RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-20 22:36:43Ինչպես անցավ Ջոզեֆ Բայդենի երդմնակալությունը
2021-01-20 22:35:52Գազի պայթյունից զոհեր Մադրիդում
2021-01-20 21:53:02Ադրբեջանն ինձ 50 000 դոլար է առաջարկել Արցախում գործած ռազմական հանցագործությունները չհրապարակելու համար. Թոմաշ Լեխ Բուչիչ
2021-01-19 20:33:12Կարսի զորավարժության նպատակը Երևանի օկուպացիան է, բայց գլխավոր շտաբն ամեն ինչ հասկանում է. Старше Эдды
2021-01-19 16:59:19Ռոսպոտրեբնադզոր. ЭпиВакКорона-ն 100% արդյունավետ է
#041, 2020-12-11 > #042, 2020-12-19 > #043, 2020-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 25-12-2020



Ի ՀՈՒՇ

Տեղադրվել է` 2020-12-24 22:10:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 3451, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԳՆԱՍ ԲԱՐՈՎ, ԲԵԼԼԱ ԱՄՈՎՆԱ...»

Ա. Բ.

Բելլա Մասումյան (1937-2020)

Դեկտեմբերի 8-ին, 84 տարեկանում, ծանր եւ երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է Բելառուսի ժողովրդական արտիստուհի Բելլա Ամովնա Մասումյանը: «Նրա մահը ծանր եւ անփոխարինելի կորուստ է բոլորիս, նրա ընկերների եւ նրա մեծ տաղանդի միլիոնավոր երկրպագուների համար, հսկայական կորուստ արվեստի համար, որին նա նվիրել էր իր ողջ կյանքը»,- հայտարարել է Մինսկի Գորկու անվան ազգային ակադեմիական դրամատիկական թատրոնը, որտեղ 58 տարի աշխատել է «բելառուսական թատրոնի լեգենդ» անվանված դերասանուհին:

Բելլա Մասումյանը ծնվել է 1937-ին, Պավլոգրադում (Դնեպրոպետրովսկի մարզ, Ուկրաինա), հայ հոր եւ լեհ մոր ընտանիքում: Ավարտել է Բելառուսի թատերական արվեստի պետական ինստիտուտը: 1961 թվականից աշխատել է Գորկու անվան թատրոնում: Գեղեցկատես, խորունկ, կրքոտ եւ մտավորական խառնվածքով Մասումյանը կատարել է դրամատիկական հերոսուհիների դերեր, որոնք բնութագրվել են հուզականությամբ, ռոմանտիկ գունազարդման եւ պատկերների հոգեբանական խորությամբ: հանդես է եկել 100-ից ավելի դերակատարումներովՙ «Երկուսը ճոճանակի վրա», «Արշալույսներն այստեղ խաղաղ են», «Երեք քույր», «Պիգմալիոն», «Տեսնելով սպիտակ գիշերները», «Մեկ երկնքի տակ» եւ բազում այլ բեմադրություններում: Արժանացել է բազմաթիվ մրցանակների ու պարգեւների: Նրա մասին է Բելառուսի առաջատար թատերական քննադատ Տատյանա Օռլովայի «Այլմոլորակուհին» գիրքը (2012):

Իսկ մեզ համար կարեւոր է իմանալ, որ Բելլա Մասումյանը ոչ միայն 1980-ականների Գորկու անվան թատրոնի կազմում հյուրախաղերով հանդես է եկել Երեւանում, այլեւ մանկության տարիներին, Երկրորդ աշխարհամարտի տարիներին որոշ ժամանակ ապրել է Հայաստանում: Նրա հայրըՙ Համո Մասումյանը, եղել է ռազմական օդաչու: Աղջիկն ապրել է տատիկիՙ Նեկտար Գրիգորեւնայի մոտ, որին պաշտել է: 2019-ին Մինսկի հայերի «Միասին» պարբերականին տված հարցազրույցում նա ասել է. « Իմ հոբելյանին Հայաստանի դեսպանն իմ մասին լավ արտահայտվեցՙ հայ ժողովրդի բելառուս դուստր: Հայաստանն իմ մեջ զուգորդվում է գործած գլխարկ հագած տատիկիս հետ: 1915 թվականին թուրքերը սպանել են պապիկիս, եւ նա այրի է մնացել երեք երեխաների հետ: Նիհար, հմայիչ հայուհի էր.... Ես երբեք չեմ սեւեռվել մարդկանց ազգության վրա, բայց երբ մի երաժշտական մրցույթում տեսա մասնակից հայուհու, ցանկացա, որ նա՛ լինի հաղթողը: Հավանաբար, արյունն ազդում է ենթագիտակցական մակարդակի վրա, չնայած մայրս լեհուհի է ու մենք երկար չենք ապրել Հայաստանում: Ինձ դուր է գալիս հայ ժողովուրդըՙ համբերատար, հավատարիմ, մտավորական, տաղանդավոր: Նրան հաջողվեց գոյատեւել ու շարունակել ապրել ու ինքնարտահայտվել: Հայերեն ես գիտեմ միայն «բալիկ ջան» եւ «ցավդ տանեմ» խոսքերը: Ցանկանում եմ հայ ժողովրդին մաղթել խաղաղություն: Նա արժանի է դրան, ինչպես յուրաքանչյուր ժողովուրդ, բայց քանի որ խոսում ենք Հայաստանի մասին, ես ուզում եմ, որ մարդիկ երջանիկ ապրեն, որ լիություն լինի ընտանիքներում, շողա արեւը ու ծաղկեն ծաղիկները: Հայաստանը գեղեցիկ երկիր է: Սեւանը, լեռները, եկեղեցիները, օդն այնպիսին են, որ շունչդ կտրվում է...»:

Թատերագետների կարծիքովՙ Բելլա Մասումյանը մեծ ներդրում է ունեցել բելառուսական թատերարվեստի զարգացման գործում: Նա ապրել է հանուն գործի եւ ոչ ոք չի ունեցելՙ թատրոնից ավելի սիրելի: «Գորկու ռուսական թատրոնի վերջին մեծ դերասանուհի՛ն: Գնաս բարով, Բելլա Ամովնա: Եվ, շատ հավանական էՙ գնաս բարով, Ռուսական թատրոն»,- գրել է բելառուս գրող Անատոլի Ավրուտինը դերասանուհու մահվան առթիվ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 25-12-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ