RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#002, 2021-01-22 > #003, 2021-01-29 > #004, 2021-02-05 > #005, 2021-02-13 > #006, 2021-02-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 05-02-2021



Տեղադրվել է` 2021-02-04 22:31:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 2797, Տպվել է` 122, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՀԱՅՐԱԿԱՆ ԽՆՁՈՐԵՆԻՆ»ՙ ՎԵՐԸՆՁՅՈՒՂՄԱՆ ԽՈՐՀՐԴՈՎ

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի

Ամալյա Կարսյան. հուշ-ցերեկույթ եւ գրքի շնորհանդես Գյումրիում

Ո՞վ ենք մենք...

Լույսով լցված դատարկ գավ,

Այսօրՙ ծաղիկ, վաղը` կավ...

2018 թվականից այդ վաղվա հանգրվանում է բերված տողերի հեղինակըՙ Լենինական-Գյումրիում ապրած բանաստեղծ, մանկավարժ (նաեւ Արցախում աշխատած) Ամալյա Կարսյանը : Հունվարի 27-ինՙ նրա ծննդյան օրը կազմակերպված հուշ-ցերեկույթն ու իր «Հայրական խնձորենին» արձակ գործերի ժողովածուի շնորհանդեսը Արցախյան 44-օրյա դաժան պատերազմից հետո ՌԱԿ Շիրակի մարզային գրասենյակում կազմակերպված առաջին միջոցառումն էր:

1970-80-ական թվականներից գրական ասպարեզ մտած Ամալյա Կարսյանի ստեղծագործությունները նախ տպագրվել են տեղական ու հանրապետական մամուլում, գրական պարբերականներում ու ալմանախներում: 2007, 2016 եւ 2017 թվականներին լույս են տեսել նրա բանաստեղծական ժողովածուներից երեքըՙ «Հագարա», «Սիրո կանթեղ», «Կեցության կայմեր», իսկ չորրորդըՙ «Լույսի ակունքներ» վերնագրով, հրատարակվել է բանաստեղծուհու մահից հետո: Նրա ստեղծագործություններից թարգմանվել են նաեւ ռուսերեն եւ ուկրաիներեն:

Կարսյանի արձակ գործերըՙ պատմվածքներ, մանրապատումներ, հուշապատումներ, նրա կենսափորձի, այդ թվումՙ 88-ի երկրաշարժի ցավագին փորձառության ծնունդ են, որի 30-րդ տարելիցին էլ հեղինակը նվիրել է դեռ կենդանության օրոք տպագրության ներկայացրած այս ժողովածուն: Այդ գործերում նրա ապրած կյանքն էՙ հուզառատ շարադրանքով: Ինչպես նշվում է ժողովածուի ընծայակում, գործերի բազմաթիվ հատվածներ իսկական արձակ բանաստեղծություններ ենՙ խոր զգացականությամբ:

Գիրքը դեռ 2019 թվականի վերջին ՀՀ նախագահի աշխատակազմի հովանավորությամբ, գեղեցիկ ձեւավորմամբ լույս է ընծայել Գյումրու «Դպիր» հրատարակչությունը: Շնորհանդեսն ուշացել էր նախ ծագած համավարակի, ապա պատերազմի պատճառով: Բոլոր դեպքերում կազմակերպիչներն իրենց հատուկ գողտրիկ միջոցառում էին կազմակերպել, որն ուղեկցվում էր նաեւ գրքից հատվածների ընթերցմամբ, երաժշտական գեղեցիկ կատարումներով:

«Հայրական խնձորենին» այս ժողովածուի առաջին քնարական պատումի վերնագիրն է: Հայրական երբեմնի ծաղկուն այգու հատված խնձորենու խոր ընդերք գնացած արմատները վերընձյուղել են նոր շիվեր: Այդ վերընձյուղման խորհրդանշական իմաստն ուներ միջոցառումից ամեն մասնակցի տարած մեկական խնձորը...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 05-02-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ