RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#041, 2020-12-11 > #042, 2020-12-19 > #043, 2020-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 25-12-2020



Տեղադրվել է` 2020-12-24 22:10:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 9057, Տպվել է` 447, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀՐԱԺԵՇՏ ՄՂՁԱՎԱՆՋԱՅԻՆ ՏԱՐՈՒՆ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Եթե հնարավոր լիներ, մեծ թվով մարդիկ պիտի ցանկանային 2020 թվականը հանել օրացույցից եւ ջնջել այն ընդմիշտ պատմության ժամանակագրությունից: Տարին ահավոր չափերի ցավ, դժբախտություն ու տառապանք պատճառեց երկրագնդի ժողովուրդներին: Հայաստանն ու հայերը ոչ միայն այդ համընդհանուր ցավին բաժնեկից դարձան, այլեւ տառապանքի հավելյալ բաժինն էլ ստիպված եղան ապրել:

Համավարակները սովորաբար տեղի են ունենում մոտավորապես ամեն հարյուր տարին մեկ: Այնպես որ մեր սերնդին էր բախտ վիճակվել ականատես լինել պատմության գրքերում կարդացած սարսափներին:

Համավարակի դեպքեր արձանագրվել են դեռեւս 14-րդ դարում, երբ աշխարհի բնակչությանն սպառնում էր «Սեւ մահ» կոչված այտուռուցային ժանտախտը (bubonic plague), որ խլեց 50 միլիոն մարդու կյանքը:

Պատմության վաղ ժամանակներում, համավարակները սպառնում էին որոշակի շրջանի բնակչությանը, եւ չէին տարածվում երկրագնդի այլ շրջանները, որովհետեւ մարդիկ նստակյաց կյանք էին վարում եւ որոշակի տարածքից այն կողմ ճանապարհորդելու իրենց հնարավորությունները խիստ սահմանափակ էին:

Մարդաբաններն ու պատմաբանները, օրինակ, չեն կարողացել ճշգրտորեն պատճառաբանել Մեքսիկայում Մայա բնակչության ոչնչացումը: Որպես հավանական պատճառներ նշվել են ջրի, ջրապաշարների սակավությունը, գերբնակեցումը եւ պատերազմները, բայց կարող էր նաեւ ոչնչացումը լինել տեղայնացված համաճարակի պատճառով, որ Մայաները չէին կարողացել հաղթահարել:

Տասնչորսերորդ դարում Սեւ մահվան գլոբալ հետեւանքները վերագրվում են Միջին Արեւելքի տարածքով Չինաստանից Եվրոպա ձգվող Մետաքսի ճանապարհի գործողություններին: Այդ ժամանակ դրանք ամենաաշխույժ առեւտրաշրջանառության միջոցներն էին, որոնք մարդկանց եւ ապրանքներին հնարավորություն էին տալիս երկար ճանապարհորդություն կատարել եւ հիվանդությունը տեղափոխել մի վայրից մյուսը:

Իսպանական գրիպը, որ վարակեց աշխարհը 1918-1920 թվերին, վստահաբար մարդկանց տեղաշարժի պատճառով էր սրվել: Հաղորդվում է, որ դրանով վարակվել էր 500,000,000 մարդ, որոնցից մահացել էր 50 միլիոնը: Մ. Նահանգներում գրանցվել էր 675 հազար մահվան դեպք:

Գերարագ ճանապարհոդրությունների մեր ժամանակներում թագավարակը (covid-19) վեց ամսից էլ պակաս ժամանակահատվածում տարածվեց ամբողջ աշխարհով մեկ եւ պատճառ դարձավ 1.6 միլիոն մարդկանց մահվան, որոնցից ավելի քան 300 հազարը Մ. Նահանգներում: Վարակի տարածումն իր հետ բերեց ոչ միայն մահ, այլեւ վախ եւ շփոթվածություն, որովհետեւ ոչ մի բուժում կամ դեղամիջոց չկար դրա առաջքն առնելու համար: Միայն մեկուսացումը կիրառվեց որպես կանխարգելման միջոց: Հանձնարարվեց կրել դիմակներ, պահպանել սոցիալական հեռավորություն եւ հաճախակի լվանալ ձեռքերը: Այս միջոցներն էլ քաղաքականացվեցին:

Նախագահ Դոնալդ Թրամփը ձեռնոց նետեց հանձնարարված այդ միջոցներին եւ դա շուտով քաղաքական դիրքորոշման բնույթ կրեց: Ենթադրվում է, որ նախազգուշական այդ միջոցներն անտեսվեցին, որպեսզի գործարարությունն ու տնտեսությունն ընդհանրապես չտուժեն, եւ մարդիկ ձեռք բերեն պատշաճ իմունիտետ: Հազարավոր ընտանիքների կյանքը խորտակելուց հետո, կարծես թե համավարակի թափը կոտրվել է շնորհիվ այն պատվաստումների, որոնք վերջերս թույլատրվեցին օգտագործել:

Շատ երկրներ ձեռնամուխ եղան պատվաստանյութերի ձեռք բերմանը: Առաջինը «Pfizer» եւ «BioNTech» ընկերությունները արտադրեցին միասնաբար: Մի քանի օր առաջ Սննդի եւ դեղերի վարչությունը (FDA) հաստատեց նաեւ «Moderna» ընկերության պատվաստանյութը:

Չնայած գիտնականները պնդում են, որ երկու պատվաստանյութերն էլ համազոր են, ես երկրորդին եմ ավելի վստահումՙ հենվելով ազգային հպարտության վրա, քանի որ մեր հայրենակից դոկտ. Նուբար Աֆեյանն է գլխավորում «Moderna» ընկերությունը:

Թագավարակից բացի, Մ. Նահանգները 2020-ին մեկ այլ փորձառություն էլ ձեռք բերեցՙ ականատես լինելով նախագահական ընտրության ներկայացմանը:

Սովորաբար ընտրություններում իշխող նախագահն է հաղթում եւ վերընտրվում: Նախագահ Թրամփի իշխանության օրոք, երկիրն այնքան էր բեւեռացված, որ ռեկորդային թվով քվեարկողներ մասնակցեցին ընտրություններին, եւ ճշմարտության դեմ մեղանչած կլինենք, եթե նշենք, որ Թրամփը ժողովրդականություն չէր վայելում: Ընդհակառակը, աննախադեպ նվիրվածությամբ 74 միլիոն քաղաքացիներ վստահում էին նրան եւ քվեարկեցին նրա օգտին: Բայց նշված բեւեռվածության մթնոլորտում ընդդիմադիր կողմը ստացավ առավել ռեկորդային թվովՙ 81 միլիոն քվեն: Թրամփը դեռ պետք է հաշտվի իր պարտության հետ եւ շնորհավորի նորընտիր նախագահ Ջոզեֆ Բայդենին, բայց հարցն այն է, որ նա չի հավատում, որ պարտված է: Դրամատիկական իրադարձություններ սպասվում են մինչեւ հունվարի 20-ի երդմնակալության օրը եւ գուցե նաեւ դրանից հետո:

Գալով Հայաստանին, պետք է նշել, որ առողջապահության համակարգը գերծանրաբեռնված էր եւ գտնվում էր փլուզման եզրինՙ մոլեգնած համավարակի հետեւանքով: Կացությունը է՛լ ավելի բարդացավ ղարաբաղյան պատերազմի անփառունակ ավարտի պատճառով: Տասը հազար վիրավոր զինվորներ գտնվում են հիվանդանոցներում: Հինգ հազարից ավելի զինվորներ զոհվեցին պատերազմի ընթացքում: Իրավիճակը քաոսային է, անորոշ: Մեծ եղեռնից հետո սա, երեւի թե, Հայաստանին պատուհասած ամենավատ աղետն էր, քանի որ կյանքերի կորստին գումարվեց նաեւ տարածքների կորուստը: Բայց ինչքան էլ ահավոր լինեն կորուստները, դրանք խամրում են այն անորոշ ապագայի հեռանկարի առաջ, որ սպասում է Հայաստանին:

Հայաստանը մահացու կերպով վիրավորվեցՙ մինչ Ռուսաստանն ու Թուրքիան իրենց հաշիվներն էին մաքրում: Փորձագետներից շատերը թերագնահատել էին Թուրքիայի պան-թուրանական նկրտումները, բայց հանկարծ գիտակցեցին, որ թուրքական զորքերը Հայաստանի սահմաններին ենՙ պահանջելով Հայաստանի տարածքով միջանցք ձեռք բերել դեպի Նախիջեւանի ադրբեջանական էքսկլավը:

Առաջացած քաոսային վիճակը չափազանց մեծ մարտահրավեր է, որպեսզի Փաշինյանի վարչակազմը կարողանա դիմակայել: Անորոշությունը, թունոտ բանավեճերն ու արհամարհական վերաբերմունքը միմյանց նկատմամբ փոխզիջման գնալու ոչ մի հնարավորություն չեն թողել: Հայաստանի քաղաքական այս քաոսային վիճակը ծիծաղի առարկա է դարձել Բաքվի եւ Անկարայի ղեկավարների շրջանում:

Ընդդիմությունը դավադիր է պիտակավորել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Բայց նա հաստատ դավաճան չէ: Նա հայրենասեր է, բայց անձեռնհաս առաջնորդ: Նրա թավշյա հեղափոխությունը չկարողացավ իրականացնել իր խոստումներն ու նպատակները: Իհարկե անվերահսկելի համաճարակը տնտեսական փլուզման պատճառ դարձավ, բայց անկախ համավարակից, Փաշինյանի թիմը ողորմելիորեն ձախողվեց դիվանագիտության եւ covid-ին նախորդած ժամանակահատվածում տնտեսությունը բարելավելու ասպարեզներում: Օլիգարխներից ապօրինաբար ձեռք բերված հարստությունը պետությանը վերադարձնելու անխոհեմ մոլուցքով տարվածՙ նա դրդեց ձեռնարկատերերին, որ երկիրը թողնեն ու հեռանանՙ տանելով իրենց հետ իրենց ամբողջ կապիտալը, մինչ մյուս կողմից չկարողացավ արտասահմանից նոր ներդրումների համար ստեղծել բարենպաստ պայմաններ:

«Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունները անկարող են որեւէ քաղաքական հզոր ուժ ներկայացնելու: Իսկ տասնյոթ կուսակցությունները, որոնք խորհրդարանում ներկայացված չեն, ընդդիմադիր մի շարժում են ձեռնարկել նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ: Բայց այդ շարժման ետեւում կանգնած նախկին վարչակազմի ստվերը վախեցնում է քվեարկողներից շատերին:

Եթե Փաշինյանը ինչ-որ բան կարողացել է անել արդյունավետ կերպով, դա նախկին վարչակազմի ներկայացուցիչներին սեւացնելն է եւ հասարակությունը բեւեռայնացնելը:

Հայաստանի բնակչությունն այժմ իր վերքերն ամոքելու հոգսերով է տարված: Շփոթվածության իրավիճակն ակներեւ է ամենուրեք: Շատ շատերն են պահանջում Փաշինյանի հրաժարականը առանց սակայն մատնանշելու մի այլ մրցունակ թեկնածուի անունը:

Նախագահ Արմեն Սարգսյանը նույնպես կոչ է անում, որ Փաշինյանը հրաժարվի իր պաշտոնից, հույս ունենալով, որ ինքը կկարողանա երկիրն առաջնորդել անցումային ժամանակաշրջանումՙ տեխնոգրադների օժանդակությամբ, բայց նրա կոչն առայժմ պատշաճ ուշադրության չի արժանացել:

Համավարակի գուցե միակ դրական կողմն այն է, որ կանգնեցրել է արտագաղթը: Բայց հենց վարակն անհետանա, Հայաստանից մեկնողների թիվն ավելանալու էՙ իսկական վտանգ սպառնալով հայրենիքին:

Նոր Տարվա եւ Սբ. Ծննդյան տոներն ավանդաբար եղել են ուրախության եւ հանդիսությունների ժամանակաշրջան: Բայց այս անգամ Հայաստանում եւ աշխարհով մեկ այդ տոները մենք դիմավորելու ենք հուսաբեկության եւ վշտի պայմաններում: Դեկտեմբերի 31-ին մենք դիմավորելու ենք նորՙ 2021 տարվա մուտքը: Դա լինելու է առիթ վերջնականապես հրաժեշտ տալու 2020-ի մղձավանջային տարուն եւ հույսեր փայփայելու, որ նոր տարին լինելու է շատ ավելի բարվոք:

Անգլ. թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ (The Arm. Mirror-Spectator)

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 25-12-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ