RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#007, 2021-02-26 > #008, 2021-03-05 > #009, 2021-03-12 > #010, 2021-03-19 > #011, 2021-03-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 12-03-2021



Տեղադրվել է` 2021-03-11 22:21:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 1273, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍ

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

«Մարդը մի բան է, որ պետք է հաղթահարվի»

Ֆրիդրիխ Նիցշե

Ատամնացավին դիմանալ չի լինում: Բժիշկը, որին արդեն տարիներ այցելում եմ, գտնվածներից է, այն հազվադեպներից, որ ե՛ւ լավ մասնագետ է, ե՛ւ լավ մարդ ու բացի դա, արվեստ ու պոեզիա է գնահատում: Իր մոտ ապահով ու հանգիստ ես զգում: Թեթեւ ձեռք ունի, ինչպես սովորաբար ասում են: Մեղմ, բարեսիրտ միջին տարիքի մարդ է Նաիրի Գալստյանը. դրական էներգիան անմիջապես է փոխանցվում հիվանդին: Նույնը եւ երիտասարդ բուժքույրերըՙ գեղեցիկ ու միշտ ժպիտով: Երբ աշխատանքն ավարտում է, ընկերներիցս մեկիՙ որ արտերկրում է բնակվում, հարցն եմ ուղղում իրեն: Պատասխանում է: Ասում եմՙ շատերն այնտեղից գալիս, ատամներն այստեղ են բուժում: Ասում էՙ կգան այնքան, մինչեւ այստեղից բոլոր լավ բժիշկները կհեռանան:

- Գիտեք, բժիշկ,- ասում եմ,- ձեզ զանգահարելուց առաջ մտքիս հենց դա էրՙ իսկ եթե Նաիրին գնացած լինի՞: Լռում է մի փոքր, հետո ասումՙ ես ամենավերջին գնացողը կլինեմ, այն էլՙ եթե պարտադրված լինենք: Լույսերը վերջինը կանջատեմ ու դուրս կգամ:

Հայրենիքի, երկրի լույսերը... Հիշեցի ընկերներիցս մեկիՙ կյանքի ճանապարհը ազնվորեն անցնող մտավորական հայ մարդու վերջերս ասածը, թեՙ ես Հայաստանից ելնողը չեմ: Դուք գնացեքՙ ուր ուզում եք:

Մի քանի րոպե անց տաքսու վարորդը, համացանցում գրանցված բավական բարձր ռեյտինգով մեկըՙ մեքենան հանգիստ վարելու, լավ զրուցակից լինելու, բարեկիրթ սպասարկման, լավ երաժշտություն մատուցելու (իմ ժամանակ այդպես չէրՙ մի կիսառաբիզ հիմար երգ էր), շատերի պես մտահոգ էր մեր ներկա վիճակով, թե երկիրն էս ուր հասցրին: Մտովի հակադարձեցի, իսկ ինչո՞ւ հասցրին, գուցե յուրաքանչյուրս իր մասն էլ տեսնի՞ այդ ճանապարհին, ինչպեսՙ բարեկամուհիս, որ պատերազմի ավարտից օրեր անց կեղեքում էր ինքն իրեն, թե այս ողջ ընթացքում մտածել եմՙ ի՞նչ ես կարող էի անել երկրիս համար, որ չեմ արել, որտե՞ղ եմ արդյոք թերացել, երբ վստահ գիտեմ աշխատանքի հանդեպ իր պատասխանատվության աստիճանը, անհանդուրժողականությունը անարդարության հանդեպ եւ չլռելը:

Փետրվարի 18-ն էրՙ 1921-ի Փետրվարյան ապստամբության 100 -րդ տարին: Վարորդին ասում եմՙ այ տեսնում եքՙ հիմա էլ անկախությունից ենք դժգոհում, հասցրեցին այն աստիճանի, որ ինքներս մեզ խոստովանենք, թե հայերը սեփական երկիրը կառավարել չեն կարողանում, որ մեր գլխին միշտ մի օտար վերակացու պիտի լինի, թե չէ մենք մեզանով ոչնչի ընդունակ չենք, միայն իրար ենք գզում: Նա էլՙ թե երեսուն տարի էՙ անկախ ենք, ինչ մի լավ բան տեսանք, միայն թալան, մեծ մասը թողին, գնացին երկրից, հիմա էլ շունը տիրոջը չի ճանաչում, ամեն ինչ խառնվել է իրար, անպաշտպան ենք մնացել, չգիտենքՙ ինչ անենք, որն է ճիշտ, որըՙ սխալ:

- Այսքան դժվարությունների ու զրկանքների գնով ձեռք բերած պետականությունը կորցնե՞նք, նորից դառնա՞նք Ռուսաստանի պրովինցիա:

- Ավելի լավ չի՞, - հակադարձում է, - գոնե կիմանասՙ ապահով ես, մի մեծ երկրի հովանու տակ ես, հանգիստ կապրես, համ էլ կզարգանա երկիրը:

- Որեւէ երկրի զարգացման երաշխիքը անկախ պետականության գոյությունն է, ազատությունը, - ասում եմ: Մոտ 200 տարի այդ երկրի իշխանության տակ ինչի հասավ մեր հայրենիքըՙ շագրենի կաշվի պես փոքրացավ ու փոքրացավ, մեր զինվորների ու մեր հողերի հաշվին տարածաշրջանում իրենց քաղաքական հարցե՞րն են լուծում:

Հետո մտածում եւ միեւնույն հարցը այս էլ որերորդ անգամ սեղմում է կոկորդսՙ իսկ ինչո՞ւ միայն մեր հաշվին են կարողանում դա անելՙ ամենաթույլ կետն ե՞նք, ամենախոցելի՞ն ենք, ամենից հարմա՞րն ենք: Բայց մենք հո նոր չէ, որ կորցնում ենք մեր տարածքները, մեր պատմությունը կորուստների ու աղետների շարան է: Չէ, այնպես չէ, թե մենք մեր երկիրը չենք սիրում. ոչ էլ կեղծ հայրենասիրություն է պետք փաթաթել մեզ: Մենք մե՛զ չենք սիրում, միմյանց ենք ներհակ, ու սա տեսնում է օտարը, տեսնում է ու օգտվում, օգտագործում ըստ իր սեփական շահի, ու դա ոչ էլ պախարակելի է: Հայրենասիրությունը հո դատարկ բա՞ռ չէ, երկիրը մարդով է երկիր, մարդով է գոյատեւում: Իսկ մենք մարդո՛ւ հանդեպ ենք անտարբեր, անկարեկից եւ, այո՛, դաժան: Մենք միմյանց հետ հաշտ չենք: Լավը տեսնելու կարող չենք. հորիզոնում չերեւա այդպիսի մեկը, երեւակայությանը զոռ են տալիս ու սկսվում է մարդուն հեղինակազրկելու վարպետ գործընթացը... Ահա որտեղ է պետք նաեւ փնտրել մեր անհաջողությունների պատճառները:

Հայերիս պատմության մեջ փետրվարի 18-ը ընդվզումի, ապստամբության օր էՙ ազատության, անկախության համար պայքարի օր: Երկիրը «ապահովության զոնայի» մեջ տեղավորելուն կողմնակից հայը չգիտեր էլՙ դա ինչ օր է: Մենք մեր իրական պատմությունը չգիտենք: Մեզ կերակրել են հորինովի պատմություններով ու ստերով, իսկ հիմա դա հատել է հնարավորի սահմանները: Մի սփյուռքահայ, որ երկու տարի առաջ Լոս Անջելեսից Հայաստան էր տեղափոխվել ու հիմա ետ է գնում, վերջերս մի հաղորդման ժամանակ ասաց, թեՙ Հայաստանն այսօր դարձել է ստի ու կեղծիքի կենտրոն:

Հիմա նաեւ շատ խոսում են, որ ատելության մեծ դոզա է կուտակվել հանրության ներսում, ու դա վտանգավոր է: Սակայն դա այնքան էլ այդպես չէ, կամ ուղղակի այդպես չէ: Ատելություն եթե կա, ապա երկու հակադիր ճամբարներում էՙ Բաղրամյանից Հրապարակ. միմյանց ատում են մարդիկ, ովքեր իրար չեն ճանաչում: Աբսուրդ է:

Այ ուրիշ բան, եթե ասենքՙ վստահության պակաս կա, ու սա իսկապես վտանգավոր է: Անվստահությունը ծնում է փախուստ, իրականության ոչ ճիշտ գնահատում, որից էլՙ սխալ վերաբերմունք, նաեւ անինքնավստահություն, նաեւ մեկուսացում: Այսպիսի հասարակությունը մերժում է ամեն դրական բան, քանի չի վստահում, չի հավատում ոչնչի ու ոչ մեկի: Եվ որքան անկեղծ է խոսքըՙ այնքան վստահությունը քիչ է, որքան զգացմունքային ու բաց է, այնքան կասկածներն ավելի շատ են: Խեղաթյուրված ու հիվանդ վիճակ է սա: Մեր իրականությունը, մեր կյանքն է այսպիսին դարձրել մարդունՙ անառողջ հարաբերությունները, հոգեբանական վնասվածքները: Մարդը հակված չէ հավատալ մի բանի, որը չի տեսել, չի զգացել:

Դժվար է, երբ վստահության, հավատի այսչափ պակաս կա:

Շատ է խոսվում նաեւ անտարբերության մասին, այս վտանգը տարիներ ցեցի պես ուտում է մեր հոգիները: Սակայն արտառոց է անտարբերությունը ներկա պայմաններում: Այնպես չէ, թե մենք հանգիստ մի հասարակություն ենք. ներքաղաքական, սոցիալական, կրթական, էկոլոգիական եւ բազմաթիվ այլ խնդիրների հետ կապված անպակաս են եղել հանրային ընդվզումները: Սակայն այսօր երկրի, հայրենիքի, ամենքիս ճակատագիրն է հարցականի տակ, վտանգված է մեր պետականությունը, մեր գոյությունը, եւ մարդկանց մի ստվար հատված անտարբեր է, շարունակելով ապրել միմիայն առտնին կյանքով, հարեւանցի է նայում կատարված ողբերգությանը, ներկայիս վտանգավոր իրադարձություններին: Ասես հանգիստ հետեւում է իր կործանմանը, նման զառամյալ մի ծերունու, որ վաղուց հոգնել է կյանքից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 12-03-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ