RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#002, 2021-01-22 > #003, 2021-01-29 > #004, 2021-02-05 > #005, 2021-02-13 > #006, 2021-02-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 05-02-2021



Տեղադրվել է` 2021-02-04 22:31:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 1421, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ԵՎ ՊԱՏԵՐԱԶՄԸ «ՀԱՂԹԵՑԻՆ» ՆԱԵՎ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆԸ

ՀԱՍՄԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ, ՀՊՄՀ կուլտուրայի ֆակուլտետ, Լրագրության բաժին 3-րդ կուրս

2020-ը ծանր տարի էր Հայաստանի համար. մարտ ամսից տարածվեց համավարակը, իսկ սեպտեմբեր ամսին սկսվեց 44-օրյա պատերազմը: Այս երկուսը ազդեցին երկրի մի շարք ոլորտների զարգացման վրա: Ամենից շատ տուժած ոլորտներից առաջինը տուրիզմն է:

Տուրիստական ընկերությունները, հյուրանոցային ու հանրային սննդի օբյեկտները համավարակի տարածման ու սահմանների փակ լինելու հետեւանքով եկամուտի ու շրջանառության անկում գրանցեցին: Նրանք մի փոքր «շունչ քաշեցին» ամռանըՙ ներքին զբոսաշրջության շնորհիվ: Բայց սեպտեմբերին արցախա-ադրբեջանական սահմանին թուրք-ադրբեջանական ուժերի սանձազերծած պատերազմը երկրորդ հարվածը հասցրեց թե՛ զբոսաշրջության ոլորտին, թե՛ տնտեսությանը:

«Մարդիկ սովորել էին ապրել կորոնավիրուսի հետ, եւ եթե պատերազմը չլիներ, կարող ենք ասել, որ զբոսաշրջությունը անցած տարվա աշնանը կսկսեր վերականգնվել, ճիշտ է դանդաղ, բայց կվերականգնվեր», մեզ հետ զրույցում ասաց տուրիստական ընկերության ղեկավար Ալինա Հարությունյանը , եւ ավելացրեց, որ համոզված է, որ եթե քաղաքական իրավիճակը կայունանա, ապա զբոսաշրջիկների հոսքը Հայաստան կրկին կսկսվի:

Ըստ Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) հրապարակած տվյալների, 2020-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան ժամանել է ընդհանուր 327.735 օտարերկրյա զբոսաշրջիկ: Զբոսաշրջիկների թիվը 2019 թ.ի նույն ժամանակահատվածի հետ համեմատած պակասել է 77,5%-ով:

Համավարակի տարածման ու փակ սահմանների պայմաններում նվազել է նաեւ Հայաստանից արտերկիր մեկնող զբոսաշրջիկների թիվը. այն նվազել է 78,2%-ով:

Հայաստանում տուրիստական ընկերությունների մի մասը փակ է, մի մասն էլ վերաբացվել են Ամանորից հետո: Նրանք կազմակերպում են ներգնա տուրիզմՙ հիմնականում Դիլիջան, Աղվերան, Ծաղկաձոր, Գյումրի, Ստեփանավան, Ջերմուկ եւ մի քանի այլ ուղղություններով: Իսկ դեպի արտերկիր ուղղությունները սահմանափակ ենՙ Դուբայ, Եգիպտոս եւ այլն:

«Այն կազմակերպությունները, որոնք տուրիզմի կազմակերպմամբ էին զբաղվում, ոչ միայն փակվեցին, այլեւ մեծ թվով պարտքեր կուտակեցին ու լուրջ խնդիրների առաջ կանգնեցին», պատմեց հյուրանոցի տնօրեն Կարեն Հովհաննիսյանը , ապա ավելացրեց. «Ճիշտ է, կառավարությունը փորձեց անել ինչ-որ բան իրավիճակը կայունացնելու համար, բայց եկեք խոստովանենք, որ այն հնարավորություն չունի այնքան գումար տրամադրել կազմակերպություններին, որ նրանք կարողանան ծախսերը փակել, օրինակՙ աշխատակիցներին վճարել, կոմունալ ծախսեր հոգալ, վարձավճարներ տալ, ոմանք նույնիսկ բիզնես վարկեր ունեն»:

Իր խոսքում Հովհաննիսյանը նաեւ շեշտեց, որ Ամանորին գրանցված աշխուժությունը տուրիստական ընկերությունների, հյուրանոցների ու հանրային սննդի օբյեկների համար այդքան էլ մեծ եկամուտ չի ապահովել, որի միջոցով աշխատավարձեր վճարեին, ծախսեր ու վարկեր մարեին: Իսկ ահա Ամանորից հետո այդ ամենը սառել է:

Զբոսաշրջության ոլորտը ծանր կացության մեջ է ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում: ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) կանխատեսմամբՙ 2020-ի տարեկան տվյալներով աշխարհում զբոսաշրջության բնագավառում կորուստները կազմելու էին մոտ 1,1 տրլն դոլար: Նույն կառույցի գնահատմամբ, զբոսաշրջության համաշխարհային բնագավառում աճ կգրանցվի 2021 թվականի երկրորդ կիսամյակից սկսյալ:

Այսպիսով կարող ենք ասել, որ կորոնավիրուսը եւ 44-օրյա պատերազմը կարողացան իրենց ծանր հարվածը տալ եւ «հաղթել» զբոսաշրջային ոլորտին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 05-02-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ