RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-27 21:42:18Արցախյան 2 պատերազմի մասնակցած ազատամարտիկը ծեծի է ենթարկվել
2021-01-27 21:40:33Դիւանագիտական նոր պատեհութիւններ որոնցմէ պէտք է օգտուի հայաստանը
2021-01-27 20:49:29Ալիևը հայտարարում է, որ Հայաստանում ժամանակին ադրբեջանցիներ են ապրել և նրանք պետք է հետ վերադառնան այդտեղ ապրելու
2021-01-20 22:36:43Ինչպես անցավ Ջոզեֆ Բայդենի երդմնակալությունը
2021-01-20 22:35:52Գազի պայթյունից զոհեր Մադրիդում
#040, 2020-12-04 > #041, 2020-12-11 > #042, 2020-12-19 > #043, 2020-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 19-12-2020



Տեղադրվել է` 2020-12-19 00:24:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 3791, Տպվել է` 142, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱԼԻԵՎԻ ԶՈՐԱՀԱՆԴԵՍԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է ՆՈՐԱՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Ղարաբաղյան պատերազմի ավարտից մեկ ամիս անց, նախագահ Իլհամ Ալիեւը դեկտեմբերի 10-ին կազմակերպեց Բաքվում մի աղմկալից զինվորական շքերթ, որին ներկա գտնվեց նաեւ իր «ավագ եղբայրը»ՙ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Շքերթում ելույթ ունեցողները չսահմանափակվեցին սոսկ ադրբեջանա-թուրքական միացյալ բանակի ռազմական ձեռքբերումներով, այլ բացահայտեցին նաեւ տարածաշրջանում կուտակվող մութ ամպերի հետագա ճակատագիրը:

Ալիեւի ելույթը հագեցած էր «Ադրբեջանական բանակի փառավոր հաղթանակի» հոխորտանքներով, որի չափազանցված գովասանական խոսքերը նպատակ էին հետապնդում համոզելու նախ իրեն, եւ հետո հավաքված բազմությանը, որ ադրբեջանական բանակը նման հաղթանակի էր հասել առանձին, «ջախջախելով հայկական բանակի անպարտելիության առասպելը»: Մինչդեռ Թուրքիայի եւ Սիրիայից հավաքագրված հազարավոր վարձկանների դեմ 44 օրերի հերոսական դիմադրությունը ինքնին խոսում է հայկական բանակի իսկական արիության մասին:

Հայկական կողմից քաղաքագետներ եւ զորահրամանատարներ փոխադարձ մեղադրանքների կարգին վերջերս իրենց ելույթներում բացահայտեցին, թե ինչ էր իրականում տեղի ունեցել պատերազմի ընթացքում:

Փոխադարձ մեղադրական խոսքերի կողքին երեւան եկան ծանրակշիռ փաստեր: 1990-ական թվականների ղարաբաղյան առաջին պատերազմի հերոս, Ղարաբաղի պաշտպանության խորհրդի նախագահ գեներալ Սամվել Բաբայանն , օրինակ, վերջերս մի հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ պատերազմի առաջին օրըՙ սեպտեմբերի 27-ին, առաջին 15 րոպեների ընթացքում Արցախի օդային պաշտպանության համակարգի 50 տոկոսը եւ հրետանային զենքերի 40 տոկոսը ոչնչացվել էին: Այդուհանդերձ, հայկական բանակը շարունակել է պայքարել այդ շփոթ կացության մեջ եւ զգալի վնաս պատճառել թշնամուն:

Մեկ այլ լրատվություն էլ տեղեկացրել է, որ Իսրայելը ոչ միայն մահաբեր ԱԹՍ-եր է վաճառել Ադրբեջանին, այլեւ նրան տրամադրել տեղանքի եւ հայկական զորամիավորումների գտնվելու վայրի մասին հետախուզական կարեւոր տեղեկություններ:

Պատերազմը փոխեց տարածաշրջանի ամբողջ աշխարհաքաղաքական բնապատկերը, թողնելով, որ Հայաստանը միայնակ պայքարի իր գոյությունը պաշտպանելու համար:

«Wall Street Journal-ում» տպագրված իր դեկտեմբերի 11-ի հոդվածում թերթի թուրքական բաժնի վարիչ Դեյվիդ Գոթիե-Վիլարն էլ դեպքերի իրատեսական պատկերն է ներկայացրել. «Ռուսաստանի քթի տակ Թուրքիան ամրացնում է իր դիրքերը» վերնագրի ներքո: Հոդվածում նա մեջբերում է նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը. «Ի՞նչ կարող եմ ասել: Այս բոլորը Խորհրդային Միության փլուզման հետեւանքում ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրավիճակի արդյունքն է»:

Չնայած հոդվածի հեղինակը հավատացած է, որ Կովկասում Թուրքիայի հետ Մոսկվայի հաշտվողականությունը պարզապես խորամանկ խաղ է սեպ խրելու համար ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջեւ, սակայն ռուս-թուրքական հակամարտության վերջին շրջանի իրադարձությունները Սիրիայում, Լիբիայում եւ Ղրիմում ցույց են տալիս, որ Ռուսաստանի իշխանությունը զգալիորեն թուլացել է:

Վերոնշյալ զորահանդեսի ժամանակ Էրդողանը որոշ ակնարկներ է արել, որոնք խիստ վրդովեցնում են հայկական կողմին: Բայց այդ ակնարկները առավել զայրացրել են իրանյան կառավարությանը, հատկապես այն մեկը, որ վերաբերում է Իրանի ադրբեջանական օստանը (շրջանը) Ադրբեջանի հանրապետությանը կցելուն: Իրանական կառավարությունն այնքան է զայրացել, որ Իրանում Թուրքիայի դեսպանին է կանչել եւ բացատրություն պահանջել:

Էրդողանը նաեւ նշել է. «Այսօր նաեւ Էնվեր Փաշայի հոգու լուսավորման օրն է»: Ակնարկը հստակ է եղել եւ նա հույս է ունեցել, որ ներկաները կհասկանան իր ասածի էությունը:

Էնվերը իթթիհատական եռապետերից մեկն էր, որ ծրագրել եւ իրագործել էր Հայոց ցեղասպանությունը: Էնվերի հիշատակումը ուղղված էր նաեւ Ռուսաստանին, որովհետեւ Օսմանյան կայսրության փլուզումից հետո, Էնվերը Մոսկվա էր գնացել հիմարացնելու երիտասարդ բոլշեւիկյան կառավարության անդամներին, ինչպես Աթաթուրքն էր հետագայում վարվելու, եւ Լենինից ձեռք բերելու զենք, մթերք եւ ոսկեդրամՙ կռվելու համար հույների եւ հայերի դեմ:

Էնվերն սկզբում հաջողության հասել էր, համոզելով Մոսկվային, որ Կենտրոնական Ասիա կմեկնի ճնշելու համար իսլամական Բասմաջի շարժման հեղափոխականներին: Բայց Թուրքմենստան ժամանելով, նա միացել էր բասմաջիների այդ շարժմանը եւ իրեն Թուրանի Էմիր հռչակելով պայքարել էր խորհրդային զորքերի դեմ:

Խորհրդային կառավարությունը չէր ներել Էնվերին եւ ամբողջ Կենտրոնական Ասիայով հետախուզում էր հայտարարել, մինչեւ որ Հակոբ Մելքումյանի ղեկավարած Կարմիր բանակի զորամիավորումը հայտնաբերել էր, եւ Մելքումյանը սպանել էր նրան 1922-ի օգոստոսի 4-ին: Պատմության վրեժն էր, հավանաբար, որ Շուշիի Ադրբեջանին հանձնելու օրը, «հերոսացված» Էնվերը սպանվեց Շուշիում ծնված ղարաբաղցի հայի ձեռքով:

Թուրքիան նացիստական կառավարությունից պահանջել եւ ստացել էր Թալեաթի աճյունըՙ որպեսզի թաղվի իր հայրենիքում: Նույն ձեւով Էնվերի աճյունն էր փոխանցվել Թուրքիայինՙ Խորհրդային Միության փլուզումից հետո:

Էրդողանն իր ելույթում նշել էր նաեւ Նուրի փաշայի անունը (Էնվերի խորթ եղբայրը), որ Բաքվում իրականացրել էր հայոց կոտորածները:

Զորահանդեսի ընթացքում եւ դրանից հետո հնչած Ալիեւի խոսքերը նույնքան վրդովեցուցիչ էին: Նա կրկնեց պատմական այն սոտը, որ Զանգեզուրը, Սեւանն ու Երեւանը պատկանել են Ադրբեջանին, այն դեպքում, երբ նման պետություն գոյություն չուներ այն ամբողջ հազարամյակներում, որ նշված տարածքները Հայաստանի մաս են կազմել եւ կազմում են:

Հետագայում Ալիեւը նոր թափ հավաքելով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին հայտարարել էր, որ ինքը չէր հրավիրել նրանց եւ համաձայնել էր հանդիպել նրանց հետ, որովհետեւ արդեն ժամանել էին Բաքու: Միայն ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին քաղաքավարի հիշեցրել էր Ալիեւին, որ Ֆրանսիայի կառավարությունը հրավեր ստացել էր: Մյուս վիրավորանքները մնացել էին անպատասխան: Ալիեւն, օրինակ, կշամբել էր ԵԱՀԿ-ին, որ հակամարտության կարգավորումը տեսնում էր ուժի օգտագործումը բացառելու մեջ: Նա հոխորտացել էր ասելով, որ Ադրբեջանն իր նպատակին հասել է հենց ուժի օգտագործման միջոցով եւ «մեծահոգություն» ցուցաբերելով ավելացրել, որ դրանով բավարարվել է եւ «չի գրավել ամբողջ Հայաստանը»: Զարմանալի է, որ Ռուսաստանի ներկայացուցիչը չէր հիշեցրել Ալիեւին, որ իր կառավարությունը երաշխավորել էր ռազմավարական դաշնակից Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Որեւէ փորձ այդ երաշխավորման դեմ պետք է համարժեք պատասխանի արժանանար:

ԵԱՀԿ-ի պատվիրակության լռությունը Ալիեւի վիրավորանքներինՙ անհասկանալի է մնում: Սա դիվանագիտությո՞ւն է, թե՞ հիմարություն:

Հայաստան ժամանելով պատվիրակությունը ականատես էր եղել մեդալի հակառակ կողմին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկման էր ներկայացրել Ղարաբաղի կարգավիճակի հարցը, որ երկար տարիների բանակցությունների ընթացքում եղել էր ԵԱՀԿ-ի օրակարգում:

Պատվիրակները լուռ լսել էին Փաշինյանին, բայց խոստացել հայտարարությամբ հանդես գալ Բաքվում եւ Երեւանում ունեցած իրենց քննարկումների առնչությամբ:

Հետաքրքրական է, որ Ռուսաստանը ներկայացնող համանախագահ Իգոր Պոպովը ներկա չէր եղել Բաքվի եւ Երեւանի հանդիպումներին: Փոխարենըՙ Ռուսաստանին ներկայացնում էին այդ երկու երկրներում հավատարմագրված դեսպանները:

Ալիեւի համոզմամբ հակամարտությունը կարգավորված է Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ ձեռք բերված համաձայնությամբ եւ կարգավիճակի վերաբերյալ խոսք լինել այլեւս չի կարող: Բայց համանախագահները պնդում են, որ նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունը սովորական փաստաթուղթ է եւ ոչ թե խաղաղության պայմանագիր: Բանակցությունները պետք է շարունակվեն Մինսկի խմբի հովանավորության ներքո, որպեսզի նրանք համաձայնության մանրամասները քննարկեն եւ փաստաթղթի վերջնական տարբերակը մշակեն:

Մինչ Ռուսաստանի խաղաղապահները տեղակայվում են Ղարաբաղում եւ նրա շուրջը, Հադրութի շրջանամերձ գյուղերում եւ այլուր, ընդհուպՙ Հայաստանի սահմանամերձ գոտում շարունակվում են ադրբեջանական ոտնձգությունները: Գերեվարված են մնում հայ քաղաքացիներ, իսկ Հայաստանի պաշտպանական ուժերից էլ վիրավորներ կան:

Ադրբեջանի բռնատիրական իշխանությունը թույլատրել է, կամ ավելի ճիշտ կլիներ ասել դրդել է, հրապարակել բողոքագիր երկրում ռուսական զորքերի ներկայության դեմ, մի շարք խմբավորումների անունից:

Իհարկե այս ամենի ետեւում Թուրքիան է կանգնած, չկարողանալով իր տեղն ապահովել խաղաղապահների շարքերում:

Երեւի հեգնական հնչի, սակայն նման հակառուսական ցույցեր էլ տեղի են ունեցել նաեւ Երեւանում արտգործնախարարության շենքի առաջՙ կազմակերպված «Սասնա ծռեր» խմբավորման եւ Տիգրան Խզմալյանի գլխավորած Եվրոպական կուսակցության կողմից: Նրանք պահանջել են ռուսական զորքերի փոխարեն տեղակայել չեզոք մի երկրի խաղաղապահներին:

Այս շարժումը երկու վեկտոր ունի: Մեկը Ռուսաստանին չենթարկվելն է, մյուսըՙ ընդդիմության շարքերի մասնատումը, որը հնարավորություն կտա որոշ ժամանակով հետաձգել քաղաքական թեժ խնդիր դարձած Փաշինյանի հրաժարականի հարցը:

Փաշինյանի պատճառաբանությունն այն է, որ Հայաստանի ժողովուրդն է իրեն իշխանություն բերել, եւ միայն նա կարող է պահանջել իր հրաժարականը եւ անցկացնել նոր ընտրություններ: Նա ընդդիմադիրներին հարց է տալիս, թե ինչու իր հրաժարականը պահանջելու փոխարեն, չեն պահանջում անցկացնել արտահերթ ընտրություններ: Նա գիտակցում է, որ արտահերթ ընտրություններ անցկացնելու դեպքում ինքը կարող է օգտվել իր տրամադրության տակ գտնվող պետական ապարատից, ինչպես վարվում էին նախկին վարչակազմի ղեկավարները: Վազգեն Մանուկյանի գլխավորած ընդդիմադիր մյուս շարժումը, բաղկացած 16 խմբավորումներից, շարունակում է հանրահավաքներըՙ պահանջելով Փաշինյանի հրաժարականը:

Փաշինյանն ու իր թիմը ցույց տվեցին իրենց անձեռնհասությունը խաղաղ ժամանակներում եւ այս վերջին աղետալի պատերազմից հետո սպառնալից վտանգներն այնքան շատ են, որ հազիվ թե այդ անձեռնհաս թիմը կարողանա դրանց առաջքն առնել: Պետական գործիչներին, քաղաքական ղեկավարներին եւ պարզ քաղաքացիներին մնում է ճիշտ եզրահանգումներ կատարել:

Անգլ. թարգմանեցՙ ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ (Arm. Mirror-Spectator, 15.12.20)

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 19-12-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ