RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#001, 2021-01-15 > #002, 2021-01-22 > #003, 2021-01-29 > #004, 2021-02-05 > #005, 2021-02-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 29-01-2021



Տեղադրվել է` 2021-01-28 21:50:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 2647, Տպվել է` 236, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՙ ՀՐԱԺԱՐԱԿԱՆՈ՞Վ, ԹԵ՞ ԱՌԱՆՑ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Վերջին օրերը ցույց տվեցին, որ ներկա իշխանությանն ընդդիմադիր ուժերի սպեկտրում ընդհանուր մոտեցում չկա ընտրություններին մասնակցելու-չմասնակցելու վերաբերյալ: Եթե իշխանությունն ընտրություններ նախաձեռնի, ասենք, մայիսին, 17-ի ձեւաչափը ճիշտ չի համարում այս պահին ընտրություններին մասնակցելը չվստահելով իշխանությանը, պնդելով վարչապետի հրաժարականը: Կան նոր ընդդիմադիր խմբեր, որոնք 17-ից դուրս են եւ կրկին վարչապետի հրաժարականն են պահանջում: Իշխանությունը դեռ չի կողմնորոշվումՙ սոված է, թե քունն է տանում, այն էՙ Աժ-ն ինքնալուծարի, թե՞ վարչապետին երկու անգամ չընտրի ԱԺ-ով, ենթատեքստում ուղղակի ինչ-որ բանի համար ժամանակ շահելով: Իսկ ահա Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ ընտրությունների դեպքում պետք է մասնակցել ու հաղթել: Ինչ կորոշի Սերժ Սարգսյաննՙ իր ՀՀԿ-ով, նոր իրավիճակում պարզ չէ, չնայած նրա փեսան ասում է, թե ով մասնակցի ընտրությանըՙ դավաճան է: Սերժ Սարգսյանը կարող է եւ հակադրվել իր փեսային: Հիշեցնենքՙ «Լուսավոր Հայաստանը» վարչապետի իր թեկնածուն ունի, հայտնի չէ, թե ԲՀԿ-ն ի՞նչ որոշում կկայացնի, ի վերջո ո՞ւմ թեկնածությանը կողմ կլինի, եթե արտահերթ ընտրությունների համար մոտակայում քայլեր արվեն, չնայած 17-ի մեջ է:

Իշխող խմբակցությանՙ «Իմ քայլի» ներկայացուցիչները ծամծմում են հարցը, թե քննարկում կա, ինքնալուծարման տարբերակի խոսակցություն էլ կա, բայց պարզ է, որ որոշում կայացնելու է մեկ մարդ, նրանցից ոչինչ կախված չէ: Իսկ որոշում կայացնողը, եթե պետականության զգացում ունենաՙ պետք է մտածի ոչ թե իր անձի կամ իր թիմի անվտանգության մասին, այլ նախՙ երկրի, երկիրն արագորեն ներքաղաքական այս փոսից հանելու մասին, որովհետեւ վտանգավոր խաչմերուկում ենք, այնքան անելիք կա, ու այդ անելիքն, անշուշտ, արդեն նոր մարդկանց եռանդի կարիքն ունի:

Մինչդեռ երեւի իշխանության առաջին դեմքերին թվում է, որ մարդիկ կմոռանան իրենց հանդեպ անհաշտ վերաբերմունքըՙ պայմանավորված պատերազմի ելքով ու ցավալի մարդկային կորուստներով: Նրանք սխալվում ենՙ վերքն ավելի է ցավելու, մանավանդ, որ իշխանությունը չի կարողանում գերիների վերադարձի հարցն առավել կտրուկ դնել, Ադրբեջանի հետ կոշտ լեզվով եւ պատմական հիմնավորումներով խոսել, եւ, ընդհանրապես, այս իշխանությունը, եթե հանկարծ կարողանա հրաշքներ էլ գործել (որն ուղղակի անհնարին էՙ հետպատերազմյան օբյեկտիվ դժվարություններով պայմանավորված), ոչ ոք չի կարող մոռանալ ու ներել երկիրն ու որդիներին թշնամուն տված մարդկանց: Այս իմաստով էլ ճիշտը ընտրություններով երկրի հետագա կյանքը վերբեռնելն էՙ ով էլ իշխանության մեջ հայտնվի հետո, առավելեւսՙ եթե իշխանությունը կարծում է, որ կողմնակիցներ ունի: Անգամ իմաստ չունի ապստամբության ու զենքի կոչող քաղգործիչների կամ զորահրամանատարների հետեւից ընկնել, նրանք հանրության տարբեր շերտերի տրամադրություններն են փոխանցում, դա դիտվելու է քաղաքական ռեպրեսիա: Ճիշտը երկիրը նորացնելու ամենաարագ ու ամենաանվտանգ ճանապարհն էՙ հրաժարականով կամ ընտրություններով, քանի որ մեկ մարդ չէ խոսում դավաճանությունից, ադրբեջանական անձնագրերից, Արցախն ու Շուշին ծրագրավորված հանձնելուց, այլՙ շատերը: Անգամ քաղաքագետ Արման Բոշյանւը, իրար հերթագայող իրադարձությունների համադրությամբ վերլուծելով իրավիճակըՙ եզրահանգել է, թե Հայաստանում իշխանությունը գրավել են արտերկրյա հատուկ ծառայությունները. ահա այսպիսի ծայրահեղ կարծիք էլ կա:

Իրանըՙ դեռեւս պասիվ հայեցող

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի այցն ու արտահայտած մտքերը քիչ է ասել, թե ոգեւորիչ չէին: Պուտինին գովելըՙ տարածաշրջանի ճգնաժամը վերջ դնելու համար, հաղորդուղիների բացումից իր շահի սպասումը (կարծես սեփական սահմանները չեն վտանգվելու այդ ներկայությամբ), Ադրբեջանի հաղթանակից ու այդ երկրի տարածքային ամբողջականության վերականգնումից խոսելը, Ադրբեջանին վերադարձված տարածքների վերականգնմանը մասնակցելու հավակնությունը մի տեսակ մեր բարեկամ երկրի կերպարի ընկալման ջանքը թուլացնում է: Բայց պետք է ուժեղացնել Իրանի հետ դիվանագիտական խողովակըՙ պարզ չէ, թե առաջիկայում էլ ինչ նեղ իրավիճակներում ենք հայտնվելու, երբ ընդամենը մեկուկես ամսից լրանում է Մոսկվայի պայմանագրի ժամկետը, ինչ-որ իրողություններ, ստվերային գործընթացներ, այնուամենայնիվ, պետք է դիտարկել, համենայնդեպսՙ Թուրքիան եւ Ռուսաստանը հնարավոր բոլոր անակնկալների դեմն առնելու համար են մտել տարածաշրջան:

Մենք համակարգված աշխատել չգիտենք

Բանակի զինված ուժերի կազմավորման 29-ամյակին

ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի երեկվա ուղերձի որոշ շեշտադրումներ հատկանշանական են:Հատկապես տարածաշրջանային սպասվելիք հնարավոր վայրիվերումներին ընդառաջՙ այն հարկավոր պնդումը, թե «հուսահատվածներին, մեր հանդեպ վստահությունը կորցրածներին, տարբեր ուժերի կողմից մեզ քննադատողներին, երբեմն նաեւ բացահայտ վիրավորողներին հավաստիացնում եմ` հայոց բանակն արագ ապաքինվելու է ստացած վերքերից եւ ցույց է տալու թշնամուն իր բազկի ուժը:

Միշտ պետք է հիշենք` թշնամին մեր տան դարպասների մոտ է եւ չի հրաժարվել հայկական օջախներն ավերելու նենգ մտադրությունից »:

Բանակի օրվա բազմագույն ուղերձներից հենց այս մեկն առանձնացրինք. պետք է, այո, սթափվել, ճիշտ օգտագործել հետպատերազմյան համեմատաբար խաղաղ ժամանակը, որի տեւողության մասին ոչ ոք չի կարող կանխագուշակել: Դա ոչ միայն բանակի ամրացման ժամանակ պետք է լիներ, այլեւ դիվանագիտական հստակ ու հաջորդական, համակարգված քայլերի. որոնք ինչ-որ չեն երեւում: Հենց ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում տեղի ունեցածը, երբ հայ ռազմագերիների հարցը նստաշրջանի օրակարգում այդպես էլ չհայտնվեց, ասում է, որ նպատակասլաց խմբային, համակարգային աշխատանքը բացակայում է:

Լսեցի հայ պատվիրակների բոլոր ելույթներն էլ, դրանք բոլորն էլ առանձին-առանձին ազդեցիկ էին, սակայն ահա մի ոլորտ, որտեղ պետությունն ու ընդդիմությունը պետք է համագործակցեն, իսկ այդպիսի բան նկատելի չէր: Վաղը-մյուս օր Եվրոպական դատարանում, մյուս կառույցներում Ադրբեջանը մեծ ֆինանսներ է ծախսելուՙ դատի տալու հայկական կողմին, փոխհատուցումներ պահանջելու, դրա դեմը համակարգված պետք է առնել նախապես տքնաջան աշխատելով, ոչ թե վերջին պահին գնալ ու մի հոգեցունց ելույթով անհատ պատվիրակի գործն ավարտված համարել, խորհրդարան-ԱԳՆ սերտ համագործակցություն է պետք: Կամՙ ի վերջո մենք հավաքելո՞ւ ենք այն ուղեղներին, որոնք կարող են օգնել մեզՙ այս պահին հարմար դիրքավորվելու Մինսկի խմբի մյուս համանախագահների, առհասարակՙ ԱՄՆ-ի նոր վարչակազմի ձեւավորումից հետո սկսվելիք աշխարհի մեծերի նոր «ռազբորկաներից» առաջ: Վարչապետի կադրային նշանակումների տրամաբանությունը, անկախ ներքաղաքական խնդիրների լուծման այս կամ այն ելքից, ասում է , որ ոչ: Այլապես վարսավիրին կոշկակար չէր նշանակի, կոշկակարին էլ վարսավիր: Մինչդեռ նվաստացնող թուղթ ստորագրելով, բազմաթիվ մեղադրանքների հասցեատերը լինելովՙ նա կամ պետք է ընդունի այդ մեղադրանքներն ու հրաժարական տա, կամ այնպիսի կադրեր գտնի, որոնք ունակ լինեն Հայաստանի ներկա անել դրության մեջ գրեթե անհնարը կատարելու,այդպիսով իր վրայից մի փոքր մաքրելով այն որակումների խարանը, որ, կարծում ենք, հանրության մեծամասնությունն է անում նրա հասցեին: Մինչդեռ ինքը շարունակում է կիսատ-պռատների բերել այսուայն պաշտոնին: Վարչապետը պետք է իմանա, որ մի վերջին շանս ունի ընդամենը,մոռանա քայլողներին, Հայաստանի դիվանագիտական, ֆինանսատնտեսական, իրավական ոլորտներ բերի պրոֆեսիոնալ, հայրենասեր մարդկանց, որոնք հրաշքներ կարողանան գործել, ազատվելով պատեհապաշտներից ու արկածախնդիրներից: Բայց ի՛նչ եմ ասում եւ ո՛ւմ:

Իհարկե, ընդդիմության եւ երկրի ամեն քաղաքացու իրավունքը եւս լիահավասար ընդունելի եմ համարում, որոնք հույս չեն կապում վարչապետի հետ եւ ուզում են այդ իմ ասածներին վարչապետի հրաժարականով հասնել: Չգիտեմ արդյոքՙ ո՞ր տարբերակն է աշխատելուՙ «Իմ քայլի» խաբս տվող ստրատեգիա՞ն, թե՞ ԱԺ ինքնալուծարումն, իրոք, հնարավոր է, բայց մի բան ակնհայտ էՙպետությունը հիմա պարզապես ժամանակ չունի:

Մտահոգիչ- կործանարար-չվերահսկվող վիճակ է Հայաստանում, թվում էՙ տարբեր երկրների այնքան մեծ թվով գործակալներ կան, որ անգամ նրանք արդեն ուղղորդում են ներքին կյանքը: էմիսարներ, զանազան Օստապ Բենդերներ կարող են գալ Հայաստան, փող ծախսել, ու հոպՙ ասել, թե քաղաքական ուժ են հիմնում, կամ ելույթ ունենան հարթակում ու հանրահավաքի կանչեն: Լավ, սա միթե այլեւս պապուասների երկիրն է, որտեղ ում խելքին ինչ փչիՙ կարող է ասել եւ անել: Ընդ որումՙ ամեն ինչ խառնշտվում-նախապատրաստվում է սոցիալական ցանցերովՙ էլ ռեյտինգի վերաբերյալ անկապ հարցումներ, էլ ցանցային քիլլերություն, էլ անգրագետների եւ կասկածելի առանձնյակների ինքնադրսեւորման բում:Ի վերջո հետ կանչեք իրավիճակը խառնող բոլոր ֆեյքերին, իշխանություն եւ ընդդիմություն, դեղին մամուլի կոմպրոմատների հանգույն ամեն օր տասնյակ հայորդիների մի՛ անվանարկեք ու արժեզրկեք անապացուցելի զրպարտանքներով, միմյանցից քաղաքական վրեժն այդպես լուծելով: Նաիրա Զոհրաբյանի ՙ ատելության խոսքի դեմ նախաձեռնությունը ԵԽԽՎ-ում գովելի է, բայց դա նախ երկրի ներսում պետք է անելՙ այսուհետ ամեն մեկը պիտի քաջություն ունենա հաժարվել բոլոր անվայել պիտակավորումներից ու անցնել երկիրն այս վիճակից հանելու դժվարին գործին:

Արցախի հարցըՙ վտանգավոր շրջապտույտում

Արցախի շուրջ տեղի ունեցողն այժմ Արցախի հարցից վերածվել է Հայաստանի անվտանգության հարցի, քանի որ Հայաստանի սահմաններին, տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգի մասին անգամ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն է զգուշացնում:

Ռուսաստանն օգտագործեց ԱՄՆ-ի նախընտրական ժամանակով իրեն տրված հնարավորությունը, խաղաղարարների անվան տակ մտավ Արցախ, Թուրքիային մոտ թողեց, եւ հիմա մենք, այս պահի փխրուն խաղաղությամբ հանդերձ, ապագայի առումով մեզ անվտանգ չենք զգում: Իրանը չի պատրաստվում գնալ տարածաշրջանում իրենց ասողը համարող Թուրքիային եւ Ռուսաստանին հակադրվելու ճանապարհով, չնայած Թուրքիայի հետ նրա մշտական մրցակցությանը: Իրանին դուրս են թողել ամեն ինչից, եւ նա առայժմ ընտրել է պասիվ հայեցողի դերը, հուսալով, որ բացվող հաղորդուղուց ինքն էլ իր օգուտն է ունենալու: Իրանն, իհարկե, սխալվում է, եւ դա շատ շուտով պարզ կդառնա, սակայն Հայաստանն առայժմ մենակ է խոսում Արցախի հարցի չլուծվածության, կարգավիճակի հարցիՙ Մինսկի խմբի ձեւաչափ տեղափոխելու եւ Արցախին պատկանած, բայց այժմ հանձնված տարածքներում գտնվող գյուղերի ապաշրջափակումիցՙ հույսը ԱՄՆ-ին ու Ֆրանսիային ուղղելով:

Հայաստանի արտգործնախարարն ասում էՙ Արցախի հարցը լուծված չէ, կարգավիճակի հարցը պետք հրատապ լուծի Մինսկի խումբը, Պուտինն ասում էՙ եռակողմ հայտարարությունը հետեւողական իրականացվում է (ենթատեքստը պարզ է, եթե նկատի առնենք, որ Ադրբեջանը համարում է ռազմական ճանապարհով հարցը լուծված), սա փաստորեն դիվանագիտական հարթույթի մեջ դիմակայություն է, որի սուբեյեկտ Արցախի կարգավիճակի որոշմանը պետք մասնակցեն Մինսկի խմբի համանախագահ գերտերությունը եւ Ֆրանսիան: Սա, իհարկե ռուսների համար վտանգ ունի իր մեջ, քանի որ ռուսական խաղաղարարները միջազգային մանդատ չունեն, անգամ Ադրբեջանն իր ստորագրությունը չի դրել ռուսական ներկայության որոշման տակ: Ռուսական ուղղությունից կարելի է սրա արգելակումը սպասել: Սպասվում է նաեւ, որ ԱՄՆ նոր նախագահ Բայդենը , վերջապես գլուխ հանելով իր անհետաձգելի գործերից, հայացքը կդարձնի տարածաշրջան ու կասի իր խոսքը:

Այ այդ ժամանակ պետք կլինեն որակյալ հայերՙ դիվանագիտության մեջ, իրավական ոլորտում, ու մերոնք էլի պատրաստ չեն լինի, Լիլիթ Մակունցի սպասվող նշանակումը վկաՙ որպես ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան:

Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի փոխվարչապետները, որպես տրանսպորտային հաղորդուղիների ապաշրջափակման բանակցող խումբ, հունվարի 30-ին հանդիպելու են Մոսկվայում եւ խոսելու են ապաշրջափակման հարցերից: Մեր կարծիքով, Հայաստանը պետք է կարողանա կամք դրսեւորել եւ դադարեցնել այդ հանդիպումներըՙ պահանջելով առանց որեւէ նախապայմանի հայ ռազմագերիների վերադարձը (երեկ հայտնի դարձավ, որ ընդամենը հինգ գերու Ադրբեջանը վերադարձնում է): Ի վերջոՙ ապաշրջափակումը ոչ այնքան հայերիս է պետք, որքան Ադրբեջանին, Թուրքիային ու Ռուսաստանին, մեզ համար մեր տարածքով անցնելիք ճանապարհից ութ անգամ ավելին Ադրբեջանով անցնելիք ճանապարհը անվտանգ համարվել չի կարող, մեզ համար առավել անվտանգը ռազմավիրական ճանապարհն է: Բայց եթե դա անխուսափելի էՙ գոնե նախ ռազմագերիների վերադարձը պայման դնենք, մինչեւ տեսնենք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 29-01-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ