RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#001, 2021-01-15 > #002, 2021-01-22 > #003, 2021-01-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 15-01-2021



Տեղադրվել է` 2021-01-14 22:18:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 3418, Տպվել է` 194, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԵՆՔ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՆՔ ԽՈՐՔԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դժվար չէ հասկանալ, որ եթե դու գլխավոր խնդիր ես համարում գերիների վերադարձը, իսկ թշնամիդՙ իր շահին հարմար հաղորդակցության ապաշրջափակումը, ապա վերադարձի հարց չլուծելով ապաշրջափակման համաձայնություն ստորագրելը նշանակում է սպասարկել թշնամու օրակարգը: Այլ եզրակացություն դժվար հետեւի առաջին հայացքից: Եթե քեզ համար գերադաս խնդիր ես առանձնացնում եւ այն չես կարողանում լուծել, ապա միակ տարբերակ պետք է լինի որեւէ բան չստորագրելՙ քո գերադաս հարցը ստորագրման նախապայման դարձնելով:Իսկ եթե վստահություն կամ երաշխիք չունես գերակա խնդիրդ լուծելու, ապա ուղղակի պետք է չմեկնել այդպիսի հանդիպման ու մի անգամ եւս Հայաստանը չնվաստացնել:Որովհետեւ բանակցել չկարողանալը այս դեպքում բնական հետեւանք է պատերազմում տանուլ տալու, տանուլ տվող ղեկավարը միշտ բարդույթավորված է ու խեղճացած, ու որեւէ պահանջ չի կարող պնդել: Բայց եթե դա չի ըմբռնում տանուլ տվող ղեկավարըՙ դա մեծ խնդիր է դառնում երկրի համար: Բայց մի՞թե այդ պատճառով պետք է շարունակի տուժել հայկական շահը, մի՞թե պիտի շարունակենք չօգտվել այն իրավական-բանակցային պատուհանից, որը պոտենցյալ հնարավոր է դարձնում ե՛ւ եռակողմ համաձայնագրի բարելավումը (որից շատ է վախենում Ալիեւը), ե՛ւ նոր, թեկուզ նախապես խոստացված համաձայնագրերի ստորագրման, անգամ հնի որոշ դրույթների կատարման բացառումը:

Ի՞նչն է ստիպում պատերազմը տանուլ տված ղեկավարին, երաշխիք չստանալով, մեկնել Մոսկվա եւ ստորագրել հունվարի 11-ի նոր համաձայնագրիՙ Հայաստանի համար այս պահին ոչ առաջնահերթ, եւ, հանգիստ կարելի է ասել, նվաստացուցիչ 4 կետերը, քանի որ ե՛ւ ներքին բարոյահոգեբանական, ե՛ւ ներքաղաքական լարվածության մթնոլորտը լիցքաթափելու տեսակետից առաջնահերթը գերիների վերադարձն էր, որը մի փոքր կմեղմեր ֆոնը: Փաստորենՙ ստորագրված փաստաթուղթը, որի կատարման շուրջ արդեն կողմերի տարբեր պաշտոնյաներ լրացուցիչ հանդիպում են հիմա, ի չիք դարձրեց գերիների, պատանդ պահվող քաղաքացիական անձանց, զոհվածների մարմինների լիակատար փոխանակմանՙ եռակողմ հայտարարության 8-րդ կետով նախատեսված հայկական կողմի զորեղ կռվանը, քանի որ ինչ պետք էրՙ թշնամին ստացավ առանց դրա կատարման էլ: Ու հիմա ոնց ուզի, այնպես էլ կվարվի գերիների հարցում, կշարունակի գերիների խնդիրը կապել Արցախից հայկական զինուժը դուրս բերելու իր լկտի պահանջի հետ, նոր գերիներ կվերցնի, նրանց ահաբեկիչ կանվանի, ինչպես որ մեր բնագծից վերցրած 62 զինծառայողին է անվանում կամ Լիբանանից Բերձորում ապրելու տեղափոխված հայուհունՙ Մարալին է անվանում: Ինչո՞ւ պիտի նոյեմբերի 9-ի հրադադարը անընդհատ խախտող Ալիեւը թուրքական շահն առաջ տանել ու կարողանա տասնամյակների թուրանական երազանքն իրականացնելՙ Թուրքիան երկաթգծով Ադրբեջանին կապելով, մեր իսկ երկրի սահմանագծումն իր սրտի ցանկություններով անելով, իսկ մենք տանուլ տված պատերազմից երկու ամիս անց անգամ դիվանագիտական հակաքայլեր արած չլինենքՙ գոնե Մինսկի խմբի մյուս համանախագահներով Արցախի կարգավիճակի հարցի լուծման խնդիրը միջազգային քաղաքական հարթույթ փոխադրելով: Պարզ չէ՞ , որ մեր ռազմագերիներվ դեռ մեզ շատ է շանտաժելու Ալիեւըՙ GPS- ով սահման գծելիս, որսի հոտ առած բորենու պես ադրբեջանցին անընդհատ պտտվելու է մեր գյուղերի ու տների շուրջ ու շարունակի տուն առ տուն առաջ գալ: Հայկական կողմին կարծես այս պահին միայն այդ նոր համաձայնագրով ապաշրջափակվող երկաթգիծն է պակասՙ թուրքական ապրանքով հեղեղելու համար երկիրը եւ խեղդելու մեր ապրանքարտադրողին, որն իբր կարողանում է մրցունակ ապրանք արտադրե՞լ, դեռ նաեւ արտահանելու, երկաթգծով տեղափոխելու խնդիրն է մնացել չլուծված: Նայեք «Կոմերսանտի» հրապարակած քարտեզիՙ երկաթգծի ուղուն ու շարունակեք պնդել, որ դա Մեղրիով չի անցնում, հայերիս համար օտարված դարձնելով Հայաստանի որոշակի տարածքներ: Զարմանալի է, որ պատերազմի դաշտում միլիարդավոր դոլարների կորուստ արձանագրած Հայաստանի նյուպաշտոնյաները խոսում են այդ երկաթուղու գրոշանոց օգուտներից մեր տնտեսության մեջ, կամ զոհերի արյունը դեռ չսառածՙ այդ արագությամբ ստորագրած թղթերի օգուտներն են հաշվումՙ մոռացած գլխներիս գալիք ժողովրդագրական փոփոխությունները. նոր հնարավոր պատերազմի հնարավորությամբ այդպիսի թղթի ապարդյունությունը, Սյունիքին սպառնացող վտանգները: Եւ բացի այդՙ թուրքն ինչ-որ չի կարողանում վերցնել զենքով, վերցնում է առեւտրով եւ փողով:

Առհասարակ, ինչ կատարվում է Հայաստանում, այն տրամաբանության մեջ չէ, որ պետք է լիներ հետպատերամյան վիճակում: Երկրի Սահմանադրության թիվ մեկ երաշխավոր նախագահը (Սահմանադրության կարեւոր կետը մարդու կյանքի իրավունքն է, որ պատերազմը զրոյացրեց) խոսում է անցյալի էջը փակելու եւ չորրորդ հանրապետություն մտնելու մասին, իշխանության գործադիր եւ օրենսդիր թեւերը ձեւ են անում, որ ոչինչ էլ տեղի չի ունեցելՙ ԲԴԽ անդամ են առաջադրում, խոսում բացվելիք երկաթուղու տնտեսական նշանակությունից, ժողովրդի ընտրելու իրավունքը չխլելուց, վարչապետին ընտրազանգվածի տված լեգիտիմությունից: Ախր ամեն ինչ փոխվել է նոյեմբերի 9-ին, լեգիտիմությունը զրոյացել կամ ծայր աստիճան նվազել է. երկիր ենք հանձնել, աններելի թվով երիտասարդություն ենք կորցրել: Սա քիչ էՙ գերիներին չենք կարողանում վերադարձնել, մի հատ էլ գնում ենք Մոսկվա ու հաղորդակցության ուղիների ապաշրջափակման պարտավորություն ենք ստորագրում:

Լրիվ անհասկանալի գործելակերպ, երբ իշխանությունը ձեւ է անում, որ ոչինչ էլ տեղի չի ունեցել, գործնական քայլ չի արվում Արցախի հարցը Միսնսկի խմբի լիարժեք ֆորմատ տեղախոխելու եւ պատերազմով հարցի միակողմանի լուծումը դիվանագիտական խողովակ վերադարձնելու համար, ու կարծես մերոնք սպասում են, որ Ալիեւն ու Պուտինը բանավոր հրահանգներով մեր հարցերը լուծեն եւ այդ մասին զեկուցեն Էրդողանին, որպես վերադասի...

Շարունակում ենք մեր կյանքը նույն կերպՙ նույն ատելության մթնոլորտում, իրար չմոտեցող, իրար ոչնչացնող պահանջներով, որոնք բոլորն էլ գործնական կիրառման տեսակետից 10 տոկոսանոց ռեալություն էլ չունեն: Օրինակՙ չգիտեմ ինչու էր հնարավոր ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողով ստեղծել, իսկ ահա վերջին պատերազմի պարտության պատճառներն ուսումնասիրող հանձնաժողով («Լուսավոր Հայաստանի» առաջարկած)ՙ ոչ: Կամՙ ինչո ՞ւ պետք է խորհրդարանը չքննարկի եռակողմ հայտարարության իրավազորությունը, մի թուղթ, որ միջազգային համաձայնագիր չէ, բայց կողմերն այն գործարկում են որպես միջազգային համաձայնագիր, մեծ շտապողականությամբ կիրարկելով դրա ոչ հայանպաստ կետերը: Դա հենց իշխանությանն է հարկավորՙ վարչապետն իր արդարացումների ֆեյսբուքյան երկար սերիալում նույնպես էս ու էն ուղղությամբ մեղադրանքներ հնչեցրել է, ինչու ուրեմն չընդունել ԱԺ ընդդիմադիր խմբակցության առաջարկըՙ պարտության հանգամանքներն ուսումնասիրող մի ԱԺ հանձնաժողով չստեղծելու վերաբերյալ, ինչ ունի թաքցնելու իշխանությունը, որ մերժում է, ու այդ դեպքում մարդիկ իրավունք ունեն հավատալու պայմանավորված պատերազմի ու Արցախը նպատակադրված հանձնելու միֆերին:

Կամ ինչո՞ւ չքննարկել խորհրդարանում նույն ԼՀԿ-ի ծրագիրը, որով հետպատերազմյան ճգնաժամը հաղթահարելու քայլերի հերթականություն է առաջարկվում, եթե դրսի ընդդիմության առաջարկներն անընդունելի եք համարում: Ի վերջո կգա չէ՞ այն օրը, որ «Իմ քայլը» լքող պատգամավորները կդառնան այնքան, որը հնարավոր կդարձնի վարչապետի իմպիչմենտը, անգամ եթե դա Լիլիթ Մակունցի ասածՙ որոշումները ժողովրդի ձեռքից առնելու ձեւին նմանություն ունենա: Ու բոլորդ էլ հասկանում եք, որ նույնիսկ եթե այդպես լինիՙ որեւէ ուժ նոր ընտրություններով ժողովրդի գերակշիռ աջացությունը չի ունենա: Ընտրություններ անելու ֆինանսներն էլ ափսոս ենՙ այդքան ծախսատար բուժման կարիք ունեցող վիրավոր զինվորներ ունեցող երկրում: Եթե, այնուամայնիվ, դրանք տեղի ունենան, կարկատան խորհրդարան է հավաքվելուՙ երկիրը բզկտվելու է նոր պերմանենտ անհամաձայնություններից: Այսինքնՙ ո՛չ իշխող ուժն է հիմա ադեկվատ, ո՛չ ընդդիմություննՙ իր անզիջում պահանջներով եւ համառությամբ: Զարմացնում է նաեւ այն փաստը, որ ընկճված հոգեվիճակով վարչապետը կարող է եռաչափ կամ մի այլ ձեւաչափով հանդիպումների գնալ ու չմտածել, որ կարող է բոլոր այդ բանակցությունների համար նոր, պարտությամբ չկաշկանդված բանակցող նշանակել կամ թեկուզ թիմի ներսում իրեն փոխարինող գտնել: Ինչպիսի անձնավստահություն, ախր այլեւս երկրի հարց է, այլեւս անձերը ոչինչ ենՙ ով էլ նրանք լինեն, ժողովուրդը սիրի նրանց, թե չսիրի:Օրինակՙ նույն Վազգեն Մանուկյանին (կամ մեկ ուրիշինՙ կարեւորը փորձառու եւ բանակցային բոլոր նրբություններն իմացող լինի) կարելի էր օժտել հատուկ բանագնացի կարգավիճակով ու Արցախի, պատերազմի, գերիների ու անգամ, հաղորդուղիների ապաշրջափակման բոլոր բանակցությունները լիազորել նրան վարելու: Ընդդիմությունն ասում էՙ տապալել է իշխանությունը, պարտվել է , ծախել է Արցախը եւ այլն, թող գնան եւ փորձեն ուղղել դեռեւս ուղղել հնարավորը, հիմա ոչ թե անձերի ամբիցիաներն ու քաղաքական հայացքներն են կարեւոր, այլ երկրի փրկությանՙ դեռեւս հնարավոր փոքրիկ միջակայքերը: Լավ, ի վերջո երկրում նախագահ կա, նրան լիազորեք այդ բոլորն անել:

Իսկ որ ընդդիմությունը նեղանում է, թե վարչապետին դեռ պաշտպանողներ կան, նրանց զոմբի ու ժեխ անվանելով, գիտեք, սա նույն այն սխալն է, երբ տարիներով ու տասնամյակներով արհամարհեցին հասարակ ՀՀ քաղաքացուն, նրան սարքեցին պաշտոնյաների, քննիչների, ոստիկանի ՙ փող քերելու սուբյեկտ եւ ընտրական առեւտրի ակտիվ մասնակից, ու հիմա դեռ նեղանում են նրանից. Այդ զանգվածը հիմա մտածում է, որ դրանից է ազատվել (չնայած չգիտե դեռ նոր խաբողների մասին), ինչու պիտի ձեզ աջակցի, իր պատկերացմամբՙ նորից կառավարելու ձգտող հներին:

Բայց որ այս վիճակով, իշխանության այս պատկերով Հայաստանն անվերջ կորցնելու է, նվաստանալու, իր շահը չի կարողանալու պաշտպանել, սա այլեւս անառարկելի փաստ է, ուրեմն եւ բոլոր կողմերը պետք է մի քայլ հետ գնան իրենց պահանջներից եւ կանգ առնեն իրականանալի լուծումների վրա:

ՀԵՌԱՀԱՐ

Հայաստանում վերջին ամիսների իրադարձությունները ուղիղ վկայություն են այն բանի, որ երբ իշխանությունը հայտնվում է դիվանագիտության, ռազմական գործի. պատմության ու մշակույթի մինիմումը չմարսած մարդկանց ձեռքերում, անկախ նրանից այդ իշխանությունը փոխանցվել է ժողովրդի. թե՞ հեղաշրջման տեսքով, դա երկրի անհաջողությունների ստույգ վկայականն է: Առաջինն ամենեւին չի վերացնում այն վտանգները, որոնք կարող են վրա հասնել ուզած պետությանՙ նրա ղեկավարի թերի պատրաստվածության պատճառով, մանավանդ երբ դա չի փոխհատուցվում թիմի կազմում գրագետ, փորձառու կադրերի ընդգրկումով:Ստացվում է, որ Հայաստանն ու Արցախը մի փորձադաշտ էին, որի վրա անփորձ, անիրազեկ իշխանավորները պետք է վարսավիրություն սովորեին:

Բացի այդՙ արտաքին թշնամիներով շրջապատված երկրում չարժեր նաեւ ներքին թշնամանք բուծել, որն անգամ պատերազմից հետո իր պիկերից մեկն է ապրում հենց հիմա. մտեք սոցիալական ցանցերիՙ կողմերին ներկայացնող գլխավոր ֆեյքերի էջերը, եւ ձեզ համար ակնհայտ կլինի, որ կողմերն անցել են թույլատրելիության ամեն սահման:Ոչ ոք կանգ առնելու հրահանգ չի տալիս, իսկ հանդիսատեսը, սովորական միջին հայը, դատելով այդ էջերի այցելուների տասնյակ հազարավոր թվերից, որքան էլ ցավալիՙ հաճույք է ստանում ներկա եւ նախկին իշխանավորների անկողնային մանրամասները քչփորելուց, հայհոյանքից եւ կեղտի հաստությունից:

Տասնյակ հազարավոր հայեր այս անմաքուր էջերում ժամեր են վատնում, զբաղվում, ու ո՛չ նրանք, ո՛չ այս էջերի տիկնիկավարները, թվում է, չեն լսումՙ ինչ է ասում Ալիեւն իր ժողովրդին, թե բա Երեւանը, Սեւանը, Զանգեզուրը ադրբեջանական հող են, ու իրենք ազատագրելու են իրենց պատմական հողերը:Առաջ էլ այդպես հանգիստ կարծում էին, թե Ալիեւը միայն ռազմական հռետորաբանությամբ է բավարարվելու, բայց նրա թուրք եղբոր ախորժակին էլ հո տեղյակ եք հիմա: Թե՞ հիմա էլ հավատում եք, որ առանց դիվանագիտական մեծագույն ջանքերի էս է Բայդենը կերդվի ու հետո հաշիվ կպահանջի ռուսներից, թուրքերից ու ադրբեջանցիներից, Մակրոնը, մի տեսեք ոնց է լինում իսկական բարեկամը, զանգում է Պուտինին ու խոսում Մինսկի խմբի լիարժեք ձեւաչափում Արցախի հարցի քաղաքական լուծման անհրաժեշտությունից, ֆրանսիական տիեզերական արբանյակի կադրերը չեն տրամադրվել մեր թշնամունՙ հայկական դիրքերը լիովին խոցելի դարձնելով: Այ միամիտներ, մեր անելիք գործը ուրիշին այլեւս չենք կարող թողնել, չհասկացա՞ք:Անվերջ ասացինքՙ հարցի լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբում ենք տեսնում, ու դա է պատճառը, որ այդպես էլ չճանաչեցինք Արցախի հանրապետությունը, ու այդ մի գործիքից այդպես էլ չօգտվեցինք:

Հիմա, ճիշտ է, Մակրոնը մի փոքր անհանգստանում է հայկական հոգսից, բայց մինչեւ Բայդենի երդմնակալությունն էլ հարկ էր, որ հայերս որեւէ որոշում չստորագրեինքՙ այդպես լեգիտիմացնելով եռակողմ հայտարարության աննպաստ դրույթները: Ճիշտ է, Մոսկվայում Պուտինը խոսեց Մինսկի խմբի ձեւաչափից, սակայն ռուսները հո իրենց թշնամին չենՙ մանդատ չունենալով զորք են մտցրել Արցախ,Ադրբեջանն էլ այդ կետի հետ համաձայն չէ, այնպես որ Մոսկվան փորձելու է Մինսկի խմբի դերը նեղացնել ՙ ընդհուպ պատերազմական երեք կողմերի ձեւաչափի որոշման (ների) դակող դարձնելով, Մակրոնի ու Բայդենի հակադրություններն էլ իրենց երկրների շահերի ծիրում են, մեր լավ դիվանագիտական քայլերն ու փորձառու բանակցողի գործոնն ուշանում են այս պարագայում:

ԻՆՉ ՉԵՆՔ ԱՐԵԼ ՄԻՆՉԵՒ ՀԻՄԱ

Չենք ստեղծել խորքային պետություն, որը նպատակին նվիրված, մշտական ու գծված քայլերով կազմակերպեր հայության ընդհանուր գործը, ով էլ լինի օրվա իշխանությունը: Եկեղեցին այդ դերին չձգեց, չէր էլ կարող ձգել, նրա հետապնդած հոգեւոր խնդիրերը հաճախ կարող են հակասության մեջ մտնել խորքային պետության կոշտ մեթոդների հետ: Իսկ մեր նման փոքրիկ պետությունը, որ պատմական խնդիրներ ունի, զուգահեռ հսկա սփյուռք, որի կառույցները տարատեսակ ու տարնպատակ են, ոչ պաշտոնական, ստվերային, խորքային պետության ուժով ղեկավարվելու, ուղղորդվելու պետք ունի: Սա, թվում է, վատ բան է, դե հաՙ ժողովրդավարություն, նման բաներ, որոնք պատերազմի պարագայում հայերիս համար զրո դարձան:Վատ բան կլիներ, եթե այսպիսի արյունարբու թշնամիներ ու երկդիմի բարեկամներ չունենայինք: Մեզ մեր սեփական ապահովագրական համակարգն է պետքՙ խնդիրները լուծելու ստվերային, բայց կուռ համակարգը, պաշտոնական պետություն բյուջեից տասնապատիկ անգամ մեծ բյուջեով, ձեւակերպված նպատակով, քայլերի հերթականությամբ, սփյուռքում դերերի բաշխմամբ, եւ այլն: Չենք արել, էսօրվանից պիտի անենք, կա՞ն հայրենասեր տղերք, իրական մտավորականություն, սկսեք սրանով զբաղվել: Ձեւավորեք խմբեր, առանձնացրեք նպատակներ, խումբ առ խումբ, չկրկնելով իրարՙ գործ արեք, ոչ թե գործ անելու միակ տարբերակն իշխանության ձգտելը համարեք, մեր ժամանակը քիչ է: Անկախ նրանից, թե հիմա ո՞վ հրաժարական կտա, ո՞վ չի տա, ո՞վ կգա կառավարմանՙ իրական հայերը պետք է զբաղված լինեն ոչ թե սեփական բարեկեցությամբ, այլ անխոցելի խորքային պետության ստեղծմամբ:Ձեռքի հետ էլ ի հայտ կգան նոր մարդիկ, ու ինքնաբերաբար կձեւավորվի այն երրորդ բեւեռը, որը նոր հույս կարթնացնի: Ու վերջապես նոր մարդիկ կունենանքՙ փոխելու նախկիններին ու ներկաներին: Այն հայրենասեր մարդիկ, որոնք կան, բայց մենք նրանց չենք տեսնում, քանի որ նրանց մոտ չեն թողնում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 15-01-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ