RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#041, 2020-12-11 > #042, 2020-12-19 > #043, 2020-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 25-12-2020



Տեղադրվել է` 2020-12-24 22:10:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 3510, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐԱՔՍԻ ՀՈՎՏԻՑՙ ՎԱՐԴԵՆԻՍ

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Մեր կրած դաժան պարտության սերմերը վաղուց էին հողը նետվել: Հիմա, երբ պարտվել ենք, երբ կորցրել ենք մեր հայրենիքի մի հատվածը, բոլորը մեղավորներ են փնտրումՙ առանց հայելու մեջ նայելու, առանց հասկանալու, որ նախկինում հաճախ արտաբերած բառերից ու նախադասություներից շատերն էլ մեզ տարան պարտության, օրինակՙ «հայաստանցի-ղարաբաղցի» բառակապակցությունը:

«Հայաստանցի-ղարաբաղցի» ազգակործան թեզը քանդեց մեր տունը, ճիշտ է, վերջին շրջանում ինքներս մեզ հույս էինք տալիսՙ մտածելով, թե վերացել է, բայց, ոչ, ընդհակառակը, խորացել էր, խորացրել էր նա, ով պատեհ-անպատեհ գործածում էր «ղարաբաղյան կլան» բառակապակցությունը: Այդ թեզը մի պահ արմատավորվեց այնքան, որ Արցախի հանդեպ հայկական սերը զիջեց ադրբեջանականին: Նրանց զրույցները Շուշին «ազատագրելու» մասին էին, մերըՙ ղարաբաղցի մի միֆական կերպարի, որն, իբր, ջուր չի տվել ծարավ զինվորին: Ապուշություն:

Այդ միֆը տարածողներն այսօր «քնքուշ ադրբեջանցու» կերպար կերտող ապազգայինների հայրերն էին, հորեղբայրներն ու գաղափարական որդեգիրները: Այսօր էլ, երբ պայքարի այս փուլը տանուլ ենք տվել, արագ տեմպերով ու մեծ ներուժի ծախսերով կրկին հրապարակ են նետվել «հայաստանցի-ղարաբաղցի», «հայ-ադրբեջանական համակեցություն», «հանդուրժող ադրբեջանցիներ» կարգախոսները... Ամենասարսափելին այն է, որ մեր համազգային նվաստագրից հազիվ անցել է մեկ ամիս, բայց կրկին տուրք են տալիս այն ամենին, ինչը հանգեցրել է հիշյալ նվաստագրին:

Մարդիկ գովաբանում-փառաբանում են նվաստագիր ստորագրած ղեկավարին, նրանՙ ով իր մեխանիկի քաղաքագիտությամբ ու ավտոտնակային քաղաքականությամբ հաղթանած բանակին պարտվողի բաճկոն հագցրեց, նրանՙ ով մեր վանքերն ու եկեղեցիները հանձնեց թշնամուն, նրանՙ ով Շուշին տվեց թշնամուն, եւ վերջապես նրանՙ ով դավադրաբար, գրչի մեկ հարվածով Նախիջեւանը Զանգեզուրով կապեց մայրցամաքային Ադրբեջանինՙ ազդարարելով Մեծ Թուրանի երազանքի արարներից մեկի ավարտը:

Մենք սխալներ չենք քաղում անցյալից: Այդպես էլ չսովորեցինք, որ տվողից ուզում են, այդպես էլ չսովորեցինք, որ խնդրելով ձեռք չեն բերումՙ ողորմություն են ստանում, որ թուրքին «մի կտոր» հող զիջելով ընդարձակ հայրենիք ես կորցնումՙ խախաղ ապրելու երաշխիքն ավելի կորցնելով: Մենք չսովորեցինք, որ դավաճանին ներել չի կարելի, մենք չսովորեցինք, որ դավաճանը չպետք է տեղ ունենա մեր երկրում:

Մանավանդ այնպիսի դավաճանները, որոնք մեր հայրենիքն անվանում են գրավյալ տարածքներ ու «ադրբեջանական հողեր, յոթ շրջաններ»: Հենց այդ դավաճաններն են հուսահատությունն ու հոգեկան անբարոյականությունը սերմանել մեր հասարակության ներսում, նրանք են հայերին հասցրել մի կետի, որտեղից ոմանք հրաժարվեցին իրենց ծնողներին թշնամուց պաշտպանել Արաքսի հովտում ու Ամուրի կատարներին: Այդ մարդիկ նույն բանն այսօր անում են իրենց տների մոտՙ Վարդենիսում ու Գորիսում:

Չէ, մենքՙ դավաճանվածներս, դասեր չենք քաղում: Եւ, այո, տեղի ունեցածի մեջ ամենամեծ մեղքը հենց մերն է, չէ՞ որ մենք իշխանության բերեցինք ապիկարին, չէ, որ մենք երեխայի պես երես տվեցինք նրան, չէ՞ որ մենք աչք փակեցինք նրա ամեն մի ապազգային գործարքի վրաՙ հույս ունենալով, որ կուղղվի, չէ՞ որ... մեր միջից է դուրս եկել նա: Մենք եմ ասում, որովհետեւ սրա մեջ է ամբողջ ճշմարտությունը:

Մենք պարտվեցինք, որովհետեւ կորցրել էինք «մենք»-ի զգացումըՙ թե՛ վայելելու, թե՛ պատասխանատվություն կրելու ժամանակ: Եւ մենք կարող ենք հաղթել միայն մեկ դեպքում, երբ վերագտնենք ու վերապրեցնենք «մենք»-ի զգացումըՙ վայելելու եւ պատասխանատվություն կրելու ժամանակ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 25-12-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ