RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#001, 2021-01-15 > #002, 2021-01-22 > #003, 2021-01-29 > #004, 2021-02-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 22-01-2021



Տեղադրվել է` 2021-01-21 23:11:38 (GMT +04:00)


Ընթերցված է` 1216, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՏԱՔՍԻՍՏԸ

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Եթե ուզում ես ինքդ քեզ շատ վնասել, հոգեպես ու ֆիզիկապես ջլատելՙ մտիր սոցցանցեր: Մտիր ու խելագարվիր, մտիր ու կորցրու ողջամտությունդ, ներքին ազատությունդ խաթարիր, միտքդ ու ներվդ քայքայիր: Մտիր ու ընկիր թակարդը:

Մեր մենթալիտետը, մտածողական կերպերը հրաշալիորեն բացահայտվում են սոցցանցերում, այստեղ մարդիկ արտահայտվում են բավական անկաշկանդ ու ազատ. նույն մարդուն, օրինակ, ռեալ, կյանքային իրավիճակներում բոլորովին այլ դրսեւորումներով եմ հանդիպել, քան ֆեյսբուքյան իր կերպարն է:

Մեր հանրային դիսկուրսը, շատ չնչին բացառություններով, որտեղ ծրագրային գաղափարական խնդիրներ են շոշափվում, լավագույն դեպքումՙ վերլուծություններ, կամ իրարամերժ կանխատեսումներ են, պտտվում է քաղաքական, մասնավորապես առաջին դեմքի կամ հիմնական դեմքերի որեւէ մի արտահայտության, անգամ մեկ բառի շուրջը: Հանրային մտքի ակտիվացման լավագույն մոտիվացիան սա է, որտեղից սկիզբ է առնում պարապ մի զբաղմունքՙ բառախաղ- սրամտախաղային մրցույթի պես մի բան, եւ հնարավորինս լայնորեն օգտագործվում են հայերեն լեզվի տարբեր շերտեր:

Առավել հիմարությունները ավելի մեծ լսարան են ունենումՙ սնելով հանրային մտքի «ստեղծագործ» երեւակայությունը: Մարդկանց զբաղեցնող կամ խաբող տեսարաններ այսօր ապահովում են սոցցանցերը: Մի քանի լարախաղաց մատների վրա պտտեցնում է բյուրավոր մարդկանց: Մենք էլ, բան ու գործ թողած, մտքներս կենտրոնացնում ենք այդ ուղղությամբ, հետեւանքըՙ ժամանակի զուր վատնում, իրական խնդիրներից շեղում, նյարդերի քայքայում: Ասենք, ի՞նչ կարեւոր մի բան էր, որ Վազգեն Մանուկյանը մի քանի հոգու ասել էրՙ բոմժ: Միլիոնավոր մարդկանց օրը ցերեկով, աճպարարի ճարպկությամբ ու հանգիստ խղճով խաբեցին, թալանեցին հոգեպես պետական քարոզչամեքենան ու դրա հետեւում կանգնած հրահանգիչները, դա ոչի՞նչ, կամ էլ այսքան բան անցավ մարդկանց գլխովՙ տուն- տեղ, հող թողեցին թուրքին, զավակ կորցրին, աչքները ճամփին զավակներին են դեռ սպասումՙ անհետ կորած, թե գերի ընկած, էլ ինչերի միջով չանցան, սա ոչի՞նչ, բոմժ ասելը շատ կարեւոր դարձավ: Արժանապատվությո՞ւն են խաղումՙ էլ չե՞ն ծախվելու 10 - 20000 -ով, վայրենի բղավոցներով ու հարայ-հրոցով Եռաբլուր չե՞ն բարձրանալու, իրար չե՞ն բզկտելու:

Մարդու գինը, մարդու արժեքը, մարդու հանդեպ վերաբերմունքը. ո՞վ է խոսում այս մասին, ինչո՞ւ չեն կարեւորվում նման բաներըՙ մարդկային հարաբերությունները աշխատանքային, ընկերական, ազգակցական, անձնական մակարդակներում: Ի՞նչ արժեքներ, ինչպիսի՞ նորմեր են գործում, ինչպե՞ս պետք է մարդուն մարդ պահել, քաղաքացի դաստիարակել: Հո՞ղն է մարդուն պահում, թե՞ մարդըՙ հողին: Հայրենիքն ի՞նչ էՙ տարա՞ծք սոսկական կիլոմետրերով չափվող, թե՞ հոգեմտային կոմունիկացիոն ընդհանուր դաշտ, մարդկային աոողջ փոխհարաբերությունների միջավայր, որտեղ պաշտպանված ես, ապահով եսՙ հոգեպես, բարոյապես, ֆիզիկապես, նյութապես, ուստի ե՛ւ պատասխանատու ես, ե՛ւ պարտավորված:

Ձյունը գալիս, ու կյանքը դժվարանում է, վերեւից մաքուր իջնում, հասնում է մեզ, ներքեւումՙ կեղտոտվում: Երեկ տաքսիստ երիտասարդըՙ կիրթ ու լռակյաց, այնքան տխուր աչքեր ուներ, որ հայացքս չէի կարողանում կտրել այն արտացոլող հայելուց. սիրտս ցավեց: Տուն դարձին Կոմիտաս փողոցում տրանսպորտային իրարանցում էր, մի կերպ տաքսի գտանք: Միջինից բարձր տարիքի տաքսիստի աղմկոտ կերպարը ընդհանրացնում էր հասարակական մի խավի: Հենց նստեցինք մեքենա, սկսեց բողոքել, թե ձնահավաք մեքենան, ճիշտ է, մաքրում է փողոցը, բայց տակը սառույց է. նայում ես, ոչ էլ սառույց կա, ասֆալտըՙ մերկ: Սա ասում է, իբր թե քշելը դժվար է, հետն էլ քննադատում անվարժ վարորդներին, ովքեր այս եղանակին դուրս են եկել ու վտանգում են մյուսների երթեւեկը, բայց մոռանում է, որ ղեկին ինքն է, ձեռքերը ստեպ- ստեպ աջ ու ձախ անելով, անդադար ետ շրջվելով ոգեւորված պատմում փողոցից տուն բերած դեղնամորթ կատվի մասին, որին արքայավել է պահումՙ ասելով սակայն, որ լկստված անասուն է: Հետո հեռախոսի վրա ինչ- որ բան է փնտրում, ինձ է մեկնում իր բնակարանում արված մի կարճ տեսագրություն: Կատուն հեռուստացույցի առաջՙ վարչապետի հրաժարականի պահանջիՙ կաթողիկոսի խոսքի վրա թռչում է ուղիղ էկրանին, ապա արագ շրջվում, ներքեւի դարակում դրված հուշանվերներից մեկը ճանկռտելով փորձում ցած նետել: Տաքսիստը մի տարօրինակ հրճվանքով է բացատրում, թե տեսարՙ որ մեկն էր ուզում ցած նետելՙ հենց Էջմիածնի Մայր տաճարինը: Լուռ եմ. հասկանում եմ, թե ովքեր էին դեկտեմբերի այն օրը հարայ - հրոցով Եռաբլուր բարձրանում...

Լավ է, որ շուտ տեղ հասանք. կատվի արարքով հպարտացող տաքսիստը ընդամենը... կրկնակի գումար գանձեց մեզնից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 22-01-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ