RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-02-27 17:29:58ՀՐԱՏԱՊ. Շիշ բռնողը հավաքել է անհետ կորած զինծառայողների հարազատներին և փորձում է նրանց ուղղորդել Բաղրամյան պողոտա. Mediaport
2021-02-27 15:59:34«ժամանակն է, որ Հայաստանի օրենսդիր մարմինը որոշումներ կայացնի, ոչ թե բանակցի». Ժիրինովսկին Փաշինյանի վերաբերյալ
2021-02-11 15:01:08Վերջին օրերին տեղի ունեցան, կարծում եմ՝ միմյանց հետ փոխկապակցված երկու չափազանց կարևոր իրադարձություններ
2021-02-11 14:59:50Սիրելի՛ ժողովուրդ, Քեզ հիպնոսացրել են, արթնացի՛ր. Հայրենիքի փրկության շարժում
2021-01-27 21:42:18Արցախյան 2 պատերազմի մասնակցած ազատամարտիկը ծեծի է ենթարկվել
#001, 2021-01-15 > #002, 2021-01-22 > #003, 2021-01-29 > #004, 2021-02-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 22-01-2021



Տեղադրվել է` 2021-01-21 23:11:38 (GMT +04:00)


Ընթերցված է` 3276, Տպվել է` 178, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՔԱՐԻ ՊԵՍ ՊԻՆԴ, ՀՈՂԻ ՊԵՍ ՓԽՐՈՒՆ»...

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

Սերգեյ Գալստյանի «Փարաջանով. Հանդիպումներ եւ ոչ միայն...» գիրքը

Կան անձինք, որոնց մասին ինչ էլ գրվի, ինչ էլ նկարահանվիՙ կգտնի իր ընթերցողին ու դիտողին: Այդպիսի հազվագյուտ անձանցից է Սերգեյ Փարաջանովը, եւ այդպես մեկ շնչով կարդացվում է նրա մասին հերթական գիրքըՙ Սերգեյ Գալստյանի «Փարաջանով. Հանդիպումներ եւ ոչ միայն...» հատորը («Էդիտ պրինտ», 2020):

Դարձյա՞լ Փարաջանով, կհարցնեն շատերը: Այո, դարձյալ, քանի որ ընդամենը երկու հայկական ֆիլմ ստեղծած Փարաջանովը մնում է ամենանշանավոր հայ կինոբեմադրիչը, որը, հիրավի, անսպառ է, անվերջ է... Փարաջանովի մասին գրում ու խոսում են անգամ նրան հեռվից հեռու ճանաչածները... իսկ ինչո՞ւ նրան չանդրադառնար նրա մտերմությունը քսան տարուց ավելի վայելած Սերգեյ Գալստյանը (որին կատակասեր արվեստագետը հաճախ ներկայացրել է որպես իր «եղբորորդին»), ուստիեւ մեր վաստակաշատ կինոգետ-արձակագրի այս նոր հատորը բնավ չպետք է համարել տուրք «մոդայիկին» (մանավանդ եթե նկատենք, որ նա կես դարից ավելի է, ինչ մասնագիտորեն արժեւորել է «մոդայից» շատ հեռու մեր կինոգործիչներից շատերին): Ինքս, որ տարիներ շարունակ հնարավորության սահմաններում կարդում եմ Փարաջանովի մասին գրված յուրաքանչյուր տողը, որ տարին մի քանի անգամ հյուրեր եմ տանում նրա թանգարանը ու երբեք չձանձրանալովՙ պատմում նրա մասին, այս գրքում եւս, չգիտես քանիերորդ անգամ, հաճույքով ընթերցեցի վաղուց ի վեր ծանոթ իրողությունները, բայց, որ ամենակարեւորն է, այս հատորի շնորհիվ նորանոր շտրիխներ ավելացան իմ արդեն իմացածին...

Սերգեյ Գալստյանն իր գիրքը փակագծում ենթավերնագրել է «Տարօրինակ վեպ զարմանալի մարդու մասին»: Իրականում սա հուշագրական վավերապատում է, որ ժամանակագրորեն ներկայացնում է արվեստագետի կենսագրությունըՙ ընդելուզված նրա հետ հեղինակի հանդիպումներին եւ այլ կինոգործիչների ու ծանոթների հետ ունեցած զրույցներին: Պատումն ընդմիջարկվում է հռչակավոր բեմադրիչի մտքերով, նրա նամակներից բերվող հատվածներով եւ եզրափակվում նրա մասին արտահայտված այլեւայլ կարծիքներով...

Գիրքը բացվում է Համո Սահյանի հայտնի տողերովՙ «Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է, Հասկացեք, է՛լի, ես մի քիչ բարդ եմ, Քարի պես պինդ եմ, հողի պես փխրուն, Ինչքան չլինիՙ դեռ մի քիչ մարդ եմ», որը լսելովՙ Փարաջանովը բացականչել է. «Էս խոմ ե՛ս եմ...»:

Սերգեյ Գալստյանիՙ Փարաջանովի հետ ընկերությունը սկզբնավորվել ու զարգացել է մասնագիտական ամուր հողի վրաՙ «Կիեւյան որմնանկարների» փորձնական օրինակի համատեղ դիտումը Երեւանում, «Սայաթ-Նովա» սցենարի ընթերցումը երեւանյան մի դահլիճում ( «Այնքան տպավորիչ էր, որ կարծես ներկա էի առաջին կինոփորձերի դիտմանը»), «Նռան գույնի» նկարահանումները նրա կողմից կինոժուռնալի համար սյուժե պատրաստելը... Իր գրվածքն ասմունքի վարպետներին հավասար ուժով ընթերցող, նկարահանման հրապարակում նաեւ որպես գեղանկարիչ ու պլաստիկայի վարպետ հանդես եկող Փարաջանովը դրսեւորվում է նաեւ իր մարդկային որակներով, որը հոգատար է ստեղծագործական խմբի մրսող աշխատակցի հանդեպ, որը, լսելով Գալստյանի հայրանալու լուրըՙ երեկոն անմիջապես վերածում է բուռն տոնախմբության... Եվ համանման ուրիշ շատ դրվագներՙ լեցուն հումորով, թախիծով, ստեղծագործականությամբ, փարաջանովյան անկրկնելի մթնոլորտով... Ինչ ասես չարժի Փարաջանովիՙ հանպատրաստից հորինած «Մի կին, երկու տղամարդՙ չհաշված կոնյակը» «գերկարճամետրաժ ֆիլմի» բեմադրումըՙ իր, Բելլա Ախմադուլինայի եւ Սերգեյ Գալստյանի մասնակցությամբ...

Մասնակցելով միջազգային կինոփառատոներիՙ Սերգեյ Գալստյանն առիթը բաց չի թողել Հայաստանի ու հայ կինոյի մասին կարծիքներ հարցնել համաշխարհային կինոյի դեմքերից: Այդ պատառիկներն ընդգրկվել են նրա «Անուններ էկրանի վրա» գրքում (1984), սակայն ներկա հատորից պարզվում է, որ այդ կարծիքներն արտահայտողները մեծ մասամբ խոսել են նաեւ Փարաջանովի մասին: Դրանց հրատարակումից 36 տարի անց նոր մանրամասներ ենք իմանում, օրինակ, որ աշխարհահռչակ կինոդերասանուհի Ջինա Լոլոբրիջիդան մտերիմ է եղել իտալաբնակ հայազգի նկարիչ Գրիգոր Շիլթյանի հետ, նրա հետ միասին դիտել «Մոռացված նախինիների ստվերները», եւ Շիլթյանն է նրան հաղորդել այդ ֆիլմի բեմադրիչի հայ լինելու մասին: Մոսկվայի կինոփառատոնի մասնակից Լոլոբրիջիդան Գալստյանի խորհրդով դիտել է «Նռան գույնը» եւ ասել հետեւյալը. «նրա կինոն անծանոթ է, Եվրոպային անծանոթ, նորարարություն է. դա ապագայի կինո է... Կարծում եմ, ժամանակ է պետք, տարիներ, մինչեւ որ ծնվի մի հանճար, որ այդպես մտածի, այդպես ստեղծագործի, իսկ ձեր Փարաջանովի արածը նոր խոսք է, նոր ոճ, նոր կինոլեզու»: Գալստյանը նաեւ վկայել է, որ երբ կինոբեմադրիչն իմացել է Լոլոբրիջիդայի կարծիքը, ասել է. «երբ թույլ տան նկարելու իմ «Արա Գեղեցիկը», ես Շամիրամի դերում կհրավիրեմ Ջինային: Թող նկարահանվի նաեւ հայ կինոյում»: Ֆանտաստիկ թվացող գաղափար, որը, ինչպես ասում են, չափազանց հրաշալի էրՙ իրականություն դառնալու համար...

Հայտնի է, որ փարաջանովյան անհուն ժառանգության կարեւոր մասն է կազմում նրա նամականին, հատկապես բանտում գրած նամակները: Առանց չափազանցության կարելի է ասել, որ դրանք համաշխարհային նամակագրության եզակի էջերից են, որոնց ընթերցումը բնագրով տարիներ առաջ հոգեկան ցնցում էր պատճառել ինձ: Պակաս հոգեցունց չեղավ դրանցից մի քանիսի ընթերցումը հայերեն թարգմանությամբ, որոնք Սերգեյ Գալստյանն ընդգրկել է իր հատորում: Մայրենիին լավ չտիրապետող Փարաջանովիՙ բանտից աշխարհին նետված գրավոր խոսքը հայրենի տարազի մեջ հնչում է կարծես ավելի ազդու... Եվ ո՞վ ասաց, թե լավ հայ չէր Փարաջանովը: Միքայել Վարդանովին գրած նրա նամակի հետեւյալ տողերը ջնջում են այդ կարծրատիպը. «Ուղարկում եմ իմ մազերից մի փունջ: Եթե ես չհասնեմ Հայաստան, մազերս թաղի՛ր մեր հողում: Համբուրում եմ քեզ եւ հողը մեր... Որդուս ցույց կտաս Սեւանն ու Արարատը...»:

Առհասարակ, «Փարաջանովը եւ հայությունը» թեման կարիք ունի մշտապես նորանոր համալրումների: Մեր կինոգետների (Կարեն Քալանթար, Սիրանույշ Գալստյան եւ այլք) որոշ աշխատություններ բացահայտել են նրա արվեստի առնչությունը հայ ավանդական մշակույթի, գեղագիտական մտածողության հետ, Ասատուր Փաշայանն իր «Սերգեյ Փարաջանով» հատորում (2018) հավաքել է հայ իրականության հետ կինոբեմադրիչի կապերի զգալի մասը: Հատկապես հուշագրություններում սփռված են բազում հիշատակումներ Փարաջանովիՙ հայության հետ ունեցած ընտանեկան, զգացական, ստեղծագործական եւ այլ տիպի հեռու ու մոտիկ ամենատարբեր առնչությունների վերաբերյալ: Ահա, նման հայտնի թե անհայտ թանկարժեք վկայություններ է պարունակում նաեւ Սերգեյ Գալստյանի հատորը: Այդ թվումՙ արվեստագետի բերանից երբեմն հնչած թիֆլիսահայ բարբառը («Աբա՛, շանց տուր» կամ «Էս խոմ ֆիլմի սցենար պատմեցիր... դուն էս բոլորը խո չե՞ս սարքել, աբա խոստովանի»): Թե ինչպես է սիրել Համո Սահյանի բանաստեղծություններըՙ անվանելով «դարերի պոեզիա»ՙ դրան հաղորդակից դառնալով բանավոր հայերենով ու գրավոր ռուսերենով: Թե ինչպես Մարտիրոս Սարյանը «Նռան գույնը» դիտելուց հետո համբուրել է Փարաջանովի ճակատն ու ասել. «Տղա՛ս, ի՞նչ ես կորցրել կինոյում, դու պետք է գեղանկարչությամբ զբաղվես, դու մեծ նկարիչ ես»: Թե ինչպես կինոբեմադրիչի մայրը չի հավանել «Նռան գույնը»ՙ ասելով, որ որդին «ջիգյար չի դրել ֆիլմի մեջ» (ի դեպ, հայրս պատմում է, որ Փարաջանովի հետ Երեւանի պետհամալսարանի ուսանողների հետ ունեցած մի հանդիպման ընթացքում վերջինս ասել է, թե իր մայրը նախընտրում է «Սայաթ-Նովա» հեռուստաֆիլմը...): Թե ինչպես է նա կալանավայրում մտածել. «Երանի հետս մի հայ լիներ, չորս տարում ինձ լավ հայերեն գրել-կարդալ կսովորեցներ»: Թե ինչ է վկայել նա իր տոհմի մասին («Օնիկ Փարաջանովըՙ հորեղբորս տղան, կոնսերվատորիայի պրոֆեսոր Հովհաննես Փարաջանյանը ինձ ասում էր... որ Փարաջանովները բնիկ թիֆլիսեցիներ չէին, նրանք տեղափոխվել էին Ախալցխայից: Հայկազ հորեղբայրս Հայաստան է տեղափոխվել իր ընտանիքով 1920 թվականին»): Փաստորեն, հայ մշակույթին այնքան ականավոր դեմքեր պարգեւած Ախալցխայի զավակների շարքում պիտի այսուհետ հավելել նաեւ Սարգիս Փարաջանյանի անունը...

Եվս մեկ արժեքավոր վկայություն: Փարաջանովի թանգարանում ցուցադրվում է 1989-ին Ստամբուլում արված Մաեստրոյի մի գծանկարըՙ ինքնանկար ոմն Մարտիրոսի հետ. փարաջանովյան միակ մասունքը, որն ունի հայատառ մակագրություն եւ ստորագրություն (թեեւ ձեռագրից պարզ է, որ Փարաջանովը սոսկ կրկնագրել է մեկ ուրիշի արեւմտահայերեն գրածը): Գալստյանը 1991-ին Ստամբուլում հանդիպել է այս Մարտիրոսինՙ պոլսահայ գործարար Մարտիրոս Պալըգճյանին, որը նրան պատմել է Փարաջանովի հետ իր հանդիպումների մասին, մասնավորապես «Թուրքիայի երիտասարդ պոետների» կողմից նրան սպառնալու մասին, որին արդեն ծանոթ էինք Կորա Ծերեթելիի «Կոլաժ ինքնադիմանկարի ֆոնին» գրքից...

Գրքի եզրափակիչ մասն ամենատարբեր անձանց սրտի խոսքերի, մասնագիտական գնահատականների, հուշ-պատառիկների մի հավաքածու էՙ ակադեմիկոս Սուրեն Երեմյանից մինչեւ կինոյի կենդանի դասական Ժան-Լյուկ Գոդարը, նորոգ հանգուցյալ հռչակավոր դերասան Ռոբեր Օսեյնից մինչեւ «Նռան գույնի» նկարահանումներին ներկա գտնված Հաղպատի բնակչուհի Լուսիկ Սահակյանը...

Ինչպես Սերգեյ Գալստյանի նախորդ գրքերը, «Փարաջանով. Հանդիպումներ եւ ոչ միայն...» հատորը եւս արտաքնապես գեղեցիկ է, հարուստ ծանոթ-անծանոթ պատկերազարդումներով, գեղեցկապաշտ կինոբեմադրիչին հիրավի վայել ձեւավորմամբ...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 22-01-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ