ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԺԽՏՈՂ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ

1

Թուրքիայի նախագահ Էրդողանի հրահանգմամբՙ ապրիլի 20-ին Հայոց ցեղասպանությունը ժխտող միջազգային գիտաժողով է անցկացվել: Այս մասին հաղորդում է ermenihaber.am-ըՙ հղում անելով Hurriyet-ին:

Ըստ Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության տարածած հայտարարության, գիտաժողովն անցկացվել է 3 տարբեր պանելային քննարկումներով: Դրանք ունեցել են իրենց ղեկավարներն ու առանձին խորագրերը:

Առաջինըՙ «1915-ի իրադարձություններն ու հայկական հարցը պատմական գործընթացում». անցկացվել է Թուրքիայի պալատների ու բորսաների միության Տնտեսագիտական ու տեխնիկական համալսարանի ռեկտոր Յուսուֆ Սարընայի ղեկավարությամբ: Այս պանելի հիմնական բանախոսներից էր նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխավոր խորհրդական Սեյիթ Սերթչելիքը, որ հայտնի է ցեղասպանությունը ժխտող մի շարք կոնֆերանսների կազմակերպմամբ :

Երկրորդըՙ «1915-ի դեպքերը միջազգային իրավունքի տեսանկյունից». մասնակցել են ԱՄՆ-ում հայերի կողմից բացված դատավարությունների ժամանակ թուրքական կողմի համար պաշտպան փաստաբանի ծառայություններ մատուցած Դեյվիդ Սոլցմանը եւ այլ իրավաբաններ:

Երրորդՙ «1915-ի դեպքերի անդրադարձը մեր օրերի վրա եւ ապագայի հեռանկարները». մասնակցել են թուրք-ամերիկյան կազմակերպությունների նախկին նախագահ Էրգյուն Քըրլըքովալըն, Հարավարեւելյան Եվրոպայի ու Կովկասի ուսումնասիրությունների կենտրոնի (Գերմանիա) տնօրեն Քրիստիան Յոհաննես Հենրիխը եւ այլք:

Գիտաժողովին մասնակցել են ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից ու Իռլանդիայից: