RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-02-11 15:01:08Վերջին օրերին տեղի ունեցան, կարծում եմ՝ միմյանց հետ փոխկապակցված երկու չափազանց կարևոր իրադարձություններ
2021-02-11 14:59:50Սիրելի՛ ժողովուրդ, Քեզ հիպնոսացրել են, արթնացի՛ր. Հայրենիքի փրկության շարժում
2021-01-27 21:42:18Արցախյան 2 պատերազմի մասնակցած ազատամարտիկը ծեծի է ենթարկվել
2021-01-27 21:40:33Դիւանագիտական նոր պատեհութիւններ որոնցմէ պէտք է օգտուի հայաստանը
2021-01-27 20:49:29Ալիևը հայտարարում է, որ Հայաստանում ժամանակին ադրբեջանցիներ են ապրել և նրանք պետք է հետ վերադառնան այդտեղ ապրելու
#004, 2021-02-05 > #005, 2021-02-13 > #006, 2021-02-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 19-02-2021



Տեղադրվել է` 2021-02-18 22:36:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 2418, Տպվել է` 238, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՐԿԻՐ ԵՎ «ԱԶԳ»

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Տեսնում եք երեւի, որ մենք չենք տրվում տարբեր նպատակներով հրապարակ նետվող հարցազրույցների ու տեսակետների խորը վերլուծությանը եւ տիրաժավորմանը, որոնք ոչ թե պարզաջրում են իրավիճակը, այլ մի հետին նպատակով ավելի խառնշտորում, մենք երբեմն միայն ամենացցուն դետալներին ենք անդրադառնում: Չենք ուզում, այդպիսով, մի բաժակ պղտոր ջուր էլ մենք ավելացնել այս քանի ամիսը մեր իրականության մեջ ավերածություններ անող սելավաջրի բերած այս ընդհանուր խառնափնթորությանը: Մեր ցանկությունը թացը չորից զատելն է այս պահի ահավոր , անճանաչելի Հայաստանում, որը, խոստովանենք, քանի գնում ավելի անհնարին է դառնումՙ համատարած գոռգոռոցի ու բազմակողմ պոպուլիզմի պատճառով. երեւի ներսի ու դրսի շատ ուժեր են խաղադրույք կատարել Հայաստանն ու Արցախն իրենցով անելու սեղանին:

Խեղճ, խեղճ ժողովուրդ, որի միակ ցանկությունն այս բոլոր տասնամյակների ընթացքում ավելի արժանապատիվ ապրելու երազանքը, իր մարմնին շուլալված զանազան մակաբույծներից ազատվելը, երկրի եւ անձնական բարեկեցության ավելի անվտանգ ու ապահով հունով ապագա ունենալն է եղելՙ կարծես ոչ մի գերբնական ցանկություն: Չստացվեց: Պատճառները տարբեր ենՙ կրթական ընդհանուր մակարդակի պակասից սկսածՙ մինչեւ ամեն բարձր գոռացողի հավատալու հայկական դյուրահավատություն ու առեւտրաշահ մենթալիտետ, որոնց առկայությամբ ոչ մի ժողովուրդ չի կարող դուրս գալ լուսավոր ուղի: Նրան խաբում եւ խաբելու է ամեն ոքՙ զանազան արկածախնդիրներ, ամեն ինչ լավ հաշվարկած սրիկաներ, ուրիշ երկրների ազդեցության գործակալներ, երկրի հանդեպ հանցագործությունները ամեն կերպ պարտակելու մղվող անձիք, պարզապես ստախոսներ ու բարոյականությունից կիլոմետրերով հեռու մարդիկ: Նրանք ժողովրդին անվանում են ժեխ, նախիր, բոմժ, անհասկացող, անխելք, խաբված, հիմար, տգետ ու էլի այդ կարգի ածականներով, նայած որակումը տվող անձի սեփական բարոյականության աստիճան, վարձատրության չափ ու պատկանելության խմբի նպատակ. ու, խոշորացույցով էլ փնտրեք, անկախ շաղ տված երդումներից, այդ որակումների հեղինակների իրական, գործով երեւացող հայրենասիրություն չեք գտնի:

Դյուրահավա՛տ, դյուրահավատ իմ ժողովուրդ, իհարկե, քո մի տոննա կարտոֆիլը, որը չի վաճառվում հաճախ ու չի փոխհատուցում քո ապրելու համարժեքը, ոչինչ է խաղի մեջ նետված միլիոնավոր դոլարների, արտաքին խարդավանքիՙ քեզ ոչնչացնելու պատրաստ համակարգված մեքենայի ու լավ վարձատրության բազմակի զրոների դեմ, ինչ ունես դու, որ կարողանաս քո սեփական ճակատագիրը վճռես: Դա անպայման պետք է անեն ուրիշներըՙ ճարպիկները, գեոերկտակվողները, դրսի ուժերին զեկույց գրողները, ով ասես, բայց ոչ դու: Ու պատերազմից հետո, որին զոհ գնացին քո, ոչ թե նրանց զավակները, դրա հնարավորությունն ընդհանրապես զրոյի է մոտենում, քիչ է մնում արդենՙ պատերազմի ու Արցախը հանձնելու մեղքը բարդեն քո վրա, քանի որ դու ես բերել հանձնողին իշխանության, քո ձեռքով: Կամիկաձե ես տեղով, հո ժողովուրդ չես:

Դառնացա:

Դառնացա ՍերԺ Սարգսյանի հարցազրույցի, նրա կուսակիցների հետքննարկումների, ներկա իշխանության աներեսության ու ապաշնորհության ֆոնին: Դառնացա, որ մեր ժողովուրդը հավատում է ամեն մեկին, որ նրան նվաստացնելուց, նեղացնելուց ու անգամ կյանքից զրկելուց որոշ ժամանակ անց ով ասես կարող է գալ ու ավելի վաղ ասածի հակառակը պնդել, ասելՙ ես ոչ մի թիզական չեմ եղել, ասելՙ Նիկոլն իմ խզբզածը չի, ասելՙ խոսքս դրժեցի ու վարչապետ դարձա, որ Ղարաբաղի հարցը լուծեմ:

Էհ, հենց ապրեք, ոչ ոք հիշողություն եւ ուղեղ չունի, դուք էլ ՙ սրբեր եք, որոնք ժողովրդին տանում էին երկրային դրախտ, իսկ ինքն ընտրեց դժոխքը, քանի որ ի սկզբանե մեր ժողովուդը ապրելու, կյանքի գինը չգիտե, ինքնասպան է: Շարունակեք այդ ոգով, խոսեք կրելու եւ քաղաքականությունից երբեք հեռացած չլինելու մասին, ասեքՙ դուք Ղարաբաղը ծաղկեցնում էիք, երեսուն տարի տարբեր արարներով ու պասերով չեք բանակցել այն, ինչն ապաշնորհ կառավարողն ու բանակցողը, մեր ժողովրդի ողբերգությամբ վճարելով, հանձնեց թշնամուն:Դուք չէիք քարտեզով նախօրոք գծում խորհրդարանը ու հետո չընտրություններով հավաքում այն, ինչպես մի հավաքովի խաղալիք, այդ թվումՙ ընդդիմությանը:

Այդպես շարունակեք, մեկ է, էս ժողովուրդը կրթված չէ, հիշողություն չունի, բոմժ ու ժեխ է, կետային տեսողությամբ ու հիշողությամբ, մեկ էլ տեսարՙ հավատաց ձեզ, կմնա երկու հավակնորդներիդ միջեւ գլխավոր ճակատամարտը:

Ախր, ոնց կարելի է մարդկանց մասին այդպիսի վատ կարծիք ունենալ. ժամանակին հավքն իր թեւով, օձն իր պորտով չէր կարող խորհրդարան անցնել, եթե նախապես գծած քաղաքական քարտեզի մեջ չէր տեղավորվում: Էն որ խորհրդարանում սանիտար գայլ միշտ եղել է, ու սանիտար գայլ Վիկտոր Դալլաքյանը փոխարինվեց մի այլ սանիտար գայլովՙ ներկա վարչապետով, դա հարկավոր էր նախ չենթարկվող յուրայիններին մշտապես իրենց տեղը ցույց տալու, կաթսայից գոլորշի բաց թողնելու, մարդկանց իրենց պրոբլեմներից շեղելու եւ հետո էլ եվրոպաների աչքին թոզ փչելու համար, ո՞վ գլխի չէր ընկնում: Իսկ եթե պատասխանատվությունը ամենաանհամապատասխան մարդու վրա փոխադրելն ուզում եք կրկին մարդկանց ականջներին կախվող էրիշտա որպես առաջ տալ, ապա ժամանակին, վարկանիշ կորցնելու վտանգի տակ ավելի լավ կլիներ բացատրեիք հանրությանը, թե ինչ փաստաթուղթ էիք բանակցում շատուշատ տարիներ, ու որ վերջերքում արդեն Լավրովի պլանն էիք ստիպված լինելու դեմ տալ, այլ տարբերակ հնարավոր չէր առաջ տանել, կամ դուք չէիք կարող առաջ տանել: Մի անգամ Հերմինե Նաղդալյանը բերանից թռցրեց հինգ շրջանների վերադարձի մասինՙ լրագրող ու ընդդիմություն վրա տվեցին, ու չգտնվեց Հերմինեի կուսակից մեկը, որ ինքն իրեն հարվածի տակ վերցներ ու ասերՙ հա, էդ պլանն է քննարկվում, ուրիշ ճար չունենք: Հիմա եկել խզբզոցից խոսում եք, որ ի՞նչ լինի...

Ճշմարտությունն ասողը միշտ սեւերես է բոլոր կողմերի համար, գիտեմ, բայց երկիրը բոլորինս է: Ու եթե դեռ քաղաքականության մեջ եքՙ նախկին բոլորով ներողություն խնդրեք ժողովրդից, որին բերեցիք ու գցեցիք թշնամու, մեծ տերությունների, անիրազեկի ու անկազմակերպի թակարդը, դրանից հետո ժողովուրդը կմտածիՙ ոնց վարվել ձեր ներողության հետ:

Գրել ու գրելու ենք

Այս բոլորը գրելուց հետո մի պահ հայացք գցեցի մեր պետության 30 տարվա անկախությանը, որի ականատեսն ու ուղեկիցը նույնպես 30 տարեկան «Ազգ»ն է, ու որի 30 տարվա հրատարակումը պատմությունն է մեր երկրի վայրիվերումների, հաջողությունների ու պարտություններիՙ անաչառ ու դասական հայացքով: Եւ իմ վկայակոչումներն ուզած մեկը կգտնիՙ թերթելով «Ազգ»ի երեսնամյա հավաքածուն: Ես 30-ից 16 տարին եմ եղել «Ազգ»ի հետ ու այդ մասով վստահորեն ասում եմ, որ մենք միշտ ձեռքը դրել ենք պետության, երկրի ցավի վրաՙ չմոռանալով հաջողությունները, լավի հետ վատն էլ ենք միշտ մատնացույց արել, միշտ փորձել ենք օգնել երկրին, պետությանը, պետականությանըՙ չլռելով պրոբլեմների մասին: Ինչի մասին ճիշտ եք ասում, եւ ինչի վերաբերյալ սխալ վկայություններ եք բերումՙ հանգիստ կարող եք ստուգել «Ազգ»ում, ուղղակի բացեք մեր էլեկտրոնային շտեմարանը, ընտրեք ժամանակաշրջանն ու իմացեք իրականություննՙ առանց այսուայն շահախնդության ու կողմնորոշման դաջի: Մեզ ոչ մի բան չի խանգարել այն բարձրաձայնելու: Մենք խոսել ենք բոլոր ընտրությունների մասինՙ դրանց ողջ պատկերն ու «հմայքը» ներկայացնելով, մենք խոսել ենք բեւեռացման, օլիգապոլացման, ընտրակեղծիքների, ստի եւ իրականության, տարիներ եւ այժմ էլ առկա զուգահեռ հայաստանների մասին: Մենք չենք տրվել դեղին լուրերի, չենք աղավաղել ու կեղծել, չենք գայթակղվել սուտը ներկայացնելուՙ որոշակի նպատակադրումներով, չենք տրվել էժանագին պոպուլիզմի ու իրականության կեղծման: Կոմպրոմատներ չենք հրապարակել, մասնավոր անձանց անձնական կյանք չենք ներխուժել:

Այդպիսի «Ազգ»ը պիտի դժվարություններ ունենար եւ միշտ ունեցել է: Բայց չի կորցրել ճշմարտությունն ընթերցողին հասցնելու, վատն ու լավը, ճշմարտությունն ու կեղծիքը տարբերակելու հնարավորությունն ընթերցողին ընձեռելու իր առաքելությունը: Անձամբ տողերիս հեղինակը միշտ գնահատել է այն, որ «Ազգ»ում հնարավոր է եղել տարբեր մոտեցումները միաժամանակ մատուցել, որ երբեք խմբագիրը, դա միշտ հրապարակային ասում եմ, անգամ եթե համաձայն չի եղել տեսակետի հետ, չի միջամտել եւ չի ուղղորդել լրագրողի, վերլուծաբանի ասելիքը: Բնականաբարՙ դա գնահատել է ընթերցողը, բայց ոչ առանձնապեսՙ օրվա իշխանությունը, այլապես դեղին մամուլի ներկայացուցիչների փոխարենՙ նաեւ մեր լրագրողներից կամ խմբագիրը կլինեին տարբեր ժամանակներում մեր խորհրդարաններում (ի դեպՙ ներկա խորհրդարանում երկու տասնյակից ավելի նախկին լրագրող հաշվեցիՙ ահա մի ապացույց, որ պատգամավոր են դարձել ընդհանուր գիտելիքներ ունեցող մարդիկ, ու ոչ թե ոլորտների մասնագետներ գոնե այդ մասով, Աժ-ում հանգիստ կարելի է լրագրողական խմբակցություն հավաքել):

«Ազգ»ը միշտ իր լուրջ ընթերցողն է ունեցել ու կունենա, հուսով ենքՙ ներկայիս դժվարությունները ժամանակավոր են եւ բխում են երկրի հետպատերազմական դժվարին ժամանակից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 19-02-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ