում, որ այն որպես այդպիսին ճանաչման արշավի առարկա չէ, մանավանդ հիմա, երբ ԱՄՆ-ն այն ճանաչեց: Դավիթյանը կարեւորում է, որ այժմ ուրացման փաստը, Հայաստանի հանդեպ Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը հասկանալու, հետեւանքների մասին խորհրդածելու առիթ է ստեղծվել:

Բրյուսելի թուրքական համայնքում Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը դիտարկում են որպես Արեւմուտքի քաղաքական զենքՙ Թուրքիային թուլացնելու նպատակով, արձանագրում է «Եվրոնյուզը»ՙ ներկայացնելով Բրյուսելում ապրող թուրք Մեսութ Թուրքոզի տեսակետը. «Քաղաքական որոշում է: Բայց Թուրքիան ավելի կհզորանա, նաեւ ռազմական տեսակետից, նրան նախանձում են»: Նրա տեսակետին համակարծիք չէ փորձագետ Սեդա Գյուրքանը , որ Բրյուսելի Ազատ համալսարանի թուրքական քաղաքականության դոցենտ է: Նա կարծում է, որ հատկապես հիմա Թուրքիան միջազգային ու տարածաշրջանային տեսակետից մեկուսացված է, Ռուսաստանի, Իսրայելի, Եվրոմիության հետ լարված հարաբերություններ ունի, տնտեսությունն էլ փխրուն է: «Այն ժամանակ, երբ Թուրքիան գործընկերների կարիք ունի, եւ հիմա դա հրատապ է, չպետք է Անկարայից ուժեղ արձագանք ակնկալել», «Եվրոնյուզին» իր տեսակետն է փոխանցում Բրյուսելի Ազատ համալսարանի դասախոս Գյուրքանը: «Փոխարենն ավելի հավանական է, որ Թուրքիան հայկական հարցն կօգտագործի ներքին ազգայնականությունը խթանելու համար: Սակայն սա դժվար թե բարելավի Թուրքիայի արտաքին հարաբերությունները, հատկապես Հայաստանի հետ», եզրափակում է «Եվրոնյուզի» Բրյուսելի խմբագրության թղթակիցը:

Գերմանական n-tv-ին, հղում անելով AFP գործակալությանը, ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ ապրիլի 24-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուիլ Մակրոնը պաշտոնապես առաջին անգամ է հարգանքի տուրք մատուցում Փարիզում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին: Երկու տարի առաջ նա ապրիլի 24-ը Ֆրանսիայում հայտարարեց ոչ աշխատանքայինՙ ազգային օրացույցում ոգեկոչման եւ հիշատակի փաստն արձանագրելով, ձեւակերպում է n-tv-ն:

Գերմանիայի հեռուստատեսության առաջին ալիքիՙ ARD-ի եթերն անշուշտ ձեռնպահ չի մնացել Բայդենի ճանաչմանն անդրադառնալու առիթից: Ակնդիրների սիրելի ժամինՙ 20-ի եթերի ժամանակ առաջին ալիքը ծանուցել է Բայդենի հաստատակամության մասին: Հեռուստաեթերի սահմանափակ ժամանակը մանրամասների մեջ խորանալու արտոնություն չի տալիս, փոխարենը ARD-ի կայքէջում ծավալուն անդրադարձ կա: Մեր տարածաշրջանին քաջածանոթ Զիլվիա Շթյոբերի հանգամանալից վերլուծությունը ծանոթացնում է Հայոց ցեղասպանության ճանաչման, ուրացման դեմ պայքարի ողջ ընթացքինՙ խոշորացույցի տակ առնելով հատկապես Թուրքիա- Ադրբեջան գործակցությունը 2020-ի սեպտեմբերի 27-ից ԼՂ-ի դեմ սանձազերծած պատերազմում:

«2020 թվականի աշնանը Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջակայքում եւ ԼՂ-ում հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքների բռնագրավումը ավելի քան 6000 կյանք արժեցավ: Քանի որ Ադրբեջանի նախագահ Ալիեւը նույնիսկ հրադադարից հետո պահպանել է իր ծայրահեղ ագրեսիվ հռետորաբանությունը, Հայաստանում մեծ է սեփական տարածքը կորցնելու վախը», արձանագրում է մեկնաբանըՙ ծանուցելով, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ- ում խորհրդանշական կարեւոր գործողություն է հայերի համար: Այն ցույց է տալիս նաեւ, որ ԱՄՆ-ն վերստին ավելի մեծ ուշադրություն է դարձնում տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին:

Ուշագրավ մի դիտարկումՙ Բայդենի ճանաչումից հետո գերմանաբնակ թուրքերը սկսեցին կրքոտ մեկնաբանություններ գրառել սոցցանցերում: Մոտավորապես հետեւյալ բովանդակությամբՙ Ամերիկա, դու քո մեղքը քավիր: Հերոսիման ու Նագասակին չեն մոռանում: Նրանց պատասխանում էին գերմանացիներըՙ գոնե հիմա ընդունեք ձեր մեղքը, մի՛ ուրացեք:

Դահիճը միշտ ձայն է հանում:

Ապրողներիս պարտքն է զոհերի ձայնը դառնալՙ դատարանում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 30-04-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ