RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-20 22:36:43Ինչպես անցավ Ջոզեֆ Բայդենի երդմնակալությունը
2021-01-20 22:35:52Գազի պայթյունից զոհեր Մադրիդում
2021-01-20 21:53:02Ադրբեջանն ինձ 50 000 դոլար է առաջարկել Արցախում գործած ռազմական հանցագործությունները չհրապարակելու համար. Թոմաշ Լեխ Բուչիչ
2021-01-19 20:33:12Կարսի զորավարժության նպատակը Երևանի օկուպացիան է, բայց գլխավոր շտաբն ամեն ինչ հասկանում է. Старше Эдды
2021-01-19 16:59:19Ռոսպոտրեբնադզոր. ЭпиВакКорона-ն 100% արդյունավետ է
#041, 2020-12-11 > #042, 2020-12-19 > #043, 2020-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 25-12-2020



Տեղադրվել է` 2020-12-24 22:10:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 1105, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՆՉ ՑԱՆԵՍՙ ԱՅՆ ԿՀՆՁԵՍ

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Նայում ես երբեմն ինքդ քեզ շփոթահար: - Իսկ դու գործակալ ե՞ս,- հնչում է հարց: Հեգնում ե՞ս, զայրանո՞ւմ, վիրավորվո՞ւմ. ո՛չ, հասկանում ես, թե ինչ դավադրություն է: Այն երբ էր, որ սոցցանցեր կոչված աղբանոցում սկսվեց տարածվել այս մեղադրանքը. հիմա մի ուրիշ բան էՙ ռուսաֆոբ, ռուսաֆիլ, դավաճան, եւ այլք, թուրքը կար ու կա, զոմբին ու պիցան անհետանում են կամաց- կամաց: Մենք, իհարկե, այդպիսին չենք, մեզ պիտակավորում են, որ հավատանք, ու եթե շատ հավատանք, կդառնանք այդպիսին. գուցե:

Մեկ էլ կտեսնես հայրենափրկության ինքնակոչ խմբերՙ անուններ հենց այնպես, ոնց որ միմյանցից անտեղյակ, մեկը չինարեն մտածող, մեկ ուրիշը կենտրոնախույս- կենտրոնաձիգ, մյուսն էլՙ անհայտ պատկանելության:

Մեր հասարակությանը ամենից շատ պակասում է ազնվությունը. դժվար բան է: Մարդը եթե իր հանդեպ ազնիվ չէ, ինչպե՞ս լինի ազնիվ այլոց հանդեպ: Այստեղ ահա բախվում ենք ինքնաճանաչողության խնդրինՙ այն, որ ոչ լոզունգ է, ոչ խորագիր: Այլՙ ինքնազննում եւ ինքնահայեցում ու չունի աղերս անգամ ազգային տարրի հետ, միայն մարդուՙ բնաստեղծ էության, նրա նեքին ես -ի հանդիպման հետ: Ու կապ չունի, թե օրը քանի անգամ ես եկեղեցի գնում ու քանի մոմ վառում, եւ ոչ էլ աղանդավորի ժրաջանությամբ Սուրբ գիրքը անգիր ասում նույնիսկ երազում: Եթե կրոնական ուսմունքները աշխարհ են եկել որոշակի նպատակով, դա նախեւառաջ մարդուն բարոյական կերպաշրջանակի մեջ պահելու համար է: Չասեք, թե քաղաքական օգտագործման հումք են դարձել, որովհետեւ ամենավեհ ու ամենանվիրական բոլոր գաղափարները ամեն տեղ ու բոլոր ժամանակներում շահարկվել-ծառայեցվել են իշխողի քիմքին:

Վերջերս հաճախակիացել է այն միտքը, թե ինչի մեջ մենք ապրում ենք, իլյուզիա է, մատրիցա, որ մեզ ներարկել- ներշնչել են աշխարհի մի պատկեր, մի պատկերացում, ու եթե ճշմարտությունն իմանանք, կխելագարվենք կամ էլ կարթնանանք: Վերջերս կարծես անցանք նման փորձաշրջան, դրա մի փոքրիկ մոդելՙ առարկայորեն. տեղեկատվական հմուտ աճպարարությամբ հայտնվեցինք կեղծաշխարհում, ընդամենը մի քանի հազար կիլոմետր հեռավորության վրա կատարվող պատերազմական գործողությունները ինչպես հարմար գտան, ոնց ուզեցին, այնպես ներկայացրին. թվաց թույն, թմրանյութ էր, թվաց խելագարվում ենք. քայքայվեցինք մինչեւ վերջին նյարդը, նվաստացանք, խեղճացանք, ատամներ կռճտացրինք, եւ որովհետեւ շուրջը ամենքը խաբում են ու խաբում:

Առաջ ասում էինքՙ անվստահության դեֆիցիտ կա, հիմա դեֆիցիտն անց է, անդունդ է, վիհ է, ամեն երրորդի մեջ գործակալ ենք փնտրումՙ հարավի, հյուսիսի, արեւմուտքի, միայն արեւելքն է բացակա... Ու հիմա ամենաթանկ արժեքը վստահությունն է: Միշտ արժեքավոր է այն, ինչը քիչ է, բայց քիչը միշտ չէ, որ պահանջված է: Հիմա ամեն ինչ այնքան բաց է, ոնց որ կուլիսների պատառոտված վարագույր: Կարծես անպարկեշտ բան չկա էլ, անբարո-բարոՙ մեկ հաշիվ է, ամեն ստոր ու սուտ արարք սովորական է ընդունվում, սահուն ընկալվում, խոսքը մերկացել ու սահման չունի, ով ինչ գիտի ու չգիտիՙ ասում է, լեզվի տակ ոսկոր չկայի պես, հայհոյանքի ստեղծագործական երեւակայությունը աներեւակայելի նվաճումների հասած: Առաջ խոսում էին թալանից, կողոպուտից, անարդարությունից, խուլիգանությունից, հիմա սրանք ոչինչ են, հիմա հազարների մահն է ոչինչ, հայրենիքը աճուրդի հանելը ներկայացվում է փրկության վերջին հնարավորություն, ու ձայն չեն հանում, չեն առարկում, միայն փողոցն է աղմկում, կրքերը թեժանում, հանգչում, նորից բորբոքվում են: Սա նրանից է, որ աշխարհում երկու գույն էին տեսնում, մինչդեռ դրանք անգամ յոթը չենՙ շատ են, ուղղակի մեր զգայարանները այդքանն են որսում:

2018 -ի ապրիլի պես դեկտեմբեր է, շրջապտույտ, փողոց են փակում, բակից բակ անցնում, գոռում, պահանջումՙ չարաբաստիկ, երկրի վրա թանկ նստած թուղթը մերժելու անկարողությունն էլ հետը: Իսկ մենքՙ համբերատար սպասումով ազգափրկիչ ծրագրի: Բայց անմտություն է քաոսի մեջ ծրագիր փնտրել: Նախորդի բազմագույն սցենարի հրապուրանքը չկաՙ կապույտ-կանաչ մազերով սիրուն աղջիկների, մետրոյի դռների արանքում պառկող ժպտադեմ, ինքնավստահ ջահելների, մարդկանց բնակված փողոցներում սեւ ժապավենների, մահապսակների ուղեկցությամբ խեղկատակությունների ու այդպիսի անբարո, անպարկեշտ շատ ու շատ բաների: Հիմա հպարտ անցնողը նույն սեւ մեքենաների սառը շարասյունն է իշխողների, պատժողըՙ սեւ համազգեստավորների բիրտ շարքերը:

Թմբուկներ են զարկում ձմեռային անձրեւների տակ, ոտքեր են ջարդվում մեքենայի տակ, մարդիկ խռնված են, խռովված, դժգունած. նույն հրապարակներն ու փողոցները քայլերթերիՙ աղմկող կամ ռիթմիկ վանկարկող, գնալով վտանգավոր շիկացող: Ու միշտ արդարացի ու միշտ անարդյունք եւ միշտ ժողովրդի անունը շահարկող...

Ասված էՙ ինչ ցանես, այն կհնձես:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 25-12-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ