RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#041, 2020-12-11 > #042, 2020-12-19 > #043, 2020-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 25-12-2020



Տեղադրվել է` 2020-12-24 22:10:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 3590, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐ, ԴՐԱՄԻ ԱՐԺԵԶՐԿՈՒՄ ԵՎ ԱՎԱՆԴՆԵՐԻ «ՓԱԽՈՒՍՏ» ԲԱՆԿԵՐԻՑ

ՄԱՆՈՒԿ ԱՐԱՄՅԱՆ

Արցախյան պատերազմի հետեւանքով ցավալի հետեւանքները դեռ երկար են մեզ ուղեկցելու: Բացի տարածքային եւ մարդկային ծանր կորուստներից, Հայաստանի անվտանգությանը սպառնացող նոր վտանգներից, մենք ավելի խորը ընկղմվեցինք տնտեսական ճգնաժամի մեջ: Առանց այդ էլ, անցած երկու տարիների ընթացքում երկրի իշխանությունը զավթած խմբակի արկածախնդրությունների հետեւանքով նախՙ սկսեց նվազել մինչ այդ սկսված բարձր տնտեսական աճի տեմպը, ապաՙ դրան հաջորդեց տնտեսական անկումը: Կորոնավիրուսն ու պատերազմը միայն ավելի ակնառու դարձրեցին իշխանության ապիկար կառավարման հետեւանքները, որոնց մեր տնտեսությունը բախվեց ավելի թուլացած: Արդեն այսՙ դեկտեմբեր ամսվա սկզբից տնտեսական անկման ալիքը հասավ ֆինանսական շուկային եւ դրամի փոխարժեքին:

Ամսվա սկզբին, մի քանի օրվա ընթացքում, հայկական դրամը կտրուկ արժեզկվեցՙ 1 դոլարի դիմաց 490 դրամից հասնելով մինչեւ 520 դրամի: Կենտրոնական բանկը հանդես եկավ հայտարարությամբ, իրականացրեց որոշակի քայլեր արտարժութային շուկայում ցնցումները բացառելու համար, եւ դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ որոշ չափով արժեւորվեց եւ սկսեց տատանվել 500-505 դրամ 1 դոլարի դիմաց միջակայքում: Սակայն դա երկար չտեւեց: Ընդամենը մեկ շաբաթ անց դրամը կրկին արժեզրկվեց եւ այս պահին գտնվում է 1 դոլարի դիմաց 520-525 դրամ միջակայքում: Ակնհայտ է, որ դա անմիջական արձագանք է ունենալու մեր սոցիալական կացության վրա : Մասնավորապես, դա արդեն հանգեցրել է սպառողական ապրանքների եւ ծառայությունների գների աճին:

Արձանագրենք այն ապրանքների գումարային թանկացումները, որոնց ականատեսն ենք մենք բոլորս: Դեռ հոկտեմբերի սկզբին թանկացավ բուսական յուղըՙ 600-650 դրամ միջին գնով վաճառվող այդ ապրանքնատեսակի գինը այժմ դարձել է 850-900 դրամ, շաքարավազը թանկացել է 20 դրամով, ալյուրըՙ 20 դրամով, ձունՙ 1 հատը 20 դրամով, հացըՙ միջինը 20-30 դրամով, թռչնամիսըՙ 1 կգ-ն մոտ 150-200 դրամով, կարագըՙ մոտ 200-250 դրամով: Կտրուկ թանկացել են մրգերն ու բանջարեղենը :

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուսումնասիրություններն այս առթիվ փաստում են, որ թանկացումները տեղի չեն ունեցել գերիշխող դիրքի չարաշահմամբ: Ինչը թերեւս տրամաբանական էՙ արդեն նշեցինք, թե դա ինչի հետեւանք է: Ընդ որում, գների աճը շարունակվում է, եւ առաջիկայում պետք է սպասել ավելի վատթար զարգացումների: Այս ամենն իր անդրադարձն է թողել նաեւ բանկերի վրա եւ մասնավորապես բնակչության կողմից ներդրվող ավանդների վրա:

Բանն այն է, որ մի կողմից բանկերում ներդրվող ավանդները ամսե-ամիս նվազում են, մյուս կողմիցՙ դրամով ավանդները վերածվում են դոլարայինի: Այսինքն, բանկերն ավելի քիչ գումարներ են ստանում վարկեր տրամադրելու համար եւ խորանում է դոլարիզացիանՙ դրանից բխող բոլոր բացասական հետեւանքներով: Ներկայացնենք, թե վերջին ամիսներին ինչպես են փոխվել բնակչությունից ներգրավվող ավանդների չափերը:

Սեպտեմբերի վերջին, նախորդ ամսվա նկատմամբ բնակչությունից ներգրավված ավանդները նվազել են 7 մլրդ 489 մլն դրամով կամ 0,4 տոկոսով : Հոկտեմբերին նվազման գործընթացը խորացել է: Հոկտեմբերի վերջին բնակչությունից ներգրավված ավանդների մնացորդը նախորդ ամսվա նկատմամբ նվազել է արդեն 69 մլրդ 900 մլն դրամով կամ 4,1 տոկոսով : Ի՞նչ է անում այս գործընթացին դիամագրավելու համար Կնետրոնական բանկը: ԿԲ-ն բարձրացնում է երաշխավորված ավանդների չափը: Սեպտեմբերի 28-ին այդպիսի որոշում է ստորագրել ՀՀ նախագահը: Ըստ այդ որոշման.

ա) Դրամային ավանդի դեպքում երաշխավորված ավանդի չափըՙ տասնվեց միլիոն հայկական դրամ :

բ) Արտարժութային ավանդի դեպքում երաշխավորված ավանդի չափըՙ յոթ միլիոն հայկական դրամ :

Ինչպես նաեւ, եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային եւ արտարժութային բանկային ավանդներ, եւ դրամային բանկային ավանդի գումարը յոթ միլիոն հայկական դրամից ավելի է, ապա երաշխավորվում է միայն դրամային ավանդըՙ մինչեւ տասնվեց միլիոն հայկական դրամով: Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային եւ արտարժութային բանկային ավանդներ, եւ նրա դրամային բանկային ավանդի գումարը պակաս է յոթ միլիոն հայկական դրամից, ապա երաշխավորվում է դրամային բանկային ավանդն ամբողջությամբ եւ արտարժութային բանկային ավանդըՙ յոթ միլիոն դրամի եւ հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով: Նշված սահմանաչափերը ուժի մեջ են մտել 2020 թվականի դեկտեմբերի 1-ից եւ տարածվում են նաեւ ուժի մեջ մտնելու պահին գործող ավանդային պայմանագրերի վրա: Մինչ այդ, երաշխավորված ավանդների չափերը 10 մլն դրամ էր դրամային ավանդների դեպքում եւ 5 մլն դրամՙ արտարժույթով ավանդի դեպքում:

Այսինքն, նոր որոշմամբ խրախուսվում է ընդհանրապես ավանդներ բանկերում ներդնելը եւ մասնավորապեսՙ դրամով ավանդները: Սակայն արդյո՞ք դա բավարար է, որպեսզի ավանդները «չփախչեն» բանկերիցՙ չխոսելով արդեն ավելանալու մասին: Թերեւսՙ ոչ: Դրամի արժեզրկման ներկա վիճակը, տնտեսական անկումը, անվստահությունը տնտեսության հեռանկարի նկատմամբ հակառակ արդյունքն են տալիս, ինչը երեւում է նաեւ Կենտրոնական բանկի հրապարակած տվյալներից:

Սրանք ներկա պահին մեր տնտեսության մեջ տեղի ունեցող բացասական զարգացումների մի մասն են ընդամենը: Զարգացումներ, որոնց դիմագրավելու ցանկություն եւ կարողություն ներկա իշխանությունը չունի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 25-12-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ