RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#039, 2020-11-27 > #040, 2020-12-04 > #041, 2020-12-11 > #042, 2020-12-19 > #043, 2020-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 11-12-2020



Տեղադրվել է` 2020-12-10 23:53:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 2048, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ԶԱՏՈՒԼԻՆ. «ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՍԻՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՉԷ ՀԱՅ ԼԻՆԵԼ»

Զրույցը վարեց ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆԸ, ՌԴ-ում «Ազգ»-ի հատուկ թղթակից

Ռուս ճանաչված քաղաքական գործիչ, ՌԴ Պետդումայի պատգամավոր, «Եդինայա Ռոսիա» խմբակցության անդամ, Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինին իրավամբ կարելի է դասել Հայաստանի եւ հայ ժողովրդի անկեղծ բարեկամների շարքին: 44-օրյա պատերազմական ծանր օրերին, երբ հայ ժողովուրդը կենաց-մահու պայքար էր մղում Լեռնային Ղարաբաղում, Հայաստանում մի առանձնակի հարգանքով ու համակրանքով էին վերաբերվում Կոնստանտին Զատուլինի հրապարակային ելույթներին, քանի որ նա փորձում էր քաղաքական բանավեճներում ասել ճշմարտությունն ու լայն հանրությանը բացատրել, թե ովքեր են հայերը եւ որքան թանկ է ղարաբաղյան ամեն մի թիզ հողը նրանց համար: Իսկ պատերազմական գործողությունների ամենաթեժ օրերին Կոնստանտին Զատուլինը «Լազարեւյան ակումբի» պաշտոնական էջում գրել է«Ես վաղուց եմ ճանաչել Արցախի Հանրապետությունը, եւ դա է պատճառներից մեկը, որ ինձ արգելված է մուտք գործել Ադրբեջան: Իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետական մակարդակով ճանաչելու հարցն իմ կարծիքով, դժվար թե լուծվի մարտական գործողությունների ընթացքում»:

Շատերիս հիշողության մեջ թարմ է, երբ ուղիղ մեկ տարի առաջ Արցախի Հանրապետության նախագահը Կոնստանտին Զատուլինին հանձնեց «Գրիգոր Լուսավորիչ» շքանշան, որին նա արժանացել էր Արցախի Հանրապետության եւ հայ ժողովրդի հանդեպ մշտական բարեկամական վերաբերմունքի ու աջակցության համար:

Մոսկվայում «Ազգի» հատուկ թղթակիցն օրերս հանդիպեց ճանաչված քաղաքական գործչին եւ խնդրեց պատասխանել մի քանի հարցերի:

- Հարգարժան պարոն Զատուլին, մեր զրույցն ուզում եմ սկսել մի անսպասելի հարցով. Ձեր մեջ հայի արյուն կա՞: Անկեղծ ասած, այս հարցն ինձ բազմաթիվ անգամներ տվել են ռուս եւ արտասահմանցի մի շարք լրագրողներ, մոսկովյան տարբեր ասուլիսների ընդմիջումներին: Նրանց փաստարկը մեկն էՙ Զատուլինը ատամներով է պաշտպանում հայերին, իսկ Հայաստանին եւ Արցախին նվիրված քաղաքական բանավեճերում համոզիչ փաստարկներով ջախջախում է իր հակառակորդներին:

- Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ բոլոր մարդիկ առաջացել են Ադամից եւ Եվայից, ապա Ձեր հարցի մեջ տրամաբանություն կա,-ժպտալով ասում է պարոն Զատուլինը:- Սակայն որքանով ինձ հայտնի է իմ նախնիների շուրջ 300-ամյա պատմությունը, մեր տոհմում հայեր չեն եղել: Շնորհակալություն, իհարկե, նման կարծիքի համար, բայց ես զտարյուն ռուս եմ:

Հայրսՙ Ֆյոդոր Իվանովիչ Զատուլինը եւ մայրսՙ Վերա Իվանովնա Զատուլինան (Ֆեդորովա), Դոնից են, նրանք թաղված են Սոչիում: Հայրս, ի դեպ, սահմանապահ զորքերի գնդապետ էր, անվտանգության մարմինների պատվավոր սպա:

Ես ծնվել եմ 1958-ին, Բաթումիում, բայց իմ մանկությունն անցել է Սոչիում, այնտեղ եմ ավարտել դպրոցն ու սկսել աշխատանքային գործունեությունս: 1977-ին տեղափոխվել եմ Մոսկվաՙ սովորելու Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանում, որն ավարտել եմ 1981-ինՙ գերազանցությամբ, իսկ 1985-ին ավարտել եմ ասպիրանտուրան Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում:

Վերադառնալով Ձեր հարցին, ուզում եմ նշել, որ հայ ժողովրդին սիրելու համար պարտադիր չէ անպայման ազգությամբ հայ լինել: Ես իմ հասարակական եւ քաղաքական գործունեության ողջ ընթացքում ելույթներ եմ ունեցել ի պաշտպանություն սերբերի, աբխազների, օսերի, Հայաստանի եւ արցախահայության... Բացի այդ տառապյալ ժողովուրդների հանդեպ ունեցած իմ անձնական համակրանքից, ես համոզված եմ եղել նաեւ, որ դրանով պաշտպանում եմ իմ հայրենիքիՙ Ռուսաստանի շահն ու հետաքրքրությունները: Իսկ երբ խոսքը վերաբերում է հայերին, ապա իմ ասածին գումարվում է նաեւ հայ ժողովրդի հետ ռուս ժողովրդի ունեցած դարավոր բարեկամությունն ու եղբայրությունը: Եվ այն ցավը, տառապանքներն ու կորուստները, որ կրել է հայ ժողովուրդն իր պատմության ողբերգական քառուղիներում, ինձ, որպես ռուս մարդու, մտավորականի եւ պատմաբանի, որը լավ է տիրապետում պատմական եղելություննեին, այդ թվում նաեւ հայ ժողովրդի պատմությանը, անտարբեր թողնել չի կարող:

Ինչպես կարող ենք մենք մոռանալ 1915 թվականին տեղի ունեցած հայոց մեծ ցեղասպանությունը: Այդ ողբերգությունն ինձ տարիներով հանգիստ չէր տալիս: Ես եղել եմ Ռուսաստանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը վավերացնելու նախաձեռնողներից մեկը: Ռուսաստանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման իրավաբանական փաստն արձանագրվել է 1995 թվականի ապրիլի 14-ին, երբ ՌԴ Պետդուման միաձայն ճանաչեց «1915-1920թվականներին հայ ժողովրդի ցեղասպանությունը դատապարտելու մասին» հայտարարությունը եւ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի Հիշատակի օր ճանաչելու հռչակագիր ընդունեց: Այդ պատմական նիստի հիմնական զեկուցողը ես էի:

- 105 տարի անց, ցավոք, ինչպես համոզվեցինք սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ սանձազերծած պատերազմում, Թուրքիան նորից գլուխ է բարձրացնումՙ բացեիբաց աջակցություն ցուցաբերելով Ադրբեջանինՙ իր զինվորականներով, սպաներով, գեներալներով եւ ահաբեկիչ վարձկաններով, որոնք հազարներով բերվել են Ադրբեջանՙ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ կռվելու: Այլեւս ոչ մի կասկած չկա, որ Թուրքիան ցանկանում է եւս մեկ ցեղասպանություն իրականացնել, կրկնել այն, ինչ կատարվել է 105 տարի առաջ, որի միջոցով հայերը էթնիկական զտման են ենթարկվել եւ դուրս քշվել իրենց հայրենիքից: Ի դեպ, Թուրքիայի այս բացահայտ եւ ինքնագլուխ միջամտությունն ու Հարավային Կովկասում իր դիրքերն ամրապնդելու նենգ ու հեռահար նպատակները դատապարտեցին նաեւ ռուս բազմաթիվ քաղաքական գործիչներ:

- Այն իրողությունը, որ Ադրբեջանին աջակցում էր Թուրքիան, մեզ համար պարզ էր պատերազմի հենց առաջին օրը: Թուրքիան նաեւ ցանկանում էր խաղաղապահի դերակատարում ստանձնել Լեռնային Ղարաբաղում: Եվ պատահական չէր, որ այս հանգամանքը հաշվի առնելովՙ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերջերս հայտարարեց, որ Թուրքիան, որքան էլ ցանկանա ու ջանքեր թափի, չի կարող Լեռնային Ղարաբաղում իրականացնել խաղաղապահական գործունեություն: Ու թեեւ Վլադիմիր Պուտինը չասաց, բայց ես կարող եմ ավելացնել, որ Թուրքիան Լեռնային Ղարաբաղում անելիք չունի նաեւ այն պատճառով, քանի որ մինչ օրս ոչ այդ երկիրը եւ ոչ էլ Ադրբեջանը չեն ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը: Իսկ ժամանակին Օսմանյան Թուրքիան գտնում էր, որ հայերը հուսալի մարդիկ չեն, ճիշտ է, ապրում են իրենց երկրում, սակայն հոգու խորքում երազանքներ փայփայելով եւ սրտատրոփ սպասում են ռուսական զորքին: Բազմաթիվ հայեր ենթարկվեցին անմարդկային կտտանքների եւ կնքեցին իրենց մահկանացուները: Սակայն նրանք, իրականում, Ռուսաստանի հետ մեծ հույսեր էին կապում, սպասում ռուսական զորքերի ժամանելուն: Այնպես որ, Թուրքիան այսօր, որպես խաղաղապահ առաքելություն իրականացնող, ոչ մի անելիք չունի Լեռնային Ղարաբաղում:

- 2020 թ նոյեմբերի 9-ին ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկությամբՙ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները Հայտարարություն ստորագրեցինՙ դադարեցնելով 44-օրյա պատերազմը Լեռնային Ղարաբաղում: Հայ ժողովրդի համար սա ամոթալի պարտություն էր, իսկ վավերացված փաստաթուղթն էլ շատերը համարում են կապիտուլյացիայի համաձայնագիր: Ի՞նչ կարող եք ասել այդ առնչությամբ: Դուք սպասո՞ւմ էիք նման ելքի:

- Ինձ համար անսպասելի էր ղարաբաղյան այս վերջին պատերազմի վախճանը, ես ուշի ուշով հետեւում էի պատերազմական գործողությունների ընթացքին եւ անսպասելի էր Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ղեկավարների դիրքորոշումները: Ես այլ ակնկալիքներ ունեի, հավատում էի, որ մանավանդ Ղարաբաղի ղեկավարությունը անհրաժեշտ պաշտպանություն կիրականացներ, հավատում էի հայ զինվորի հաղթանակին, չէի սպասում, որ կհանձնվի նաեւ Շուշին, որը հայերի համար պատվի մարմնացում էր:

Նոյեմբերի 9-ի Հայտարարությունը, որը ճարահատյալ ստորագրեց նաեւ Հայաստանը, վկայում էր այն մասին, որ Հայաստանն այլեւս ի վիճակի չէ շարունակելու ռազմական գործողությունները, Հայաստանն այս պատերազմին անպատրաստ էր: Համաձայնագիրը հայերի համար շատ ցավոտ էր, ճարահատյալ քայլ էր, այն մեծ հարված էր ոչ միայն մարդկային ու նյութական կորուստների, այլ նաեւ բարոյական եւ հոգեկան առումներով: Մեծ հարված ոչ միայն Հայաստանի, այլեւ ամբողջ աշխարհի հայերի համար: Ես շատ եմ ցավում տեղի ունեցածի համար, եւ, կարծում եմ, հայ ժողովուրդը անհրաժեշտ դասեր կքաղի եւ ճիշտ հետեւություններ կանի:

- Մինչ նոյեմբերի 9-ի եռակողմ Համաձայնագիրը, Ադրբեջանը երեք անգամ խախտելով հումանիտար հրադադարի պայմանավորածությունները` գիշեր-ցերեկ ռմբակոծում էր Լեռնային Ղարաբաղի, իսկ որոշ հատվածներում նաեւՙ Հայաստանի Հանրապետության բնակավայրերը, ինչի արդյունքում խաղաղ բնակչության շրջանում եւս կան բազմաթիվ զոհեր, վիրավորներ եւ բազմաթիվ ավերածություններ: Ձեր կարծիքով, Ադրբեջանն ինչո՞ւ չկատարեց հրադադարի նախկին պայմանավորվածությունները, եւ, այդ ամենը աչքի տակ ունենալովՙ ինչպիսի՞ սխալներ թույլ տվեց հայկական կողմը:

- Պատերազմից օրեր անց հասնելով ռազմական ծանրակշիռ հաջողություններիՙ արդեն ակնհայտ ու տեսանելի էր դառնում, որ Լեռնային Ղարաբաղի հարցը դիվանագիտական լուծում չունի, քանի որ Ադրբեջանը ցանկանում էր հարցը լուծել միայն ռազմական ճանապարհով, եւ նրանց համար ընդունելի միակ տարբերակը Արցախի կապիտուլյացիան էր:Ադրբեջանը շահագրգռված չէր զինադադարով, այլՙ ընդհակառակըՙ պատերազմը շարունակելով ցանկանում էր հասնել իր գերագույն նպատակինՙ անտեսելով անգամ եռանախագահող երկրների բարձրագույն ղեկավարության հետ ունեցած պայմանավորվածությունները:

Ադրբեջանն արդեն ուրիշ նպատակներ ուներ, հաղթանակ էր ուզում: Իսկ բանակցություններին էլ ընդառաջ գնաց Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ճնշումների ներքո: Սակայն ռազմական գործողությունները դադարեցնելու ցանկություն չուներ եւ հասավ իր նպատակին, հաջողություն գրանցեց պատերազմում, որի գագաթնակետը Շուշիի գրավումն էր:

Ես բազմիցս ելույթներ եմ ունեցել պատերազմական գործողությունների անհապաղ դադարեցման առնչությամբ, այդ թվումՙ երկու անգամՙ Լազարեւյան ակումբում: Թուրքիայի միջամտությունն ակնհայտ էր, ու մինչ Ալիեւը կպատասխաներ կրակի դադարեցման հորդորներին, Էրդողանն առաջ ընկավ եւ անընդունելի համարեց դա:

Ցավոք, զոհերը շատ են, տարբեր թվեր են շրջանառվում, երեք հազար կամ ավելի, հիմնականում զորակոչային տարիքի երիտասարդներ, 3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանի համար դա մեծ, աններելի թիվ է: Չպետք է նման ծայրահեղ վերջաբան ունենար արյունահեղության վերածված կոնֆլիկտը: Դրանում մեղքի մեծ բաժին ունի Հայաստանի ղեկավարությունը, որը սպառել էր թե՛ ռազմական եւ թե՛ դիվանագիտական բոլոր ռեսուրսները: Զոհերը կարող էին ավելին լինել, եթե չմիջամտեր Ռուսաստանը:

Մինչեւ նոյեմբերի 9-ի Հայտարարությունը բազմաթիվ փորձեր են արվել հարցը դիվանագիտական ճանապարհով լուծելու համար: Սակայն երկու տասնամյակից ավելի տարիներ այդպիսիք տեղի չունեցան: Դուք կարող եք նայել իմ հայտարարությունների, ելույթների արխիվը, որոնցում դեռեւս տարիներ առաջ, 90-ականներից սկսած, ես առաջարկում էի հետեւյալ տարբերակը. 5 շրջանների վերադարձ, առանձին լուծում Լաչինի եւ Քելբաջարի շրջանների համարՙ որպես Հայաստանի հետ միջանցքի, եւ ապա Լեռնային Ղարաբաղի անկախության կարգավիճակի հարցի լուծում:

Իմ առաջարկած տարբերակի համաձայնՙ Լաչինի միջանցքիՙ հայերի վերահսկողությանը տրվելիք տարածքը կազմում էր մոտ 100 կմ, ներկայիս Հայտարարության մեջ նշված 5 կմ-ի փոխարեն:

Գրեթե համանման առաջարկություններ էին շարադրված նաեւ 2011 թ. Կազանյան փաստաթղթում, ըստ որիՙ Լեռնային Ղարաբաղին հարակից ադրբեջանական բոլոր տարածքները, որոնք գտնվում են հայկական վերահսկողության տակ, վերադարձվում են Ադրբեջանի վերահսկողությանը: Առաջին փուլում վերադարձվում են Աղդամի, Ֆիզուլու, Ջեբրայիլի, Զանգելանի եւ Ղուբաթլուի շրջանները: Հետագայում վերադարձվում են Քելբաջարի շրջանն ու Լաչինի շրջանի ոչ միջանցքային հատվածները: Հայկական ուժերը դուրս են բերվում Քելբաջարի շրջանից: Ադրբեջանի ներքին տեղահանված անձանց թույլ է տրվում վերադառնալ Քելբաջարի շրջան Խաղաղության համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հինգ տարի անց: Լաչինի շրջանի այն հատվածները, որոնք դուրս են Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը կապող միջանցքից, Ադրբեջանի վերահսկողության տակ են վերադարձվում Խաղաղության համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո: Մինչեւ Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի որոշումը, Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկյալ կարգավիճակ, որը նրա բնակիչներին տալիս է որոշակի իրավունքներ եւ արտոնություններ: Լեռնային Ղարաբաղի իրավական վերջնական կարգավիճակը որոշվում է, եթե չեմ սխալվում, 30 տարի հետոՙ Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտության միջոցով: Ընդ որումՙ Լեռնային Ղարաբաղի բնակչություն ասելով հասկացվում է 1988 թ. ազգային համամասնությունով ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերը այնպիսի էթնիկ համամասնությամբ, ինչպես եղել է մինչեւ հակամարտության սկիզբը, ըստ որի 76 տոկոս կազմում էր հայ բնակչությունը, 24 տոկոսՙ ադրբեջանականը: Այսինքն, ակնհայտ էր, որ 30 տարի հետո տեղի ունենալիք հանրաքվեի արդյունքում առաջնությունը շահելու էին հայերը եւ նրանք այդպիսով անկախություն էին ձեռք բերելու:

Իսկ ի՞նչ տեղի ունեցավ այսօր. փաստորեն, պատերազմը դադարեցնելու դիմաց հայերը հարկադրաբար հանձնեցին գրավյալ տարածքները: Եվ ոչ միայն: Փաստորեն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը այդպես էլ մնում է չլուծված, ինչը ամենամեծ պարտությունն էր հայկական կողմի համար, ինչին ես երբեք չէի սպասում: Չէի սպասում նաեւ, որ Հադրութն ու Շուշին եւս կանցնեն ադրբեջանցիների ձեռքը:

- Պարոն Զատուլին, պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմը բազմաթիվ անգամներ ռմբակոծել է նաեւ Հայաստանի Հանրապետության բնակավայրերը, Հայաստանը ՀԱՊԿ անդամ է եւ մաս է կազմում այդ անվտանգային համակարգին: Ըստ Ձեզ, ինչո՞ւ ՀԱՊԿ-ը որեւէ անվտանգային եւ պաշտպանական միջոցառում չիրականացրեցՙ ձեռք մեկնելով իր ռազմավարական գործընկերոջը:

- Եթե ՀԱՊԿ-ը, որպես կազմակերպություն, իր իրավասության շրջանակներում գործի անցներ, ապա դրա համար պետք էր նախ եւ առաջ, որ Հայաստանի ղեկավարությունը դիմեր ՀԱՊԿ-ին, ինչը կոնֆլիկտի ողջ ընթացքում տեղի չի ունեցել: Սակայն անկախ այդ հանգամանքից, Ռուսաստանը ցուցաբերել է թե՛ ռազմական եւ թե՛ տեխնիկական զգալի աջակցություն: Բավարա՞ր էր, արդյոք, այդ աջակցությունը եւ այն ճի՞շտ է օգտագործվել, թե՞ ոչՙ պետք է ուսումնասիրել եւ պարզել: Բայց ակնհայտ է, որ Հայաստանի կողմից իրավիճակը ճիշտ գնահատելու, անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու եւ վտանգի դեմն առնելու խելամիտ քայլեր չեն արվել: Ճիշտ չեն գնահատվել հակառակորդի ռազմատեխնիկական հնարավորությունները, ԱԹՍ-ների մեծ ու կործանարար վտանգը եւ այլն, այնինչ հայ ռազմական գործիչներին սիրիական պատերազմից պիտի արդեն հայտնի լիներ թուրք-իսրայելական ԱԹՍ-ների հնարավորություններն ու թողած ավերածությունները: Այս հանգամանքն, ինչ խոսք, նաեւ Ռուսաստանին պետք է մտորումների տեղիք տա, քանի որ հայկական կողմը զինված էր ռուսական զենքերով:

ՌԴ նախագահը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե Ռուսաստանը որեւէ պահի պատրաստ է կատարելու իր ռազմավարական գործընկերային պարտականությունները, Հայաստանի ղեկավարությանը շատ լավ հայտնի էին այդ պայմանները, մինչդեռ Լեռնային Ղարաբաղի հարցում այդպիսի պարտավորություններ չեն եղել:

- Այսօր արդեն Լեռնային Ղարաբաղի տարածքումՙ շփման գոտու երկայնքով, տեղակայված են ռուսական խաղաղապահ ուժերը, որոնք անվտանգության եւ խաղաղության հուսալի երաշխիք են հայ բնակչության համար: Թուրքական եւ ադրբեջանական լրատվամիջոցներում ժամանակ առ ժամանակ խոսակցություններ են շրջանառվում, որ թուրքական խաղաղապահները նույնպես պատրաստվում են ժամանել Լեռնային Ղարաբաղ: Խնդրում եմ Ձեր մեկնաբանությունը:

- Ես անչափ սիրում եմ Լեռնային Ղարաբաղը, ՌԴ պետդումայի այն հազվագյուտ, կարելի է ասել միակ պատգամավորներից եմ, որ տարբեր առիթներով բազմիցս այցելել եմ այդ անկրկնելի լեռնաշխարհը, եւ այն փաստը, որ Ռուսաստանը այնտեղ ստանձնեց խաղաղապահ առաքելություն, վկայում է, որ անտարբեր չէ այնտեղ գտնվող մարդկանց, հայ ժողովրդի ճակատագրի հանդեպ: Ես դեռեւս Հայտարարության ընդունումից 10 օր առաջ ռուսաստանյան մի հեռուստաալիքով ելույթի ընթացքում նշել եմ Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի անհրաժեշտության մասին, այնինչ այդ օրերին օդային շրջափակում էր ոչ միայն Ադրբեջանի եւ Թուրքիայի, այլ նաեւ Իրանի եւ Վրաստանի կողմից, պաշտոնապես արգելվել եւ թույլ չէր տրվում ռազմական տեխնիկա տեղափոխել այդ օդային տարածքներով: Բայց Ռուսաստանը այդ հարցը լուծեց:

Այսօր արդեն հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Եվ միանգամից ասեմ, որ ոչ, այնտեղ թուրքական խաղաղապահներ չկան: Եռակողմ կնքված Հայտարարության համաձայնՙ նրանք իրավունք չունեն այնտեղ հայտնվելու:

Ինչ խոսք, Ադրբեջանը ինքնուրույն պետություն է, իրավունք ունի իր տարածք հրավիրելու թուրքական զինվորների, որոնք, իմ տեղեկություններով, այսօր գտնվում են Նախիջեւանում: Նրանք ամենեւին խաղաղապահներ չեն համարվում: Նրանք համարվում են Ադրբեջանի կողմից հրավիրված թուրքական զինված ուժեր: Եվ Ռուսաստանն ամենեւին թույլ չի տա, որպեսզի Թուրքիան Հարավային Կովկասում գլուխ բարձրացնի եւ տարածաշրջանում նահանջի ռուսական գերակայությունը: Հենց այս հանգամանքը հաշվի առնելով էր, որ ես պետական դումայում խոսում էի, որ պետք է անհապաղ կանգնեցնել պատերազմը, արյունահեղությունը, մինչդեռ իմ որոշ գործընկերներ, ցավոք, ձայները գլուխները գցած ընդդիմանում էին, թե դա մեր պատերազմը չէ, օտար հողեր են, ադրբեջանցիները հայերի հետ իրենց հին հաշիվներն են մաքրում, ինչու պետք է մենք այնտեղ ռուս զինվորի արյունը հեղենք եւ այլն: Այդ ամենը երեւի դուք լսել եք: Ես մի քանի անգամ այդ ամենի դեմ հանդես եմ եկել եւ բացատրել, թե ինչու է այն մեզ պետք: Առաջին հերթին, որ մենք ռազմավարական աջակցություն ցուցաբերելու պարտավորություն ունենք Հայաստանի նկատմամբ, իսկ ոչ ֆորմալՙ նաեւ մեր դարավոր բարեկամներիՙ Ղարաբաղի հայերի նկատմամբ: Իսկ մի շարք քաղաքական գործիչներ, որ ղարաբաղյան կոնֆլիկտի եւ հայության մասին ոչ նպաստավոր հրապարակային ելույթներ էին ունենում, կտրուկ փոխեցին իրենց հայացքները եւ սկսեցին խոսել աջակցության մասին միայն այն բանից հետո, երբ ՌԴ նախագահը հայտարարեց Ղարաբաղ խաղաղապահ ուժեր ուղարկելու մասին: Դա այդ գործիչների սովորական գործելաոճն է:

Ընդհանրապես, ես գտնում եմ, որ պետք է որոշ մարդկանց դեմքից այդ խաբուսիկ շղարշը հանել: Ցավոք, սա լրջորեն չեն գիտակցում նաեւ պետդումայի իմ մի շարք գործընկերներ: Նրանք, որ սխալ պատկերացումներ ունեն ակնհայտ իրողությունների վերաբերյալ, ասում ենՙ տեսեք, ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը չի փակել եւ ոչ մի ռուսական դպրոց, ունի ռուսական մեծ համայնք, եւ այլն: Ուզում եմ նշել, որ Ադրբեջանում միշտ էլ մեծ թվով ռուսներ ապրել են, եւ դա շատ լավ է, որ ռուսական դպրոցներ են գործում, իսկ Հայաստանում երբեք ռուսական համայնք չի եղել, այնտեղ, ինչպես գիտեք, երկու գյուղ կաՙ Լերմոնտովո եւ Ֆիալետովո, որտեղ արդեն 180 տարուց ավելի հնաբնակ ռուսներ են ապրում, իսկ Հայաստանի ազգային ժողովում պատգամավոր ունենՙ պարոն Ալեքսեյ Սանդիկովը: Ճիշտ է, անկախությունից հետո Հայաստանում այնքան էլ ճիշտ որոշումներ չեն կայացրելՙ կրճատելով ռուսաց լեզվի դասաժամերն ու փակելով ռուսական դպրոցները, սակայն այս ամենից ելնելով նախընտրություններ եւ բոնուսներ տալ Ադրբեջանինՙ մոռանալով նրա քաղաքական դիրքորոշումները, ես ճիշտ չեմ համարումՙ:

- Պարոն Զատուլին, իսկ ինչպիսի՞ ելք եք տեսնում, ի՞նչ զարգացումներ են սպասվում տարածաշրջանում, խաղա՞ղ երկնքի տակ են ապրելու մարդիկ:

- Ակնհայտ է, որ Ռուսաստանը պետք է անհրաժեշտ հետեւություններ անի: Նաեւՙ Ադրբեջանի հետ հետագա հարաբերությունների հարցում: Ե՛վ Ռուսաստանում, ե՛ւ պետդումայում ու կառավարությունում պետք չէ խաբկանքների գիրկն ընկնել եւ հույսեր փայփայելով կրկնել, թե Ադրբեջանը Ռուսաստանի դաշնակիցն է: Ինչ խոսք, Ադրբեջանը ցանկանում է Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ պահպանել, բայց մենք էլ պետք է հասկանանք, թե ով ով է եւ ինչ է նշանակում նրանց կողմից շրջանառվող «Թուրքիա-Ադրբեջանՙ երկու պետություն, մեկ ժողովուրդ» արտահայտությունը: Առաջին հայացքից սա կարող է դիտվել որպես պրոպագանդիստական կարգախոս, բայց այն կիրառվում է նաեւ գործնականում, կյանքում: Թուրքիայի ազդեցությունը մեծապես աճել է Ադրբեջանում, հետեւապես, վստահել Ադրբեջանին ռազմական եւ քաղաքական հարցերի համատեքտում, կարծում եմ, ճիշտ չէ: Դա չի նշանակում, որ պետք է գժտվենք Ադրբեջանի հետ, ոչ, Ռուսաստանը պետք է ճիշտ կազմակերպի հարաբերությունները Ադրբեջանի հետ, մանավանդ որպեսզի վնաս չպատճառվի նաեւ Ղարաբաղում խաղաղապահ առաքելությանը:

Ադրբեջանը 2016-ից, արդեն երկրորդ անգամ, խախտել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը, որը կնքվել է 1994-ին, եւ ընդ որում, կնքվել է հենց Ադրբեջանի նախաձեռնությամբ, որովհետեւ նա ռազմական պարտություն էր կրել: Եվ ահա չնայած այդ պայմանավորվածությանն ու նաեւ Ռուսաստանի բազմաթիվ խնդրանքներինՙ պատերազմ չսկսել, Ադրբեջանը արդեն երկու անգամ նախահարձակ է լինում, ինչը նշանակում է, որ գործում է Թուրքիայի թելադրանքով: Սա նշանակում է, որ մենք Ադրբեջանի հետ պոմիդոր-վարունգի առեւտուր վարելովՙ չպետք է վարենք զենքի առեւտուր: Իսկ մնացած հարցերում, ասենք, պատվիրակությունների այցելություններ, բարեկամության հավաստիացումներ,եւ այլն, խնդրեմ, կարող ենք շփվել: Իսկ հույսեր փայփայել, թե Ադրբեջանը կարող է մեզ համար հուսալի եւ վստահելի դաշնակից համարվելՙ անիմաստ է:

Ինչ վերաբերում է տարածաշրջանային հետագա զարգացումներին եւ խաղաղ երկնքին, ապա վստահ եմ, որ Ռուսաստանը ունի բավականաչափ կամք եւ ներուժ տարածաշրջանում ապահովելու ամենագլխավորըՙ խաղաղությունը:

- Պարոն Զատուլին, անչափ շնորհակալ եմ մեր զրույցի, Ձեր անկեղծ խոսքերի, անաչառ վերլուծությունների ու ճշմարիտ գնահատականների համար: Թույլ տվեք իմ եւ մեր թերթի անունից հաջողություններ մաղթել Ձեր գործերին, շնորհակալություն, որ Ձեր բազմազբաղ աշխատանքում հանդես եք գալիս նաեւ ի պաշտպանություն բազմաչարչար ու տառապյալ ժողովուրդների, իսկ Ձեր անկեղծ խոստովանությունըՙ «Հայ ժողովրդին սիրելու համար պարտադիր չէ հայ լինել», միշտ կհիշվի մեր սրտերում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 11-12-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ