RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-27 21:42:18Արցախյան 2 պատերազմի մասնակցած ազատամարտիկը ծեծի է ենթարկվել
2021-01-27 21:40:33Դիւանագիտական նոր պատեհութիւններ որոնցմէ պէտք է օգտուի հայաստանը
2021-01-27 20:49:29Ալիևը հայտարարում է, որ Հայաստանում ժամանակին ադրբեջանցիներ են ապրել և նրանք պետք է հետ վերադառնան այդտեղ ապրելու
2021-01-20 22:36:43Ինչպես անցավ Ջոզեֆ Բայդենի երդմնակալությունը
2021-01-20 22:35:52Գազի պայթյունից զոհեր Մադրիդում
#039, 2020-11-27 > #040, 2020-12-04 > #041, 2020-12-11 > #042, 2020-12-19 > #043, 2020-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 11-12-2020



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2020-12-10 23:53:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 1704, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԽԵԼՔՆ ՈՒ ՏԱՂԱՆԴԸ ԿՄԻԱՎՈՐՎԵ՞Ն

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Երիտասարդ բարեկամներիցս մեկը վերջերս ինձ հարց տվեցՙ հայերը խելացի՞ ժողովուրդ են, ու կանխելով ուշացող պատասխանսՙ վրա բերեց. հայերը խելացի ժողովուրդ չեն, հայերը տաղանդավո՛ր ժողովուրդ են:

Այնՙ որ հայերը տաղանդավոր են, ապացուցման կարիք չունի. տաղանդավոր անհատականություններՙ գրեթե ամենուր, առեւտրի, արդյունաբերության, ֆինանսների, գիտության, արվեստների եւ այլ ասպարեզներում: Դժբախտաբար ապացուցման կարիք չունի նաեւ հայերիս խելացի չլինելը. ապացույցները շատ են չորսհազարամյա մեր պատմության մեջ, ուր մի ամբողջ շղթա են կազմում կորսված առիթներըՙ Կիլիկյան թագավորության կործանումից, Անիի պարպումից, առանց դիմադրության ճիշտ 100 տարի առաջ Կարսը լքելուց մինչեւ Շուշիի դավաճանական վերջին հանձնումը: Տաղանդավոր անհատականություններՙ մայր հայրենիքում եւ ավելի շատՙ իրենց որդեգրած օտար երկրներում, եւ անտաղանդ հավաքականությունՙ մեր իսկ երկրում, հանգամանքների երջանիկ դասավորումների արդյունքում ստեղծված մեր փոքրիկ պետության մեջ:

Պատմության փիլիսոփայությունը պեղելու պարտականությունը թողնելով ձեռնհաս մասնագետներին, դառնանք դեպի մեր օրեր:

Ո՛չ, ոչ թե երկուսուկես տարի առաջ պատահած իշխանափոխությունից եմ ուզում սկսել, այլ քիչ ավելի շուտՙ 2015 թ.ի նոր Սահմանադրությունից, վարչապետական կարգուսարքի ընդունումից, որ քաղաքական կույրաղիք դարձավ մեր երկրի համար, սեփական իշխանությունը տեւականացնելու մի քարկապ հանգույց, որը կտրելով երկիրը ճգնաժամից դուրս բերելու համար այժմ հարկավոր է Մակեդոնացու սրի հարվածը: Այդ, այսպես կոչված նախորդ իշխանությունն էր, որ իր անպատասխանատու վարքագծով, արտաքին դավադիր թափանցումների դիմաց մեղկ կեցվածքով, ընտրական շահատակումներով եւ տարբեր անօրինականություններով հող նախապատրաստեց մի, իսկապես տաղանդավոր, դեմագոգի ու նրա հետՙ օտարերկրյա շահեր սպասարկող գործակալների մի ողջ ցանցի համարՙ տիրանալու իշխանությանը, երկիրն ու ժողովրդին տարբաժանելու, տնտեսությունը քայքայելու, պետական կառույցներն ու բանակը կազմաքանդելու, տարածքներ հանձնելու համար:

Այս խորապատկերի վրա ամենահատկանշականը ժողովրդի կարեւոր մի հատվածի պատրաստակամությունն էր թույլ տալու, որ պետական կառավարման ոչ մի փորձ, ազգային որեւէ տեսլական չունեցող, բոլորովին անծանոթ մարդիկ խաբեն իրեն: Ասում ենՙ ժողովուրդը երբեք չի սխալվում, բայց ինչպես դաժան իրականությունն է ցույց տալիսՙ երբեմն խաբվում է, եւ ավելի տարօրինակըՙ դեռեւս կան մարդիկ, որոնք շարունակում են հաճույք ստանալ խաբված մնալուց, նույնիսկ չընդվզելով նոյեմբերի 9-ի անձնատվությունից, թշնամուն ամեն օր նորանոր տարածքներ զիջելուց: Մարդիկ տեսնում-լսում, բայց չեն ազդվում, որ սահմանամերձ շրջանների բնակիչները անհովիվ ոչխարների են վերածվել, անհետ կորածների, անթաղ մնացած զինվորների մարմիններ են փնտրվում, գերվածների հարազատները գերեվարած երկրի ղեկավարին են աղերսում, ամբողջ երկրում տնտեսաֆինանսական պայթյունի ուրվականն է շրջում, մինչ ժողովրդավարության ռահվիրա՜ վարչապետն իր հրաժարականը պահանջող բազմությունների մեջ շարունակում է փնտրել ի՛ր ժողովրդին եւ... չի գտնում: Ոչ ոք չի հասկանում, ընդդիմությունն էլ, որ բարոյալքված է ժողովուրդը, հուսալքված, անհեռանկար:

Նախորդ շաբաթվա հոդվածումս իմ հերթին թվարկել էի այն գլխավոր պատճառները, որոնք անհրաժեշտ են դարձնում գործող վարչապետի անհապաղ հեռացումը պաշտոնից, որոշ վկայակոչումներ անելով համաշխարհային պատմությունից, այդ թվումՙ 2-րդ համաշխարհային պատերազմը հաղթած վարչապետ Ուինստոն Չերչիլի մասին, որի գլխավորած կուսակցությանը բրիտանացի քվեարկողները 1945-ի հուլիսյան ընտրություններում ձայն չէին տվել եւ միայն 1951-ին էին նրան թողել վերստին զբաղեցնելու վարչապետի պաշտոնըՙ այս անգամ նոր, Սառը պատերազմ մղելու իր իսկ բնորոշած «Երկաթյա վարագույրի» դեմ:

Կրկնելով միեւնույն օրինակը, այսօր ավելացնում եմ, որ եթե նույնիսկ, հրաշիւք իմն, Նիկոլ Փաշինյանը հաղթած լիներ պատերազմը, նրան պետք չէր վարչապետի աթոռին մոտ թողնել: Քանի որ, հետպատերազմյան պայմաններում հայտնված յուրաքանչյուր երկիր, պարտված թե հաղթանակած, դեմ-հանդիման է կանգնում տարաբնույթ դժվարությունների, որոնց հաղթահարումը պահանջում է կառավարման լուրջ հմտություններ, ներազգային միասնականություն, բանակցելու կարողություն: Հատկություններՙ որոնք ներկա վարչապետը չունի եւ չի էլ կարող ունենալ: Ավելորդ անգամ դա փաստվեց անցնող 2,5 տարիներին: Նրա կարիերայի գագաթնակետը եղել են 2016 եւ 2018 տարիները, Ազգային ժողովում պատգամավորի հանգամանքով, երբ, որպես տաղանդավոր դեմագոգ, խոսում էր, օրինակ, առողջության համար կանաչ սոխի եւ ընդհանրապես կանաչու հույժ օգտակար լինելու մասին, մսամթերքի թանկացումների համար իրավացիորեն ծաղրելով օրվա իշխանություններին:

Գուցե դա՞ է եղել պատճառը, որ մեր բազմափորձ ու բազմաչարչար ժողովրդի մի մասը իր ձայնը, նաեւ ճակատագիրը վստահել է նրան:

Իսկ հիմաՙ ո՞ւմ եւ ի՞նչը վստահել: Գուցե գեթ ա՞յս անգամ մեր խելքն ու տաղանդը միավորվեն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 11-12-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ