RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-27 21:42:18Արցախյան 2 պատերազմի մասնակցած ազատամարտիկը ծեծի է ենթարկվել
2021-01-27 21:40:33Դիւանագիտական նոր պատեհութիւններ որոնցմէ պէտք է օգտուի հայաստանը
2021-01-27 20:49:29Ալիևը հայտարարում է, որ Հայաստանում ժամանակին ադրբեջանցիներ են ապրել և նրանք պետք է հետ վերադառնան այդտեղ ապրելու
2021-01-20 22:36:43Ինչպես անցավ Ջոզեֆ Բայդենի երդմնակալությունը
2021-01-20 22:35:52Գազի պայթյունից զոհեր Մադրիդում
#039, 2020-11-27 > #040, 2020-12-04 > #041, 2020-12-11 > #042, 2020-12-19 > #043, 2020-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 11-12-2020



Տեղադրվել է` 2020-12-10 23:53:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 1455, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԽԵՆԹԸ

ՆԱԻՐ ՅԱՆ

Այս հոդվածի առաջին պարբերությունն արդեն գրել էի, երբ համացանցը «ցնցեց» Նիկոլ Փաշինյանի տիկնոջ հերթական գրառումը: Անհերքելի ճշմարտություն է, որ իշխանական օղակներում ամեն Աստծո օր ժողովրդին շոկի ենթարկելու, միկրոինֆարկտի չափաբաժինն ապահովելու հստակ ծրագիր կա, իսկ Աննա Հակոբյանն իր գրառումներով ու լուսանկարներով աներեւակայելի հաճույքով բզկտում ու հոգեկան կտտանքների է ենթարկում հատկապես հայ մայրերին ու կանանց. սա եւս անհերքելի ճշմարտություն է, այլապես այդ տիկինը, կարդալով իր հասցեին ուղղված լուտանքները, նախատինքներն ու հայհոյանքները, առաջին փորձից հետո այլեւս չէր շարունակի սադոմազոխիստական իր գործելաոճը:

Հայ ժողովուրդը վերջին հարյուրամյակում երբեք նման հոգեվիճակում չի եղել. երկրաշարժ ենք տեսել, հազարավոր զոհերի ու անհետ կորածների ցավից մրմռացել, բայց գոնե իմացել ենք, որ բնության արհավիրքն է եղել մեր դժբախտության պատճառը, ոչ թե մարդածին աղետըՙ մեր կողքին ապրող հայ մարդու ձեռքով սարքված: Մոտ քառասուն անհետ կորածների հարազատներինՙ մայրեր, կանայք, հայրեր, քույրեր, երեխաներ, Պաշտպանության նախարարությունից պատասխանում են, թե վրիպակի պատճառով ձեր տղաները չկան, վրիպակի՞. գժվել կարելի էՙ վրիպակի՜: Դուք հասկանո՞ւմ եք, որ վրիպակը քառասուն հայորդու կյանք է արժեցել. զոհ ունեցող հազարավոր ընտանիքների թիվը եւս քառասունով ավելացավ ձեր կողմից այնքա՜ն հեշտությամբ արտասանվող, իսկ իրականում քառասուն ընտանիքի դժբախտության պատճառ դարձած վրիպակ բառի համար:

Վրիպա՜կ. զինվորներին մառախուղի պատճառով սխալ ճանապարհով են տարել, տարել են դեպի կործանում, մահ, դժոխքՙ նրանց ընտանիքներին հուր-հավիտյան նետելով դժբախտության ու սուգի գիրկը, ու հիմա լեզուները պտտվում է ասելՙ վրիպակ է եղել: Այնպես են արտասանում այդ բառը, կարծես աշխարհի երջանկությունը, հրճվանքն են նվիրում քառասուն ընտանիքի:

Սառնամանիքին ու մթին, անձրեւին ու ձյանը անհետ կորածների հարազատները Պաշտպանության նախարարության դիմաց մինչեւ լուսադեմ սպասել են ռուս խաղաղապահների հրամանատարին, որ գոնե նրանից լսեն հուսադրող մի բառ, մի խոսք: Ողբամ զքեզ, հայ ժողովուրդ, հայ վարչապետից, հայ նախագահից, հայ նախարարից, հայ պատգամավորից արհամարհվածՙ հույսդ դրել ես դաղստանցի սպայի վրա, որն արդեն մեկ ամիս ադրբեջանցի բարբարոսների հետ օկուպացրել է հայրենիքդ, հողդ, տունդ, պատմությունդ, անցյալդ ու ապագադ:

Անհետ կորած զինվորների հարազատների համար բացօթյա չաչարանաց գիշերն անցավ ու բացվեց չարչարանաց ցերեկըՙ Աննա Հակոբյանի լիրիկական գրառմամբ, թե բա չիմացաքՙ Արփիի հետ խաղացինք-խաղացինք, մեկ էլ նրա խաղալիքները ձեռքից վերցրի եւ ուղարկեցի.... հապա գուշակեքՙ ո՞ւր: Ոչ, ժողովուրդ հայոց, դու այնքան հումանիստ չես, որ հասկանաս իմ սրտի ծով բարությունը... Արփիի խաղալիքների մի մասն ուղարկել եմ Ստեփանակերտի հացատուն, որ արցախցի երեխաներն էլ խաղալիք ունենան: Իսկ Արփիին էդ արանքում ձեռքի հետ էլ դաստիարակել եմ. թող իմանա, որ ունեցածը պետք է կիսել ուրիշների հետ:

Հիմա եմ հասկանում Կոմիտաս վարդապետին, թե ինչպես կարելի էր խելագար չլինելովՙ քսան տարով փակվել խենթանոցում ու մարդախույս դառնալ:

«Տիկնանց տիկին», Հայաստանն ու Արցախը հինգ մատների մեջ առած անձի կողակից, լուսանկարվելիս հիշիր, որ ճերմակաթույր նորաձեւ հագուստդ ու զարդարանքներդ, մեղմ ասած, աչք են ծակում, երբ նստում ես սեւազգեստ որդեկորույս մոր կողքին, երբ ոտքդ նրա սգավոր ու սգավոր տան շեմից ներս ես դնում: Երբ գրում ես քո ամենօրյա երջանիկ կյանքի, դստերդ բազմազան խաղալիքների ու դրան հակադիրՙ Ստեփանակերտի հացատան երեխաների ոչ այնքան բարեկեցիկ եւ ուրախ կյանքի մասին, խիղճ ունեցիր ու մի պահ զսպիր քեզ, որովհետեւ ցավոք, գրածներդ արագ տարածվում են, ու դրանք կարդում են նաեւ զոհված զինվորների, անհետ կորած զինվորների, հաշմանդամ զինվորների, գերեվարված զինվորների հարազատները: Կարդում ու աչքերից հուր ու կրակ, նզովք ու ամոթ է ուղղում վրադ մի ողջ ժողովուրդ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 11-12-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ