RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#002, 2021-01-22 > #003, 2021-01-29 > #004, 2021-02-05 > #005, 2021-02-13 > #006, 2021-02-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 05-02-2021



Տեղադրվել է` 2021-02-04 22:31:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 1405, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՎԵՐԱՆԱՅԻ ԻՐ ԱՌԱՋՆԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

ՏԻԳՐԱՆ ԵԿԱՎՅԱՆ, «Ֆրանս-Արմենի» ամսագիր

Ֆրանսական հայտնի շաբաթահանդեսիՙ «Էքսպրեսի» նախկին փոխխմբագիր, հրապարակախոս եւ էսսեիստ Քրիստիան Մակարյանը խորաթափանց հայացքով հետեւում է մեր այս աշխարհին: Իր վերջին գրքի («Աղետի ծագումնաբանություն», «Լը Սերֆ», 2020, 276 էջ) լույս տեսնելու առիթով նա համաձայնեց պատասխանել մեր հարցերին:

«Ֆրանս-Արմենի» - Դուք ասում եք, որ հայերն ունեն «իսկական թշնամիներ» եւ «կեղծ բարեկամներ»: Կմեկնաբանե՞ք ձեր այդ միտքը:

Քրիստիան Մակարյան.- Նրանք ունեն ժառանգական թշնամիներ, որոնք այլեւս չեն բավարարվում այդպիսիք մնալով եւ ուզում են դառնալ հավերժական թշնամիներ: «Ժառանգականը» ենթադրում է անցյալը, այժմ, սակայն, խոսքը ոչ թե անցյալին, այլ ապագային է վերաբերում: Նրանք չեն ուզում, որ Հայաստանն ապագա ունենա, որ հայ ժողովուրդը այս փոքրիկ տարածքում կարողանա ստեղծել որեւէ բան, որը ոչ մեկին ոչնչով չի սպառնում: Այնպիսի տպավորություն է, որ իրենց տարածքներում հայերի երջանիկ ապրելը խանգարում է թուրքերին ու ադրբեջանցիներին: Ինչ վերաբերում է «կեղծ բարեկամներին», ապա նրանք բարեկամ չեն, ինչպես Ռուսաստանը, կամ խորամանկ են, ինչպես Պարսկաստանը, որը կեղծ տպավորություն էր ստեղծել, թե կարող էր մի տեսակ չեզոքության մեջ ապրել: Այաթոլլա Խամենեի աջ ձեռք հանդիսացող Այաթոլլա Ալի Ակբար Վելայեթին, որն էթնիկ ադրբեջանցի է, ասաց, որ այն, ինչ անում են ազերիները, դար ալ հար է, այսինքնՙ «համագործակցության տուն»: Այդ համագործակցությունը ադրբեջանական ռեժիմի հետ է հնարավոր, քանզի այն եղբայրական հատկանիշներ ունի իրանական ռեժիմի հետ: Այս առումով իրանական ռեժիմը գարշում է հայերիցՙ որպես անհավատների(*): Նման սուր կոնֆլիկտային համատեքստում ես միշտ ապշած եմ մնում հայերի դիմադրողականության ու դիմացկունության աստիճանի վրա: Միեւնույն ժամանակ, սակայն, բավակա՛ն է արդեն, որ հայ լինելը բնորոշվի միայն դիմացկունությամբ: Հայերն իրավունք ունեն անհոգության, թեթեւության, իրավունք ունեն բեռ չկրելու, իրենց բյուջեի մի զգալի մասը չտրամադրելու պաշտպանությանըՙ զուտ այն պատճառով, որ իրենց խորապես ատում են ոչ թե ինչ-որ արարքի համար, այլ իրենց լինելության: Այս առումով Թուրքիայի արածն ըմբռնումից վեր է: Ադրբեջանցիների տեսանկյունը դեռ կարելի է լիովին հասկանալ, քանի որ այս երկու ազգերը պատերազմի մեջ են: Թուրքիայի դեպքում սա խիստ վրդովեցնող է, քանզի միջամտելու համար նա հիմնվում է ռասսայական եղբայրության չափանիշի վրա, մինչդեռ 1991-ից ի վեր Հայաստանը ոչ մի տեսակ ագրեսիայի քայլեր չի ձեռնարկել, եւ վերջինիս անկախությունն ընդունել է Թուրքիայի հանրապետությունը: Ինչպես մատնանշեց Ժան-Իվ Լը Դրիանը, սա Թուրքիայի կողմից իսկական ագրեսիա է, ինչը բացարձակապես անհիմն էր ու կատարելապես արյունահեղ:

- Ո՞վ կարող է կանգնեցնել Թուրքիային:

- Իմ կարծիքովՙ ոչ եվրոպացիներըՙ հաշվի առնելով այս հարցում գերմանացիների եւ ֆրանսիացիների տարաձայնությունները: Սակայն ամերիկացիների եւ եվրոպացիների ավելի համակարծիք լինելը թերեւս կկարողանա կանգնեցնել Էրդողանին: Մյուս կողմից ռուսները հասել են մի կետի, երբ Արեւմուտքի հանդեպ տածած ատելությունը եւ արեւմտյան արժեքների վանումը ինքնաբերաբար նրանց տանում են թուրքերի կողմը, վախենամՙ երկար ժամանակով: Հայերը պետք է կարողանան հասկանալ դա: Ղարաբաղում ռուսների չմիջամտելն ապացույցն է այն բանի, որ տեղի է ունեցել գաղափարախոսության փոփոխություն: Հայերը Բորիս Ելիցինի օրոք կարողացան իրենց վերահսկողության տակ պահել այս տարածքները ռուսական ուժերի շնորհիվ(**): Այդ ժամանակներն անցյալում են, եւ Կրեմլում ներկա նոր տեսությունները հետամուտ են այն դիրքորոշման, թե Ռուսաստանի համար այլեւս շահեկան չէ մասնակից լինել տեղական հակամարտությունների: Լավագույն դեպքում Մոսկվան առավել շահագրգռված կլինի միանալ շատ ավելի մեծ դաշինքների կամ հակադաշինքների, որոնց նպատակն է արեւմտյան կողմի թուլացումը: Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ կա արեւմտյան ժողովրդավարական արժեքների ատելության շուրջ ստեղծված մի տեսակ լուռ միասնություն: Այս հակամարտությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանը հեռացավ իր ավանդական սկզբունքից, այն էՙ շահարկել տեղական հակամարտությունները, բաժանելՙ տիրելու համար: Մոսկվային առավել հետաքրքրում է Թուրքիային իր տրոյական ձին տեսնելը ՆԱՏՕ-ի ներսումՙ այն թուլացնելու համար: Եվ նման նպատակների կողքին Հայաստանի ճակատագիրն, ավա՜ղ, չնչին բան է հանդիսանում:

- Հայերը մենակ են ընդդեմ պանթուրքիստական գլդոնի, եւ անուղղակիորեն ՆԱՏՕ-ն չի դատապարտում թուրքերին: Մյուս կողմումՙ ՀԱՊԿը գոյություն ունի միայն թղթի վրա: Արդյո՞ք դուրս ենք գալիս խմբավորումների տրամաբանությունից:

- Ես չեմ կարծում, որ ՀԱՊԿ-ն այսօր Վլադիմիր Պուտինի համար այնքան կարեւորություն ունի: Այս կազմակերպությունը, ինչպես եւ եվրասիական հայեցակարգը, չեն համապատասխանում Ռուսաստանի տեսլականներին շատ երկար ժամկետներում: Իրականում մենք չգիտենք, թե ինչ ծովերում է լողում այս հարբած Ռուսաստան-նավը: Ես այդուհանդերձ խիստ զարմացած եմ, որ Պուտինը սպասում էր թուրքերի ներխուժմանը Ղարաբաղ: Նա վստահաբար չէր կանխատեսում, որ թուրքերն այդքան ջիհադիստների կբերեին: Եվ բավական է կարծել, թե Ռուսաստանը անթափանցելի ու հերմետիկ մի ամբողջություն է: Ակնհայտորեն Ղարաբաղում թուրքական նման միջամտության առաջ ռուսները հայտնվել են մի տեսակ ապշանքի ու իմպրովիզացիայի մեջ: Ես վստահ չեմ, որ Պուտինը կարմիր գիծ լինի դրած, երբ վտանգի տակ է Լաչինի միջանցքը:

- Ինչո՞վ է այս պատերազմը, իր խորհրդանիշերից ու Սարդարապատի նոր ճակատամարտ համարվելուց բացի, փորձարկում hանդիսանում: Արդյոք սա փորձարկո՞ւմ էր, թե կարող են հայերը տնօրինել սեփական ճակատագիրը: Պատերազմի փորձությանն առերեսված թավշյա հեղափոխություն եւ ժողովրդավարական պետություն, այլ ոչ վարչակարգ կերտելու ունակությա՞ն փորձարկում էր:

- Հոգեւոր իմաստ կա այն փաստի մեջ, որ հողի նկատմամբ կապվածությունը պետք է ըմբռնել տանելի կյանքի սահմանների մեջ: Այս պատերազմը ցույց տվեց, թե ի՜նչ աստիճան հայերը, որ շատ լավ կարող են ապրել Սփյուռքում, աշխարհի բոլոր ծայրերում ու մշակույթների մեջ, հաշտ ու ընդունված այդ երկրների ժողովուրդների կողմից, լինեն դրանք մահմեդական, ասիական, թե արեւմտյան ժողովուրդներ, իրավունք չունեն ապրել իրենց սեփական հողերում, առավել եւսՙ սեփական Պետության մեջ: Սա փորձարկման արժեք ունի: Փաստ է, որ հայերը չունեն պետականության ո՛չ մշակույթ եւ ո՛չ պատմություն (***): Ցավոք, դիվանագիտական մտքի սղությունը եւ դաշինքների բացակայությունը հանգեցնում են այն բանին, որ ունենք շատ լուրջ թշնամիներ եւ շատ կեղծ բարեկամներ: Սումգայիթի, Բաքվի ջարդեր, երկրաշարժ, կարճ ու քաոսային ժամանակներում անկախության ձեռքբերում, այս ամենը հսկայական պատասխանատվություն է երեք միլիոն բնակչություն ունեցող ժողովրդի համար: Մենք իսկապես պետք է առաջադիմենք պետականության մշակույթ ձեւավորելու եւ դիվանագիտական հմտություն ձեռք բերելու գործում: Հայաստանն այսօր շատ մենակ է: Նրա իրական բարեկամական կապերը, որ ունի, օրինակ, Ֆրանսիայի հետ, չեն կարող վերածվել ռազմավարական դաշինքի: Ֆրանսիայի հետ մեր կապը մնում է հիմնականում զգացմունքային ու մշակութային: Այսուհետեւ հայերը պետք է զգուշավորությամբ վերաբերվեն այս աշխարհին, որը թշնամական է: Այն միտքը, թե 1915 թվին աշխարհը չար էր պատերազմի պատճառով եւ որ 2020-ին այն պակաս չար էՙ այլեւս սխալ դատողություն է: Մի անգամ հարցրի մի հայ նախագահի (անունը չեմ տա), թե ի՞նչն է նախընտրում հայերի մեջ . «Բարի ժողովուրդ են», պատասխանեց նա: Այո, սակայն նրա հարեւաններն այդպիսին չեն: Ատելության մեջ չընկնելու եւ վերապրելու համար քեզ վերացնել կամեցող հարեւաններին ոչ թե պետք է ատել, այլ պետք է կերտել պաշտպանության համակարգ, որ կոչվում է հայրենիք, ինչպես եւՙ ազգ: Հայերենում ազգ բառը հստակ իմաստ չունի: Այն ավելի առնչվում է էթնոսին, քան Պետությանը: Իմաստաբանական առումով նույնպես կարծես ամբողջական չէ: Հայաստանը պետք է ցույց տա, որ ընդունակ է եղել Պետություն լինել, եւ ցավով պիտի նշեմ, որ Կովկասում այլ հարեւաններ կարողացան ավելի լավ ցուցաբերել պետական ունակությունները: Հայաստանը հիշում ու խնկարկում է սարսափներով ու զոհաբերություններով լի իր պատմությունը, սակայն այն չի դարձնում արդյունավետ վահան ապագայի համար: Պատմությունը չպետք է միայն կրել, այն նաեւ պետք է գրել: Ղարաբաղում ընթացող այս պատերազմի դասը ցույց է տալիս, որ անհրաժեշտ է ձեռք բերել պետականության մշակույթ: Այս դասն ուղղված է թե՛ Հայաստանի Հանրապետության ղեկավարությանը, որ պետք է լինի առավել արհեստավարժ, եւ թե՛ Սփյուռքին, որը պետք է դադարի ի՛ր մեջ տեսնել իրական Հայաստանը, այսինքնՙ Եղեռնը վերապրած Հայաստանը: Այսուհետ պետք է շատ ավելի ուժեղ մերձեցում Սփյուռքի եւ Հայաստանի միջեւ, եւ ոչ միայն հայրենասիրական որեւէ խնդրումՙ մարդասիրական պիտակի ներքո: Պետք է լինի կարգապահություն: Այդ կարգապահությունն է, որ կուժեղացնի Հայոց պետությունը եւ թույլ կտա ավելի լավ դիմակայել իր թշնամիների վայրագությանն ու բարբարոսությանը:

- Ինչպիսի՞ ապագա եք տեսնում Հայաստանի համարՙ 1918 թվից ի վեր այս աննախադեպ փորձությունից հետո:

- Ցավոք, 1918 թվականը նախօրինակ է: Գերիշխող տպավորությունըՙ դաժան վերադարձն է անցյալին: 102 տարի առաջ, երբ անխուսափելի դարձած խորհրդայնացումի դեմ վազքի մեջ պետք էր առավելագույնս փրկել կենսական տարածքներ, ամենաթեժ մարտերն ընթանում էին Ղարաբաղի դիմադրության ու Զանգեզուրի համար: Շատ ցավալի է տեսնել, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրադադարից հետո այս նույն տարածքները ծվատված են: Ղարաբաղում ձեռք բերված դիրքերն անառիկ ու մշտնջենական համարելովՙ Հայաստանն ահա Զանգեզուրում ստացավ խորը մի վերքՙ մի առք ու վաճառք, որը տեղի է ունենում, ինչն առավել մտահոգիչ է, անմիջապես Ռուսաստանի կողմիցՙ ի շահ Թուրքիայի եւ Ադրբեջանի: Այդ ակոսը, որն անցնելու է Հայաստանի հարավի մի ծայրից մյուսը, հանդիսանում է Ստամբուլը Կասպիցին կապող անխոչընդոտ ուղի. 1918-ի համեմատՙ Անկարան իրականացրեց իր հավակնություններից մի հատված: Դժվար է հասկանալ, ինչպես Հայաստանի Հանրապետության ղեկավարները կարողացան համաձայնել նման նահանջի: Բացի այդ, սա ցույց է տալիս, որ զուտ տարածքային տարբերակին տրված առաջնայնությունը Հայաստանին անխուսափելիորեն հետ է մղում դեպի անցյալ, որը նա միայն տանջվում է շտկել, այլ կերպ ասածՙ «հողերի» հյուծող հարցը լրջորեն վնասում է ապագային: Հայացքն Արցախի գագաթնագծին սեւեռելը թույլ չի տալիս տեսնել շատ ավելի մտահոգիչ իրականություններ. Թուրքիայի դեմոգրաֆիկ կշիռը, նրա տնտեսական հզորության աճըՙ չնայած այժմյան նրա ճգնաժամային վիճակին, նրա ղեկավարների բարոյազրկությունը, նրան բնորոշ մշտական վայրագությունը, սկզբունքների բացարձակ բացակայությունը. բոլոր այս գործոնները պետք է համարվեն ռազմավարական որոշիչ տվյալներ: Ինչպես եւ ադրբեջանական ուժերի ցուցաբերած վայրենությունը, Իլհամ Ալիեւիՙ սահման չունեցող ստերը, ատելության ողջ այս համակարգը պետք է ընկալվի որպես Հայաստանի թշնամիների մոտիվացիայի աստիճանացույց: Հայ ժողովրդին մինչեւ Պակիստան զոհաբերության տված իսլամիստական գաղափարախոսությամբ առավել մեծացած բարբարոսության գերակայության այս համատեքստում բիրտ ու բռնապետ վարչակարգերը միշտ ամենաուժեղները կլինեն: Հայաստանը պետք է իր դառնալիքի մասին մտածիՙ հաշվի առնելով իր նկատմամբ տածված թշնամանքի այս անհավատալի զանգվածը:

Այստեղ «բարեկամ երկրներ» հասկացությունն անգամ հնացած է թվում: Այսօր այդ խորին դառնությունը, որ տեսնում ենք Մոսկվայի, Վաշինգտոնի եւ նույնիսկ Փարիզի նկատմամբ, իր հետ բերում է գանգատներ, որոնց մեջ կրկին ու կրկին վերհիշվում է անցյալը եւ արտահայտում հավերժ լքված լինելու զգացմունքը: Պետք է դուրս գալ այդ մահաբեր շրջանից: Հայաստանը չի կարող միայն հաշվառել իր բազմաթիվ թշնամիներին ու իր սակավաթիվ բարեկամներին, քանզի այս վերջինների մեջ ռազմավարական հաշվարկներն ու ազգային շահերը եւս մեկ անգամ հիշեցրին, որ Երեւանն աշխարհում մենակ էՙ հենց որ դեպքերը դառնում են ողբերգական: Այս մեկուսացումից դուրս գալը պետք է դառնա ամենաառաջնային նպատակը: Հայաստանի կառավարությունն ու նրա դիվանագիտությունը պետք է անպատճառ բազմազանեն իրենց առաջարկը, դուրս գանՙ նվաճելու նոր գործակիցներՙ բազում ու տարատեսակ, որոնք Ռուսաստանի հետ պետք է լինեն փոխլրացուցիչ եւ ոչ մրցակցային:

- Ըստ ձեզ, Նիկոլ Փաշինյանը պե՞տք է հրաժարական տա: Ինչո՞ւ:

- Պարզ խոսենք. Փաշինյանին պաշտոնանկ անելը ենթադրում է ինքին Հայաստանի վրա Ռուսաստանի առավել մեծ ազդեցություն, քանզի որեւէ այլ վարչապետ պետք է նախ Մոսկվային պարտադիր հավատարմության երդում տա առավել ընդգծված կերպով: Ոմանք կարծում են, թե կառավարության ղեկավարին փոխելը թույլ կտա վերջինիս մերժել իր նախորդի ստորագրած նոյեմբերի 10-ի հրադադարը: Այս վերլուծությանը պետք է թերահավատորեն վերաբերվել, քանզի դա կնշանակեր, որ Պուտինը Հայաստանի պարտությունը թույլ տվեց զուտ Փաշինյանին պատժելու նպատակովՙ Մոսկվայի խնամակալության տակից դուրս գալու ցանկության համար: Մինչդեռ ակներեւաբար Պուտինը շատ ավելի խոր շահեր է հետապնդում, քան անձնական հաշվեհարդարը: Ադրբեջանը Հայաստանից գերադասելու համար Պուտինն, անշուշտ, շատ ցինիկ հաշվարկներ է արել, որոնցից հրաժարվել չի պատրաստվում: Ղեկավար փոխելը, իհարկե բացառապես ժողովրդավարական ձեւով, հարց է առաջադրում, թե ո՞րն է Հայաստանի ամենամոտ նպատակը, ո՞րն է նրա քաղաքական ու ռազմավարական ուղին: Եթե դա ազգային միասնության հռչակումն է, ապա պետք է հրաժարվել կոռուպցիայի դեմ պայքարից եւ այդքան յուրացումների մեղավորների հետապնդումից: Մանավանդ որ մասամբ ա՛յդ կոռուպցիան հասցրեց 2020 թվականի աղետին: Ամեն դեպքում, Փաշինյանին փոխարինողը պետք է լարախաղացի հմտություն ունենա. մի կողմից փայփայի Ռուսաստանի հետ կենսական կապըՙ մի օր տարածքային զիջումները վերանայել կարողանալու համար (ինքնին արդեն իսկ մի մարտահրավեր), մյուս կողմիցՙ երկրի ներսում պահպանի ազատ գործելու հնարավորությունՙ երկրի մաքրման աշխատանքները շարունակելու համար (չմոռանանք, որ բոլոր հայ օլիգարխներն ունեն իրենց սեփական կապերի ցանցը Ռուսաստանում): Շատ բան է ստացվում: Ամեն դեպքում Փաշինյանին կհաջողվի փրկել պաշտոնը միայն այն դեպքում, եթե կարողանա ցույց տալ, որ բացառիկ հմտության քաղաքական գործիչ է: Մինչդեռ այսօր նա հակառակն է ցույց տվել:

- Ի՞նչ դասեր քաղել 44-օրյա այս պատերազմիցՙ ներքին եւ միջազգային դաշտերում, ինչպես եւ Երեւանի ղեկավարության` հակամարտության կառավարումից:

- Հիմնականում այս պարտությունը, այդքան ստերով պարուրված, կարեւոր հարցեր է բարձրացնում: Կարո՞ղ ենք սահմանել Հայաստանը գլխավորապես իր աշխարհագրական ուրվագծով: Ինչո՞ւ ցածր ժողովրդագրությամբ աղքատ պետություն լինելն, ի վերջո, պակաս վիրավորական է թվում, քան իր տարածքներն ընդլայնել չկարողացող պետություն լինելը: Արդյո՞ք Վլադիմիր Պուտինը Հայաստանին նման քամահրանքով կվերաբերվեր, եթե այն լիներ առավել բարգավաճ երկիր, առավել ներգրավված լիներ գլոբալիզացիայի մեջ, ներկայացներ տնտեսական եւ ռազմավարական առավել հետաքրքրություններ, որոնք կարող էին Ռուսաստանին շահեկան լինել: Կարո՞ղ ենք ընդունել, որ մարդկանց զոհաբերումը կարող է ազգային միասնության ավելի ամուր շաղախ լինել, քան խաղաղ երկրում ապրելու երջանկությունը: Ինչպե՞ս ավելի լավ հաստատվել նման թշնամական միջավայրումՙ զարգացնելով սեփական զարգացման ուղիները, ինչը ենթադրում է բացվել: Հայաստանի ղեկավարները չեն կարող անտեսել բոլոր այս հարցերի վերանայումը, ոչ էլ ներկա իրավիճակում իրենց իսկ պատասխանատվությունը: Պատմությունը շարունակվում է, այն կանգ չի առել: Պարտություն ապրած ու առավել ուժեղ ոտքի կանգնած ազգերի երկար ցանկը պետք է ոգեշնչի գործել: Այժմ մնում է գրել անտիպ մի գլուխ, որտեղ Հայաստանը կձերբազատվի անցյալի բեռից, կստեղծի օրենքի պետություն իր փառահեղ մշակույթին ու ժողովրդի բացառիկ ներուժին արժանիՙ ձեռնամուխ լինելու համար ներքին նվաճումների, որոնք միջազգայնորեն կպարտադրեն հարգել իր արդար սպասումները:

Ֆրանսերենից թարգմանեց ԱՐՈՒՍՅԱԿ ԳՐԻՆՈ ԲԱԽՉԻՆՅԱՆԸ, Սիստերոն, Ֆրանսիա

*) Համաձայն չենք այս պնդման հետ:Վերջապես Հայաստանը Իրանի համար իր 16 հարեւանների մեջ միակ քրիստոնյա երկիրն է, որը գիտակցում են մտածող բոլոր իրանցիները: Ծ.Խ.:

**) Արցախյան 1-ին պատերազմում հայկական մարտնչող ուժերը գրեթե ոչ մի օգնություն չեն ստացել Ռուսաստանից, ընդհակառակըՙ առաջին 2 տարիներին ռուսական ուժերը թշնամական վերաբերում ունեին հայերիս հանդեպ. հիշենք Պոլյանիչկոյին: Ծ.Խ.:

***) Համաձայն չենք նաեւ պետականության պատմություն չունենալու պնդմանը: Այդ մասին մեր թերթում հրաշալի հոդված գրեց պրոֆ. Նիկոլայ Հովհաննիսյանը: Ծ.Խ.:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 05-02-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ