RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#001, 2021-01-15 > #002, 2021-01-22 > #003, 2021-01-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 15-01-2021



Տեղադրվել է` 2021-01-14 22:18:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 1247, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՐԿԱՅԻՆ ԲԵՌԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ, ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՆՈՐ ԱԼԻՔ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ «ՓԱԽՈՒՍՏ» ԵՐԿՐԻՑ

ՄԱՆՈՒԿ ԱՐԱՄՅԱՆ

Հայաստանն այժմ գտնվում է անկախության շրջանի թերեւս ամենախորը ճգնաժամի մեջ: Բացի Արցախի ահռելի մասի կորստից եւ Հայաստանի Հանրապետության անվտանգության հետ առաջացած լրջագույն սպառնալիքներից, իշխող վարչախմբի քաղաքականությունը ճգնաժամային կացություն է ստեղծել նաեւ տնտեսության մեջ, վատթարացրել բնակչության սոցիալական կացությունը: Եվ այս ամենի ֆոնին, վարչապետի որոշմամբ, ընդունվել է «հարկային քաղաքականության ճեղքի կրճատման» միջոցառումներ (համապատասխան նախագիծն արդեն տեղադրված է կառավարության պաշտոնական կայքում), որով նախատեսվում է ծանրացնել հարկային բեռը հատկապես փոքր բիզնեսի վրա, դրդելով նաեւ ամենօրյա սպառման ապրանքների եւ ծառայությունների նոր թանկացումների:

Կթանկանան գյուղմթերքները, առողջապահական եւ կրթական ծառայությունները

Վերոնշյալ փաստաթղթով նախատեսված է առողջապահության եւ կրթության ոլորտները հարկել ավելացված արժեքի հարկով, ինչից մինչ օրս այդ ոլորտները ազատված էին: Հիմնավորումը ուղղակի զավեշտալի էՙ իբր սոցիալական նկատառումներով: Այսինքն, ըստ այդ հիմնավորման, առողջապահական կամ կրթական ծառայությունից օգտվելու համար 20 տոկոս ավելի (ավելացված արժեքի հարկի չափով) վճարելը կնպաստի ժողովրդի սոցիալական վիճակի բարելավմանը: Ընդ որում, թանկացում լինելու է թե՛ պետական, թե՛ մասնավոր հաստատություններում, քանի որ այդ ոլորտներն ամբողջությամբ ազատված են ԱԱՀ-ից: Արդյունքում, օրինակ, թոքերի համակարգչային տոմոգրաֆիայի համար, որն իրակացվում է կորոնավիրուսի ախտորոշման համար, հարկ կլինի ներկայիս 20 հազար դրամի փոխարեն վճարել 24 հազար դրամ:

Նույնը նաեւ կրթական ոլորտում: Թե՛ պետական, թե՛ մասնավոր բուհերում ուսման վարձն ազատված է ավելացված արժեքի հարկից եւ եթե այդ արտոնությունը վերացվի, ապա առանց բացառության բոլոր բուհերում ուսման վարձերը կթանկանան: Բնականաբար, դա առաջին հերթին հարվածելու է սոցիալապես խոցելի խավին, որը հիմա դժվարությամբ է վճարում այդ գումարները: Իրենց ծառայությունները կթանկացնեն նաեւ ավելի որակյալ կրթական ծառայություններ մատուցող մասնավոր դպրոցները: Սակայն սա ամբողջը չէ:

Նիկոլ Փաշինյանը որոշել է գյուղատնտեսությունը եւս ընդգրկել ավելացված արժեքի հարկի դաշտումՙ պահանջելով գյուղմթերքներ արտադրող գյուղացիներից հաշվարկային փաստաթղթեր տրամադրել: Ակնհայտ է, որ սա նշանակում է գյուղմթերքների թանկացման նոր փուլ: Եթե այժմ գյուղմթերքներ վաճառողները իրենց մատակարարված ապրանքների համար որեւէ փաստաթուղթ չեն ստանում ԱԱՀ-ից ազատված գյուղացիներից, ապա հիմա ստանալու են: Դա նշանակում է, որ նրանք հավելյալ 20 տոկոսի չափով հարկ են վճարելու եւ, համապատասխանաբար, թանկացնելու են իրենց վաճառած գյուղմթերքը:

Շրջանառության հարկը կբարձրանա, իսկ հարկման առավելագույն շեմըՙ կիջեցվի

Տնտեսական վիճակի վատթարացմանը զուգահեռ, կտրուկ նվազել են նաեւ պետական բյուջեի եկամուտները: Այն աստիճան, որ կառավարությունը հարկադրված եղավ հոկտեմբերին գրեթե 53 մլրդ դրամ վերցնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանգանակած գումարից: Այդուհանդերձ, աղետալի կացությունը անգամ դրանից հետո չբարելավվեց: Այժմ էլ «հարկային քաղաքականության ճեղքի կրճատման» միջոցառումներում կառավարությունը հայտարարում է շրջանառության հարկի դրույքաչափի բարձրացման եւ շրջանառության հարկի շեմի իջեցնելու մասին: Սա նշանակում է, որ հարվածն առաջին հերթին ուղղվելու է փոքր բիզնեսինՙ շուրջ 60 հազար տնտեսվարողներին, որոնք գործում են շրջանառության հարկի դաշտում:

Փաստաթղթում նշված չէ, թե կոնկրետ որքա՞ն է բարձրանալու շրջանառության հարկը եւ թե հարկի շեմը որքանո՞վ են իջեցնելու: Ամեն դեպքում, դա չի կարող պետական բյուջեի եկամուտների էական աճ բերել: Բանն այն է, որ շրջանառության հարկից ստացվող եկամուտները չեն գերազացնում բյուջեի ընդհանուր եկամուտների 2 տոկոսը: Այս հարկատեսակից հավաքվող մուտքերի ավելացումն աննշան ազդեցության կունենա, եթե իհարկե ունենա: Բացառված չէ նաեւ եկամուտների անկումը, քանի որ հարկային բեռի ավելացման հետեւանքով շատ տնտեսվարողներ կփակվեն, կամ ավելի խորը ստվերային դաշտ կմտնեն, կամ էլ աշխատատեղեր կկրճատեն:

Ինչ վերաբերում է շրջանառության հարկի շեմին, ապա այն այժմ 115 մլն դրամ է: 2019 թ.-ի հունվարի 1-ից շրջանառության հարկի շեմը 58 մլն դրամի փոխարեն վերադարձվեց 115 մլն դրամի, ցույց տալու համար, թե իշխանությունն իբր փոքր բիզնեսի նկատմամբ մեղմ հարկային քաղաքականության կողմնակից է: Հիմա, երբ տնտեսական անկման մեջ ենք, եւ հատկապես փոքր բիզնեսին սատարելու սուր անհրաժեշտություն կա, կառավարությունը «մոռացել» է իր դիրքորոշումը եւ որոշել հարկային ահաբեկչություն իրականացնել փոքր բիզնեսի նկատմամբ:

Հարկային բեռի ծանրացումը, բնականաբար, իր վրա զգալու է բնակչությունը: Բիզնեսը հարկադրված է լինելու բարձրացնել իր ծառայությունների, արտադրվող կամ վաճառվող ապրանքների գները: Այս տարվա փետրվարի 1-ից դրան նպաստող մեկ այլ գործոն էլ կաՙ 400 կվտ/ժ-ից ավելի սպառողների, այսինքն բիզնեսի համար էլեկտրաէներգիայի գների բարձրացումը:

Ներդրումներն էլ սկսեցի «փախչել» Հայաստանից

Կենտրոնական բանկի հրապարակման համաձայն, այս տարվա երրորդ եռամսյակում ոչ միայն օտարերկրյա ներդրումներ չեն կատարվել Հայաստանում, այլեւ դրանք դուրս են եկել երկրից: Այսինքն, գրանցվել է բացասական ցուցանիշ: Մասնավորապես, այս տարվա հուլիս-սեպտեմբեր ամիսներին օտարերկրյա ներդրողները Հայաստանից դուրս են բերել 12,9 մլն դոլար: Նման երեւույթ վերջին 5-6 տարիներին Հայաստանում չէր արձանագրվել: Սա նշանակում է, որ մեր երկրում ունենք ներդրումների համար ոչ նպաստավոր միջավայր:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը, առանց որեւէ հիմքի, կոռուպցիայի մեջ մեղադրեց մի շարք խոշոր օտարերկրյա ներդրողներիՙ «Գազպրոմ Արմենիա», «Հարավ-կովկասյան երկաթուղի», «Վեոլիա», գործունեությունից զրկեց «Սանիտեքին» եւ անորոշ թողեց Ամուլսարի հանքի շահագործման լիցենզիա ունեցող «Լիդիան Արմենիայի» գործունեությունը սկսել-չսկսելը: Ներքին ներդրողների նկատմամբ էլ իրականացվեցին հալածանքներՙ սկսած հարկային տեռորից վերջացրած քրեական գործերի հարուցումով եւ ձերբակալություններով: Բնական է, որ այս ամենն, ի վերջո, արտացոլվելու էր ներդրումային միջավայրի վրա: 2019 թ.-ին օտարերկրյա ներդրումները նախորդ տարվա համեմատ մնացին անփոփոխ: Այս տարի դրանք արդեն նվազել են:

Ըստ այս պահին հայտնի ցուցանիշների, 2020 թ.-ի ինը ամիսներին Հայաստանում կատարված օտարերկրյա ներդումները կազմել են 112,3 մլն դոլար: Անցած տարիՙ 2019 թ.-ի նույն ժամանակաշրջանում այդ ցուցանիշը 185,6 մլն դոլար էր, իսկ 2018 թ.-ի նույն ժամանահատվածումՙ 186,4 մլն դոլար: Ընդ որում, 2018 թ.-ին ներդրումների ավելի քան կեսը կատարվել էին նախորդ իշխանության օրոք:

Ընդգծենք նաեւ, որ օտարերկրյա ներդրումները Հայաստանից սկսել են դուրս բերվել մինչեւ արցախյան պատերազմը, եւ այս իշխանությունը չի կարող այն վերագրել պատերազմին: Թե ի՞նչ կլինի տարվա վերջին եռամսյակում օտարերկրյա ներդրումների հետ, դժվար չէ ենթադրել: Այսպիսով, ականատեսն ենք այն բանի, թե ինչպես է «թավշյա» իշխանությունը անդունդ գլորում Հայաստանի տնտեսությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 15-01-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ