RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#041, 2020-12-11 > #042, 2020-12-19 > #043, 2020-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 25-12-2020



Տեղադրվել է` 2020-12-24 22:10:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 9840, Տպվել է` 767, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՐԿՆՔԻ ԼՈՒՅՍՆ ԱՌԱՏ, ՄԵՐ ԵՐԿԻՐԸՙ ՄԹՈՒՄ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Այսօր կաթոլիկ աշխարհի համար ամենանվիրական տոնն էՙ Սուրբ Ծնունդը, որ տարիներ ի վեր Գերմանիայում բնակվելով, ինձ համար էլ դարձել է սպասման, ուրախության, ներսս սուզվելու, քննելու սովորույթի մաս: Տարիներ ի վեր հենց այս օրերին առավոտս սկսվում է Բախի Weihnachtsoratorium-ըՙ «Ծննդյան օրատորիան» ունկնդրելով: Հոգեւոր երկար դասդասման ճանապարհ է, մինչեւ հունվարի 5-ի ճրագալույց, որ ստիպում է ավելի շատ սիրել, ներել, գթասիրտ ու մեծահոգի լինել, հոգում կուտակված հույզերի տիղմը դուրս նետել: Հիսուսի ծնունդը տարբեր կերպ են դիմավորում մարդիկ, աշխարհիկացող մեր աշխարհում մի մասը չի հավատում, բայց տոնին սպասում է, մյուսՙ հավատացյալ մասըՙ նրան որոնում է իր ներսում եւ... դիմացինի մեջ:

Որոնում է խռոված հոգիների, տկար մարմինների, սփոփանքի կարոտ սրտերի մեջ, գգվանք չտեսած ուսերին փարվելով, դիմացինի տրտում աչքերի մեջ ուրախության շող նկատելով, այդպես հագեցնում է հոգին:

Հիմա Հայաստանում եմՙ վիրավոր ու արնաքամ, անապահով ու բզկտված իմ երկրում, ուր Հիսուսն ամեն օր է ծնվում- մեռնումՙ հերոսացման ու դավաճանության հերթագայությամբ:

Սա թերթի տարեվերջյան համարն է, ուստի ներելի է, եթե Բախ ունկնդրելով, մի քիչ շեղվեմՙ 2020-ի թողած հետքը, վերքը, վիհը, սպին խոշորացնեմ: Նախՙ վիրուսը տակնուվրա արեց մեր օրը, մեր դուրսն ու ներսը, եւ մենք շատ արագ յուրացրեցինք նոր կանոնը, որ դիմացինին փրկելու համար նրանից հեռու պիտի լինենքՙ տարածություն պահենքՙ ի սեր միմյանց: Հասկացանքՙ որքան փխրուն, անպաշտպան է մարդը, որքան մենակ ու մեկուսի կարող է լինել կյանքը, որքան քիչ բան է պետք երջանիկ լինելու համարՙ ընդամենն առողջություն: Հետո մեր տուն, մեր մեծ Հայաստան աշխարհ մտավ պատերազմըՙ սեւ, դառը, ծանր բոթն առօրյա դարձնելով: Սուտը կիսեց մեր օրը, ճշմարտությունը փորեց մեր ներսը, իսկ որեւէ բառարանում չամփոփվող, մտագարությունից ծնված անեծքն ու հայհոյանքը դժոխքի դռանն է մերձեցնում մեր ապագան: Այն ապագան, որ երազում էի, էլ չի գալու, քանզի այն ստեղծող անհատըՙ հայրենիքն ու պետությունն ամեն ինչից վեր դասող մարդը, մարդիկ գրկել են Եռաբլուրը: Նա, նրանք տարբեր դպրոցների աշակերտներ են եղել, 2020-ինՙ նրանց մի մասը զինվորական ծառայության ժամանակ են դեմառդեմ նայել մահվան աչքերին, մյուս մասըՙ տարբեր բուհերի զորացրված ուսանողներ են, որ սեպտեմբերի 27-ին, պատերազմի լուրն առնելով, կամավոր ճակատ են մեկնելՙ պարտքի վեհ գիտակցմամբ: Հայաստանի Հանրապետությունը մի երկարանուն նախարարություն ունիՙ ԿԳՄՍ, ձայն լսվե՞լ է աշակերտ, ուսանող տնօրինող այդ կառույցից, գրավոր մի սրտառուչ տող շարադրե՞լ է այդ կառույցն այս օրերին: Նախարարությունը վարժվել է սոցիալական հեռավորությունը պահպանել, բայց տեղյա՞կ է, որ կարող է երբեմն խախտել օրենք ու կարգ, երբ դա նույնիսկ երկինքն է հուշում:

Դեկտեմբերի 21-ին երկու մեծ մոլորակներըՙ 730 միլիոն կիլոմետր հեռավորությամբ Յուպիտերն ու Սատուրնը իրար մերձեցան: Գիտնականներն ասում են, թե այս ֆենոմենը Երկրից կարելի է դիտել մինչեւ դեկտեմբերի 25-ը: Երկիր մոլորակից այնպես է թվում, թե նրանք իրար փարվել են ձգտում: Ասում ենՙ 20 տարին մեկ այս մոլորակները կարոտում են իրար, մերձենում են, բայց այսչափ մոտ եղել են մեկ էլ 1225 թվականի մարտի 4-ին: Երկնքում այս գգվանքից լույսն առատ, առատ է, մենք էլ մեր լույսն ենք կուտակել վերումՙ Եռաբլուրի մեր մեծ կանթեղը Բեթղեհեմի աստղն ավելի պայծառ է դարձրել, հսկում է երեք մոգերինՙ Գասպարին, Մելքոնին եւ Բաղդասարին, որ ընծաներն առածՙ հունվարի 6-ին Հիսուսի մսուրքն են հասնելու: Երկնային այդ լույսը թող ցրի բոլոր անհետ կորածների ճանապարհի մշուշը, թող տուն դարձնի բոլոր գերյալներին, թող երկնային գգվանքը մոլորակներիՙ երկրում պատճենվիՙ մայր ու որդի, հայր ու զավակ, կին ու տղամարդ գրկեն իրար:

Եղիցի սեր, գթություն, հույս: Եղիցի լույսՙ մեծ, պայծառ Քրիստոսի լույսը:

Եղիցի, միշտ եղիցի մեր Հայաստան աշխարհըՙ Աստծո ողորմածությամբ, մեր նորոգ հույս ու հավատով, մեր շինարար ոգով, սահմաններն անառիկ պահելու կամքով:

Շնորհավոր Նոր տարի եւ սուրբ Ծնունդ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 25-12-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ