RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-12 16:38:50Ինչքան իշխանափոխությունն ուշանա, այնքան կմեծանա արյունահեղության վտանգը․ կառավարման փորձագետ
2021-01-10 21:22:2645րդ թուրքական ինքնաթիռն է վայրեջք կատարում Ադրբեջանում
2021-01-08 18:54:44Ալիևի ելույթում օգտագործվել են ՀՀ-ին ու հայաստանյան հասարակությանն ուղղված բացահայտ սպառնալիքներ. Արման Թաթոյան
2021-01-08 00:51:02Մարդկային աղբին կարգեցիք երկրի ղեկավար, հիմա կորցնում ենք պետականությունը. Տիգրան Աթանեսյան
2021-01-07 20:42:39Ավելի քան 1 միլիոն ռուսաստանցի պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
#040, 2020-12-04 > #041, 2020-12-11 > #042, 2020-12-19 > #043, 2020-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 19-12-2020



Տեղադրվել է` 2020-12-19 00:24:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 1512, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԱԶԳԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՓՈՍՈՒՄ Է, ՈՐՏԵՂԻՑ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՄԻԱՅՆ ԴԵՊԻ ՎԵՐ Է»

Զրուցեցՙ ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

Միջազգային հարաբերությունների մասնագետ ՎԱԶԳԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ զրույցում փորձել ենք գնահատել հայաստանյան ներկայիս իրավիճակը եւ ուրվագծել ելքի ուղի:

- Մեր հայրենիքում գերտերությունները ճշտեցին ու շարունակում են ճշտել իրենց գերիշխանության սահմաններ: Այդ պրոքսի պատերազմի մասնակիցներին գիտենք, իսկ ովքե՞ր են պատվիրատուները եւ ի վերջո ո՞վ հաղթեց:

- Հաղթողներն են ԱՄՆ-ը, Թուրքիան, Ադրբեջանը: ԱՄՆ-ը հեռահար հաղթանակ է տարել, Թուրքիան միջնաժամկետ հաղթանակ է կորզել, Ադրբեջանըՙ տարածքներ գրավել: Հեռահար պարտվողը Ռուսաստանն է, միջնաժամկետ պարտվողըՙ Իրանը, իսկ տարածքներ եւ ազգաբնակչության կորուստներ ունեցողը մենքՙ Հայաստանը:

- Ինչո՞ւմ է դրսեւորվում ԱՄՆ-ի եւ իր «արբանյակների» հաղթանակն ու Ռուսաստանի պարտությունը:

- 1990-ականների սկզբին, ԽՍՀՄ փլուզմամբ, ավարտվեց գաղափարական պատերազմը կոմունիզմի եւ կապիտալիզմի միջեւ: ԱՄՆ-իՙ ուժի միջոցով պարտադրած միաբեւեռ աշխարհակարգը երկարակյաց չեղավ: Չինաստանը կարճ ժամանակում դարձավ տնտեսական հզորությամբ 2-րդ երկիրը եւ կուռ կարգապահության շնորհիվ շուտով կկարողանա դառնալ ինչպես ռազմական, այնպես էլ տիեզերքում 2-րդ ուժը: Իսկ ԱՄՆ-ը, որպես գերտերություն, խնդիր ունի այդ առաջընթացը սահմանափակելուՙ վերահսկելով Չինաստան գնացող էներգետիկ ռեսուրսները: Եւ եթե նախկինում այդ նպատակիՙ սեփական գերակայության հաստատման ու պահպանման համար դիմում էր ագրեսիվ միջոցների, օրինակըՙ ԱՄՆ-Իրաք պատերազմը, «Արաբական գարունները» եւլն, ապա այժմ, Կենտրոնական Ասիայում տիրապետող լինելու համար չի ուզում մեծ ծախսեր անել եւ միջավայր է ստեղծել Թուրքիայի այդ դերակատարության համար: Սակայն դեպի Կենտրոնական Ասիա եւ Չինաստանի հյուսիս ծավալվելու համար կար մի փոքրիկ խոչընդոտՙ Հայաստանը: Պետք էր մի կետում անկայունություն ստեղծելՙ տեսնելու մյուս ուժերի հակազդեցությունը, եւ Արցախում պատերազմ սկսեցին:

- Այսինքն այն, ինչ եղավ անխուսափելի՞ էր, եւ մենք գործո՞ն չէինք, որեւէ անելիք Հայաստանն ու հայությունը չունե՞ր:

- Հայաստանը պատնեշ էր այդ ծավալապաշտական ու գերակայության նկրտումների դիմաց: Սա հայտնի էր, եւ 30 տարի ոչինչ չարվեց այդ պատնեշի ամրապնդման համար: Ոչ միայն մեր դաշնակիցներին ու հակառակորդներին չճշտեցինք, ոչ միայն տարածաշրջանում որեւէ մեկի հետ լուրջ հարաբերություններ չձեւավորեցինք, այլեւ չգիտակցեցինք միջազգային հարաբերություններում մեր կարեւորությունն ու չձեւակերպեցինք մեր անելիքները: Այսպես ասած, մեր քաղաքական միտքը, մեր բոլոր իշխանությունները անխտիր չուզեցին կամ չկարողացան (թող իրենք ասեն) ուղղորդել ժողովրդին, չասացին ուր եւ ինչպես գնալ: Պետականամետ մտածողության համարյա բացակայությունն ու պետական համակարգի ասեմՙ թուլությունը տեսանելի էր եւ տեսանելի է ոչ միայն մեզ: Դա տեսնում են բոլորը:

- Այդ տեսանելիությո՞ւնը հանգեցրեց Ադրբեջանի այս պահին էլ գործնականորեն կիրառվող հոխորտանքներին:

- Այո՛, ոչ միայն պատերազմի մեզ համար խիստ անհաջող ելքը, այլեւ մեզանում պետականամետ մտածողության եւ գործելակերպի բացակայությունը հանգեցրին Ադրբեջանի սանձարձակ հոխորտանքներին: 30 տարին քիչ ժամանակ չէ: Հենց այդքան ժամանակում Չինաստանը 45-րդից վերածվեց տնտեսական 2-րդ ուժի, Միացյալ Արաբական էմիրությունները անապատից վերածվեց տեխնոլոգիական քաղաք կառուցողի: Մեր ժողովուրդի 30 տարվա սխալ ընտրությունը եւ երկրի նախորդ ու ներկա 4 առաջին դեմքերըՙ նախագահներն ու վարչապետը, նույն չափ նպաստել են մեր կորուստներին: Եւ որեւէ մեկը չպիտի խուսափի պատասխանատվությունից: Մենք կորցրել ենք հայրենիք, մենք կորցրել ենք 2000-ականների սերունդը: Մինչդեռ եթե մեր կառավարական այրերեը հետեւողականորեն ու համակարգված չփոշիացնեին մեր ներուժը եւ ժողովրդին ուղղորդեին զարգացման ճանապարհովՙ մենք այսօր հաստատ լիովին այլ տեղում կլինեինք:

- Ուշացե՞լ ենք: Գուցե ի վերջո գոնե հիմա ձեւակերպվի ու անելիք ձեռնարկվի:

- Հարկ է ճիշտ գնահատել իրավիճակը եւ սեփական ներուժը:

- Այս պահին հայության, մեղմ ասած, պառակտվածության եւ Հայաստանի Հանրապետության սահմանների խոցելիության ու «ճկունության» պարագայում ներուժի մասին խոսելու ռեալ հիմքեր ունե՞նք:

- Մենք կարող ենք դուրս գալ այս կաթվածահար վիճակից ու գործել: Որոշ պետություններ Հայաստանը դիտարկում են որպես լուրջ գործընկեր, բայց խոսում են այսօրվա եւ նախկին կառավարության հետ ու համոզվում, որ մարդիկ տեսլական չունեն եւ թողնում-հեռանում են: Սա կարեւոր հանգամանք է, բայց վճռորոշն այն է, թե ինչ ունենք Հայաստանում: Իսկ վերջինը ճշգրտելիս պետք է նկատի ունենանք նաեւ այն, որ աշխարհն ունի ոչ միայն էներգետիկ, այլեւ հումքի խնդիր: Իսկ Հայաստանի հանքերում հազվագյուտ մետաղների մեծ պաշար կա:

- Միթե աշխարհի հզորների համար կարեւր պիտի լինի այդ հանքերը հենց Հայաստանի պետական սահմաններում տեսնելը: Ի վերջո կարող են լեզու գտնել այդ տարածքների հանդեպ նկրտումներ ունեցող այլ պետությունների հետ:

- Իհարկե կարող են, սակայն ի տարբերություն այդ տարածքների հանդեպ նկրտումներ ունեցող Թուրքիայի եւ Ադրբեջանի, Հայաստանը չի ձգտում տեղեկատվական տեխնոլոգիաների, ավիացիայի եւ այլ ոլորտում հազվագյուտ մտաղների կարիքն ունեցող գերտերություններիՙ Ռուսաստանի եւ Չինաստանի տարածքային ամբողջականության խախտմանն ու պանթուրքիստական ծրագրերի իրականացմանը: Ճիշտ հակառակըՙ Հայաստանը նույնիսկ կաթվծահար վիճակում եւ անգործունակ կառավարությամբ շարունակում է մնալ հուսալի պատվար ե՛ւ պանթուրքիզմի, ե՛ւ ԱՄՆ գերակա դերակատարության դեմ:

- Պատերազմի ողջ ընթացքում միջազգային հանրություն կոչվածըՙ տարածաշրջանային եւ ավելի մեծամաշտաբ գերտերությունների մակարդակում մտահոգությունից հազիվ հասավ դատապարտման: Ավելին թվացող, օրինակՙ Ֆրանսիայի խորհրդարանի Արցախի ճանաչման համար ձեռնարկումն էլ զուտ դեկլարատիվ է: Կարծում եք այդ ուղղությունից ռեա՞լ է սպասելիք ունենալը կամ ձեւակերպելը:

- Տարածաշրջանային գերտերությունների շահերը մեր երկրում են հատվում: Նրանք, սեփական շահերին տեր կանգնելու մղումով, չեն հապաղի գործել, եթե հակառակորդը փորձի հատել իրենց սահմանած կարմիր գիծը: Իսկ մեզ 100-ամյակ առաջ է շատ հստակ ասվել, որ ամերիկյան ու եվրոպական նավերը Հայաստանի լեռներ չեն կարող հասնել: Սա էլ պետք է գիտակցենք եւ հույսներս մեզ վրա դրած, սեփական ներուժը հաշվարկած գործենք: Բարեկամ ու դաշնակից ընտրելիս շահերի համընկնման սկզբունքով առաջնորդվենք: Կարեւորն այն է, որ հասկանանք տարածաշրջանում անվտանգության նոր համակարգում մեր տեղն ու դերը:

- Այսօր, ե՛ւ ներկայիս, ե՛ւ նախկին իշխանություններն անգործության են մատնված, առանձնապես ժամանակ էլ չունենք սթափվելու, ո՞վ կարող է իրականացնել ասվածը:

- Հայության տեսանելի մասը բաժանված է երկու մասիՙ ներկայիս իշխանությունների կողմնակիցների եւ նրանց դեմ հանդես եկողների: Այս երկու մասի մեջտեղում այն առավել գիտակից մասն է, որը կոնկրետ գնահատել է ե՛ւ ներկա, ե՛ւ նախկին իշխանավորների կարողությունները ու հակված է նորՙ գիտակից իշխանություն ձեւավորելուն: Հենց այդ, իմ համոզմամբ, մեծ մասի մտածողության ու ակնկալիքների իրականացման, Հայաստանն այս փլատակված վիճակից դուրս բերելու համար անհրաժեշտ է տեխնոկրատ, պրոֆեսիոնալների մեկտեղում: Եւ այդպիսի մասնագետներին պետք չի փնտրել դրսում, նրանք Հայաստանում են ու ցանկանում են աշխատելՙ գիտակցելով, որ Հայաստանն հայտնվել է փոսում, իսկ փոսից աջ ու ձախ ելք չկա, ճանապարհը դեպի վեր է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 19-12-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ