ԹՈՒՐՔ ԳՐՈՂՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՄԵՐԺՎԱԾ Է

1

2020թ. աշնանը Հայաստանի դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական պատերազմը, որպես այդպիսին, դատապարտել էր նաեւ թուրք գրող Էլիֆ Շաֆաքը ՙ խաղաղության բազմաթիվ կոչեր անելով: Դրա դրսեւորումներից մեկը եղավ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու ռմբակոծությունից հետո այնտեղ թավջութակ նվագող հայ երաժիշտ Սեւակ Ավանեսյանի կատարման տեսանյութն իր Twitter-յան էջում կիսվելը: Ավելի վաղ տեսանյութը կիսել էր Կարո Փայլանը : Շաֆաքը տեսանյութին կից գրել էր.

««Այս գրառումը բոլոր նրանց համար է, ովքեր հավատում են խաղաղությանը եւ չեն հրաժարվում խաղաղությունը պաշտպանելուց: Արվեստՙ ավերակների մեջ… Շնորհակալություն, Կարո Փայլան, որ կիսվել եք»:

Շաֆաքի այս արտահայտությունը, ինչպես ենթադրելի էր, սրերով դիմավորվեց ե՛ւ թուրքերի, ե՛ւ նրանց ադրբեջանցի եղբայրների կողմից: Նրանք սոցիալական ցանցերում գրոհ սկսեցին գրողի դեմՙ պահանջելով վաճառքից հանել «դավաճանի» գրքերը: Այդ կոչերին ու պահանջներին տեղի տվեցին բազմաթիվ գրախանութներ եւ վաճառասեղաններից հեռացրեցին Շաֆաքի գրքերըՙ նրան համարելով մերժյալ: Այդ գրառումը թուրք-ադրբեջանցիներն ընկալել էին որպես աջակցություն հայերին ու Հայաստանին:

Էլիֆ Շաֆաքի ստեղծագործություններն արդեն մի քանի տարի է Հայաստանի գրքասերների եւ ընթերցող շրջանակների կողմից որոշակի ճանաչվածություն ու պահանջարկ ունեն: Տարիներ առաջ հայերեն է թարգմանվել ու հրատարակվել նրա «Ստամբուլի բիճը» վեպը, որն էլ նրան առաջին անգամ ծանոթացրեց հայ ընթերցողի հետ: