RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#001, 2021-01-15 > #002, 2021-01-22 > #003, 2021-01-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 15-01-2021



Տեղադրվել է` 2021-01-14 22:18:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 1332, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԴԵՊԻ ԲԱՔՈՒ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Զենքո՞վ, թե՞ գնացքով

Չնայած ժամանակներն ամենեւին էլ անեկդոտային չեն, բայց մի նոր անեկդոտ կա. Մոսկվայի Պատրիարքական լճերի մոտ մի օր, վաղ առավոտյան, երբ Անուշկան դեռ չէր թափել յուղը, հանդիպում են հայը եւ գիտեք թե ով: Գիտեք թե ով հային հարցնում է.

- Այս ամենից հետո ինձ ամենաշատը հետաքրքրում է մեկ բան: Ի՞նչ կանեք, եթե մնաք անզեն, անգազ, առանց ռազմավարական դարավոր դաշնակցի, մերձմոսկովյան երեկոների ու շրջանակների: Եւ սա այն դեպքում, երբ Ադրբեջանը որոշի նորից հարձակվել այս անգամ արդեն Հայաստանի (այստեղ գիտեք թե ով քմծիծաղում է) Հանրապետության վրա:

- Ի՞նչ պետք է անենք, կնստենք Երեւանում գնացք եւ Նախիջեւանով, Մեղրիով, Ադրբեջանով կգանք Ռուսաստան, այստեղ վագոնները կլցնենք զենքով, ու նույն ճանապարհով հետ կգնանք Հայաստան եւ առնվազն զենք կունենանք: Հա, վերադարձի ճանապարհին Բաքվի կայարանում գնացքից կիջնենք եւ թեյ կխմենքՙ ազնիվ-խաղաղասեր դեմքով:

Քանի որ սրանից հետո Աննուշկան արդեն թափում է յուղը, իսկ դա արդեն բոլորովին այլ պատմություն է, դառնանք մերին: Իհարկե յուրաքանչյուր մարդ, որը ոչ միայն քայլում է, նստումՙ հասկանալի է պաշտոնյայի աթոռին, այլեւ մտածում է, ցանկալի է ոչ միայն գիշերներըՙ քնելուց առաջ, հասկանում է, որ Երեւան-Նախիջեւան-Մեղրի-Ֆիզուլի-Բաքու-Մախաչկալա-Մոսկվա գնացքում ենթադրենք Վարպետն ու Մարգարիտան կարդացող հայ մարդը չի կարող երջանիկ լինել ու իրեն ապահով զգալ ոչ թե որովհետեւ Բուլգակովն է այդպիսի գրող, այլ քանի որ ինքը գիտի, որ Բաքվի բանտում հենց հիմա տանջում են իր հայրենակիցներից մեկին: Եւ ուրեմն, ի՞նչ գնացք, եթե դրանից շուտ Երեւան չեն հասել հայ գերիները: Ո՞վ է երաշխավորը, որ այդ գնացքը, ասենք Ֆիզուլի կայարանում չեն կանգնեցնելու ու դրա բոլոր հայ եւ ուղեւորների անձնագրերը չի ստուգելու անձամբ Ռամիլ Սաֆարովը, ընդ որումՙ առանց անհանգստացնելու նրանց, թողնելով, որ չզարթնեն խորը քնից: Անձամբ Պուտի՞նը, թե՞ ռուս խաղաղապահ, օրինակ Եգորը, որը օրական առնվազն մեկ շիշ մաքուր օղի է խմումՙ չնայած 19 տարեկան է, եւ որովհետեւ Լյուբան իրեն չսիրեց, քանի որ փախավ հայ տղաՙ Գեղամի հետ ու այդ օրից Եգորն սկսեց առանձնահատուկ վերաբերվել հայերին: Գուցե ադրբեջանցի մայրե՞րն են սկսել իրենց որդիներին բարի հեքիաթներ պատմելՙ քնելուց առաջ, եւ Ադրբեջանում մեծացել է մի սերունդ, որը բացառապես սիրում էՙ կապ չունի Իլհամ Ալիեւին, նրա դուստր Լեյլա Ալիեւային, ոտանավորները, թե՞ հայերին:

Հասկանալի է, որ անվտանգության երաշխավոր չկա, եւ ուրեմն ո՞ւմ համար է այդ գնացքը: Հասկանում եմ, որ ադրբեջանցիները նույնիսկ նավով ուզում են հասնել Երեւան, եւ մենք այնքան խաղաղասեր ժողովուրդ ենք, որ սիրով նրանց կծանոթացնենք Կասկադի սրճարաններինՙ չթողնելով, որ հաշիվն իրենք փակեն, բայց այդ ո՞ր հայն է նստելու Երեւան-Բաքու-Մոսկվա գնացքըՙ Ռուսաստան գնալու համար...Չնայած, գուցե Աննուշկան արդեն թափել է յուղն ու հայ մարդը ոչ թե Մոսկվայում, այլ Բաքվում է գործեր ունենալու: Ենթադրենք պատերազմից հաղթանակած վերադարձած ու առանձնահատուկ հերոսության համար պարգեւատրված ադրբեջանցի գեներալն ուզում է առանձնատուն սարքելՙ հենց Կասպից ծովի ափին, եւ հայ վարպետների է կանչում, իրենք էլ հաճույքով գնում ենՙ Բաքվի ճանապարհին մտքում հաշվելով փողը: Այնպես որ, եթե ազնիվ լինենք, ապա Երեւան-Բաքու գնացքը մեր մայրաքաղաքից ամենեւին էլ դատարկ չի շարժվելու ու շուտով մեր քաղաքներում լինելու են երեխաներ, որոնք ամեն օր խոսում են պապայի հետ, որը Բաքվում աշխատում է եւ նրանք, որոնք ոչ մի օր չեն կարող խոսել պապայի հետ, քանի որ նա Բաքվի բանտում է: Այս երեխաները գնալու են նույն մանկապարտեզները, դպրոցները, իրար հետ խաղալու են, մինչեւ այն պահը, երբ հասկանան, թե ում հայրիկը Բաքվում ինչ է անում: Հենց հասկացան...

Դեռ չկան այդ երեխաները: Ոչ մի գնացք էլ չկա: Կանք մենք, որ չգիտենք, թե ինչ ենք ուզում: Բայց գուցե գիտե՞նք, ուղղակի բարձր չենք ասում, քանի որ գնացքում չի կարելի բարձր խոսելՙ դեռ հին սովետական ժամանակներից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 15-01-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ