RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#007, 2021-02-26 > #008, 2021-03-05 > #009, 2021-03-12 > #010, 2021-03-19 > #011, 2021-03-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 12-03-2021



Տեղադրվել է` 2021-03-11 22:21:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 3585, Տպվել է` 113, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՔՐԻՍՏՈՍ ՂԱԼԻԼԵԱՍ. «ԵՍ ԻՆՁ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ ՀՈՒՅՆ ԵՄ ԶԳՈՒՄ ԵՎ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ ՀԱՅ»

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

Բազմաթիվ երաժշտական քննադատներ նրան անվանել են «հին դպրոցի վիրտուոզ», «շլացուցիչ վիրտուոզության եւ անթերի երաժշտության անհավանական խառնուրդ», «հազվագյուտ ինքնատիպության եւ առավելագույն հստակության տեր արտիստ»: Քրիստոս Ղալիլեասը միջազգային աշխույժ կարիերա է ունեցելՙ որպես ջութակահար, կամերային երաժիշտ եւ ուսուցիչ:

Ծնվել է 1975 թվականին, Հունաստանի Սալոնիկ քաղաքում: Ջութակի իր առաջին դասերը չորս տարեկանում ստացել է հորիցՙ հույն հռչակավոր ջութակահար եւ դիրիժոր Կոսմաս Ղալիլեասից, ապա ուսումը շարունակել է պրոֆեսոր Ստելիոս Կաֆանտարիսի մոտ: 1994-ին Աթենքի կոնսերվատորիան ավարտելուց հետո արժանացել է առաջին մրցանակի եւ ոսկե մեդալիՙ իր բացառիկ երաժշտական ընդունակությունների համար: Տասնվեց տարեկանում կայացել է Քրիստոսի առաջին հանրային ելույթը Սալոնիկի սիմֆոնիկ նվագախմբի հետՙ Պագանինիի ջութակի 1-ին կոնցերտի կատարմամբ: 1994-1995 թվականներին նա սովորել է պրոֆեսոր Զախար Բրոնի մոտՙ Գերմանիայի Լյուբեկ քաղաքում, այնուհետեւՙ Օբերլինի կոնսերվատորիայում (ջութակի անվանի մանկավարժներ Ռոլանդի եւ Ալմիտա Վամոսի մոտ), որտեղ արժանացել է մրցանակի եւ երաժշտության բակալավրի աստիճանի: 1995-ին Հունաստանի «Կրթաթոշակների ազգային մրցույթում» շահել է առաջին մրցանակ, իսկ երկու տարի անց նրան շնորհվել է Աթենքի «Մեգարոն» համերգասրահի «Ալեքսանդրա Տրիանդի» կրթաթոշակը: Այդ ժամանակից ի վեր Ղալիլեասը որպես մենակատար հանդես է գալիս բազմաթիվ նվագախմբերի հետ եւ միջազգային փառատոներում: 1999 թվականին նա ուսումը շարունակել է Ջուլիարդի դպրոցումՙ ջութակի լեգենդար մանկավարժ Դորոթի Դելեյի մոտ եւ ստացել մագիստրոսի կոչում: 2002-ին հիմնադրել է 22 հոգուց բաղկացած «Հելլենիկ կամերատա» կամերային նվագախումբը, շրջագայել Հյուսիսային, Կենտրոնական եւ Հարավային Ամերիկայում: 2005 թվականին ստացել է ջութակի կատարման դոկտորի կոչում Սթոնի Բրուքի Նյու Յորքի Պետական համալսարանից: Դոկտոր Ղալիլեասը հրավիրվել է ջութակ եւ կամերային երաժշտություն դասավանդելու մի շարք հայտնի հաստատություններում, զբաղեցրել է կարեւոր վարչական պաշտոններ, օրինակՙ եղել է Հունաստանի Աֆիտոս քաղաքի ամառային երաժշտական ակադեմիայի գեղարվեստական ղեկավարը: 2007-ից Քրիստոս Ղալիլեասը Ջորջիայի պետական համալսարանի ջութակի դոցենտ է եւ կամերային երաժշտության համակարգող: Նրա վերջին աշխատանքը Հունաստանի եւ Հայաստանի կին կոմպոզիտորների երաժշտության պատվիրումն ու ձայնագրումն է: 2015-ին Ղալիլեասը Սալոնիկում հիմնադրել է «Անատոլիա» ամառային երաժշտական ծրագիրը, որի գործադիր եւ գեղարվեստական ղեկավարն է: Քրիստոս Ղալիլեասը նվագում է 1705 թվականի Ջուզեպպե Գուառներիի ջութակ...

- Սիրելի՛ Քրիստոս, մեր զրույցը սկսենք հեռավոր 1994 թվականին վերաբերող իմ հիշողությունից, երբ ելույթ ունեցար Երեւանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Անմոռանալի համերգ էր: Հայաստանի համար այդ ծանր ժամանակաշրջանում մի շատ երիտասարդ երաժիշտ, նույնիսկ կիսով չափ հայ լինելով, փայլուն կատարմամբ հանդես եկավ իր մոր նախնիների երկրում: Ես նույնիսկ հիշում եմ, թե ինչպես էր քո մայրն արտասվում հուզմունքից եւ հպարտությունից...

- Այո՛, դա շատ յուրահատուկ եւ անմոռանալի փորձառություն էր: Ես տասնինը տարեկան էի եւ առաջին անգամ Հայաստան այցելելն իմ մեջ շատ հուզիչ զգացմունք առաջացրեց: Դրան գումարվում էր այդպիսի հիանալի նվագախմբի եւ հայտնի դիրիժոր Լորիս Ճգնավորյանի հետ ելույթ ունենալու ոգեւորությունը: Իրոք, շա՜տ, շա՜տ յուրահատուկ պահ էր: Ես անհամբեր սպասում եմ կրկին Հայաստան այցելելուն, ինչը շատ եմ կարոտում:

- Ինչպե՞ս ընթացավ քո կարիերան:

- Բողոքելու տեղ չունեմ: Ես շատ երջանիկ եմՙ որպես մենակատար եւ կամերային երաժիշտ ծավալելով աշխույժ կարիերա աշխարհի ավելի քան երեսուն երկրներում: Ելույթներ եմ ունեցել աշխարհի ամենահեղինակավոր համերգասրահներում, ինչպիսիք են Վիեննայի «Մյուզիքվերեյնը» եւ «Կոնցերտհաուզը», Մյունխենի «Գասթայգը», Պրահայի «Ռուդոլֆինումը» եւ «Սմետանա» համերգասրահը, Նյու Յորքի «Քենեդի» կենտրոնը, Բուխարեստի «Աթենաումը»ՙ ի թիվս բազմաթիվ այլ վայրերի: Համագործակցել եմ այնպիսի նշանավոր երաժիշտների հետ, ինչպիսիք են թավջութակահար Միշա Մայսկին, դաշնակահարներ Դիմիտրի Սգուրոսը եւ Յուրի Մարգուլիսը, ինչպես նաեւ «Բորոդին» եւ «Կոմիտաս» լարային քառյակները:

- Դասական երաժշտության վիճակը շա՞տ է տարբեր Հունաստանում եւ ԱՄՆ-ում:

- Ոչ այնքան: Գիտենք, որ երաժշտությունը միջազգային լեզու է, որը հիմնականում միավորում է մարդկանց ու մշակույթներին եւ մեզ ավելի մոտեցնում միմյանց: Դասական երաժշտության վիճակը գուցե մի փոքր այլ է արվեստի ոլորտումՙ աջակցության առումով: Հունաստանում արվեստը դեռեւս մեծապես աջակցում եւ սուբսիդավորում է պետությունը, ինչը լավ բան է, իսկ ԱՄՆ-ումՙ հիմնականումՙ մասնավոր սեկտորը (նույնպես լավ բան է): Ես իսկապես կարծում եմ, որ այդ երկուսի համադրությունը իդեալական կլինի:

- Քույրդՙ Նվարդ-Վերոն Ղալիլեասը, նույնպես երաժիշտ է, որը երկու անգամ մասնակցել է Գյումրիում Վերածննդի երաժշտական փառատոնին...

- Այո, Նվարդ-Վերոնը փայլուն ֆլեյտահար էՙ հիանալի կարիերայով: Մենք համագործակցել ենք բազմաթիվ առիթներով, միասին ենք սկսել «Անատոլիա» երաժշտական փառատոնը: Այո, նա նույնպես այցելել է Հայաստան եւ մոտ ապագայում մենք ցանկանում ենք միասին հանդես գալ Հայաստանում:

- 1994-ի քո համերգից հետո երեւանյան մի թերթ հրատարակեց հոդվածՙ «Ղալիլեաս-Գալֆայան խենթերի ընտանիքը» վերնագրով: Ինչո՞ւ այդպես:

- Հոդվածը վերաբերում է շատ հայտնի «Սարդարապատ» երգին, որտեղ նշվում է «երկրիդ հանդեպ խենթ սերը»: Չնայած ծնվել եւ մեծացել եմ Հունաստանում եւ հույն հորից, սակայն մայրսՙ Տիրուհի Գալֆայան-Ղալիլեասը, ամեն ինչ արեց, որ քույրս եւ ես դաստիարակվենք որպես «իսկական հայ»: Նա մեզ հետ խոսում էր միայն հայերենՙ համոզվելու համար, որ մենք սովորում ենք լեզուն ու մեզ սովորեցրեց մեր հպարտ ազգի պատմությունը: Ընտանիքի իմ հայկական կողմը շատ ակտիվ էր Սալոնիկի համայնքում: Իմ մեծ պապըՙ Կարապետ Ղազարյանը, այն մարդկանցից էր, որը հող էր գնել Սալոնիկի հայկական եկեղեցու համար եւ ֆինանսավորել դրա շինարարությունը: Պապսՙ Ռուբեն Գալֆայանը, երեսուն տարի Սալոնիկի հայ համայնքի նախագահն էր, հորեղբայրսՙ Կարապետ Գալֆայանը, Խորհրդային Միության փլուզումից հետո Հունաստանում Հայաստանի Հանրապետության առաջին ներկայացուցիչն էր: Նա նաեւ պատասխանատու էր հումանիտար օգնության կազմակերպման համար, որը Հունաստանից Հայաստան է ուղարկվել 90-ականների սկզբին: Մայրս ավելի քան 30 տարի եղել է Սալոնիկի Համազգային մշակութային միության նախագահ: Ինչպես տեսնում ես, իմ մեջ առկա է հայության շատ երկար եւ ամուր պատմություն: Այն հարցին, թե ինձ ավելի շատ հույն եմ զգում, թե՞ հայ, պատասխանում եմ, որ ես ինձ հարյուր տոկոս հույն եմ զգում եւ հարյուր տոկոս հայ:

- Ի դեպ, 2011-ին Սալոնիկում ես այցելել եմ «Գալֆայան թանգարան» եւ հյուրընկալվել Կարապետ եւ Անահիտ Գալֆայանների տանը, այժմ երկուսն էլՙ լուսահոգի: Ի՞նչ հետք են նրանք թողել Հունաստանի թանգարանային կյանքում:

- Հավանաբար այցելել ես Սալոնիկի Բյուզանդական մշակույթի թանգարանում գտնվող Գալֆայան մասնավոր հավաքածուի ցուցահանդեսը: Գալֆայան ընտանիքի երեք սերունդ երկար ժամանակ զբաղվել է արվեստի գործեր հավաքելով եւ հնաոճ իրերի վաճառքով: Հայ արվեստի նրանց մասնավոր հավաքածուն կոթողային է: Մեր հայկական մշակութային ժառանգությունը խթանելու գործում նրանց նվիրվածությունը հատկանշական է եւ հիացմունքի արժանի:

- Հայ երաժշտությունը որքանո՞վ է ներկա քո աշխատանքում:

- Իմ համերգային ծրագրերում ես մշտապես ընդգրկում եմ հայ կոմպոզիտորների երաժշտություն: Հաճախ եմ համագործակցում նաեւ հայ արվեստագետների հետ: Դասախոսություններ եմ կարդացել հայ երաժշտության, Կոմիտասի եւ «Հայկական հնգյակի» վերաբերյալ: Բախտավոր էիՙ մանկությանս տարիներին հնարավորություն ունենալով հանդիպել հայ երաժշտության այնպիսի լեգենդար գործիչների, ինչպիսիք են կոմպոզիտորներ Ղազարոս Սարյանը, Էդվարդ Միրզոյանը, դիրիժորներ Հովհաննես Չեքիջյանը եւ Լորիս Ճգնավորյանը, Կոմիտասի հայտնի քառյակը եւ այլք: Այս հիանալի արվեստագետներն այցելել են Սալոնիկի մեր տունՙ Հունաստան եկած լինելով հորսՙ ականավոր ջութակահար եւ դիրիժոր Կոսմաս Ղալիլեասի հրավերով: Մայրսՙ Տիրուհի Գալֆայան-Ղալիլեասն էր հորս առաջարկել, որ նա Հայաստանից հյուրախաղերի հրավիրի այս բոլոր մեծ երաժիշտներին եւ համույթներին: Նրանց թվում են Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Արամ Ղարաբեկյանի ղեկավարած Հայաստանի կամերային նվագախումբը, «Սերենադ» կամերային նվագախումբը, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը, «Հայաստանի փոքրիկ երգիչները», «Կոմիտաս» եւ «Խաչատրյան» քառյակները եւ շատ ուրիշներ: Այո, հայ երաժշտությունը միշտ եղել է իմ կյանքի շատ մեծ մասը, ինչի համար ես շնորհակալ եմ:

- Կապ պահո՞ւմ ես ԱՄՆ-ի եւ աշխարհի հայերի հետ:

- Այո, ես մշտական կապի մեջ եմ ամբողջ աշխարհի հայերի հետ: Ես շատ ակտիվ եմ նաեւ որպես Հունաստանի եւ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի անդամ: Ներկայումս ներգրավված եմ Հունաստանում մարդասիրական օգնություն հավաքելու եւ Հայաստան ուղարկելու մի ծրագրի մեջ, որպեսզի արցախյան պատերազմից հետո անհրաժեշտ շատ աջակցություն ցուցաբերենք: Որպես հայՙ ես վրդովված եմ այս հակամարտության արդյունքներից եւ մեր կրած զոհերի համար: Մենք պետք է շարունակենք պայքարել հանուն մեր գործի, որպեսզի համոզվենք, որ մեր քաջ հերոսների զոհաբերությունն իզուր չէր: Փառք ու պատի՛վ մեր հերոսներուն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 12-03-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ