RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-27 21:42:18Արցախյան 2 պատերազմի մասնակցած ազատամարտիկը ծեծի է ենթարկվել
2021-01-27 21:40:33Դիւանագիտական նոր պատեհութիւններ որոնցմէ պէտք է օգտուի հայաստանը
2021-01-27 20:49:29Ալիևը հայտարարում է, որ Հայաստանում ժամանակին ադրբեջանցիներ են ապրել և նրանք պետք է հետ վերադառնան այդտեղ ապրելու
2021-01-20 22:36:43Ինչպես անցավ Ջոզեֆ Բայդենի երդմնակալությունը
2021-01-20 22:35:52Գազի պայթյունից զոհեր Մադրիդում
#040, 2020-12-04 > #041, 2020-12-11 > #042, 2020-12-19 > #043, 2020-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 19-12-2020



Տեղադրվել է` 2020-12-19 00:24:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 3463, Տպվել է` 84, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԽՈՐԵՆԱՑՈՒ «ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ»ՙ ՍԵՐԲԵՐԵՆ

Բ. Ս.

Հայաստանում Սերբիայի Հանրապետության հյուպատոսության եւ բելգրադյան «Պեշիչ ի սինովի» հրատարակչատան նախաձեռնությամբ ու համագործակցությամբ, օրերս Բելգրադումՙ առաջին անգամ թարգմանաբար լույս է տեսել Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» մեծարժեք աշխատությունը:

Գիրքի խմբագիրը եւ առաջաբանի հեղինակը ճանաչված գրող, թարգմանիչ, սերբագետ Բաբկեն Սիմոնյանն է, որ ավելի քան 40 տարի զբաղվում է հայ-սերբական մշակութային կապերով: Խորենացու եւ նրա աշխատության մասին պատմական ակնարկ է գրել ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը :

Ինչպե՞ս ծնունդ առավ գիրքը սերբերեն թարգմանելու գաղափարը:

- Տարիներ առաջ մասնակցում էի Բելգրադում ավանդաբար անցկացվող գրքի միջազգային տոնավաճառին, ուր ծանոթացա «Պեշիչ ի սինովի» հրատարակչատան տնօրեն, տիկին Վեսնա Պեշիչի հետ,- պատմում է Բաբկեն Սիմոնյանը: -Մինչ այդ, հայ գրականությունը եւ մշակույթը Սերբիայում բազմիցս ներկայացնելու առիթներ եմ ունեցել, բայց Վեսնա Պեշիչի հետ հանդիպումովՙ հրատարակչական համագործակցության նոր ուղիներ բացվեցին: Նա տեղեկացրեց, որ ցանկանում է հրատարակել Խորենացու «Հայոց պատմությունը», որի մասին լսել է Հայաստանի մասին քաջատեղյակ իր սերբ մտերիմներից: Երբ հարցրի, թե ի՞նչը շարժառիթ եղավ իրականացնելու այդ մտահղացումը, նա հստակ պատասխանեց, որ իր հրատարակչատան քաղաքականության առանցքը աշխարհի հին քաղաքակրթությունները, ինչպես նաեւ մոռացված մշակույթները սերբ ընթերցողներին ներկայացնելն է: Նրա խոսքը գրավեց ուշադրությունս: Առաջարկեց ինձ խմբագրել Խորենացու «Հայոց պատմության» սերբերեն թարգմանությունը եւ միաժամանակ առաջաբան գրել: Սիրով ընդունեցի առաջարկըՙ տեղեկացնելով, սակայն, որ դա պատասխանատու աշխատանք է եւ բավականին ժամանակ է պահանջվում գիրքը պատվախնդրորեն ներկայացնելու համար:

Անցած երեք տարիների ընթացքում հսկայական աշխատանք է կատարվել: Գիրքը թարգմանվել է ռուսերենից, որը ժամանակին գրաբարից հաջողությամբ թարգմանել է ակադեմիկոս Գագիկ Սարգսյանը : Խմբագրական աշխատանքի ընթացքում ռուսերեն թարգմանությունից զատ, համեմատական աշխատանք է կատարվելՙ հիմք ընդունելով նաեւ հայերեն բնագիրը, քանի որ հայկական անվանուններն ու տեղանունները ճիշտ տառադարձմամբ ներկայացնելու խնդիր կար: Ցավով պիտի նշել, որ ժամանակին սերբ որոշ հրատարակիչներ ու հեղինակներ ուշադրություն չեն դարձրել հայկական անուններին, որոնք լույս են տեսել մի շարք սխալներով: Այդ առումով, խմբագիրն ամենայն պատասխանատվությամբ է անդրադարձել սերբերենով ներկայացվող հայկական անուններին: Խոսքը, անշուշտ, միայն հայկական անուններին չէ, որ վերաբերում է: Հայերեն բնագրի հետ համեմատելիս խմբագիրը ջանացել է, որ սերբերեն թարգմանությունը լիովին արտահայտի Խորենացու աշխատության ոգին եւ չլինեն վրիպումներ:

Իր պատմական ակնարկում տիկին Աելիտա Դոլուխանյանը ներկայացրել է Խորենացու աշխատության առանցքային նշանակությունը, որը որպես սկզբնաղբյուր, մեր գոյության թերեւս ամենաարժանահավատ վկայագիրն է: Նա գրում է, որ «Հայոց պատմությունը» համամարդկային արժեք է ներկայացնում այն առումով, որ նրանում հետաքրքրական տեղեկություններ կան նաեւ Հռոմի, Հունաստանի, Պարսկաստանի, Եգիպտոսի, Բալկանյան երկրների ու նրանց ժողովուրդների, ինչպես նաեւ Վրաստանի ու Աղվանքի մասին:

Բծախնդիր աշխատանքը տվել է իր հրաշալի արդյունքը: Սերբ ընթերցողի սեղանին դրված «Հայոց պատմությունը» լույս է տեսել ճիշտ ժամանակինՙ ողողված աշխարհաքաղաքական բարդ խմորումներով ու պատերազմներով, երբ անհայրենիք ու քոչվոր ցեղերը կրկին փորձում են իրենց վերագրել հայ ժողովրդի պատմական տարածքները եւ մշակութային ժառանգությունը:

Գրքում ներկայացված են պատկերազարդումներ «Աշխարհացույցից», որը սերբ ընթերցողին հնարավորություն կտա ավելի հստակ պատկերացնել մեր հայրենիքի պատմական սահմանները:

Գրքի լույսընծայմանը մասնակցել են պատմական գիտությունների թեկնածու Գեղամ Բադալյանը եւ սերբ աստվածաբան Պրեդրագ Միյանովիչը :

Գիրքը, անշուշտ, Հայաստանը եւ Սերբիան միմյանց կապող մի նոր կամուրջ է, որն ավելի կմերձեցնի բախտակից մեր երկու ժողովուրդներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 19-12-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ