RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-27 21:42:18Արցախյան 2 պատերազմի մասնակցած ազատամարտիկը ծեծի է ենթարկվել
2021-01-27 21:40:33Դիւանագիտական նոր պատեհութիւններ որոնցմէ պէտք է օգտուի հայաստանը
2021-01-27 20:49:29Ալիևը հայտարարում է, որ Հայաստանում ժամանակին ադրբեջանցիներ են ապրել և նրանք պետք է հետ վերադառնան այդտեղ ապրելու
2021-01-20 22:36:43Ինչպես անցավ Ջոզեֆ Բայդենի երդմնակալությունը
2021-01-20 22:35:52Գազի պայթյունից զոհեր Մադրիդում
#039, 2020-11-27 > #040, 2020-12-04 > #041, 2020-12-11 > #042, 2020-12-19 > #043, 2020-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 11-12-2020



Տեղադրվել է` 2020-12-10 23:53:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 1492, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՏՈՒՆ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՃԱՄՓԱՆ ԱՆՈՐՈՇ Է

ՀԱՍՄԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ՀՊՄՀ լրագրության բաժին, 3-րդ կուրս

- Արխային կաց, լավ ա լինելու:

85-ամյա Լուսիկ տատին հուսադրում էր Ռուբեն պապը իր այս խոսքերով,ու ջերմ գրկելով:

Լուսիկ տատն ամուսնու հետ կնստի Ստեփանակերտ տանող ավտոբուսն ու կգնա տուն: Եվ գուցե ճանապարհին պատուհանից նայելովՙ վերհիշի քաղաքը, որ թողեց կիսաքանդ եւ գուցե իրենց ձեռքերով կառուցած տունն էլ այլեւս առաջվանը չլինի:

Առավոտյան, երբ դեռ լույսը չի էլ բացվել, Երեւանի կենտրոնական ավտոկայանն արցախյան բարբառով է լցվում: Արդեն մոտ մեկ շաբաթ էՙ Հայաստանում ժամանակավորապես ապաստանած արցախցիներն ամեն առավոտ այստեղից Ստեփանակերտ են մեկնում: Բոլորի աչքերում անհանգստություն ու անհամբերություն է: Արցախցիները տուն են վերադառնում, իսկ այլեւս տուն չունեցողներըՙ բարի ճանապարհ մաղթում նրանց:

«Վեշը տուր, մաշինը դնեմ»,-ասում է տիկին Էլիզան,ու պատմում. «Շուշիի մեր տան համար փայտ էինք գնել, որ վառարան վառենք, բայց հիմա թուրքերը մտել են մեր տուն ու վայելում են, նկարներն էլ գցել են ինտերնետ: Թեպետ Շուշի չեմ կարող այլեւս վերադառնալ եւ մեր տան իրերն էլ այլեւս հետ ստանալ չեմ կարող, բայց գնում եմ Արցախ: Ստեփանակերտում վարձով տուն են տալու, իսկ 1-2 տարուց էլՙ բնակարան»:

Այն, որ թշնամին մոտ է, վախեցնում է, բայց չգնալու տարբերակը չեն քննարկում: Լավատեսությունն աչքերում ասում ենՙ դե նորից տուն ենք դնելու, շատ բան է քանդվել, բայց կարեւորն այն է, որ էլ կռիվ չլինի:

«Անպայման գնալու ենք Ստեփանակերտ, մտածում ենք, որ կարող ա կռիվը նորից սկսվի, բայց ինչ անենք, պետք ա գնանք, մեր տունը պահպանենք: Գնում ենք էնտեղ ապրենք, այդքան տղաներ զոհվեցին, բա ինչի՞ համար են զոհվել, որպեսզի շարունակենք ապրել, որպեսզի բարգավաճի մեր քաղաքը»,-մեզ հետ զրույցում ասաց Իրինան:

«Ցավ ենք զգում: Մտածում ենք, որ տուն-տեղ ենք թողել, բայց մարդիկ էլ մինուճար են թողել, ընտանիքից երկու մարդ են դրել հողի մեջ ու եկել, իրենք ի՞նչ անեն: Ո՞նց մտածեն, որ ճիշտ լինի,- ասում է զրուցակիցս, ապա ավելացնում,- լաց ենք լինում, հանգստանում ենք, բայց լացով բան չի փոխվի, պիտի շարունակենք ապրել, թե ո՞նց կլինի ապագան, էդ հետո կիմանանք»:

76-ամյա Ամալյա տատն Ասկերանի շրջանի Այգեստան գյուղից է: Ասում էՙ պիտի գնան Արցախ, իսկ ապագայում գուցե Ռուսաստան տեղափոխվեն,նրա համար ապագան անորոշ է: «Մի լույս կբացվի»,- ոչ մի րոպե ժպիտը դեմքից չկորցնելովՙ ասում է նա:Հիշում է խորհրդային տարիները. ասում էՙ ադրբեջանցիների հետ հարեւանություն անում էին, առաջին հայացքից ամեն ինչ շատ լավ էր,բայց նրանցից շատերը հայերին վատություն անելու առիթը ձեռքից բաց չէին թողնում:

Մեզ հետ զրուցելու ընթացքում Ամալյա տատն աչքը ավտոբուսից չէր կտրում.

«Մատաղ էլիմ քեզ, քինամ չուշանամ»,- ասաց նա, դե իսկ հրաժեշտից առաջ փոխադարձ մաղթանքն էլ մեկն էՙ խաղաղություն:

Կարոտի ու հայրենիքի արանքում եղած դատարկությունը շուտով լցվելու է արցախցիներով, չէ՞ որ Արցախը այնտեղ ապրող մարդկանցով է Արցախ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 11-12-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ