60-ԱՄՅԱԿ ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ԱՇՈՏ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ

3

«Ես քեզի չեմ գովեր, արժէքներդ կուտամ»

Գրիգոր Զոհրապ

Լրացավ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Աղասիի Մելքոնյանի 60-ամյակը: Հոբելյան, որը յուրաքանչյուր մարդու կյանքում կարեւոր սահմանագիծ է, ապրած տարիների յուրակերպ ամփոփման եւ նոր ու ավելի հասուն քայլեր կատարելու շրջափուլ: 60-ը շատ է, թե՞ քիչ: Եթե հարցը դիտարկենք մեր ծնողների չափորոշիչներովՙ 60-ը պատկառելի տարիք էր, նույնիսկՙ ծերություն: Իսկ մեր օրերում երկրի նախագահ են դառնում 78 տարեկանում: Ավելին, գերզարգացած երկրներում թեւավոր խոսք է դարձելՙ «թոշակի գնալուց (այդպիսի տարիք է համարվում 60-ը) հետո է սկսվում իսկական կյանքը»: Վստահ եմ, մեր Աշոտը թեեւ արդեն պատկառելի գիտական վաստակ ունի, մշտապես ունեցել է ամենաակտիվ դիրքորոշում գրեթե բոլոր համապետական ու ազգային հիմնախնդիրներ շոշափող հարցերի նկատմամբ, դեռ շատ աշխատություններ կպարգեւի ընթերցողին եւ իր ազգաշահ ակտիվ կեցվածքովՙ ուսանելի դասերՙ հայ մարդուն:

Դեռ ուսանողական նստարանից Ա. Մելքոնյանը նվիրվեց հարազատ ժողովրդի պատմության լուսաբանմանը, պատմագիտությանը եւ հայագիտության զարգացմանը: Հանրապետությունում եւ Սփյուռքում նրան ճանաչում են որպես ականավոր գիտնականի, գիտության եւ կրթության ոլորտի փորձառու մասնագետի, ուղղամիտ մարդու եւ իսկական քաղաքացու: Նա ընտրելով իր մասնագիտությունը, գիտական գործունեության ամբողջ ընթացքում, տասնամյակների անխոնջ աշխատանքով ծանրակշիռ ներդրում է ունեցել գիտության զարգացման գործում եւ դրանով իսկ խոշոր ծառայություն մատուցել հայագիտությանը, հետեւապեսՙ Հայրենիքին: Ա. Մելքոնյանի եւ պատմության ինստիտուտի աշխատակազմի անդուլ ջանքերով կյանքի կոչվեց արտակարգ պատասխանատու ու արժեքավոր այնպիսի գործ, ինչպիսին «Հայոց պատմություն» ակադեմիական նոր բազմահատորյակի հրատարակությունն է:

Բազմավեկտոր է Ա. Մելքոնյանի գիտական հետաքրքրությունների շրջանակը, այն ընդգրկում է Արեւմտյան Հայաստանը, Հայկական հարցը, Հայոց ցեղասպանությունը, Ջավախքի պատմությունը, հայ-վրացական հարաբերություն-ները, պատմական ժողովրդագրության հիմնահարցերը, Հայոց պետականության պատմությունը եւ այլն: Ա. Մելքոնյանը գիտաքաղաքական կարեւորագույն նշանակություն ունեցող Հայաստանի նահանգների վարչատարածքային եւ ժողովրդագրական գործընթացների ուսումնասիրության նախաձեռնողներից է: Նրա ղեկավարությամբ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում գործել է թեմատիկ խումբ: Նրա ուղղորդմամբ էլ այդ ուղղությամբ աշխատանքները լայն ծավալ ընդունեցինՙ ընդգրկվելով արդի գիտական շրջանառության մեջ: Առանց երկմտելու կարելի է ասել, որ Ա. Մելքոնյանը մեզանում ժողովրդագրության դպրոց ստեղծեց: Նրա ղեկավարությամբ մեծ թվով գիտական թեզեր պաշտպանվեցին, որոնք լույս են սփռում Հայաստանի տարբեր մասերի բնիկ հայկական լինելու հարցի վրա: Բավական է նշել, որ նրա ղեկավարությամբ պաշտպանվել է 14 թեկնածուական ատենախոսություն, որոնք նվիրված են եղել Հայաստանի պատմական ժողովրդագրության, ցեղասպանության եւ այլ թեմաներին:

Մեկ մարդու համար անհավատալի մեծ է Ա. Մելքոնյանի գիտական վաստակը: 60 տարեկանում նա 18 գրքի եւ 450-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ է: Նրա գիտական խմբագրությամբ լույս են տեսել տասնյակ աշխատություններ, ժողովածուներ, դպրոցական դասագրքեր եւ բուհական ձեռնարկներ: Բազմիցս մասնակցել է հանրապետական եւ միջազգային գիտական հեղինակավոր խորհրդաժողովների, 4 տասնյակից ավելի երկրներում հանդես է եկել ելույթներով եւ դասախոսություններով, որոնց շնորհիվ մեծ ճանաչում է ստացել ոչ միայն հայության, այլեւ արտասահմանի մասնագետ-պատմաբանների շրջանում: Ուստի բոլորովին էլ պատահական չէ, որ նա արժանացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գլխավոր մրցանակինՙ «Երիտասարդ գիտնական-94» անվանակարգով, «Ջավախքը 19-րդ դարում եւ 20-րդ դարի առաջին քառորդին»ՙ «Գուրգեն Մելիքյանի Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների» հիմնադրամի դրամաշնորհին եւ Թեքեյան մշակութային միության «Հայկաշեն Ուզունյան» մրցանակին եւ այլն:

Մեծահարգ գիտնականը գլխավորում է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտական եւ պատմության ինստիտուտում գործող 004 Հայոց պատմության մասնագիտական խորհուրդները, անդամակցում է ԵՊՀ-ի, ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի, Երեւան քաղաքի պատմության թանգարանի գիտական խորհուրդներին, հանդիսանում է նաեւ մի շարք գիտական հանդեսներիՙ «Հայոց պատմության հարցեր» (խմբագիր), «Պատմաբանասիրական հանդես» (խմբագիր), «Լրաբեր հասարակական գիտությունների», «Բանբեր հայագիտության», «Վէմ», «Կանթեղ», «Բանբեր Հայաստանի արխիվների», «Вестник гуманитарных и юридических наук (Ставрополь Северо-кавказский федеральный университет)», «Регион и мир» խմբագրական կազմերի անդամ: Գիտությանը զուգահեռ, Ա. Մելքոնյանը մտահոգված է մեր երկրի հոգսերով, իրականացրել եւ իրականացնում է հասարակական-քաղաքական արդյունավետ գործունեություն:

Մեր հանրապետության քաղաքացիները քաջածանոթ են նաեւ հայ-թուրքական հարաբերությունների եւ նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ նրա դիրքորշմանը: Քաղաքացիական արիության ու սեփական հավատամքին անդավաճան մնալու վառ օրինակ է ՀՀ Ազգային ժողովում «Նախաստորագրված արձանագրությունները եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը» թեմայով խորհրդարանական լսումներին նրա ելույթը: Ա. Մելքոնյանն ազնիվ է, շիտակ, սկզբունքային, ընկերասեր: Անմնացորդ հայրենասիրության յուրահատուկ դրսեւորումներ են 1997 թվականից նրա ուխտագնացություններն Արեւմտյան Հայաստան եւ Կիլիկիա, որոնց գագաթնակետը հանդիսացավ նրա վերելքը «Հայոց անմահության խորհուրդ» Սուրբ Արարատ լեռը:

Իր կուտակած անսպառ գիտելիքները Ա. Մելքոնյանն անմնացորդ նվիրաբերում է երիտասարդ սերնդին կրթելու հայրենանվեր գործին: Նա դասավանդել ու դասավանդում մի շարք համալսարաններում: Բարձր է գնահատվել Ա. Մելքոնյանի ծառայությունները Հայրենիքին եւ գիտությանը: Նա պարգեւատրվել է բազմաթիվ մրցանակներով, Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների կառավարական բարձր պարգեւներով, ի թիվս որոնցՙ Երեւանի բժշկական համալսարանի «Ոսկե» (2005 թ.), «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե, (2010 թ.), «Ակսել Բակունց» (2011 թ.), ԵՊՀ-ի ոսկե (2011 թ.), «Մանկավարժական համալսարան» ոսկե (2011 թ.), ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» (2011 թ.), ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» (2013 թ.), «ԼՂՀ ազգային-ազատագրական պայքարի 25-ամյակի առթիվ» (2013 թ.), «Արգիշտի Առաջին» (2015 թ.), «Վաչագան Բարեպաշտ» (2018 թ.) հուշամեդալներով եւ մեդալներով: Պատմագիտության բնագավառում ձեռք բերած ակնառու հաջողությունների համար Ա. Մելքոնյանին շնորհվել է «Մովսես Խորենացի» (2003 թ.), Հայոց ցեղասպանության 90-ամյա տարելիցի միջոցառումներին ակտիվորեն մասնակցելու համարՙ ՀՀ վարչապետի (2005 թ.) մեդալները:

***

Ծննդյանդ օրը տխուր էիր, սիրելի ընկեր, շփոթված, ծանրագույն մտորումների, ապրումների, հույզերի եւ հույսերի մեջ: Համեստորեն շնորհակալ էիր լինում շնորհավորողներին, ստիպված ժպտում, բայց ես լավ գիտեմ, որ Արցախը քեզ համար գերագույն արժեք էր եւ է, իսկ կորուստըՙ դաժան ցավ: Մեր օրերում մեկ-երկու գրքույկ են գրում, մի քանի հոդված եւ հանկարծՙ մեծ շուքով հոբելյաններ են տոնում, աշխարհով մեկ անում: Ինձ համար քո գոյությունն արդեն տոն է, հոբելյան, փառք ու պատիվ: Շնորհավորում եմ, պարոն Մելքոնյան, մաղթում եմ առողջ լինես միշտ, երբեք չկորցնես հոգուդ կորովն ու լավատեսությունը, իսկ ամենակարեւորըՙ 2020-ի նման տարի այլեւս չտեսնես ու միշտ հավատաս մեր անխուսափելի հաղթանակին: