RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-20 22:36:43Ինչպես անցավ Ջոզեֆ Բայդենի երդմնակալությունը
2021-01-20 22:35:52Գազի պայթյունից զոհեր Մադրիդում
2021-01-20 21:53:02Ադրբեջանն ինձ 50 000 դոլար է առաջարկել Արցախում գործած ռազմական հանցագործությունները չհրապարակելու համար. Թոմաշ Լեխ Բուչիչ
2021-01-19 20:33:12Կարսի զորավարժության նպատակը Երևանի օկուպացիան է, բայց գլխավոր շտաբն ամեն ինչ հասկանում է. Старше Эдды
2021-01-19 16:59:19Ռոսպոտրեբնադզոր. ЭпиВакКорона-ն 100% արդյունավետ է
#041, 2020-12-11 > #042, 2020-12-19 > #043, 2020-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 25-12-2020



Տեղադրվել է` 2020-12-24 22:10:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 3520, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

...ԵՐԲ ՍՈՒԳՆ Է ԱՆԳԱՄ ԱՆԱՐԳՎՈՒՄ

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Հարց է առաջանում. ինչո՞ւ եք հայտարարում սգո օր, եթե սուգը հարգել չգիտեք: Մինչեւ դեկտեմբերի 19-ը մենք գիտեինք, թե սուգը պահանջում է լռություն, կարծում էինք, թե այցելությունը ննջեցյալի շիրիմին հիշատակի խոնարհման ծես է: Այստեղ բառեր չեն ասվում, մեկ -երկուսըՙ կիսաձայնով, որովհետեւ սա մի խորհրդավոր վայր է, որտեղ այս եւ այնկողմնային աշխարհների սահմանները մոտենում են, շոշափելի են դառնում մետաֆիզիկական զգայնությունները, որ կամա - ակամա պարտադրում է վարքաբանության իր կանոնները:

Սա մենք գիտեինք մեր ապրած փորձով, սակայն եղավ մի օր, մի եղելություն, որ մեզ ցույց տվեց մեկ այլ բանՙ մարդու ոչնչացող էության ցնցոտիները. ու դա զազրելի էր:

Մեր արժեքների մեջ քանի տասնամյակ արդեն լուրջ տեղաշարժեր են գրանցվում նախապես մտածվածՙ մարդուն մարդկայնությունից զրկելու ծրագրով. հեշտ մանիպուլացնելու համար հարկավոր է նրան նախ զրկել մտածելու - դատելու ունակությունից եւ, իհարկե, թողնել կիսաքաղց: Մասմեդիան բավարարից ավելին է լծված մարդկանց հիմարացնելու գործին, իսկ ներկայում մեզ խճճելու նպատակով ամեն երեւույթ ու իրողություն ներկայացվում է երկու հակադիր երեսովՙ սեւ ու սպիտակի. վկաՙ հիմա, գրելուս ընթացքում Սյունիքի ճանապարհին կատարվող իրադարձությունները. մի բեւեռում օղի են խմում զոհված մարդկանց շիրիմներին ողորմաթաս, ինչպես սովոր են ասել, մեկն էլ դիմում է վարչապետին արագաչափերի հետ կապված ինչ-որ տուգանքների խնդրանքով ու... մեկ էլՙ թե դավաճան կլինես, որ հրաժարական տաս, իսկ մյուս կողմում մարդիկ ասում են, որ սյունեցիք վարչապետին ոչինչ չունեն ասելու. «Ի՞նչ հայացքով պիտի նայի 5000- ից ավելի ինձ նման ծնողների աչքերին ու ի՞նչ պատասխան պիտի տա: Ի՞նչ է ուզում տեսնել, երբ մենք երեխա ենք կորցրել եւ հիմա էլ ծառայության մեջ ենք: Երբ հայ ազգը կռվում է, դիրքավորվում է, ինչո՞ւ է այդ դիրքերը հանձնում. կորցրել ենք, էլ կորցնելու բան չկա, մնացել են մեր մատղաշ աղջիկներն ու մեր տնային տնտեսուհիները...»:

Սյունիքի ճանապարհին շատ բաներ եղան, բոլորն ել տեսան ու գիտեն ինչն ինչոց է, բայց զարմանքներ էլ եղանՙ թե ինչպես է որդեկորույս մայրը զավակի շիրիմի մոտ գրեթե ծնկաչոք խոնարհվումՙ վարչապետին շնորհակալություն հայտնելու: Սա բնական հոգեվիճակի՞ արտահայտություն, թե՞ իրականության զգացողությունը կորցրածի պահվածք է: Սիսիանի եկեղեցու քահանայիՙ վարչապետին ձեռք չմեկնելու միջադեպը հակասական վերաբերմունքների տեղիք տվեց, միաժամանակ մոլի կռապաշտների մի խումբ առիթը բաց չթողեց ոչ միայն ամենաանվայելուչ խոսքերով եկեղեցու սպասավորին քննադատելու, նաեւ նսեմացնելու Հայ եկեղեցու դերը մեր պատմության մեջՙ իբր վկայաբերելով պատմական որոշ դրվագներ, իսկ ամենակարեւորըՙ ոչ ստույգ տեղեկություններով:

Աշխարհակարգի փոփոխմանը լծված նոր ուժերը ֆինանսական, տնտեսական կառավարման նոր կարգերին անցնելուց առաջ հող պիտի նախապատրաստեինՙ զանգվածների մտածողությունը փոխելու, որն իր հերթին վարքագիծ կփոխեր, եւ իհարկե, արժեքների մեջ փոփոխություն կատարելը պարտադիր պայման է: Կախված թե ինչպիսի հասարակարգ, սոցիում են ուզում ձեւավորել, ձեւակերպվում են համապատասխան արժեքային համակարգեր: Անքննելի ճշմարտություն էՙ ինչ արժեք կրում ես, այդպես էլ մտածում, գործում, ապրում ես: Նախորդ տասնամյակներն այս առումով պարարտ հող ստեղծել էին, եւ հիմնական խնդիրը կոռուպցիան ու թալանը չէր, դա ավելի երեւացող կողմն է, որի դեմ ծառացել էին ամբոխախեղդ հրապարակները: Բուն չարիքը մարդուն բարոյազրկելու մեջ էրՙ ստեղծելու բարոյազուրկների հասարակություն, որովհետեւ բարոյազուրկը չունի հայրենիք, չունի պատմություն, նա չունի անգամ երազանք, միակ պաշտամունքիցՙ փողից բացի, ո՜ւր մնացՙ իդեալ ու սրբություն: Սա մի ժամանակաշրջանն է, ուր ոտքի տակ է գնում ամեն սրբություն, լուսավոր ամեն բան. Աստվածային օրենքների, բարոյականության հակոտնյան ու թշնամին է սա:

Տգիտություն տարածելուն, նյութի համատարած պաշտամունքին զուգահեռ ակտիվացան ամեն տեսակ մութ ու վայրի բնազդները, սեփական էգոյին հագուրդ տալու սահմանները լայնարձակվեցին ի պոռոտախոսություն ու մեծամտություն, բնականաբար կրթության չափանիշը հասավ այն աստիճանի, որ կիսատ-պռատ մեկ գիրք կարդացողը դաս տա, ասենք, ակադեմիական լուրջ կրթությամբ ու հարգելի վաստակով հասարակության մի շերտի, կամ պարտականության պես ամենօրյա կիսագրագետ ստատուս գրողն իրեն համարի ոչ ավել, ոչ պակաս ազգափրկիչ կամ թե փիլիսոփա: Սոցցանցերը պատահական չհորինվեցին, երբ մասմեդիան իր դեմքը պատռեց, հայտնվեցին ավելի վտանգավոր, քաոսածին սոցիալական տեղեկատվական այս համակարգերը, որոնք արդեն վերածվում են աղետի: Նման մթնոլորտում ապրող, այսպիսի չափանիշներով ուղղորդվող հասարակությունները, որի համակեցության հարաբերություններից վտարված են կարեւոր արժեքներըՙ կարեկցանքը, սրտացավությունն ու հանդուրժողականությունը, վտանգավոր են դառնում մնացածների համար: էքստրեմալ վրճակներում սրանք բացահայտում են իրենց ողջ բովանդակությունըՙ լավ ու վատ կողմերով: Մոտ երկու ամիս առաջ հպարտությունից ճաք էինք տալիս, թե ինչպիսի զոհողությունների ենք գնում, թե թիկունքում ինչ անձնազոհ աշխատանքներ ենք տանում. տանողները տանում էին իհարկե, եւ թե ինչ համախմբված էինք եւ աչք էինք փակում շատ բաների, անգամ ամենազազրելի երեւույթների դեմ, երբ եղան մարդիկՙ ասացին, որ արտերկրից տոննաներով ուղարկված բանակին, զինվորին անհրաժեշտ ապրանքը տեղ չի հասնում, որ գողանում են, եւ որ անհատական, հասցեական ուղարկեն: Ամեն տեղից, ամեն ինչ գողանալու այս մարմաջը արմատացած սովորություն է դեռ սովետական ժամանակներից, եւ հասարակության վերեւի շերտը չէ միայն արատավորված սրանով, այլեւ յուրաքանչյուրՙ մինչեւ ամենացածր օղակների մանր-մունր աշխատողներ: Եվ որքան մեծՙ գողոնի արժեքը, այնքան պատիվըՙ բարձր, քանի որ այս հասարակության արժեքային կենտրոնը փողն է:

Ահավասիկ այսօրերի դրսեւորումներըՙ ջնջվում են սահմաններ, ստեղծվում են աննորմալ նորմեր, վերանում է ամոթ ու պատկառանք, ոչնչացվում են գաղափարներ, խորհրդանիշներ, ծաղրվում է զգացմունք ու հույզ, վիշտն ու ուրախությունը դառնում է միեւնույն:

Հարցը օդում մնա թող առկախ. դուք ինչո՞ւ էիք գնում Եռաբլուր, երբ այնտեղ սուրբ լռություն էր, այնտեղ շիրիմները դեռ տաք էին, հողըՙ աղիացած արցունքներից. այնտեղ ձեզ ոչ ոք չէր սպասում, ձեր լկտի աղմուկով իրավունք չունեիք պղծելու այս անմաքուր աշխարհից հեռացած ու դեռ չհանգրվանած, դեռ ճանապարհին գտնվող հոգիների հանգիստը: Այն ի՜նչ բարբարոսություն, ի՜նչ վայնասուն էր, որ դրիք այդ սուրբ վայրում...

Դեկտեմբերի 19-ին Եռաբլուրում կատարվածը համազգային ամոթն էր մեր, մեր հասարակության մի լայն հատվածի հայելային անդրադարձը, պատերազմի պարտության պատճառըՙ լկտի անբարոյականության, երբ չկա չափանիշ ու չկա սանձում անկարգ կրքերի, երբ սուգն անգամ անարգվում է, ու դա խարան է, ու դա պատերազմի պարտությունից ավելի ցավոտ ու ավելի նվաստացնող էր: Այս տասնամյակներում դաստիարակվածների ամբոխն էր հիստերիկ ճղճղոցներով, հայհոյողների, անիծողների ու սուլողների, եւ ինչ հեգնանքՙ եկեղեցու շուրջ հավաքված, թավշյա խաղերի ու քարոզչության պտուղ երկու բանակներըՙ իբր սեւ - սպիտակի, անծանոթ մարդկանց վրաՙ ինչ է, թե այլ կարծիք ունեն, աներեւակայելի նողկալի հայհոյանքներ տեղացող մութ զանգվածը: Կռապաշտների այս խումբը պիտի մեր կյանքն ուղղորդի՞, չափանիշներ դնի՞, նորմեր սահմանի՞, ճաշակ ձեւավորի՞: Կարծես հատուկ էր արված ցուցանելուՙ մի հին ժողովրդի, որ հին մշակույթ ու գիր ունի, բայց արժեքը չգիտի ու չի գնահատում ու դեռ հանդգնում է իրեն ինչ-որ արիական գենի ժառանգորդը համարելու, պարապ տեղը մեծամտանալուՙ ամեն ինչի սկիզբը իրեն համարելով, անգամ Հիսուս Նազովրեցուն հայ համարելու, որ այնուամենայնիվ, քրիստոնեությունն առաջինն ընդունած երկիր ու ժողովուրդ է, բայց այդպես էլ քրիստոնեական վարդապետությունից ոչինչ չհասկացավ, մնաց անգետ ու անհաղորդ Քրիստոնեության Ոգուն:

Սակայն մի փոքր անկյուն, մի շատ նեղ անկյուն Աստված գուրգուրանքով դեռ պահել է խիղճ ու բարոյականություն պահպանող, Պատվին ու Արժանապատվությանը երդում տված հայերի համար: Նրանք մեր կողքին են դեռ...

Հ.Գ. - Հաջորդ առավոտյան ձյուն եկավ: Եռաբլուրում ննջողների շիրիմները բնությունն ինքը պաշտպանեց... ծածկեց ճերմակով: Լռություն իջավ, սուգն իր տեղում իր կանոնների մեջ մտավ:

Նախորդ օրվա բարբարոսության դեմ պատնեշ եղավ ձյունը, սահմանագիծՙ սրբացած հողի ու մարդկային ապականության միջեւ...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 25-12-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ